HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հունվար-հուլիս ամիսներին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները 17%-ով աճել են

Ֆիզիկական անձանց կողմից բանկերի միջոցով արտերկրից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների (իսկ ավելի պարզ՝ տրանսֆերտների) կտրուկ աճ նկատվեց նախորդ տարվա դեկտեմբերից։ Եվ, ինչպես ավելի վաղ գրել ենք, Կենտրոնական բանկն (ՀՀ ԿԲ) այդպես էլ չպարզաբանեց, թե ինչով էր պայմանավորված  դա։ Միայն պարզ դարձավ, որ որոշ չափով ավելացել են Ռուսաստանից եկող գումարները, ինչը բացատրվեց այդ երկրում տնտեսական վիճակի դրական տեղաշարժերով։ Ռուսաստանում ապրող ու աշխատող մեր հայրենակիցների ուղարկած գումարները դեպի Հայաստան դրամական փոխանցումների հիմնական մասն են։ Հետևաբար, այդ երկրի տնտեսական  վիճակը մեծ ազդեցություն է ունենում նրանց վարձատրության և ՀՀ ուղարկած գումարների վրա։ Սակայն աճը միայն ՌԴ-ից եկող գումարների հաշվին չէր։

Այն երկրների անունները, որտեղից դեպի Հայաստան դրամական փոխանցումները ևս զգալի չափով ավելացել էին, չնշվեց։

Աճի միտումը շարունակվել է նաև այս տարի։ Վերջին տվյալներով՝ այս տարվա հուլիսին արտերկրից դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կազմել են ավելի քան 175 մլն ԱՄՆ դոլար։ 2016 թվականի հուլիսի համեմատ այն աճել է շուրջ 20%-ով։ Այս մասին են վկայում ԿԲ-ի տվյալները։

Միևնույն ժամանակ, ավելացել են նաև Հայաստանից արտերկիր ուղարկվող գումարները։ Հուլիսին Հայաստանից արտերկիր է փոխանցվել է շուրջ 85 մլն դոլար՝ 51%-ով ավելին, քան 2016-ի նույն ամսում։

Ընդհանուր առմամբ, տարվա առաջին յոթ ամիսներին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը կազմել է մոտ 900 մլն դոլար:  Դա 17%-ով կամ մոտ 132 մլն դոլարով գերազանցում է 2016-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։ Սակայն դեռևս չենք վերադարձել 2014-ի մակարդակին։

Ինչպես նշեցինք, ավելացել  են նաև Հայաստանից փոխանցվող գումարները։ Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին դրամական փոխանցումների արտահոսքը 527 մլն դոլար է կազմել, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է մոտ 103 մլն դոլարով կամ 24%-ով։

Արդյունքում զուտ ներհոսքը՝ ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը, 372 մլն դոլար է։ Աճը՝ 29 մլն դոլար կամ 8.5%:

Հիշեցնենք, որ նախորդ տարի դեպի ՀՀ  կատարված դրամական փոխանցումները նվազել են։ Այսինքն՝ շարունակվել է 2015-ին սկսված անկումը, որը գլխավորապես դրամական փոխանցումների հիմնական աղբյուր հանդիսացող Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացման արդյունքն էր։ Սակայն 2016թ.-ին անկումն ավելի մեղմ էր։ 2015թ.-ից, ի հակառակ ներհոսքի նվազմանը, աճում է արտահոսքը՝ Հայաստանից արտերկիր դրամական փոխանցումների ծավալը։

Իսկ այս տարի, փաստորեն, պատկերն հետևյալն է՝ աճում է և ներհոսքը, և արտահոսքը։ 

Եկող-գնացող փողն ըստ երկրների

Կրկին ըստ Կենտրոնական բանկի՝ այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան եկած դրամական փոխանցումների գերակշիռ մասի  (58%-ի) աղբյուրը Ռուսաստանն է։ Համեմատաբար զգալի ծավալ ունեն ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄԷ-ն։ Ավելացվել է Ղազախստանի կշիռը։

Ինֆոգրաֆիկայում կարելի է տեսնել, որ առավել զգալի է Ռուսաստանից,  և «այլ երկրներից» կատարվող դրամական փոխանցումների աճը։ ԿԲ-ն չի մանրամասնում,  թե «այլ երկրներ» տողի ներքո որ երկրներն են։  

Ինչպես նշեցին վերևում, յոթ ամսում դրամական փոխանցումների ներհոսքն աճել է շուրջ 132 մլն դոլարով։ Դրանից,  73 մլն դոլարը միայն ՌԴ-ից փոխանցումների աճն է, 57 մլն դոլարը՝ «այլ երկրներից»։ Եվ կան երկրներ, որտեղից կատարվող փախանցումները նվազել են։

ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները  (ներհոսքը՝ մլն ԱՄՆ դոլարով)
Infogram

Ինչ վերաբերում է արտահոսքին, ապա այստեղ ևս Ռուսաստանի կշիռն է ամենամեծը։ Հայաստանից արտերկիր ուղարկվող գումարների մոտ 40-ը բաժին է հասել ՌԴ-ին։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ արտահոսքն աճել է և դեպի ՌԴ փոխանցումների աճի հաշվին, և դեպի ԱՄՆ, և դեպի  Չինաստան, և դեպի «այլ երկրներ»։

Փոխանցումները ֆիզիկական անձինք կատարում են բանկային համակարգի միջոցով։ Ըստ ԿԲ-ի պարզաբանման՝ անհատ ձեռնարկատերերի փոխանցումների ևս դրանց մեջ են ներառվում։ Սա նշանակում է, որ որոշ երկրների պարագայում, օրինակ Չինաստանի, Հայաստանից գումարներ են փոխանցվում ապրանքներ ձեռք բերելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter