HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումների համար պետական աջակցության օրինագիծ կներկայացնի

Հունիսի 19-ի ԼՄ-012 գրությամբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրեն  Լուսինե Մեջլումյանը 2-րդ անգամ է գրավոր դիմել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ ընկերությանը պատկանող պղնձաձուլական գործարանի անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու թույլտվություն ստանալու համար: Լ. Մեջլումյանը նախարարին հայտնել է, թե մթնոլորտ արտանետվող նյութերի ցրման հաշվարկներով աղտոտող նյութերի առավելագույն մերձգետնյա կոնցենտրացիաները գտնվում են նորմերի սահմաններում՝ ինչպես գործարանի տարածքում, այնպես էլ բնակելի գոտում և վտանգներ չեն ներկայացնում Ալավերդու բնակչության առողջության համար:

«Մարդու առողջության վրա արտանետումների հետևանքով օդում առկա կոնցենտրացիաների ազդեցությունների չափորոշիչներ Հայաստանում չեն գործում, այդ խնդիրը մեզ մոտ երբևէ չի ուսումնասիրվել, ուստի ընկերության տնօրենի նման հայտարարությունն անհիմն է:  Բացի այդ Ալավերդու  պղնձաձուլական գործարանում իրենք բրոնզե դարի տեխնոլոգիաներով են աշխատում: Պարզ է, որ գործարանի արտանետումները ազդում են բնակչության առողջության վրա, ո՞նց կարող են չազդել»,-բացատրում է էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը:

Բնապահպանության նախարար Ա. Մինասյանը հուլիսի 13-ի իր պատասխան գրությամբ  ընկերության տնօրենին հայտնել է, թե պղնձաձուլական գործարանի 28 հազար 321տ/տարի արտանետումներին պետական աջակցության և  մթնոլորտային օդ  վնասակար նյութեր արտանետելու համար նախարարությունը բնապահպանական հարկերի վճարման արտոնություններ սահմանելու մասին  ՀՀ օրենքի նախագիծ է մշակել՝  ԱԺ ներկայացնելու համար:

«Նախագիծը գտնվում է  համաձայնեցման փուլում»,- հայտնել է նախարարը: Գործարանի 28 321տ/տարի արտանետումներից 28 հազար տ./տարին ծծմբային անհիդրիդ է: Հիշեցնենք, որ բնապահպանության նախարարության կողմից  20.03.2013թ.-ին արտանետումների ժամանակավոր չափաքանակները ընկերությանը տրվել են մինչև 2017թ. հոկտեմբերի 7-ը՝ արտանետումների մեջ ծծմբային անհիդրիդի 90 տոկոս նվազեցմանն ուղղված միջոցառումների պայմանով: Ընկերությունը չի կատարել իր պարտավորությունը, սակայն համառորեն կառավարությունից պահանջում է  ևս 5 տարով  երկարացնել իր անթույլատրելի արտանետումների ժամկետը: Նախարար Արծվիկ Մինասյանը 2016թ.-ի դեկտեմբերի 9-ի գրությամբ ընկերությանն առաջարկել է ներկայացնել գործարանի փաստացի արտանետումների նվազեցման ներդրումային ծրագիր, որտեղ տրված կլինեն պղնձաձուլական գործարանի փաստացի արտանետումների համար վճարվող բնապահպանական վճարների, տեխնոլոգիաներն արդիականացնելու և այլ  խնդիրների լուծումներ: Պահանջվող նախագիծը ընկերությունը կառավարությանը առ այսօր չի ներկայացրել: 2016 թ․ դեկտեմբերի 23-ի կառավարությանն ուղղված դիմումի քննարկումների ժամանակ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը շրջանառեց, թե  չինացի ներդրողների 450մլն դոլար ներդրումով Ալավերդիում ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած պղնձաձուլական գործարան են կառուցելու՝ տարեկան 100 000 տոննա ռաֆինացված պղնձի արտադրողականությամբ:

«Ծրագրի իրագործումը բերելու է 1000 նոր աշխատատեղերի ավելացման»,- ասում էր Լ. Մեջլումյանը: Այս ծրագիրը ալավերդցիների խանդավառությունն առաջացրեց ԱԺ ընտրությունների քարոզչությանը: Ընտրությունից հետո չինացիների առաջարկած՝ ծծմբային անհիդրիդի կորզմամբ նոր տեխնոլոգիաներով պղնձաձուլական գործարան կառուցելու  նախագիծը  շրջանառությունից հանվեց՝ շուկայում ծծմբաթթվի պահանջարկ չլինելու պատճառաբանությամբ: Արտանետումների գործող սահմանաքանակները երկարաձգելու դեպքում Վալերի Մեջլումյանը  կազատվի  պետբյուջե վճարվող տարեկան 400 մլն դրամ բնապահպանական վճարից` դրա դիմաց նժարին դնելով 600 աշխատատեղ:

Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը օգոստոսի 30-ին մեզ հայտնեց, որ լսել է  բնապահպանության նախարարին ուղղված «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրենի հունիսի 19-ի նամակի մասին, սակայն, դրան  ծանոթ չէ: Քաղաքապետի ասելով` ընդամենը գիտի 2016թ.-ի սեպտեմբերի 23-ի  ընկերության դիմումի հետ կապված կառավարության որոշման մասին։ «Իմ ունեցած տեղեկություններով գործարանն անթույլատրելի արտանետումները 5 տարով  երկարաձգելու համար ստացել է մերժում», ասաց քաղաքապետը:

Կ. Փարեմուզյանը գտնում է, որ Ալավերդին բնապահպանական խնդիրներ ունի, և ինչ-որ մի ձևով այն պետք է փոխհատուցվի և ոչ թե լուծվի: Համայնքի բյուջեին 2016թ.-ին  անթույլատրելի արտանետումների համար  պետբյուջեից  բնապահպանական սուբվենցիա չի հատկացվել։

 «2017թ. պետբյուջեից  մենք ստացել ենք 29 մլն 780 հազար դրամ սուբվենցիա: Կառավարության կողմից ընկերության սեպտեմբերի 23-ի խնդրանքը մերժելուց հետո,  պետբյուջեից  նախատեսված է 2018թ.-ին համայնքի բյուջեին հատկացվելու է 178մլն դրամ»,-գոհունակությամբ  ասաց Կ. Փարեմուզյանը: Դա բնակչության առողջությունը վտանգելու և Ալավերդու շրջակա միջավայրը աղտոտելու փոխահատուցումն է: Ի դեպ, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրեն  Լուսինե Մեջլումյանի` նախարարին ուղարկած գրության համաձայն` արտանետումների հետևանքով ընկերությունը շրջակա միջավայրին տարեկան պատճառում է 1 միլիարդ 959 մլն 791 հազար 500 դրամ վնաս, որը ընկերության համար չի առաջացնում ֆինանսական որևէ պարտավորություն:

Ալավերդիում քաղցկեղածին ծծմբային անհիդրիդի մկնդեղի, մոլիբդենի և կապարի համատեղ ներկայությունը մթնոլորտում բարձրացնում է օնկոլոգիական հիվանդություններով հիվանդանալու ռիսկերը: Առողջապահության ազգային ինստիտուտի վիճակագրությամբ 2016 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ քաղաքի բժշկական կենտրոնում գրանցված են 766 քաղցկեղով հիվանդներ, նրանց թիվն աճում է:

Հայաստանի կառավարությունը տարիներ շարունակ չի ուզում հետազոտել Ալավերդու բնակչության  առողջության վրա  անթույլատրելի արտանետումների ազդեցությունները: Իսկ այժմ զբաղված է բնապահպանական վճարների համար արտոնություններ սահմանելու օրենք մշակելով: 

Մեկնաբանություններ (4)

Գազի գերի
Տարիներ շարունակ ժաղավրդին պատկանող պղինձը,ոսկին,մնացած հանքային պաշարները թալանվում են մեր շրջանից:Ծծմբային գազից, մկնդեղից ու կապարից թունավորված բնակչություն,անդառնալի վնասված,ոչնչացած բնություն,հեկտարներով հատված անտառներ,կենդանական աշխարհից զուրկ Դեբեդ և այլն, էսա մեր իրականությունը: Ալավերդու գործարանը,Թեղուտի հանքավայրը շատ ընտանիքների համար ապրուստի միջոց են ինչ խոսք,սակայն մի քանի չինովնիկ չեն ցանկանում իրենց գրպաններ մտնող միլիարդներից մի քիչ հրաժարվել ու գրագետ ու շրջակա միջավայրի համար մաքսիմալ անվտանգ հանքարդյունաբերություն իրականացնել:
ալավերդցի
Արդեն հոգնել ենք գործարան, գազ, ծուխ, օդի ախտոտվածություն, էկոլոգիա ու նման բառերից ու բաներից: Գործարանը մեզ լրիվ հիմարի տեղ է դրել, գազը արդեն հասնում է Սանահին կայարան, բարձրադիր Սարահարթի մասին էլ խոսք չկա: Լավ, մինչև ե՞րբ, իրենց չափ ու սահմանը որտեղ է վերջանում, ինչքան կարելի է գռոշներ գցել մարդկանց ու բերանները փակել դրանով: Իսկ մեկը չի լինելու՞ իրենց լռեցնի, պարտավորացնի հարկ ու տուրքեր վճարելու, շահագործման կանոնները պահելու: Էդ մեկը հաստատ կա, ուղղակի երևի դեռ ժամանակը չի խոսելու:
Գագիկ Շոլինյան
Ցանկացած երկրում լավ տեխնոլոգիաները ստեղծվում են ներսի մասնագետների կողմից կամ նրանց ներգրավմամբ։ Ներկայումս պղնձի արտադրությունում լավագու յնն է համարվում ավստրալիական Աուսմելտը։ Այն ստեղծել են տեղի՝ պղնձի արտադրությունում ներգրավված մասնագետները, քանի որ ֆիրմայի տերերը ընդամենը հավատացել և վստահել են ունակ ինժեներներին։ Որպեսզի ավելի ճիշտ հասկացվեմ, ասեմ, որ ,,Էյ-Սի-Փի,, -ում 2004թ․իմ ղեկավարությամբ կառուցված վառարանն ԽՍՀՄ, ԱՊՀ և ներկայիս Հայաստանի տարածքներում վերցրած, առանց կանգառի և միջանկյալ վերանորոգման աշխատել է մինչև այս պահը չգերազանցված ռեկորդային ժամկետով՝ 2տարի 10 ամիս։ Այս պահին,,Էյ-Սի-Փի,, -ում այդ ժամկետը 1,5 տարի է։ Այսինքն, որպեսզի դեպի լավն առաջխաղացում լինի, մի փոքրիկ գործոն է պակասում․․․․․և քազաքում կլուծվի էկոլոգիական խնդիրը
Դավ
Անգամ մեկնաբանություն գրել չէի ցանկանում, նկարն արդեն ամեն բան ցույց է տալիս, քաղաքը աղտոտվում է, ու երևի նկատել եք օրեցօր ավելի շատ: Ընտրությունների ժամանակ հավատացինք, որ հարցը լուծում կունենա, բայց հիմա....... դեռ մի բան էլ ավելացնել եք ուզում , ամոթ է ամոթ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter