HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Զարթոնքում 37 տարի ասֆալտ չեն տեսել

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում այլևս զարթոնք չկա, միայն անունն է մնացել: Համայնքն էլ չունի իր նախկին գրավչությունը: Ղամշլու համայնքը Զարթոնք է վերանվանվել 1978 թվականին, երբ համայնքը զարթոնք էր ապրում: Գյուղացիները մշակում էին խորդենի, որն օգտագործվում էր եթերայուղերի արտադրության մեջ։ Մինչև խորհրդային կարգերի փլուզումը Զարթոնքն ուներ խորդենու մշակման գործարան, ջերմոցային տնտեսություն։ Այդ տարիներին գյուղը համագործակցել է Սիմֆերոպոլ քաղաքի հետ և շատ զարգացած է եղել: 

«Եթե ձմեռն ուզում էինք գյուղացիներով իրար տեսնել, գնում էինք Սիմֆերոպոլ: Այնտեղ գյուղի համար հանգստյան տներ կային, մարդիկ գնում հանգստանում էին: Իսկ հիմա... եթե ես չեմ գնում հանգստանալու, ուրեմն ոչ ոք չի կարող: Չկա նման բան, որ գյուղացին գնա հանգստանա»,-ասում է Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը:

«Հետքն» արդեն գրել է Զարթոնքի ոռոգման ջրի բացակայության, ավելի ճիշտ՝ կոյուղաջրերով հողատարածքները ոռոգելու մասին, սակայն համայնքի միակ մտահոգությունը ոռոգման ջուրը չէ:

Զարթոնքը մարզկենտրոն Արմավիրից ընդամենը 12 կմ է հեռու գտնվում: Սակայն, համայնքը բավականին աղքատիկ վիճակում է գտնվում: Դժվարությամբ են կարողանում նույնիսկ հարկերը հավաքել:

Անմխիթար վիճակում են գտնվում համայնքի ճանապարհները: Պարույր Սարգսյանն ասաց, որ ճանապարների հարցով դիմել են վարչապետ Կարեն Կարապետյանին, երբ վերջինս այցելել էր մարզ: Համայնքապետի խոսքերով՝ վարչապետի հանձնարարությամբ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, մարզպետարանի ներկայացուցիչներն այցելել են գյուղ: Տեղում ծանոթացել են իրավիճակին, չափագրել են այն ճանապարհը, որը սպասարկում է Զարթոնք, Արտաշար, Եղեգնուտ, Արևիկ համայնքները, բայց դրանից հետո որևէ տեղաշարժ չկա:

«1980 թվականից այս կողմ մեր գյուղն ասֆալտ չի տեսել»,-ասում է Պարույր Սարգսյանը՝ հավելելով, որ համայնքի ուժերով կարողանում են միայն ավազապատել ճանապարհները: Սակայն, այդ վերանորոգումներն օրերի կարճ կյանք են ունենում, և ավտոմեքենաների անիվների հետ ավազը դուրս է գալիս, ու փոսերը դարձյալ բացվում են: Գյուղացիներն էլ իրենց հերթին խոտերով են լցնում փոսերը:

Պարույր Սարգսյանը նշեց, որ գյուղում հնարավոր չէ գտնել մի ավտոմեքենա, որ փոսերի պատճառով վերանորոգման կարիք չունենա: Վատ ճանապարհները խոչընդոտում են նաև բերքի իրացմանը: Գյուղմթերքի մեծածախ գնորդները խուսափում են այցելել գյուղ:

«Մեր խնդրանքն այն է, որ համայնքի բնակիչներին մենակ չթողեն»,-ասաց Զարթոնքի համայնքապետը: Նա նշեց, որ վերջին տարիներին գյուղից սկսել են արտագաղթել: Այս պահին մոտ 100 տղամարդ գյուղից դուրս է գտնվում, գնացել են արտագնա աշխատանքի:

«Դե գիտեք մեր հայ տղաներին, կարող է սիրահարվեն մի սիրուն աղջկա, մնան այնտեղ, իրենց ընտանիքն էլ այստեղ մնա «անտեր»: Ես ուզում եմ, որ այստեղ աշխատանք լինի, ճանապարհը բարեկարգ լինի, գյուղացին հետ գա իր տուն»,-ասում է համայնքապետը:

Զարթոնքը չունի ո´չ մանկապարտեզ, ո´չ մշակույթի տուն: Շենքերը կիսավեր վիճակում են, որտեղ հնարավոր չէ գործունեություն ծավալել: Ինչպես ասաց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Քյարամ Աջոյանը` ոռոգման ջրի բացակայության պատճառով չորանում է գյուղի այգին:

Պարույր Սարգսյանը ասում է, որ խորհրդային տարիներին երկու մասնաշենքով մանկապարտեզ են ունեցել, իսկ այսօր հիշողություններից բացի ուրիշ ոչինչ չի մնացել: Նույնը վերաբերում է նաև մշակույթի տանը:

Համայնքապետը գյուղը կենդանացնելու միակ ճանապարհը համարում է գյուղի ոռոգման ջրի հարցի լուծումը, մանկապարտեզի շահագործումը: Պ. Սարգսյանը նշում է, որ համայնքն ի վիճակի չէ ինքնուրույն լուծումներ գտնել, պետական աջակցություն է պետք:

«Այս տարի մանկապարտեզի տարիքի 33 երեխա ունենք գյուղում, ստիպված Հոկտեմբերյանի, Մեծամորի մանկապարտեզներ են գնում: Ինչու՞ պետք է այնտեղ գնան: Այսօր գյուղը դատարկվել է: Եկեք գյուղով քայլենք, կարող ա 10 մարդ չտեսնեք»,-ասում է Զարթոնքի համայնքապետը:

Զարթոնքում փորձեցինք զրուցել նաև գյուղացիների հետ: Վերջիններս խուսափում էին՝ պատճառաբանելով, որ արդեն 25 տարի խոսում են, դժգոհում, սակայն արդյունքի չեն հասնում և այլևս անիմաստ են համարում նույն բանի մասին խոսել:

Մեկնաբանություններ (1)

Gayane
Պարոն գյուղապետ դուք մոռանում եք նշել որ ավազապատել եք միայն զեր մոր ։որդու և հոր թաղման ժամանակ։մոռանում եք նշել որ ամբողջ ամառ ծառահատել եք մանկապարտեզի և ակումբի տարածքը որպեսզի տուն կառուցեք ձեր թոռան համար ։ու ինպես է ստացվում որ զեր գյուղից բոլորը գնում են բայց սարգսյանները ներգախտում ու հարստանու ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter