HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը թափթփված խաղի արդյունքում պարտվեց ոչնչով աչքի չընկնող Ռումինիային

Երեկ Բուխարեստում կայացած Ռումինիա-Հայաստան խաղում (1-0) երկրպագուները տեսան երկու թիմ, որոնցից մեկը վատն էր, մյուսը՝ ավելի վատը: Սա կարող է կոպիտ հնչել, բայց փաստն այն է, որ երկու թիմերն էլ հիասթափեցրին իրենց խաղով:

Թռուցիկ անդրադառնալով դաշտի տերերին՝ կարող ենք ասել, որ Ռումինիայի ընտրանին, որն աշխարհում այս պահին 42-րդն է, երբեք այսքան թափթփված տեսք չէր ունեցել գոնե մեր թիմի հետ խաղերում: Այնքան սխալ ու անհաշվենկատ փոխանցումներ, միմյանց չհասկանալու պահեր, որ ունեցան ռումինները, դժվար էր սպասել: Երեկ Հայաստանի ընտրանու դեմ հանդես էր գալիս մի հավաքական, որն առանձնապես ոչնչով աչքի չընկավ եւ առանձնապես մեծ խնդիրներ չառաջադրեց մեր թիմին: Ռումինների գրոհները միաձեւ էին՝ հիմնականում եզրերից կատարված օդային փոխանցումներ ու հեռվից հարվածներ:

Եթե նայենք խաղի պաշտոնական վիճակագրությունը, կարող է թվալ, թե մրցակիցը շատ լավ է խաղացել: Մասնավորապես, դաշտի տերերի փոխանցումների ճշգրտությունը եղել է 84 տոկոս, գնդակին տրելու առավելությունը՝ 61 տոկոս, դարպասին 6 հարված է կատարվել, դարպասի ուղղությամբ՝ 13: Երեւի նման վիճակագրությունը հաշվի առնելով՝ խաղի տեսության ժամանակ ռուս մեկնաբանը նշեց, թե ռումիններն իրենց բազմազան ու բազմապիսի գրոհներով ոչնչացրին մրցակցին, ինչն այլ կերպ, քան հիմարություն դժվար է անվանել: Բանն այն է, որ փոխանցումների արդյունավետության բարձր տոկոսին հիմնականում նպաստել է գնդակի՝ կարճ ու միջին տարածությունների խաղարկումը, մանավանդ եթե հաշվի առնենք, որ 54-րդ րոպեից մեր հավաքականը խաղում էր 10 հոգով՝ սեղմված սեփական տուգանայինին, ինչը լրացուցիչ հնարավորություն էր մրցակցի համար ազատ վերահսկելու գնդակը: Ռումինները հարվածի ընդհանուր 24 փորձ են կատարել, որոնցից ¼-ն է ընթացել Մելիքսեթյանի դարպասի վրա:

Գերմանացի Քրիստոֆ Դաումի թիմը, ինչպես եւ նրանց երկրպագուները, սպասում էին, որ հեշտությամբ կհաղթեն մի թիմի, որին արտագնա խաղում ջախջախել էին 5-0 հաշվով: Սակայն երբ Մելիքսեթյանը ցույց տվեց, որ վստահ է գործում օդից եկած գնդակները դիմավորելիս, պաշտպանության կենտրոնում էլ ճեղքեր գտնել չէր ստացվում (այս երկու գործոնները նախորդ խաղերում առանցքային դեր են ունեցել հայերի պարտությունների մեջ), ռումինների գրոհները դարձան հախուռն, շտապողական ու անհաջող, ինչից Դաումը քիչ էր մնում կաթված ստանար: Առանց այդ էլ նրա գլխին սեւ ամպեր էին կուտակվել խաղից առաջ:   

Իսկ ինչպե՞ս էր խաղին պատրաստվել մեր հավաքականը: Նախորդ հրապարակումներից մեկում կարծիք էինք հայտնել, որ Արթուր Պետրոսյանի թիմը կխաղա 4-2-3-1 կամ 5-1-3-1 մարտավարությամբ: Մարզչական շտաբն ընտրել էր առաջին տարբերակը, սակայն խաղը ցույց տվեց, որ ամեն ինչ քարացած չէր, եւ թիմը հաճախ անցնում էր երկրորդ տարբերակին: Պաշտպանության Դաղբաշյան-Ոսկանյան-Հարոյան-Համբարձումյան քառյակը խաղից առաջ ամենաօպտիմալն էր թվում՝ հաշվի առնելով վերջին երկուսի հաջող խաղն իրենց ակումբներում, Դաղբաշյանի մշտական պրակտիկան «Ալաշկերտում» եւ… եւ այլընտրանքի բացակայությունը պաշտպանության կենտրոնում: Ցավալի է, բայց հատկապես կենտրոնական պաշտպանությունը դարձել է մեր ընտրանու աքիլեսյան գարշապարը: Ոսկանյանի հեռացումից հետո հարձակվողներ Կորյանի ու Ադամյանի դաշտ դուրս գալը Արթուր Պետրոսյանն այսպես է մեկնաբանում. «Առաջինը` պաշտպաններ չունեինք, որ մտնեին դաշտ, իսկ երկրորդը` հոգեբանական առումով շատ կարեւոր էր ցույց տալ թիմին, որ մենք կարող ենք նույնիսկ հաղթել» (ընդգծումը մերն է)։ Եվ սա ասում է թիմի գլխավոր մարզիչը, որը հայտացուցակում 8 պաշտպան էր ընդգրկել: Իրականում Պետրոսյանը ճիշտ է պաշտպաններ չունենալու հարցում, եթե հաշվի առնենք, որ նախորդ խաղերում հանդես եկած Անդոնյանն իսկական փորձանք էր դարձել թիմի գլխին (ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում), իսկ փյունիկցի նորեկ Արմեն Մանուչարյանին դաշտ դուրս բերելը մեծ ռիսկ էր: Մնում է հարցնել, թե այդ դեպքում ինչու է հավաքական հրավիրվել ֆրանսահայ Անդոնյանը, եթե նրա ներկայությունը չեղածի հաշիվ է. գլխաքանակի համա՞ր: Այդ դեպքում ավելի լավ չէ՞ր վստահել Հայաստանի առաջնության խաղացողներից մեկնումեկին, հաստատ Գաելից ավելի արժանիները կան:

Փաստ է, որ պաշտպանությունը թիմի ամենաթույլ օղակն է: Այստեղ ամենակայուն ու լուսավոր կետը 25-ամյա Հարոյանն է, որն ունի պաշտպանին անհրաժեշտ բոլոր որակները: Կոշտ է, ինչը ժամանակակից ֆուտբոլում պետքական գործոն է, տակտիկապես գրագետ է, միտքը ճկուն է ու արագ է կողմնորոշվում: Նրա գործընկեր Ոսկանյանը 24 տարեկան է, հասուն տարիք ֆուտբոլիստի համար, սակայն մակարդակների հսկայական տարբերություն կա: Եթե Հարոյանը պաշտպանության գլխավոր հենասյունն է դարձել Ռոբերտ Արզումանյանի հեռանալուց հետո, ապա Ոսկանյանը երբեք աչքի չի ընկել կայուն խաղով, երբեք: Կիպրոսում խաղալը չի նշանակում, որ նա հավաքականի մակարդակի ֆուտբոլիստ է, ինչը միանշանակ վերաբերում է նաեւ Անդոնյանին, ով նախկինում հույսեր էր ներշնչում, սակայն հետո միայն հետաճ գրանցեց:

Երեկվա խաղում մերոնցից զգուշացվեցին հենց Հարոյանն ու Ոսկանյանը: Առաջինը դեղին ստացավ օդային պայքարում արմունկով խաղալու արդյունքում, ինչի շուրջ վիճել չենք կարող: Բայց Տարոնի առաջին զգուշացումն անտեղի էր, քանի որ նախ գնդակի վրա խաղաց, երկրորդ՝ եթե նույնիսկ վտանգավոր էր, ապա դեղին քարտի արժանի չէր: Պատահական չէ, որ Մխիթարյանի բողոքից հետո հորվաթ գլխավոր մրցավարը մի պահ ընկրկեց, բայց արդեն գրպանից հանել էր դեղինը: Երկրորդ՝ վճռական դրվագում Ոսկանյանը կոպիտ սխալ թույլ տվեց: Դեռ մանկապատանեկան մարզադպրոցում սովորեցնում են, որ տուգանայինում պաշտպանվելիս ձեռքերը պետք է հպել մարմնին, իսկ Տարոնը, չգիտես ինչու, գրեթե մինչեւ ուսը բարձրացրել էր ձեռքը, ինչը հրաշալի նվեր էր մրցակցին: Ընդ որում՝ առաջին կեսում մեր տուգանայինում գնդակը կրկին դիպել էր նրա ձեռքին, սակայն մրցավարը գտել էր, որ ձեռքը բնական դիրքում է: Գոնե դրանից հետո պաշտպանը պիտի զգույշ լիներ:

Մեր թիմն ընտրական փուլում 7 խաղ է անցկացրել, որոնցից 3-ն ավարտել է 10 հոգով: Խայտառակ ցուցանիշ է: Արթուր Պետրոսյանը պարտավոր է ձգել անկարգապահների սանձերն ու կարգ ու կանոն հաստատել դաշտում եւ դրանից դուրս: Եթե ֆուտբոլիստն իր փնթի գործողություններով ծանր կացության մեջ է դնում թիմին, նրա հետ պետք է ուրիշ լեզվով խոսել: Ռումինիայի հետ երկու եւ Լեհաստանի հետ արտագնա խաղում, որոնցում մենք հեռացումներ ենք ունեցել 3-րդ, 31-րդ եւ 54-րդ րոպեներին (ուշադրություն դարձրեք՝ որքան շուտ), հավաքականն ու երկրպագուներն իսկական մղձավանջ են ապրել՝ մի անգամ 0-5 պարտվելով, մյուս դեպքերում՝ գոնե ոչ-ոքի խաղալու հնարավորությունը ավելացված ժամանակում բաց թողնելով:      

Պաշտպաններից 31-ամյա Մկոյանն արդեն զիջում է իր որակներով, ի սկզբանե նա աչքի չէր ընկնում արագությամբ, իսկ հիմա, երբ 30-ն անց է, արագության պակասն էլ ավելի է զգացվում, երբ նրան խաղացնում են, մասնավորապես, աջ եզրում: Ձախ թեւում Գագիկ Դաղբաշյանի հետ կարող են մրցակցել Լեւոն Հայրապետյանն ու Արտակ Եդիգարյանը: Թվում է՝ սա պաշտպանության ամենամրցակցային հատվածն է: Աջ եզրում Հովհ. Համբարձումյանն այս պահին առաջատար է: Նույն գոտում խաղալու փորձ ունի նաեւ Կամո Հովհաննիսյանը, սակայն վերջին շրջանում նրան տեսնում ենք կիսապաշտպանության աջ եզրում:

Պաշտպանության հարցը մնում է բաց, իսկ լուծումը գոնե այս պահին չի երեւում: Խաղից հետո գրեթե բոլորը միաբերան նշում էին, թե գոնե լավ է, որ դարպասապահի հարցը լուծվեց: Այո, իսկապես: Թվում է, թե կարող ենք ասել, որ քանի Մելիքսեթյանը լավ մարզավիճակում է, Արսեն Բեգլարյանը մնալու է պահեստայինների նստարանին: Երկուսի խաղը համեմատել էինք եվրագավաթների մրցելույթներում, ինչը հաստատ արել է նաեւ մարզչական շտաբը: Ոսկանյանի հեռացումից հետո Ստանկուի իրացրած 11-մ հարվածը հետ մղելը լրացուցիչ խթան էր Գրիգորի համար, չնայած, օրինակ, ռուս մեկնաբանը, խելքին զոռ տալով, հայտարարեց, թե «արդարության համար պիտի ասել, որ հարվածն առանձնապես վտանգավոր չէր»: Ի տարբերություն Բեգլարյանի՝ ավելի բարձրահասակ Մելիքսեթյանը շատ վստահ է օդից եկած գնդակները վերցնում, նվազագույնը շեղում է դրանց ուղղությունը, այնինչ Բեգլարյանը դարպասային գծից սխալ դուրս գալու խնդիր ուներ: Երկրորդ՝ Մելիքսեթյանն անտեղի ընդառաջ դուրս չի գալիս գնդակին, ինչը Արսենի կատարմամբ շատ ենք տեսել նախկինում ու նյարդայնացել: Երեկ, սակայն, հստակ երեւաց, որ Գրիգորը գնդակը խաղի մեջ մտցնելու խնդիր ունի. պարբերաբար այն ուժեղ հարվածով դուրս էր բերում դաշտի սահմաններից կամ փոխանցում մրցակցի ուղղությամբ (պետք է հաշվի առնել նաեւ թիմակիցների թույլ խաղը երկրորդ հարկում գնդակն ընդունելիս): Սա, իհարկե, շտկելի թերություն է:                       

4-2-3-1 մարտավարության ամենաանսպասելի կետը երեւի հենակետային գոտում Կամո Հովհաննիսյանի հայտնվելն էր՝ հաշվի առնելով, որ նա գերազանցապես եզրային խաղացող է: Երեկ Կամոն ավելի շատ կատարում էր աջ կիսապաշտպանի պարտականություն, իսկ այդ գոտում ընդգրկված Մխիթարյանը կենտրոն գնալու հնարավորություն էր ստանում: Այդուհանդերձ, երկու հենակետայինների՝ Գոռ Մալաքյանի ու Կամոյի օգտակար գործողության գործակիցն էլ ցածր էր: Եթե Մալաքյանը փոխարինվեց առաջին կեսից հետո, ապա Հովհաննիսյանը շարունակում էր աջ եզրով վեր ու վար անելու փորձերը: Մոնտենեգրոյի հետ խաղում էլ Կամոն առաջ քաշված աջ կիսապաշտպանի գոտում էր խաղում, բայց արդյունավետությունը կրկին ցածր էր:

Ընդհանրապես, վերջին երկու խաղում Արթուր Պետրոսյանի թիմը շատ դանդաղ եւ իներտ ֆուտբոլ է ցույց տալիս: Եթե Մոնտենեգրոն արագ ու կոմբինացիոն խաղ դավանող կոլեկտիվ էր, ապա ռումիններն իրենց անփութությամբ բազմիցս հակագրոհներ ստեղծելու լավ հնարավորություններ տվեցին մեր հավաքականին հատկապես առաջին կեսում: Բայց փոխանցումների խոտանն այնքան շատ էր, արագությունն էլ փոքր, որ ամբողջ խաղում ընդամենը երկու վտանգավոր դրվագ եղավ դաշտի տերերի դարպասի մոտ: Առաջինը Մխիթարյանի փոխանցումից հետո Բարսեղյանի անցումն էր, բայց հարվածը հետ մղեց դարպասապահը, երկրորդ դրվագում Մարկոսի փոխանցումը Տիգրանը չկարողացավ հաջող եզրափակել: Կարելի է հիշել Դաղբաշյանի ու Հովհաննիսյանի անհաշվենկատ փոխանցումները եզրերից, երբ կարելի էր ու պետք էր սուր գործել՝ մոտենալով դարպասապահի հրապարակին: Մի դեպքում էլ ագահություն դրսեւորեց Մարկոսը: 32-ամյա այս ֆուտբոլիստը մեր ընտրանու ամենատարեց խաղացողն է, բրազիլացին աստիճանաբար մոտենում է իր կարիերայի մայրամուտին, ինչը, որքան էլ ցավալի լինի, տեսանելի է դաշտում:

Մեր թիմն ամբողջ խաղի ընթացքում մրցակցի դարպասին կատարել է ընդամենը 1 հարված, 4-ն ընթացել է դրա ուղղությամբ (հարվածի ընդհանուր փորձերը՝ 7), գնդակին տիրելու ցուցանիշը՝ 39 տոկոս, փոխանցումների արդյունավետությունը՝ 75 տոկոս: Եթե ռումինների 485 փոխանցումներից տեղ է հասել 407-ը, ապա մերոնք 90 րոպեում ընդամենը 292 փոխանցում են կատարել, որոնցից ճշգրիտ է եղել 218-ը:  

Երանությամբ կարելի է հիշել Մխիթարյան-Ղազարյան-Մարկոս-Արաս-Մովսիսյան-Մանուչարյան գրոհային խումբը, որն ահուսարսափ էր ցանկացած մրցակցի համար: Դրանից միայն հիշողություններ են մնացել: Յուրան հեռացված է, Գեւորգն ու Էդգարը վնասվածք ունեն, Արասի կարիերան սրընթաց վայրէջք է կատարել Թուրքիայում, Մարկոսը, որի հիմնական ուժը եղել է արագ, կարճ ու միջին մեկ հպումով փոխանցումներով կոմբինացիոն խաղը, չի գտնում իրեն խաղադաշտում, հապաղում է, իսկ պատճառներից մեկն այն է, որ աջակցողներ չկան: Եթե ժամանակին կարող էինք տեսնել, թե մերոնք ինչպես են դաշտի ամբողջ լայնքով բացվում ու նետվում գրոհի, ապա հիմա մեկի առաջ ընթանալու ժամանակ փոխօգնությունը ուշանում է, ազատ տարածությունները չեն օգտագործվում, եւ մրցակիցը հեշտությամբ խլում է գնդակը: Գլխավոր պատճառը արագությունն է, ինչը ֆիզպատրաստության հարց է: Այնինչ երեկվա հանդիպումից առաջ թվում էր, թե ֆուտբոլիստներից շատերը մարզավիճակի խնդիր չունեն:

Պարզվեց, որ Կիպոսի առաջնությունում խաղացող Ոսկանյանն ու նաեւ Մանոյանը հեռու են գլխավոր թիմում կայուն խաղ ցուցադրելուց: Հայաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը համարվող Մանոյանի աստղը վաղուց խամրել է շարունակական վնասվածքների պատճառով, երեկ նա ոչնչով աչքի չընկավ, չնայած գրոհների կազմակերպիչներից մեկը պիտի լիներ: Էլի ինչ-որ բան փորձում էր անել Տիգրան Բարսեղյանը, բայց նրա ուղղությամբ սուր փոխանցումները շատ քիչ էին:

Լրիվ առանձին թեմա է թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Ամենաալարկոտը միայն խաղից հետո չէր հարցնում, թե որտեղ էր նա: Հավաքականի առաջատարը ընտրական փուլի առաջին 3 խաղերը վնասվածքի պատճառով բաց էր թողել: Մնացած 4 խաղերից Հենոյին կարելի է առանձնացնել միայն ղազախների հետ երեւանյան մրցավեճում: Հատկապես Պոդգորիցայում ու Բուխարեստում նա «անտեսանելի» էր: Եթե առաջին դեպքում, ի հակադրություն մրցակցի ավագ ու առաջատար Յովետիչի, նա խոր ստվերում էր, խաղում կայծ չկար, ապա այս անգամ գոնե պիտի աներ այն, ինչը դաշտում գտնվողներից ամանալավը կարող էր անել՝ գնդակ պահել: Ոսկանյանի հեռացումից հետո մերոնք խաղի տեմպը գցելու, գնդակը հնարավորինս երկար վերահսկելու խնդիր ունեին, բայց Հենրիխն անմիջապես այն առաջ էր փոխանցում, իսկ վրա հասած մրցակիցը խաղընկերներից հեշտությամբ խլում էր գնդակը: Մեկ-երկու դրվագում Հենոն ու Կամոն իրենց վրա վերցրին խաղը, դրիբլինգով առաջ գնացին, ռումիններն էլ ստիպված խախտեցին կանոնները: Միակ ճիշտ ձեւը դա էր, բայց դա պետք էր անել պարբերաբար, ոչ թե գնդակն անհասցե ու աննպատակ ուղարկել մրցակցի կիսադաշտ՝ չթողնելով պաշտպանվող ընկերներին շունչ քաշել նոր գրոհը դիմավորելուց առաջ:

Ռումինները 3 գոլ խփեցին, որոնցից առաջինի ժամանակ Անդոնեն խաղից դուրս էր, երկրորդում խաղից դուրս վիճակում գտնվող Մաքսիմն ագահություն արեց ու դիպավ Բենզարի հարվածից հետո դեպի ցանցն ընթացող գնդակին՝ այդպես նվեր մատուցելով մեր թիմին, իսկ երրորդ դեպքում նույն Մաքսիմը ավելացված առաջին րոպեին կրնկով խոցեց Մելիքսեթյանի՝ երկար ժամանակ անառիկ պահվող դարպասը: Լեհերի հետ արտագնա խաղում էլ Լեւանդովսկին բառացիորեն վերջին վայրկյանին գոլ խփեց: Բայց բողոքելու տեղ չունենք. եթե Վարշավայում Անդոնյանն անփույթ խաղաց ու հեռացվեց խաղավարտից 1 ժամ առաջ, հետո էլ Արասը վատնեց հաշիվը 2-1 դարձնելու հիանալի հնարավորությունը, ապա այս անգամ հայ ֆուտբոլիստները չօգտվեցին խաղն իրենց ցանկալի հունով տանելու առիթներից, որոնք այդքան հաճախ ընձեռում էր մրցակիցը: Այսքանից հետո պետք է դժգոհել ոչ թե բախտից, այլ սեփական անատամ խաղից:

«Որեւէ ֆուտբոլիստի խաղից հիասթափվա՞ծ եք, օրինակ՝ Մխիթարյանից». այս տրամաբանական հարցին Պետրոսյանը պատասխանել է. «Ոչ մեկի խաղից հիասթափված չեմ, սա թիմային խաղ է, եւ մեր թիմը արեց ամեն ինչ՝ լավ խաղալու համար։ Իսկ եթե ինչ-որ բան եմ տեսել, ինչը դուր չի եկել ինձ, ապա ես խոսելու եմ իմ ֆուտբոլիստների հետ անհատապես»։ Թե նման խոսակցությունն ինչ արդյունք է տալու թիմին, կտեսնենք Դանիայի հետ ամսի 4-ի խաղում, սակայն դժվար է հավատալ, որ դրական փոփոխություն կլինի, մանավանդ որ նման բան պետք է տեսնեինք Պոդգորիցայի մրցավեճից հետո:

Այս շրջափուլում մեր թիմի ամենակրակոտ խաղը տեսել ենք Մոնտենեգրոյի հետ երեւանյան հանդիպման երկրորդ կեսում: Անկեղծ լինենք, վնասվածքից նոր ապաքինված Մխիթարյանն այդ ժամանակ գլխավոր գործող անձը չէր, այդպիսին, ըստ էության, չկար, թիմը լավն էր ամբողջապես: Անհրաժեշտ է, որ հավաքականը կախված չլինի մի հոգու խաղից, ինչն ավելի շատ հոգեբանական հարց է: Նախորդ շրջափուլում մերոնք առանց առաջատարների Երեւանում 1-1 խաղացին սերբերի հետ, չնայած եթե Մարկոսն իրացներ 11-մ հարվածը, կարող էինք եւ հաղթել: Այդ ժամանակ տեսանք, որ եթե տղաները տրամադրվեն, «թասիբի ընկնեն», կարող են հաճելիորեն զարմացնել: «Եվրո-2016»-ի եզրափակչում էլ պորտուգալացիները ցույց տվեցին, որ առանց Ռոնալդուի էլ իրենք թիմ են: Չի կարելի բացառել, որ առաջատարի բացակայությունը նրանց հնարավորություն տվեց գործել ոչ միատեսակ (ամեն անգամ չսեւեռվել ավագի միջոցով խաղ կառուցելու վրա), ինչն էլ արդյունք տվեց:

Մխիթարյանի առանցքային գործոնը մյուսներին չպիտի կախման մեջ գցի նրանից, ընկերները ամեն անգամ նրան փնտրելու, նրան փոխանցում կատարելու, նրա միջոցով առաջ շարժվելու կապանքներ չպիտի ունենան, իրենք պիտի լինեն նախաձեռնող, համարձակ, քանի որ Հենրիխի «խափանումները», ինչպես տեսանք վերջին երկու խաղում, թանկ են նստում հավաքականի վրա:

Երեկվա հանդիպումից հետո, որքան էլ ցավալի լինի, կասկած է ծագում, որ Մխիթարյանը խնայում է ուժերը: Դժվար է բացատրել թիմի ավագի խամրած խաղը հավաքականում, երբ նա «Յունայթեդում» թե գոլային փոխանցում կատարող է, թե գրոհ կազմակերպող, թե պաշտպանության մասնակից: Այս առումով հարկ է հիշել ԱԱ-2018-ի ընտրական շրջափուլից առաջ Հենրիխի ստացած վնասվածքը չեխերի հետ ընկերական հանդիպմանը: Դրանից հետո նա դուրս մնաց ոչ միայն հավաքականից, այլեւ Ժոզե Մոուրինյոյի ուշադրությունից եւ երկար պայքարեց՝ «Յուրահատուկի» վստահությունը շահելու համար: Արդյո՞ք Մխիթարյանը վախենում է իրավիճակի կրկնությունից եւ խնայում է իրեն հավաքականի խաղերում, մանավանդ այսօր նրա կողքին չեն «Եվրո-2012»-ի ընտրական փուլի կրակոտ խաղընկերները, իսկ հավաքականն էլ մարզական խնդիր չի լուծում: Արթուր Պետրոսյանն ու նրա շտաբը հնարավորինս շուտ պիտի լուծեն այս հարցը: Երկրպագուների շրջանում մտահոգություն իսկապես կա: Չէինք ցանկանա, որ Հենրիխը Հայաստանում հայտնվեր այն կարգավիճակում, որում Մեսսին է Արգենտինայում:

Եթե ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, համեմատելով ներկա ու նախկին կոլեկտիվները, ասում է, թե հիմա հավաքականում այնքան լավ մթնոլորտ է, որ «իրար լպստելով ման են գալիս», ապա կուզեինք դրա պտուղները տեսնել առաջին հերթին խաղադաշտում: Այնինչ վերջին խաղերից տպավորություն է, որ ֆուտբոլիստները դաշտ են դուրս գալիս ներկա ստանալու համար, մնացածը՝ ինչպես կստացվի:    

ԱԱ-2018-ի ընտրական 5-րդ խմբում երեկ Դանիան սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթեց Լեհաստանին, իսկ Մոնտենեգրոն Աստանայում 3-0 հաշվով առավելության հասավ Ղազախստանի նկատմամբ: Առաջին եւ երկրորդ տեղերի համար պայքարն ընթանում է Լեհաստանի, Դանիայի ու Մոնտենեգրոյի միջեւ, չնայած թվում է, թե լեհերը չեն լքի առաջին հորիզոնականը: Ռումինիան, չնայած այս հաղթանակին, փոքր շանսեր ունի:

Սեպտեմբերի 4-ին կկայանան Հայաստան-Դանիա, Մոնտենեգրո-Ռումիանիա, Լեհաստան-Ղազախստան հանդիպումները: 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանություններ (8)

...........Այ քազ բաաաան................
Իսկապես հայկական ֆուտբոլի ներքին գործընթացներին ծանոթ չեմ, ճիշտ նկատեցիք: Ես նախկինում ֆուտբոլիստ եմ եղել, և այսօր էլ ֆուտբոլ շատ եմ սիրում: Եթե հայկական ֆուտբոլի իրավիճակն այդպիսին է, շատ ցավալի է: Գոնե այդ նեմեց Ռուբոն ֆուտբոլ խաղացե՞լ է, ֆուտբոլից մի բան հասկանու՞մ է: Ովքե՞ր են այդ մարդուն բերել, ինչու՞ են բերել: Այսպիսի փորցանք հենց մեր գլխին պիտի գար: Այ քազ բաաաան: Բարկությունից ճնշումս բարձրացավ:
բուն պատճառը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Դանիային ընտրանուն Մանչեսթեր Յունայթեդի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անհաջող խաղի պատճառով չպարտվեց: Պարտվեց քանզի հաջողության ու դրական արդյունքի հասնելու համար հայկական ֆուտբոլում տարիներ շարունակ որևէ ֆունդամենտալ փոփոխություն չի կատարվել: Պարտվեց քանի որ ազգային առաջնության որակը նույնը մնաց՝ թույլ, անտեսված, անհետաքրքիր, նաև ինչպես Ռուբեն Հայրապետյանն էր բողոքում՝ այն պատճառով, որ իր հիմնադրած Ֆուտբոլի ակադեմիայում չկան իսկապես լավ մարզիչներ, որոնք կբարելավվեն մանկապատանեկան ֆուտբոլը: Վերջապես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվեց, քանի որ ՀՖՖ նախագահը Ռուբեն Հայրապետյանն է, որն բնավ մտադրություն չունի թողնել «մեծ խաղի» ասպարեզը՝ իր հարատևությունը պատճառաբանելով Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում նոր, իրական թեկնածուների բացակայությամբ: Այս ամենը անխոս տիպական է հայաստանյան քաղաքական կյանքին, առհասարակ իշխանության բնույթին: Կա Ռուբեն Հայրապետյանը, կա՝ ՀՖՖ-ն, գալիս քոռուփոշման գնում են մարզիչները՝ մեղավորության և պատասխանատվության ողջ բեռը տեղավորելով իրենց տարաբախտ ուսապարկերում: Ուշադիր եղեք նաև նրանց խոսքերն են մերձ և տիպական: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյան՝ «Ասեք, ով ա էդ մարդը, որը կարա»: Ձախողման համար բոլորը մեղավոր են, բոլոր պատասխանատու են բացի՝ իհարկե գլխավոր հրամաններ արձակողներից: Պատճառը բոլորի մեջ է, բայց ոչ այն մարդու, ով ավելի բարձրում է քան ըստ էության բուն պատճառը:
6-ին
հենց սկզբից էլ երեւաց, որ հայկական ֆուտբոլի ներքին գործընթացներին ծանոթ չեք, Նեմեցը Նեմեց Ռուբոն է, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, ում ամենասիրած գործերից մեկն իր քիմքին տհաճ խաղացողներին «սեւ ցուցակում» ընդգրկելն է: Իսկ ձեր ասած մեկ հպումով փոխանցումները էն ժամանակ էին, երբ մերոնք հաղթում էին Սլովակիային, Չեխիային, Բուլղարիային, Մակեդոնիային, նույն Դանիային, ոչ-ոքի խաղում Իտալիայի հետ, իսկ դա 2010-2013 թթ. էր՝ վերեւում նշված 2012 թ. եւ 2014 թ. շրջափուլերում
Հեսա Դանիային կհաղթեն կուրախանանք
Հոգ մի արեք, էլի կուրախացնեն: Հեսա Դանիային կհաղթեն կուրախանանք: Օրինակ՝ մեկ հպումով արագ խաղաոճը մերոնց մոտ հրաշալի է ստացվում: Անակնկալ մի քանի փոխանցումներով վայրկյանների ընթացքում հայտնվում են հակառակորդի դարպասի մոտ: Մեկ անգամ Անգլիայի ֆուտբոլի մեկնաբանները հատուկ հաղորդման ժամանակ կես ժամ քննարկում էին Հայաստանի հավաքականի այդ խաղաոճը, կարծես հայերի հայտնաբերած գյուտը լիներ: Բառասխալի համար ներող կլինեք: Նեմեցն ո՞վ է: Ես դրսում եմ ապրում, իսկ Արարատ 73 – ի լեգենդները չե՞ն մասնակցում Հայաստանի հավաքականի կայացման գործին: Խորեն Հովհաննիսյան, Արկադի Անդրեսյան և այլն:
4-ին
Սկսենք հայերենից. ոչ թե թմեր, այլ թիմեր։ Երկրորդ՝ հարգելի պատմագետ, 2012-2014 թթ. արդեն կազմվել է հավաքականի կորիզը։ Եթե ֆուտբոլից տեղյակ եք, կարծում եմ հարկ չկա նշել կորիզը կազմող ֆուտբոլիստների անունները։ Այնպես որ նոր հեծանիվ հորինելու խնդիր էլ չկա։ Եթե նեմեցի զոռբայությանը գլխավոր մարզիչը (խոսքը անձերի սկզբունքայնության մասին է) կուլ է գնում ու քանդում արդեն իսկ եղածը, պատճառը նրանց երկուսի գլուխներում է։ Մեկ կամ մի քանի անգամ ստացված խաղերի մասին չէ խոսքը, այլ թիմի, որի հանդեպ կար հավատ, հույս, որը իսկապես ուրախացնում էր։ Մեր թիմը 2012 թ. շրջափուլում վաստակել է 17 միավոր, 2014-ին՝ 13: դա ձեզ համար մեկ-երկու հաջող խաղ չի, այլ կայունության սկզբնավորում, որը շարունակություն չի ունեցել վերջին 3 տարում։ Իսկ տղերքի ցավը տանելը ձեր իրավունքն է։
Այո, այո, Հռոմն իրոք մեկ օրում չի կարուցվել
Հարգելի ֆուտբոլագետ, դուք մեկ կամ մի քանի անգամ հաջող ստացված խաղերը խառնում եք ձևավորված և իր ուրույն ոճը գտած թմի հետ: Նույն հաջողությամբ կարող են նաև Գերմանիայի, Իսմանիայի կամ Իտալիայի հավաքականները մեկ կամ մի քանի անգամ շատ անհաջող խաղալ, բայց դա չի նշանակում, որ այդ թմերը կորցնում են իրենց հիմնական ոճն ու խաղային ռազմավարությունը: Ահա թե խոսքը որ ձևավորման և վերջնական կայացման մասին է: Այո, այս առումով ,,Հռոմը մեկ օրում չի կարուցվել,, արտահայտությունը ճիշտ է ու տեղին: Մեր ֆուտբոլիստ տղերքի ցավը տանեմ, այս ձևավերման ու կայացման փուլում շատ էլ լավ են խաղում:
Հռոմն էլ մեկ օրում չի կառուցվել
Ժողովուրդ, Հռոմն էլ մեկ օրում չի կառուցվել: Ինչ մանկամիտ մոտեցում է: Հենց Հայաստանի ազգային հավաքականը մեկ խաղ հաղթում է, ֆուտբոլից հասկացող կամ չհասկացող սկսում է անկապ չափազանցեցված պատկերներով գովվել: Պարտության դեպքում՝ սկսվում է լացն ու կոծը: Ձևավորման տարիների համար շատ էլ լավ են խաղում և տարիների ընթացքում կգտնեն իրենց հարազատ ոճը: Ուստի ըմբռնումով մոտենանք մեր նվիրյալ երիտասարդների խաղին և խրախուսենք, որ հնարավորինս արագ ձևավորվեն ու կայանան իբրև մեկ աբողջական թիմ:
Վարազ Սյունի
Հայաստանի հավաքականում միշտ ավելի շատ դրամա՛ է,քան ֆուտբոլ: Մենակ հավաքականի դարպասապահ Մելիքսեթյանն էր մեղք՝ նմա՛ն թիմի ձեռքին: Հայաստանի հավաքականը հայ ժողովրդին ավելի շատ ցավ ու տխրություն է պատճառում,քան ուրախություն: Իսկ «golden boy» Հ.Մխիթարյանը (հայ տղամարդկանց մեծ մասի պես) միայն օտարի՛ն է երջանկացնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter