HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ախուրյանում երկրաշարժից տուժած բնակիչներին հանձնված բնակարաններն ունեն թերություններ

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի` երկրաշարժից տուժած ընտանիքներին 2016թ. դեկտեմբերին են հանձնվել նորակառույց բնակարանները: Պետական աջակցությամբ գյուղում կառուցվել է 3 շենք՝ 104 բնակարան, որոնցից զբաղեցված է 100-ը: Իսկ 4 բնակարան հատկացվել է համայնքապետարանին, որոնց հարցը դեռ լուծված չէ: Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետարանից՝ պետական այս ծրագիրն ընդհանուր առմամբ արժեցել է 778 միլիոն դրամ: Բնակիչներից ոչ բոլորն են հասցրել տեղափոխվել նոր բնակարաններ, սակայն արդեն դժգոհում են շինարարության որակից: Պատերին հայտնվել են ճաքեր, որոշ բնակարաններում թափվել է առաստաղի ծեփը, չեն աշխատում դռների փականները, ջեռուցման կաթսաները և այլն: Այստեղ էլ նկատվում են Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի նորակառույց շենքերում ի հայտ եկած գրեթե բոլոր թերությունները:

Շենքում ապրող շինարար բնակիչներից մեկն արդեն տարածքում փակցրել է հայտարարություն՝ մատչելի գներով ներքին հարդարման աշխատանքներ կատարելու մասին: Պահանջարկը կա, քանի որ բոլորի բնակարաններն էլ վերանորոգման կարիք ունեն:

Շինաշխատանքները սկսել է «Գլենդել Հիլզ» ընկերությունը, որը պետք է շենքերը շահագործման հանձներ 2013թ., սակայն աշխատանքները դանդաղել են, և միայն 2016թ. կեսերին Շիրակի մարզպետարանի պատվերով այդ աշխատանքները շարունակել են «Շինկարկաս», «Շինարար» ՍՊԸ-ները և «Թիվ 1 շինվարչություն» ԲԲԸ-ն, իսկ բարեկարգումն արել է «Փարվանա» ՍՊԸ-ն:

Բնակիչներից Արմենակ Մանոյանն ասաց, որ առաջին հարկի պատուհանների ջրապաշտպան պատուհանագոգերը տեղադրված չեն: Ձյան, անձրևների դեպքում պատուհանների տակից խոնավությունն անցնելու է բնակարաններ: Տանիքից իջնող անձրևաջրերի խողովակների մի մասը կիսատ են տեղադրված եղել, բնակիչներն իրենք են վառարանների խողովակներով հարմարեցրել, որ անձրևների դեպքում ջուրը չհոսի պատերի վրայով:

Արմենակ Մանոյանը

Արմենակն ասաց, որ բնակարանների պատերին ճաքեր կան: Նրա վարկածով` կամ թաց վիճակում են ներքին հարդարման աշխատանքները կատարել և չորանալուց հետո ճաքերն ի հայտ են եկել, կամ պատերը վատ են շարվել:

«Մի դեֆեկտ կա: Քանի անգամ ճաքերը փակել ենք, նորից առաջացել են»,- ասում է Արմենակ Մանոյանը:

Բնակիչները պատմում էին, որ սենյակների դռները վատ որակի են, արդեն չեն փակվում, փականներն էլ սկսել են չաշխատել: Նույն վիճակում են նաև բնակարանների մուտքի դռները, որոնք բարակ երկաթից են և անորակ:

Թափվել են նաև շենքերից մեկի մուտքի աստիճանների քարե սալիկները:

Արմենակը պատմեց, որ դիմել են պատասխանատուներին, դրանից հետո շինարարները եկել որոշ թերություններ վերացրել են, սակայն նրանց գնալուց օրեր անց դարձյալ նույն վիճակն է եղել:

Մեկ այլ բնակիչ՝ Ռուզաննա Պետրոսյանը, ասաց, որ իրենց՝ 4ա-1 շենքում լվացարանները տեղադրված չեն եղել: Բնակիչներից ով կարողացել` իր ուժերով տեղադրել է, ով էլ չէ՝ մինչ օրս մնացել է առանց լվացարանի:

Ռուզաննան ցույց էր տալիս իր այրված դուռը, պատերի ճաքերը, որոնք որպես «նվեր»` ստացել է շինարարներից: «Պլենդուզներն օր թեթև կքաշես՝ կընգնին, վոբշմ կարգին բաներ չեն էրել»,- ասում է տիկին Ռուզաննան և հավելում, որ բնակարաններում համաչափ տեղադրված չեն նաև ջեռուցման մարտկոցների «սեկցիաները»: Նույն մակերեսով բնակարաններում դրանք տարբեր քանակի են:

Ռուզաննա Պետրոսյանի խոսքերով՝ իրենց ներկայությամբ ոչ մի փորձարկում չի արվել, և այժմ կանգնած են փաստի առաջ: «Հանձնել են, ըսել են՝ էսի քո սենյակն է, Ռուզան ջան, շնորհակալություն եմ հայտնել` օր տվել են սենյակը, յոլա ենք գնում»,- ասաց Ռուզաննա Պետրոսյանը:

Նա պատմեց, որ սկզբում նույնիսկ ջուր է թափվել տանիքից, շինարարները վնասված հատվածները սվաղել են, տիկնոջ ասելով՝ վարսահարդարիչով չորացրել ու գնացել են: Օրեր անց արդեն պատերին հայտնվել են ճաքերը:

Բնակիչները ամիսներ շարունակ գազ չեն ունեցել: 2 օր առաջ են գազ մատակարարել և ոմանք նկատել են, որ կաթսաները չեն աշխատում: Օրինակ՝ Ռուզաննա Պետրոսյանը չէր կարողանում կաթսան օգտագործել, քանի որ, նրա պնդմամբ, չի աշխատում:

Ռուզաննան պատմեց, որ իր հարևանի բնակարանում՝ թիվ 32-ում ավելի վատ վիճակ է: Նախ, սկզբում առաստաղի ծեփն էր թափվել, եկել վերանորոգել են, հիմա էլ լոգասենյակում առաստաղի տակ սյուն են տեղադրել, որ չփլվի, քանի որ վնասված է: Ընտանիքը դեռ չի հասցրել տեղափոխվել նոր բնակարան, մեր այցելության ժամանակ էլ նրանք այնտեղ չէին:

Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ կառուցվել է 104 բնակարան, սակայն նախատեսված է եղել 136-ը, և շինարարների պատճառով մի շենք չի կառուցվել:

Համայնքապետը նշեց, որ 4 շենքի համար տարածք են հատկացրել համայնքապետարանի հարևանությամբ: Շինարարությունն իրականացնող «Գլենդել Հիլզ» ընկերությունն արագության համար օգտագործել է պատրաստի նախագծեր: Սկսել են 3 շենքերի կառուցման աշխատանքները, իսկ 4-րդ շենքի աշխատանքները հետաձգվել են՝ տարբեր պատճառաբանություններով: Հավելյալ տարածք է հատկացրել համայնքապետարանը, սակայն այդպես էլ չորրորդ շենքը չի կառուցվել, և ասել են, որ նպատակահարմար չէ կառուցումը:

Արծրուն Իգիթյանը

Արծրուն Իգիթյանը պատմեց, որ կառուցապատումը դեռ չավարտված` «Գլենդել Հիլզ» ընկերությունը սննկացել է, որպեսզի հետագայում երկարատև դատական քաշքշուկների մեջ չընկնեն, համայնքն է ընկերության դեմ դիմել դատարան՝ պահանջելով լուծել հողամասի առուվաճառքի պայմանագիրը: 2016թ. փետրվարի 9-ին կողմերը կնքել են հաշտության համաձայնագիր, ըստ որի՝ լուծել են «Գլենդել Հիլզ» ընկերության և Ախուրյանի համայնքապետարանի միջև 2011թ, կնքված հողատարածքի առուվաճառքի պայմանագիրը: 0,644 հա մակերեսով հողամասը, որի սեփականատերն արդեն «Գլենդել Հիլզ» ընկերությունն էր, վերջինիս կողմից կատարված բարելավումներով հանդերձ, սեփականության իրավունքով փոխանցվել է Ախուրյան համայնքին:

Համայնքն էլ կառուցապատման իրավունքը փոխանցել է Շիրակի մարզպետարանին և կառավարության կողմից հատկացված միջոցներով մարզպետարանը ավարտին է հասցրել 3 շենքի կառուցումը:

Արծրուն Իգիթյանն ասաց, որ կառուցապատման սեղմ ժամկետներ են ընտրվել, այդ իսկ պատճառով բնական է համարում, որ այժմ թերություններ են նկատվում:

Ախուրյանի համայնքապետի խոսքերով՝ երբ մարզպետը եկել է համայնք, բնակիչները ներկայացրել են թերությունները: Մարզպետն էլ պատասխանել է, թե մեկ տարվա ընթացքում շինարարները պետք է վերացնեն թերությունները: Ինքն էլ օրեր առաջ մի քանի դիմումներ ստացել է բնակիչներից, որ ջեռուցման համակարգերը չեն աշխատում, պատրաստվում է դրանք ներկայացնել շինարարներին:

Ինչ վերաբերում է համայնքին հատկացված թվով 4 երկսենյականոց բնակարաններին, ապա համայնքապետ Իգիթյանի խոսքերով՝ բաշխումը կիրականանցնեն մինչև նոյեմբերին սպասվող ՏԻՄ ընտրությունները: Թե ինչու այդ 4 բնակարանների տնօրինման հարցը չի որոշվել մինչ օրս, թեև շենքերը շահագործման են հանձնել 2016թ. դեկտեմբերին, համայնքապետը նշեց, որ ավելորդ շտապողականություն չեն դրսևորել:

Արծրուն Իգիթյանն ասաց, որ ավագանին պետք է որոշի, թե ինչ սկզբունքով և կարգով է բնակարանները հատկացվելու բնակիչներին: Ասաց, որ չի բացառվում` բնակարանները հանձնեն այս պահին ամենավատ պայմաններում ապրող ընտանիքներին: Առաջարկ է եղել նաև, որ բնակարաններից մեկը հանձնեն համայնքի այլազգի բնակիչներից մեկին, ով ևս բնակարանի կարիք ունի: Սակայն այս ամենը դեռ պետք է քննարկվի:

Ա. Իգիթյանն ասաց, որ մոտավոր շահառուների ցանկը կա, և հարցումներ են ուղարկել կադաստր, որպեսզի տեսնեն` այդ անձինք սեփականություն ունեն, թե ոչ, կամ արդյոք վերջին տարիներին անշարժ գույք օտարե՞լ են:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը բացառեց, որ բնակարաններում տեղադրված կաթսաները կարող են չաշխատել, գուցե բնակիչները չեն կարողանում միացնել: Ասաց, որ այս պահին համայնքից որևէ գրություն, ահազանգ չեն ստացել բնակարաններում հայտնաբերված թերությունների վերաբերյալ:

Մարզպետարանի պաշտոնյան նաև բացառեց, որ լվացարանները կարող են տեղադրված չլինել: Ասաց, որ ունեն բնակիչների կողմից ստորագրված փաստաթղթեր, որ ամեն ինչ տեղադրված ստացել են:

Ալբերտ Մարգարյանն ասաց, որ նոր նախագիծ և ամրացման միջոցառումներ են իրականացվել, քանի որ մի քանի տարի շենքերը մնացել էին առանց տանիքի և անձրևաջրերը վնասել էին վերևի հարկերի առաստաղները:

Ինչ վերաբերում է համայնքապետարանին հատկացված 4 բնակարաններին, ապա Ալբերտ Մարգարյանը նշեց, որ Ախուրյան համայնքում կար 136 շահառու ընտանիք, բայց 104 բնակարան: 32 երկսենյականոց բնակարան է կառուցվել, սակայն երկսենյականոցի շահառուները եղել է 28 ընտանիք, ուստի 4 բնակարանն ավելացել է: 36 ընտանիքին տրվել է 1 և 3 սենյականոց բնակարանների գնման վկայագրեր, իսկ երկսենյականոցի շահառու չի եղել, ուստի 4 բնակարան մնացել է համայնքին, քանի որ համայնքն է եղել սեփականատերը:

Ալբերտ Մարգարյանը չբացառեց, որ այդ 4 բնակարանի բաշխումն իր մեջ կարող է կոռուպցիոն ռիսկ պարունակել: Ասաց, որ համայնքապետարանից դեռ որևէ առաջարկություն չեն ստացել բաշխելու կանոնակարգերի մասին: Եթե նման առաջարկ ստանան, ապա կփորձեն միջամտել՝ թեկուզ խորհուրդ տալով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter