HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Վահագն Գրիգորյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու․ նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում  սցենարիստ, ռեժիսոր Վահագն Գրիգորյանն է։

Վահագն Գրիգորյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Ում հետ արդեն 39 տարի է՝ ապրում եմ, այսինքն՝ նա, ինքը, ես, ամեն ինչ անում է, որ իր ներկայությունից ուրախանան, բացակայությունը զգան։ Չգիտի՝ լավ է, թե վատ, բայց էդպես է։ Օրենքներ չի սիրում, ֆորմա չի սիրում։ Այսինքն ձեւակերպված միտքն իր համար հստակ չի, օրենսդրական կետերով չի փակված․ մի բան կարող է երկու ժամ ընդունել, հինգ րոպե անց կիրառությունն անտեսի։

Պարտադրվածը կամ պարտադիրը չի սիրում։ Ոչ մարդկային համբերություն ունի ինքը, անկեղծ եմ ասում։ Օձ եկավ միտքս։ Սոված կմեռնի, բայց անշարժ կմնա, կսպասի ու «կխփի»։ Իր համար խոսքն էդպիսի ազդեցություն ունի․ «թույնը» պետք է սիրուն լինի, որ ապրելու համար արժանի ընկալվի։

Մարդկային հարաբերությունների մեջ ճիշտ հակառակն է՝ լավի հետ լավ, վատի հետ էլի լավ։ Չափից շատ է սիրում մարդուն։ Պապն ասում էր՝ հիմարին լսի․ ոնց ուզում է լինի, հիմարն էլ մի անգամ մի խելացի բան կասի։ Իր համար մարդը բացարձակ է։

Չի կարող աչք փակել իր մտերիմների արարքների վրա, անտարբեր լինելու ոչ մի հնարավորություն չունի։ Ինքը վախկոտ է, որովհետեւ մտածում է։ Համոզված է, որ վախերի հաշվին է քայլեր անում․ այն իմաստով, որ վախերը կասկածներն են, որոշումները, սառը չդատելու կարողությունը, վերջից գալու տրամադրվածությունը, ոչ մեկի փորձի վրա հույս չդնելը։ Այս իմաստով է վախենում, որովհետեւ ինքն իրենով պետք է փորձի, իր սեփական սխալների վրա, որովհետեւ սխալն էլ է ինդիվիդուալ՝ կախված բնույթից, միջավայրից, իրավիճակից։

Բռի է․․․ Գույները վառ կանի, մասշտաբը՝ մեծ, որ տեսնեն (հիմա տեսնելը դժվար է)։ Հավատում է իրեն, հաշված մարդկանց։ Ֆանտաստիկ բաների չի հավատում, չնայած որ տարածությունների տրանսֆորմացիան կա, բայց դա ներքին է, ստեղծագործական։ Հա, ու մեկ էլ, «հումորիստ» բառից զզվում է։

Քո ու Հայաստանի հարաբերությունները․․․

Հայաստան` որպես հայրենիքի՞, թե՞ Հայաստան-պետության։

Հարաբերությունների տարբեր շերտեր կան։ Ես ասում եմ՝ Հայաստան։

Մայր Հայաստան․․․ Մոր հետ հարաբերությունները ո՞նց են։ Երբ որ իր հետ ես, ուրախ ես, կիսվում ես, նեղված ես, էլի կիսվում ես, պատահում է, որ կռվես էլ։ Բոլոր հոգեկան վիճակներդ այդ հարաբերական հարաբերության մեջ է՝ մայրական։ Այս դեպքում երբեք ոչինչ չես թաքցնում, ինչպես չես թաքցնի ոչ մի բան մորիցդ։

Որպես Հայաստան-երկիր՝ «Երազ իմ հայրենիք, հոգսերդ շատ, հույսդ մեծ»․ բառիս բուն իմաստով համընկնում է։ Ուզում եմ՝ մի օր այդ հոգսերը քչանան․ հույսից հոգնել ենք։ Իսկ որպես Հայաստան-հողատարածք կամ գլոբուսի վրա մի փոքրիկ վայր, չքնաղ, ամեն ինչ օրգանական՝ մարդկային շփումները, ջուրը, արեւը, ծառն ու թուփը։

Հերթ կանգնելու մասին․ պատահե՞լ է։

Հա։

Ինչի՞ համար։

Վառելիքի, եթե կոնկրետ։ Ցուրտ ու մութ տարիներին վառելիքի հերթ էր։ Հին ջերմոցների ջեռուցման համակարգերի համար նախատեսված սառած մազութ կար․ մի քանի գյուղերից գալիս էինք այդ հորի մոտ, որ վառելիքի հարց լուծենք։ Երեք գյուղ այդ հորից էր օգտվում։ Անընդհատ հետ էինք վերադառնում, որովհետեւ չգիտեինք՝ ինչքան կձգվեր, մինչեւ մեր հերթը հասներ։

Հիմա ինչի՞ համար հերթ կկանգնես։

Երեւի համբերության մասին ես հարցնում։

Համբերություն՝ սպասելու։

Ամեն լավ բանի համար․․․ Ամեն լուսավոր բանի համար հերթ կկանգնեմ, կսպասեմ, հասնի ինձ ու կկիսեմ։ Այդպիսի հերթեր շատ են եղել։ Միշտ նորը միանգամից լավ չի ընդունվում, շատերը կան, որ պատրաստ կանգնած են փչել-հանգցնելու համար։

Թաքնված լավ բանի համար գիշեր-ցերեկ կսպասեմ։ Ու նման համբերատար հերթի մասշտաբները շատ մեծ են։ Եթե տեսնելու շնորհք կա տրված, պետք է կիսվես բոլորի հետ, բոլորի․․․ «Մերոնց հետ»-ը միշտ նեղացնում է, գեղեցիկը բոլորինս է, ու, եթե մեկն այլ ձեւ է տեսնում, այլ ձեւ է լսում, ուրեմն իր ուրիշ ձեւ լսածն ու տեսածը պետք է փորձի հասցնել ամեն մարդու՝ առանց որակումների։ Ճիշտ այնպես, ինչպես վիրահատող բժիշկը, որը մարդու որակական հատկանիշներով չի առաջնորդում, երբ վիրահատություն է անում․ այդ պահին ինքը մի խնդիր ունի՝ փրկել մարդու կյանքը։

Ընտրության հնարավորություն ունե՞ս, Վահագ։

Այո, իհարկե։

Որպես ՀՀ քաղաքացի՞։

Ամեն ինչն ես ընտրում՝ աշխատանքդ, մասնագիտությունդ, կնոջդ, օրվա սկիզբը, հագուստը։ Լայն է ընտրություն ասվածը։ Հայաստանում ընտրելու հնարավորություն ունենաս-չունենաս, մեկ է, քո փոխարեն «ընտրում» են։ Ես ընտրությանը վերաբերում եմ լուրջ՝ փոքր հարցից մինչեւ մեծ։

Հարաբերությունները ե՞րբ են խզվում։

Երբ որ կառուցողական չեն, երբ որ հարաբերության մասին էլ չեն մտածում, թողնում են, մոռանում են։ Երբ որ նյութն է մտնում հարաբերությունների մեջ ու գալիս առաջին պլան։

Մատերիան ի նկատի ունե՞ս։

Հա, հարաբերությունը հոգեւոր սնունդ է, որին միայն նյութը կարող է ոչնչացնել։ Դրանից էլ առաջանում է խզումը, փչանալը, վտանգները։

Ծնվել ես Հոկտեմբերյանում։ Երեւանում առաջին օրդ հիշու՞մ ես։

Գիտակի՞ց տարիքում։

Այն օրը, որը հիշում ես որպես առաջին։

Տատիկիս բալկոնն է, որը 12-րդ հարկում էր։  Ես` փոքր ու այդ բալկոնը՝ սարսափելի բարձր։ Չնայած գիտակցությունս հիմա այլ է, բնականաբար, բայց մինչ օրս էլ այդ բալկոնում, երբ կանգնում եմ, նույն վախի զգացումն ունեմ․ սեփական տան բալկոնից հետո քաղաքային տասներկուերորդ հարկը սառը ցնցուղի պես էր։

Հայաստանում ո՞ր պահից սկսած է հումորը գրաքննվում։ Մինչեւ վերջ հնարավո՞ր է՝ առանց արգելքների։

Պատմությունից հայտնի է, որ թագավորները կատակերգուներ ունեին, ովքեր նմանակում էին հենց իրեն՝ թագավորին եւ նաեւ հումորի լեզվով ժողովրդի խոսքն էին հասցնում պալատ։ Դա թագավորի համար ինչ-որ առումով որոշում կայացնելու, կառավարելու միջոց է եղել։

Հասկանում եմ, որ հարցդ էլ այս կոնտեքստում է։ Ստացվում է՝ հումորը ուղղորդող, կողմնորոշող է եղել։

Ինչո՞ւ է հումորի թեւերը հաճախ կտրվում․ տվյալ ժամանակահատվածում անառողջ ու կոմպլեքսավորված, չկայացած լինելու վախից է, քանի որ հումորով ասվածը ավելի շուտ է տեղ հասնում եւ ավելի մեծ ազդեցություն ունի, քան թե պաշտոնական տեղերից ժամեր տեւող ելույթները։

Սրան զուգահեռ հումորը մասսայական զենք կարող է դառնալ, եւ իրականում քո սրամիտ ելույթը վերածվի վտանգի։ Դրա համար պետք է համբերել, «հերթ» կանգնել։ Ցավոք, մեր երկիրը «համբերելու» մեծ ունակություն ունի, մշտական անցումային փուլերը, որոնք ենթադրում են «ա՜յ․ էսա լավ կլինի, մի քիչ էլ դիմացի» արտահայտությունը, գերակշռում է, խմորումները շարունակական են։

Գերհզոր, կայացած, կայուն երկրներում ամեն ինչ նորմալ է, ոչ մի բան չի վնասվում հումորից։ Հիմա նայիր մեզ․ մի փոքր Հայաստան, մի բուռ մարդ, ամեն րոպե ամեն մի նախադասություն կարող է խոցել, վնասել։ Ժողովրդական խոսքն սկսում է գործել․ «Էս նեղ մաջալին ի՞նչ ես կրակին յուղ լցնում»։ Մենք անընդհատ կառուցման պրոցեսում ենք, իսկ այդ պրոցեսում բոլորը գրգռված են վերաբերում ցանկացած երեւույթի։

Սա ծանրակշիռ պատճառ է։ Ցավոք կա նաեւ այլ պատճառ․ հնարավորությունների հարց է։ Երբ ուղղակի մեկը իր լամինատե սեղանն ու աթոռը չկորցնելու համար, մնում է կառչած ու կտրում հումորի թեւերը, միայն թե չտեսնի, չլսի դա։

Համակարգի մարդ քեզ համարու՞մ ես։

Ոչ․․․ Չեմ համարում։ Համակարգ չկա ինձ համար։ Ես քեզ հարցնեմ՝ մտածող մարդու համար կա՞ սահմանափակում։

Բայց համակարգը ամեն տեղ գործում է։

Ես խոսում եմ յուրաքանչյուրի «համակարգվելուց», համակարգին ենթարկվելուց։ Ինձ համար ստեղծագործելու, մտածելու պահն է կարեւոր․ ոչ ոք չի կարող համակարգել դա։

Հայկական տրագիկոմեդիան․․․

Հեռու չգնանք․ լսու՞մ ես այս մեքենայի երաժշտությունը։ Տրագիկոմեդիա է հենց հիմա, որ մեքենան կանգնել է՝ դուռը բաց ու հնչում է՝ «Արարատը մեր լեռն ա․․․»։ Երգում ենք մի բանի մասին, որ մերը չի հիմա, տրագեդիա է․․․ Եւ կոմեդիա է, որ մեկը իր սիրելի աղջկան է նվիրում այս երգը։ Ցանկացած երեւույթ, որ նոր է մտնում հայի կյանք, սկզբից տրագեդիա է դառնում, հետո կոմեդիա, իսկ հետո համակերպվում ենք։

Ամեն դեպքում շատ ուժեղ պաշտպանիչ հատկություն ունի տրագիկոմեդիան։ Եթե չխորացար, կոմեդիան չփնտրեցիր տրագեդիայի մեջ, կխախտվես ուղղակի, հավասարակշռությունից կընկնես։

Ասածիս ամենապրիմիտիվ օրինակը հայկական թաղումներն ու «պանիխիդաներն» են․ այդ «թարս» պահին անեկդոտ պատմելդ բնազադաբար գալիս է, ծիծաղելու մի բան ես փորձում հիշել՝ անկախ քեզնից, փրկվելու, պաշտպանվելու համար։ Ու ինչքան տրագիկ, դժվար է կյանքը, այնքան կոմեդիան ուժեղ է։ Դրա համար էլ երեւի մենք հայերս հումորով ենք․․․

Անլրջությունը հումորից ինչո՞վ է տարբերվում։

Անլրջություն չկա։ Ի՞նչն է անլուրջ։ Էդպես, եթե լինի, ամեն ինչ տեղով մեկ անլուրջ է, ինչն ուզում ենք լրջացնել, ծանրացնում ենք, ինչը չէ, ասում ենք՝ անլրջություն է, անցնում ենք առաջ։ Վիճելի է մնում։

Վեց հոգի՝ լուրջ դեմքերով, ակնոցներով, կարող են խորանալ մի հարցի շուրջ, իրականում խնդրի լուծումը պարզ մի բանի մեջ լինի։ Մի լուծում, որը պարզ նախադասություն է իրենից ներկայացնում, մի քանի բառ, մի փոքրիկ պատմություն։  Բայց հենց արտահայտվեցիր, իրենք պտտում են գլուխները, նայում քեզ, դեմքիդ, ու դառնում ես իրենց մեջից «անլուրջը»։ Բայց հանճարեղը պարզի մեջ չի՞․․․ Պարզը գտնելու համար երկար ժամանակ է պետք, նախ դու պետք է պարզ լինես․․․

Այսի՞նքն։ Պարզ լինել ի՞նչ իմաստով։

Պարզ, մարդկային․ եթե չգիտես, չխաղաս, որ գիտես․․․ Եթե չես կարող, չխաղաս, որ կարող ես։ Ձեւեր չթափել։ Մեզ մոտ լուրջը հարաբերական է դարձել․ մեկ-երկու անգլերեն բառ խոսակցականի մեջ, եւ լուրջ է։ Իմ անկյունն այլ է։ Ճշմարտությունն է թաքնված կոմիկական համեմատությունների լեզվի մեջ։ Եթե հումորի մեջ չկա ճշմարտություն, արժեք չի, «թաթալաբազություն» է։ Խոսում ես ապրածդ ճշմարտության մասին հումորով, պարզ։

Զարմանալու մասին։

Զարմանում եմ ես, որ էլ չեմ զարմանում, ոնց Մեսչյանը կասեր։ Երկար ժամանակ է, որ չեմ զարմացել։ Անուշ, ոչ մի տեխնոլոգիա, ոչ մի կոմերցիոն բան չի կարող ինձ զարմացնել։ Ինձ ցավոտ ձեւով զարմացնում են դավաճանությունները, զարմացնում է, երբ մարդը հեռանում է  մարդուց, հեռանում է ինքն իրենից՝ կատարյալից։ Ինձ համար կատարյալ է միայն մարդը։

Երբ որ հեռացավ ինքն իրենից արդեն զարմանալու չի է, ապշելու բան է։ Ո՞նց ինքն իրեն դավաճանեց, ո՞նց դարձավ ուրիշ․․․ Էլի հանուն նյութի, նյութերի, հանուն բրենդի, հանուն փողկապի, հանուն իսպանական սալիկների։ Մարդուն տարբեր տարածությունների ու երեւույթների մեջ գցում ես, անսպասելի ֆանտաստիկ բաներ ես գտնում․ իր ուղեղի մեջ են հարաբերությունները, ներկան, անցյալը, պատերազմները, խաղաղությունը։ Ընդերքն ու տիեզերքը դրա դեմ ոչինչ են։ Կյանքը փոխվել է, արագացել, գրել-ջնջելը շատացել՝ ոչ ձեռագիր, այլ «մատնագիր», «բթագիր»։ Մարդը կորչում է։ Ծափահարում են «անդրոիդ», հորինված մարդուն՝ համարելով մարդկության զարգացման վերելք։ Վերե՞լք․․․Երբ հեռանու՞մ ենք մարդուց։

Հարաբերություններն էլ են փոխվում։

«Բանակցային սեղանի շուրջ չեն նստում»․ կա՞ չէ նման պաշտոնական արտահայտություն․․․ Որովհետեւ կենդանի շփումը չկա, էմոցիան չի երեւում, աչքերդ չեն շարժվում, կոնֆլիկտ չկա։ Բնական ճանապարհով հաղորդակցության դեպքում ամեն ինչ լուծելի է։ Բայց ատելի է, երբ մեջբերում են էսպես՝«թվիթերյան իր էջում ասաց»․․․ Ո՞նց ասաց։ Ես թվայնացված տողերի մեջ չեմ տեսնում ոչ մի բան․ գուցե ինքը լավ տրամադրությամբ է գրել, ես վատ տրամադրությամբ եմ կարդում, ուրեմն ազդեցությունն այլ է։ Կոմերցիան շատանում է։ Ձեւականությունն էլ։ Վերջացավ։ Ցավալի է։

Ի՞նչ կարող ես անել դրա դեմ։

Սեր հայցես ու բարիքը վաճառե՞ս․․․Չգիտեմ։

Հումորն էլ է կոմերցիոն, Վահագ, երբ «խողովակ» է մտնում, էկրանին է։

Ես քանի տարի է՝ չկամ եթերում, բայց չի նշանակում ես կախված էի «մի կում թարմ եթերից»։ Ես ունեմ խոսափող։ Քանի ապրում եմ, խոսում եմ այն մարդկանց հետ, ովքեր գիտեն տեսանկյունս։ Մեդիան ազդեցություն ունեցել է, բայց ոչ ինձ վրա՝ ներսի իմաստով, այլ ինձ ճանաչելի դարձնելու վրա։ Նորմալ է, բնական։ Ես դրանից չեմ շեղվել, չեմ կորցրել, չեմ դավաճանել ինձ։

Գնալու մասին մտածու՞մ ես։

Գնալ մի ասա, տարածությունը փոխել ասա։

Լավ։ Տարածությունը փոխելու մասին մտածու՞մ ես։

Թող բարդություններ գան, նոր ծալքեր ավելանան ուղեղիդ, ճանապարհներ փնտրես։ Իսկ ինչու՞ ոչ։

Փաստորեն, մտածում ես։

Այո, մտածում եմ, երբ որ վերջնականապես պատկերացնեմ, փոփոխության էլ կգնամ՝ նորին ընդառաջ, նորովի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter