HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրդաձորում դպրոցական տարիքի մեկ երեխա է մնացել

Սեպտեմբերի 11-ին Գյուլուբաղ-Բրդաձոր անանցանելի ճանապարհը մի կերպ հատելուց հետո Բրդաձորի մուտքի մոտ հայտնվեցի ճանապարհի ձախ մասում գտնվող Վրաստանի սահմանապահ ուղեկալում: Փաստաթղթերս մեկնելով ուղեկալի վրացի հրամանատարին` ռուսերեն բացատրեցի, որ հայ լրագրող  եմ, գնում եմ մեր Բրդաձոր: «Բրդաձորը մերն է»,- նայելով երեսիս հակադարձեց ուղեկալի վրացի հրամանատարը: Շուրջ մեկ ժամ ուղեկալում սպասեցնելուց հետո հրամանատարն ինձ հանձնեց փաստաթղթերս և երկու սահմանապահների ուղեկցությամբ թույլատրեց մուտք գործել Բրդաձոր: Սահմանապահների սպիտակ «Ջիպը» 50 մետրից հետևում էր:

Անտառի մեջ թաղված Բրդաձորը դրախտավայր էր: Գյուղի մուտքի ձախ կողմում մի քանի քանդված տներ նկատեցի: Լուռ ու ամայի գյուղում միայն մեղուների բզզոցն է լսվում: Դատարկ փողոցներում վրացի սահմանապահների հսկողության տակ երկար ժամանակ մարդ էի որոնում: Տներից մեկի բակում հասած վայրի տանձի ու խնձորի չրեր է կախված, տան բակում տախտակի վրա տանձ, խնձոր ու սև սալոր է փռած: Մտածեցի՝ վերջապես մարդ գտա: «Էյ, տանտեր»,- կանչեցի: Դուռը կողպված էր:

Բրդաձորում շատ տներ կային, բայց բնակիչներ չէի գտնում: Գյուղի գեղեցկությամբ հմայված՝ շրջում էի դատարկ փողոցներում: Այգիների տանձի, խնձորի, սալորի ու ընկույզի ծառերը կքած էին առատ բերքի տակ: Ծառերի ճյուղերի տակ փայտե հենակներ էր դրված՝ ճյուղերի չկոտրվելու համար: Կռացած ճյուղերի միրգն արդեն փտում էր:

Գյուղի կենտրոնի մենավոր ու հսկա բռնչիի տակ տախտակե նստարան կար, սակայն մարդ չկար: Գյուղամիջին հարող ձորից մարդկանց ձայներ հասավ ականջիս: «Է՜յ ,մարդիկ»,- գոռացի, արձագանք չեղավ: Շարունակեցի քայլել։

Ավթանդիլ Ասլիկյանին հանդիպեցի իր տան մոտ: Ասաց մենակ է ապրում, կինը մեկ տարի առաջ է մահացել: Ավթանդիլը կույր էր և հիվանդ: Պատմեց, որ  Բրդաձորում 88 տնտեսություն է եղել , 400-ից ավելի բնակիչ: Հիմա Բրդաձորում 22 մարդ է ապրում: Գյուղի 88 տներից միայն 8 տանն է մարդ ապրում։ Ավթանդիլն ասում է, որ իր երեխաներից մեկը Երևանում է, մյուսը՝ Մոսկվայում:

«Այնպես եղավ՝ Երևանում մեր բնակարանը կորցրինք: Ստիպված եկանք Բրդաձոր»,- պատմեց: Նրա խոսքով հարևան ադրբեջանաբնակ Մոլլօղլի, Խուլդարա գյուղերի թուրքերը շատ ժամանակ իրենց անասունը բերում են Բրդաձորի տարածքում արածեցնելու, բայց վրացի սահմանապահները նրանց հետ են ուղարկում: «Բրդաձորում մենակ ապրել է պետք, ոռոգման և խմելու ջրի վարձ չենք տալիս: Այստեղ բոլոր պայմանները կան` անսահմանափակ  քանակով անասուն պահելու: Աշխատող մարդը Բրդաձորում սոված չի մնա»,- ասաց  Ավթանդիլը: Վերջինս իր պապենական տանն է ապրում, տունը հայ-վրացական սահմանագծից հեռու էր մոտ 500 մետր։

«Հայ-վրացական սահմանը, որ չկար, Բրդաձորում ահագին բնակիչներ կային: Հենց սահմանը սահմանագծվեց, արդեն մարդիկ սկսեցին հեռանալ՝ Հայաստանի հետ չշփվելու պատճառով: Բացի դա այն ժամանակ մարդիկ ապրում էին անտառի բարիքներով, սահմանը փակվելուց հետո մնային, էլ ինչ անեին»,- ասաց Նորիկ Անդրեասյանը: Նորիկի խոսքով՝ տարեց հայրն է եղել իրեն Բրդաձորում պահողը, նոր է մահացել: Նորիկը ոչ մի կերպ հիմա Բրդաձորում ապրելու ձև չէր տեսնում:

Ջուլիետա Դավթյանը պատմեց, որ արմատներով բրդաձորցի է, բայց գրանցված է Երևանում: Բրդաձորում ժամանակավոր գրանցում ունի: Ասաց` ամուսնանալուց հետո 10 տարի ապրել է Բրդաձորում: Նրա խոսքով՝ բրդաձորցիները գյուղից հեռացան աղքատությունից: Ջուլիետային հիացմունքս հայտնեցի Բրդաձորի գեղեցկության մասին: «Բա որ գարնանը տեսնեք Բրդաձորը: Եթե աշխատում ես, ասել Ավթանդիլին, Բրդաձորում ապրելը չտեսնված է: Կարող ես ազատ աշխատել: Այգի ունեմ, այն էլ հրաշք: Այստեղ հրաշալի այգիներ կան, որոնցից  շատերը տեր չունեն»,- ասաց:

«Գյուղում դպրոց չկա, վերացել է դպրոցը: Առաջ ժողովուրդն է վերացել, նոր դպրոցը»,- ասում է  Գյուլուզար Պետրոսյանը: Վերջինս ամուսնացել և 1991թ.-ից ապրում է  Բրդաձորում: «Բրդաձորում դպրոց չկա՞»,- զարմացա:

«Երեխա կա՞, որ դպրոց լինի: Մի հատ երեխա ունենք գյուղում, այն էլ Գյուլուբաղ է դասի գնում»,- ասաց Ավթանդիլ Ասլիկյանը:

Բրդաձորի միակ երեխան՝ Արմեն Միկոյանը, քարին նստած ուշադիր լսում էր մեծերիս խոսակցությունը: Պատմեց, որ ամեն օր Բրդաձորից  ոտքով է գնում  Գյուլուբաղի դպրոց: Երրորդ  դասարանում է սովորում: «Գյուլուբաղի դպրոցի 3-րդ դասարանում 4 աշակերտ է սովորում»,- ասաց նա:

Արմենը ամեն օր ոտքով դպրոց գնալ-գալու համար անցնում է 6կմ ճանապարհ։ Ասում է, որ լավ է սովորում։ Իր հետագա ծրագրերի մասին Արմենը պատմեց, որ Հայաստանում է ծառայելու, ծառայությունից հետո նորից գալու է Բրդաձոր:

Դատարկված Բրդաձորում Արմենը ստիպված մեծերի հետ է ընկերություն անում:  

«Գերի ենք այստեղ: Անկեղծ եմ խոսում: Շրջապատված ենք անտառով ու Հայաստանով, մենք էլ մեջը այլ երկրի քաղաքացի ենք: Անտառի ծառը վրներս վեր է ընկնում, իրավունք չունենք ընկած ծառի մի ճյուղից օգտվենք: Գազ չունենք, աշխատանք չունենք: Բրդաձորում ով թոշակառու է, ոնց որ միլիարդատեր լինի, նա կարողանում է ապրի: Ով էլ թոշակ չի ստանում, նրա գործը շատ դժվար է»,- պատմեց Նորիկը:

Գյուղում մնացած մի քանի բրդաձորցիները չեն կարողանում իրենց միրգը գյուղից դուրս բերել՝ ծախելու: Կողքի գյուղերից գալիս են Բրդաձոր՝ միրգ առնելու. ով հասցնում է՝ օղի է քաշում, ով էլ չի հասցնում՝ միրգը փչանում է: Նորիկի ասելով՝ բաներ կան, որ ուզում են տանել Հայաստան:

«Վրաստանի անցակետում մեզ բան չեն ասում, Հայաստանի անցակետում գերի ենք ընկնում՝ մեծ տուգանքների ու մեծ չարչարանքների պատճառով»,- հայտնեց Նորիկը:

Վերջինս դժգոհեց Հայաստանի կառավարությունից հայ-վրացական սահմանի հայկական գյուղերում ապրող հայերի մասին չմտահոգվելու համար: Նորիկը շեշտեց, որ մենակ իրենց Բրդաձորի մասին չի ասում, խոսքը վերաբերում է Վրաստանի հայաբնակ բոլոր գյուղերի բնակչությանը.

«Ես հազար անգամ եմ ասել՝ մերը պետք է Հայաստանով լինի, որ մեզ ազատ զգանք: Մենք կաշկանդված ենք միանշանակ այստեղ ապրում: Ոչ մի հայ ոչ մի անգամ այստեղ իրեն ազատ չի զգում՝ մանավանդ սահմանի վրա»,- ասաց նա:

«Հայկական բնակավայրերում չե՞ն շատանում ադրբեջանցիները»,- հարցրի: Նորիկի խոսքով՝ Գյուլուբաղում ու Բրդաձորում ադրբեջանցի չկա, Խոժոռնիում ադրբեջանցիները շատացել են:

«Բրդաձորում ոչ մի հայ ադրբեջանցիների վրա բնակարան չծախեց: Եթե մեկը հանկարծ փորձեր ծախեր, պարզ էր, որ եկած ադրբեջանցին իր հարևանին էր բերելու, իրեն բարեկամին էր բերելու, այդպես լցվելու էին: Բրդաձորցիները մտածված հեռանալիս թողեցին իրենց տները փլվեց, ուղիղ տանիքը քանդվեց, բայց ադրբեջանցիների վրա չծախեցին: Գյուղի տները սաղ դատարկ են, ընդամենը մի քանի տուն է, որ մարդիկ են ապրում, բայց դատարկ տները ադրբեջանցիները չեն կարող մտնել»,- պատմեց  Նորիկը:

«Միգուցե գան ժամանակներ, երբ Բրդաձորը նորից մարդաշատ դառնա, ով գիտե»,- հուսադրեց Ավթանդիլ Ասլիկյանը։ 

Մեկնաբանություններ (2)

Matej Križanac
God bless Armenia, greetings from Croatia 🇦🇲🇭🇷🙏✝️
Սվետլանա Ասլիկյան Հայկի
հայրս ծնվել է Բրդաձորում ՀՄՊ-ի ժամանակ ծառայության մեկնել ,ապա ՀՀ-ում աշխատել է ոստիկանությունում, սակայն արձակուրդների ժամանակ ընտանիքով հանգստացել ենք Բրդաձորում,իրմահից հետո ես չեմ կարողանում գնալ հայրական տունը, կուզեի վերանորոգել տունը, սակայն սուղ պայմաններում դժվարություն կա; ԲՐԴԱՁՈՐԸ ԴԱ ՇՎԵՑԱՐԻԱՆ Էՙ ՄԱՔՈՒՐ ՕԴՈՎՙ ԻՐ ԳԵՂԵՑԻԿ ԲՆՈՒԹՅԱՄԲՙ ՍՈՎԵՏԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՎԵԼԻ ԱԶԱՏ ԷՐ ՔԱՆ ԱՅԺՄՙ ՄԵՐ ՊԱՊԵՐԻ ՊԱՊԵՐԸ ՈՍԿՈՎ ԵՆ ԱՌԵԼ ԱՅԴ ՏԵՂԱՆՔԸ : ՑԱՎ ԵՄ ԵՄ ԳՈՒՄ ՙՈՐ ՎՐԱԻՆ ՏԻՐԱԵԼ Էև ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ ՄԵՐ ՊԱՊԵՆԱԿԱՆ ՏՈՒՆ ԳՆԱԼ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter