HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայերը Վրաստանում էլ են օդանավեր գրանցել

Եթե Հայաստանում այս տարվա հուլիսի տվյալներով ընդամենը 23 քաղաքացիական օդանավ է գրանցված, ապա հարեւան Վրաստանում դրանց թիվը 63 է, գրեթե եռակի շատ:

Հայկական 23 ինքնաթիռներից 4-ին տրվել է ժամանակավոր սերտիֆիկատ, դրանք հաշվառված են ՀՀ օդանավերի ռեգիստրի հավելվածում, ինչը նշանակում է, որ կամ չեն շահագործվում, կամ էլ ունեն սահմանափակումներ: Մնացած 19-ը լիարժեք օգտագործվող օդանավեր են, սակայն, ինչպես գրել ենք, մեծ մասը թռչում է արտասահմանում:

Իսկ ահա Վրաստանում նման օդանավերը 63-ից 53-ն են: Ամենաշատը՝ 9-ական օդանավ, շահագործում են «Georgian Airways»-ը եւ «Aviaservice»-ը: Առաջինն այդ երկրի առաջատար  ավիաօպերատորն է, իսկ երկրորդը մասնագիտացած է ուղղաթիռային փոխադրումների ոլորտում: Սակայն մեզ ավելի շատ հետաքրքիր են վրացական ռեգիստրում առկա այն օդանավերը, որոնք կապ ունեն Հայաստանի ու հայերի հետ: Պարզվում է՝ այդպիսիք կան:

Ըստ էության չշահագործվող (գրանցված են ռեգիստրում, սակայն օպերատորի փոխարեն նշված է սեփականատերը) 10 օդանավերի մեջ են նաեւ հայկական «Հայք Ավիա» ընկերության «Х-32» ուկրաինական գերթեթեւ ինքնաթիռը, Հմայակ Արսենյանի «BB30Z» տիպի չեխական օդապարիկը եւ Սամանդ Դավոյանի ամերիկյան «Maule M-7» ինքնաթիռը:

«Հայք Ավիա» ՓԲԸ-ի մասին նախկինում գրել ենք, այս ընկերությունը ժամանակին գործունեություն էր ծավալում արտերկրում եւ որոշ այլ հայկական ավիափոխադրողների նման անմասն չէր մնացել մութ պատմություններից: Ընկերության բաժնետոմսերը 50-50 հարաբերակցությամբ կիսում են Արմեն Վանցյանն, ով հայտնի ավիատոր Սեյրան (Սերգեյ) Վանցյանի որդին է, ու Շահեն Աղաբաբյանը: Տնօրենը Հայկանուշ Մխիթարյանն է, որը, ըստ էության, Ա. Վանցյանի մայրն է: Չնայած «Հայք Ավիան» ներկայում օդանավ չի շահագործում, Հ. Մխիթարյանը 25 տոկոս փայ ունի հայկական «Մարս Ավիայում», որը գործունեություն է ծավալում Աֆրիկայում եւ շահագործում է նախկինում «Հայք Ավիայի» կիրառած օդանավերից մի քանիսը:

«Հայք Ավիայի»՝ 2004-ին արտադրված «Х-32» «Бекас» ինքնաթիռը Վրաստանում գրանցվել է 2007-ի հուլիսին (գրանցման համարը՝ 4L-JAZ): Այն հարեւան երկիր է տեղափոխվել «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով, որը ենթադրում է հետագա ներմուծում: Ժամանակավոր արտահանում թույլատրվում է մինչեւ 1 տարի ժամկետով, սակայն ընկերությունը պարբերաբար դիմում է դրա երկարաձգման համար: Մասնավորապես, նշված ռեժիմը երկարաձգելու մասին կառավարության որոշումներից մեկից (2015-ի մարտ) տեղեկանում ենք, որ լեռնային պայմաններում տեխնիկական հնարավորությունների պատճառով (առաջին հերթին՝ ինքնաթիռի մեկ շարժիչի առկայության) գերթեթեւ ուսումնավարժական այս ինքնաթիռը երկար տարիներ չի շահագործվել Հայաստանում, քանի որ չի ապահովվում բարձր լեռնային գոտում նրա շահագործման անվտանգությունը: Ըստ կառավարության՝ ինքնաթիռի տեխնիկական վիճակը պատշաճ մակարդակով պահպանելու (ինչը հնարավոր է միայն շահագործման պարագայում) եւ այն ուսումնավարժական նպատակներով օգտագործելու համար ինքնաթիռը հանձնվել է Վրաստանի «Jav-Avia» ընկերությանը, որը, ըստ ավիացիոն տեղեկատուների, 2010-ից սկսել է օդանավ շահագործել: Այդ դեպքում հետաքրքիր է, թե ով է 2007-2010 թթ. Վրաստանում շահագործել օդանավը, եթե, իհարկե, այն օգտագործել են: Ըստ Վրաստանի պետռեգիստրի տվյալների՝ «Jav-Avia» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010-ի հունիսին: Սկզբնապես գրանցված էր Ախալքալաքում, 2011-ից հասցեն տեղափոխվել է Թբիլիսի: Ընկերության անունից արդեն կարելի է եզրակացնել, որ կապ ունի Ջավախքի հետ: Ընդ որում՝ Վանցյանները նույնպես Ջավախքից են: Վրացական ընկերության հիմնադիրներն են եղել Վրաստանի քաղաքացի Սամվել Խոդիկյանն ու ՀՀ քաղաքացի Ջիվան Ալավերդյանը: 2011-ից Ալավերդյանը դարձել է միանձնյա փայատեր: Վերջինս եւս ավիացիայի մարդ է, Հայաստանում հիմնել է ոլորտի մի շարք ընկերություններ:  

Վրացական օդանավերի ռեգիստրի թարմացումներից տեսնում ենք, որ 2015-ի հուլիսի 10-ի դրությամբ «Հայք Ավիայի» օդանավը հարեւան երկրում այլեւս չուներ շահագործող, ու մինչ օրս ինքնաթիռը նշվում է սեփականատիրոջ անվան ներքո: Հավելենք, որ խարկովյան «Լիլենտալ» ընկերության արտադրած «Х-32» ինքնաթիռները նախատեսված են մարզական, գյուղատնտեսական, ուսումնավարժական նպատակների համար, ունեն ջրի եւ ձյան վրա կիրառվող տարբերակներ: Թռիչքը, կախված ենթատեսակից, կարող է տեւել 3 ժ 20 ր-ից մինչեւ 6 ժ 30 ր: Անձնակազմը մեկ հոգի է, ուղեւորների թիվը՝ 1-2:

2011 թ. հունիսին Վրաստանում գրանցվել է (4L-BAE) նաեւ Հմայակ Արսենյանի «BB30Z» տիպի օդապարիկը: Այն արտադրվել էր նույն տարում չեխական «BALÓNY KUBÍČEK» ընկերության կողմից: Այս տիպի օդապարիկները նախատեսված են 1 օդաչուի եւ 3 ուղեւորի համար, կարող են կիրառվել ինչպես մասնավոր, այնպես էլ կոմերցիոն թռիչքների եւ գովազդային հայտարարությունների համար: Հմայակ Արսենյանը ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի եղբայրն է, նույնպես գործարար է, մասնավորապես, նրա ընկերություններն են իսպանական «Coopoliva» ապրանքանիշի արտադրանքի ներկրողները Հայաստան ու Վրաստան: 2011-ի հոկտեմբերին Հ. Արսենյանի վարած օդապարիկը (լուսանկարում) Վրաստանում անցկացված փառատոնին հաղթող էր ճանաչվել:     

Ընդհանրապես, Արսենյանները սեր ունեն ավիացիայի հանդեպ: Մոսկվաբնակ գործարար Բորիս Պետրոսյանի աջակցությամբ 2003-ին Չեխիայից Հայաստան էր բերվել 2 հատ «Zenith STOL CH-701» երկտեղանոց օդանավ, որոնք հետո, ըստ ավիատոր Դմիտրի Աթբաշյանի, պարտքերի դիմաց Պետրոսյանը հանձնել էր Գուրգեն Արսենյանին: 2012-ին, սակայն, վերջինս օդանավերը նվիրել էր Արցախին, որտեղ դրանք առ այսօր շահագործվում են:  

Այս տարվա մայիսին մեր հյուսիսային հարեւանի ռեգիստրում հաշվառվել է նաեւ Սամանդ Դավոյանի «Maule M-7» օդանավը: Միանգամից ասենք, որ Դավոյանն, ամենայն հավանականությամբ, ազգությամբ եզդի է, ինչի մասին խոսում է նրա անուն-հայրանունը՝ Սամանդ Մամեդի Դավոյան: Ընդհանրապես, տեսակետ կա, որ հայկական ազգանվան նմանությամբ «յան» վերջածանցով ազգանուն ունեցող եզդիները կամ նրանց նախնիները Հայաստանից են կամ էլ Վրաստանից: Իրենց հերթին Վրաստան այդ եզդիները տեղափոխվել են մեր երկրից, իսկ Հայաստան շատ արեւմտահայերի նման գաղթել են Օսմանյան Թուրքիայից՝ խույս տալով վերջինիս հալածանքներից: Այդուհանդերձ, 58-ամյա Սամանդ Դավոյանը, ըստ համացանցային տեղեկությունների, Տաջիկստանից է՝ Դուշանբեից: Ներկայում ընտանիքի հետ բնակվում է Ռուսաստանում, որտեղ մի շարք ընկերություններ է հիմնադրել (հիմնականում զբաղվում են տրանսպորտի տարբեր տեսակների (այդ թվում՝ օդային) գործունեությամբ, տուրիստական գործակալության ծառայությունների մատուցմամբ): Դավոյանը նաեւ ընկերություն ունի Լոնդոնում, որի տնօրենն ու երկու համասեփականատերերից մեկն է: 1988-ին արտադրված նրա ամերիկյան «Maule M-7-235» ինքնաթիռը (1 օդաչու եւ 4 ուղեւոր) նախատեսված է մինչեւ 1600 կմ հեռավորության թռիչքների համար:      

Առաջին լուսանկարում՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter