HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական ստարտափ. Pixomatic՝ պրոֆեսիոնալ ֆոտոխմբագրում՝ մոբայլ սարքավորումներով

Մանե Գևորգյան

Qube ստարտափը մշակել է Pixomatic հավելվածը, որը հեշտացնում և մի քանի անգամ ավելի արագ է դարձնում լուսանկարների խմբագրումը՝ մոբայլ սարքավորումներով։ Հավելվածի հիմքում արհեստական բանականությունն է, ինչի շնորհիվ էլ որոշ գործառույթներ ավտոմատացված են։ Ստարտափի անվանումն էլ հենց արտացոլում է ամբողջ գաղափարը՝ Pixomatic՝ Pixel automation։

Ստարտափի համահիմնադիրներն ուսումնասիրել են շուկան ու հասկացել, որ հավելվածների դեպքում ամենաեկամտաբերներն են խաղերը, իսկ հետո արդեն ֆոտոխմբագրման գործիքները։ Վերջինիս դեպքում մեծ բաց են նկատել շուկայում ու որոշել այն լուծել՝ ստեղծելով հավելված, որը բացի լուսանկարների խմբագրման դասական հնարավորություններից ունի մի շարք առավելություններ. բազմաթիվ օգտատերեր հավելվածի մեկնաբանությունների բաժնում այն որակել են որպես մոբայլ սարքավորումների համար նախատեսված Photoshop, որովհետև այն միակն է, որը համակարգչի բացակայության դեպքում՝ մեքենայի կամ, օրինակ, ինքնաթիռի մեջ, թույլ է տալիս շատ արագ խմբագրել լուսանկարն ու արդյունքում ունենալ որակյալ աշխատանք։

Լուսանկարը՝ GIZ-ի

Pixomatic-ը թույլ է տալիս նկարից հեշտությամբ կտրել ցանկացած օբյեկտ։ Ի տարբերություն մյուս հավելվածների՝ մանրամասն եզրագծելու փոխարեն պարզապես մատի հպումով ընդգծում ես նախընտրելի հատվածն ու հավելվածն այն մաքուր առանձնացնում է նկարից:

Հավելվածն ունի նաև առանձնացվող օբյեկտի մազերը կտրելու հատուկ հնարավորություն. սա մի գործիք է, որն էլ հենց առանձնահատուկ է դարձնում հավելվածը։ Մոբայլ սարքավորումներով մարդկանց նկարից կտրելու դեպքում մազերի հատվածը գրեթե միշտ խնդիր է առաջացնում։ Մյուս գործիքներով այս գործընթացը բավականին դժվար կամ նույնիսկ անհնարին է։ Իսկ մազեր կտրելու համար նախատեսված hair գործիքը թույլ կտա մարդուն նկարից այնպես կտրել, որ  արդյունքում նրա մազերը բնական տեսք ունենան։

Ցանկալի օբյեկտն առանձնացնելուց հետո հնարավոր է օգտվել հավելվածի մյուս առավելությունից։ Pixomatic-ը դեռ միակ մոբայլ հավելվածն է, որն ունի լուսանկարի layer-ներով՝ շերտերով հեշտացված աշխատելու հնարավորություն։ Նկարի յուրաքանչյուր շերտ մատի մեկ հպումով առանձնացվում է մյուս շերտերից։ Օրինակ՝ եթե նկարի վրա նոր կերպար կամ օբյեկտ եք ավելացրել, ապա կարող եք փոխել միայն ֆոնի գույնը կամ, օրինակ` ավելի պայծառացնել միայն նշված օբյեկտի գույնը։ Եթե նկարի վրա մի քանի պատկեր եք ավելացրել, ապա հեշտությամբ հնարավոր է դրանք առանձին-առանձին տեղաշարժել ու յուրաքանչյուրի հետ առանձին աշխատել։ Սրա շնորհիվ հավելվածն ունի նկարի հետին պլանն ավելի աղոտ դարձնելու, օպտիկական էֆեկտ հաղորդելու, ստվեր ավելացնելու, տեքստ գրելու և մի շարք այլ հնարավորություններ։ Շերտերով առանձին աշխատելու հնարավորությունը թույլ է տալիս նաև երկու շերտ իրար մեջ մտցնել։

Օգտատերերի պատրաստած նկարներ

Որպես առավելություն պետք է նշել նաև ընդամենը մի քանի րոպեի ընթացքում Double exposure ստանալու հնարավորությունը։ Աշխարհում դեռ չկա նման հավելված, որը թույլ է տալիս այդ գործողությունը կատարել այսքան արագ ու միևնույն ժամանակ լավ որակով։

Օգտատերերի պատրաստած Double exposure-ի օրինակներ

Pixomatic-ը նաև շատ լավ գործիք է նրանց համար, ովքեր պետք է շատ արագ ինչ-որ նկարի վրա լոգո ավելացնեն: Կարևոր է նաև նշել, որ կտրած նկարը կարելի է պահպանել հեռախոսի մեջ՝ ամեն անգամ նորից չկտրելու համար։ Հավելվածն ապահովում է նկարի՝ առավելագույնը 16 մեգապիքսել որակ։

Ստարտափի համահիմնադիր Սասուն Համբարձումյանի խոսքերով՝ իրենց նպատակն էր ստեղծել մի հավելված, որը մոբայլ սարքավորումներով ֆոտոխմբագրումը ցանկացած մարդու համար կդարձներ այնքան հեշտ, որքան պրոֆեսիոնալի համար է՝ համակարգչային ծրագրերով աշխատելիս։ Համահիմնադիր Գարիկ Ավետիսյանն ավելացնում է, որ հավելվածն ունի նաև հատուկ վիդեոուղեցույցներ, որոնք հնարավորինս պարզ բացատրում են յուրաքանչյուր գործիքի կիրառելիությունը։ Նրա կարծիքով՝ օգտատերերի մեկնաբանություններից կարելի է եզրակացնել, որ հասել են իրենց նպատակին՝ Pixomatic-ից օգտվում են և՛ պրոֆեսիոնալները, և՛ միայն բազային գիտելիք ունեցող մարդիկ։

Հավելվածն Android համակարգում ունի 500.000-ից ավելի, իսկIOS-ում՝ 500.000 ներբեռնում։ Վերջինի դեպքում հավելվածը վճարովի է ՝ 5 դոլար, իսկ Android-ում վճարովի են միայն հատուկ գործիքները։ Օգոստոս ամսին, օրինակ, հավելվածն ունեցել է մոտ 400.000 ակտիվ օգտատեր։ Օգտագործողների գրեթե 39%-ը  ԱՄՆ-ից են, 33%-ը` Եվրապայից, 5%-ը` Կանադայից, շատ կան օգտատերեր Ավստրալիայից ու Մեքսիկայից։ Գերմանական Spiegel Online-ը  հուլիս ամսին Pixomatic-ն ընտրել է որպես շաբաթվա հավելված, իսկ հավելվածի առանձնահատկությունների մասին գրել է Macworld-ը։

Ստարտափի հիմնադիրները հիմա ակտիվ աշխատում են արհեստական բանականությամբ աշխատող նոր գործիքներ ավելացնելու ուղղությամբ։ Մինչև տարվա վերջ նոր թարմացումներ են սպասվում։

Լուսանկարները՝ Qube-ի

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter