HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆիզիոլոգիայի ինստիտուտն ունի գիտական հետաքրքիր նախագծեր. կառավարությունն առայժմ լռում է

ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի մասին հոդվածաշարը եզրափակում ենք Լեւոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտով:

Ինստիտուտը հիմնադրվել է 1943 թ. ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի կազմավորման հետ միաժամանակ: 1959 թվից հաստատությունը կրում է ականավոր հայ ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից, բժշկական ծառայության գեներալ-գնդապետ Լեւոն Օրբելու անունը:

Ինստիտուտը վերջին 5 տարիներին ղեկավարում է կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը, որի պաշտոնավարման ժամկետը լրացել է, եւ մինչեւ նոր ընտրությունները նա ժամանակավոր պաշտոնակատար է: Ասում է, որ մասնակցելու է գալիք ընտրություններին:

Լեւոն Օրբելու «հոգեզավակը»

Ինստիտուտի պատմությունը ներկա ղեկավարը սկսում է Լեւոն Օրբելու գործունեությունից: Պատմում է, որ 1940-ականներին Հայաստանում արդեն շատ լավ դպրոցներ կային ու ակադեմիայի հիմնադրման հարցը հասունացել էր: Այդ տարիներին Լեւոն Օրբելին կրտսեր եղբոր՝ Հովսեփ Օրբելու հետ Հայաստան եկավ, որոշեցին հիմնադրել սովետական ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղը (ՀԽՍՀ ԳԱ առաջին նախագահ դարձավ Հ. Օրբելին), դրան զուգահեռ մի քանի գիտական հաստատություններ ինստիտուտի ձեւաչափով մտան ակադեմիայի կազմ: Դրանցից մեկը Ֆիզիոլոգիայի ինստիտուտն էր:

Լեւոն Օրբելու գործունեության հիմնական վայրը Սանկտ Պետերբուրգն էր, որտեղից, Ն. Այվազյանի պատմելով, նա ինչ-որ չափով ղեկավարում էր Ֆիզիոլոգիայի ինստիտուտը: Ղեկավարման գործընթացին մասնակցում էին նաեւ Հայաստան եկած նրա աշակերտները, սակայն որոշ ժամանակ անց Հայաստանի ֆիզիոլոգների համայնքը նամակով դիմել է ակադեմիային՝ նշելով, որ նման աշխատաոճը լավ չի անդրադառնում գիտական խնդիրների լուծման վրա, անհրաժեշտ է մշտապես տեղում աշխատող ղեկավար: Այդ նպատակով Հայաստան է գործուղվել Օրբելու աշակերտներից մեկը, ինստիտուտին նաեւ ժամանակակից տեխնիկական աջակցություն է ցուցաբերվել:

Նաիրա Այվազյանն ասում է, որ դրանից հետո սկսվել է վերելքը: Մասնավորապես, 1980-ականներին Օրբելու անվան հաստատությունը ինստիտուտների մեջ նեյրոֆիզիոլոգիական ուղղության առաջատարն էր ԽՍՀՄ մասշտաբով: Հենց նեյրոֆիզիոլոգիան է այս ինստիտուտի գիտական ուղղությունը: Այդ տարիներին ՖԻ-ն 250-ից ավելի աշխատակից ուներ, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1990-ականներին, որոշակի անկում գրանցվեց, ինչը, սակայն, ըստ Ն. Այվազյանի, այնպիսին չէր, որ հաստատությունը չկարողանար գոյատեւել: Այդ հարցում նա շեշտում է այն տարիների ղեկավար Վիկտոր Ֆանարջյանի դերը:

«Այդ տարիներին մեր բնագավառում ժամանակակից գիտությունը տեխնիկական առումով վերելք ապրեց, հետեւաբար, մեր ամբողջ բազիսը հնացած էր»,- հիշում է Այվազյանն ու հավելում, որ անկախ դրանից՝ փորձում էին առաջադեմ գիտական խնդիրներ դնել իրենց առջեւ, որոնց լուծումը հաջողվում էր ՖԻ-ի արտասահմանյան կապերի, այստեղից արտերկիր տեղափոխված ու, մասնավորապես, ԱՄՆ-ում, Եվրոպայում հաջողությունների հասած մեր գիտնականների ու ասպիրանտների շնորհիվ:

Վերջին 7-8 տարիներին ինստիտուտը կարողացել է վերականգնել նախկինում ունեցած գիտական կապերը արտասահմանյան գործընկերների հետ, տեղական ու դրսից ստացված դրամաշնորհների միջոցով հաջողվել է մի քանի եզակի սարքավորումներով վերազինել հիմնարկը:

Ներկան՝ կրճատված կոլեկտիվ, չօգտագործվող հզորություններ, նվազագույն աշխատավարձ

ՖԻ-ն գտնվում է Երեւանի Օրբելի եղբայրների փողոցում: Այստեղ տեղափոխվել են 1950-ականների վերջին, իսկ մինչ այդ, ինչպես Նաիրա Այվազյանն է ասում, ինստիտուտը գործել է Հրազդան գետի ափին գտնվող մի փոքր կառույցում, որից լուսանկարներ են պահպանվել:

Երբ 1980-ականներին կազմն ընդլայնվել է, հին մասնաշենքի հարեւանությամբ կառուցել են նորը: Ինստիտուտն ունի նաեւ վիվարիում, որտեղ փորձերի համար պահվում են մկներ, առնետներ, ճագարներ, գորտեր: Մեկ այլ կառույցում էլ ժամանակին շների վրա էին փորձեր կատարում: Այս ամենն, ըստ տնօրենի, խոսում է ժամանակին ՖԻ-ի ունեցած ներուժի մասին, որն օգտագործվում էր ամբողջությամբ:

Ինչ վերաբերում է ներկային, ապա 1980-ականներին կառուցված մասնաշենքի 4 հարկը կառավարությունը տրամադրել է Գիտության պետական կոմիտեին (ԳՊԿ) եւ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին (ՈԱԱԿ): Շների համար նախատեսված կառույցն էլ չի գործում:

«Շների վրա այլեւս փորձեր չենք իրականացնում, քանի որ եվրոպական էթիկական նորմերը թույլ չեն տալիս: Ավելի ճիշտ՝ թույլ են տալիս շատ մեծ բայցերով, թույլտվություններով եւ այլն, բայց դրա կարիքը չկա, քանի որ հիմա կան հյուսվածքային կուլտուրաներ, ուրիշ մոդելներ, որոնք ոչ պակաս կարող են ցույց տալ էֆեկտը»,- նշում է Ն. Այվազյանը:

Մյուս կողմից՝ վիվարիումն արտոնագրելու խնդիր կա, քանի որ չնայած կրծողների վրա փորձերն արգելված չեն, այդուհանդերձ, դրամաշնորհային ծրագրերում պայման է հենց արտոնագրված վիվարիում ունենալը: «Այդ պատճառով շատ դրամաշնորհներից մեր գիտահետազոտական, էքսպերիմենտալ ինստիտուտները երբեմն հետ են մնում: Ժամանակին, օրինակ, Մնջոյանի անվան ինստիտուտում կար շատ ավելի մեծ վիվարիում, բայց քանդվեց: Իրենք պարբերաբար դիմում են, որ նոր մակարդակով ստեղծեն, բայց դա շատ մեծ գումարներ է պահանջում»,- ասում է Ֆիզիոլոգիայի ինստիտուտի ղեկավարը:

Ինստիտուտը վերջին անգամ վերանորոգվել է անցած 5 տարիներին, կառույցը ջեռուցվում է, տնօրենն ասում է, որ մաքսիմալ ջանքեր են գործադրել, էներգախնայողության ծրագրին են մասնակցել:

Եթե 1980-ականներին ՖԻ-ն ավելի քան 250 աշխատակից ուներ, հիմա նրանց թիվը 115 է (2014-ին եղել է 117, 2015-ին՝ 118, անցյալ տարի՝ 113), որից 98-ը գիտական անձնակազմն է, մնացածը՝ օժանդակ: «Ավելորդ մարդ չկա այստեղ,- շեշտում է Նաիրա Այվազյանն ու պարզաբանում,- երբեմն խոսվում է մեռած հոգիների մասին, բայց դա հաստատ այսպիսի էքսպերիմենտալ ինստիտուտների մասին չէ»: Ըստ նրա՝ վերջին 5 տարում աշխատողների քանակի աճ է նկատվել, փորձել են երիտասարդացնել կազմը: Տնօրենն ասում է, որ վերջին շրջանում երիտասարդ մասնագետների արտահոսք գրեթե չի եղել, իսկ նրանք, ովքեր բավականին մոբիլ են, արտասահման են մեկնում ոչ միայն գիտաժողովների, այլեւ 3-6 ամսով վերապատրաստվելու:

«Մենք գերադասում ենք կադրեր վերցնել համալսարաններից ստաժորի ձեւով, աճեցնել, դարձնել մասնագետ, որովհետեւ մեր ուղղությամբ բուհերը ներկայում չեն տալիս այն բազիսը, որ մարդը գա ու դառնա կադր, դա գրեթե անհնարին է»,- նշում է մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ աշխատակիցների մոտ 80 տոկոսը ստանում է նվազագույն աշխատավարձ, նույնիսկ լաբորատորիայի վարիչի ու սովորական անձնակազմի ստացածն իրարից քիչ են տարբերվում, հիմնական տարբերությունը գիտական կոչման համար տրվող հավելավճարն է, որը տվյալ անձի ձեռքբերումն է: Ամենաբարձր աշխատավարձը (հարկերը հանած) 98.000 դրամ է, որը ստանում է տնօրենը, իսկ նվազագույնը՝ 55.000 դրամ: Ահա թե ինչպիսին են եղել Ֆիզիոլոգիայի ինստիտուտի առավելագույն եւ նվազագույն աշխատավարձերը 2014-2016 թթ. (ըստ տարիների՝ նվազագույն աշխատավարձ ստացել է անձնակազմի 80-83 տոկոսը):   

ՖԻ աշխատավարձ
Infogram

Սակայն նույնիսկ այդ պայմաններում երիտասարդներ են գալիս, ովքեր դիմում են տարբեր դրամաշնորհների ու վերապատրաստման մեկնում արտերկիր: Ստորեւ ներկայացնում ենք պետբյուջեից ՖԻ-ին հատկացվող դրամական միջոցները: 

ՖԻ
Infogram

Ն. Այվազյանը նշում է, որ սրանք տարեսկզբի տվյալներ են, որոնք տարվա ընթացքում ենթարկվում են փոփոխության:  Մասնավորապես, արդեն տարեվերջյան արդյունքներով 2014-2016 թթ. այսպիսի պատկեր է ստացվել.

2014- ենթակառուցվածքի պահպանում եւ զարգացում՝ 116.659.000 դրամ,
թեմատիկ եւ նպատակային-ծրագրային հետազոտություններ՝ 83.125.000
2015- 124.861.000 եւ 11.051.800
2016- 127.309.000 եւ 13.400.000

Դրամաշնորհները ՖԻ-ն ստանում է թե տեղական, թե արտասահմանյան կազմակերպություններից: Վերջիններիս դիմում են գլխավորապես սարքավորումներ եւ նյութեր ձեռք բերելու նպատակով: ՖԻ-ի ստացած հետազոտական դրամաշնորհների ամփոփ պատկերն այսպիսին է.

2014- 36.312.600 դրամ (7 հատ)
2015- 25.788.400 դրամ (6 հատ)
2016- 25.401.400 դրամ (5 հատ)

Դոնորներ են եղել գերմանական «VolkswagenStiftung» հիմնադրամը, ԵՄ «TEMPUS» ծրագիրը, ՀՀ ԳՊԿ-ն եւ Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամը (ANSEF): 

Գիտնականի գործը գիտությունն է, նպատակը՝ գաղափար տալը

Գիտնականների հանդեպ գործադիր իշխանության ունեցած վերաբերմունքի մասին դոկտոր Այվազյանն ասում է. «Ինձ թվում է՝ մի քիչ թերագնահատում են մեզ: Հասկանում եմ, որ մի շարք խնդիրներից ելնելով է այդպես, այսպես ասած՝ հերթը չի հասել գիտությանը, բայց իրականում գիտությունը մեծ ուժ է, նույնիսկ երբ ապրիլյան պատերազմին նորարար մոտեցումների կոչ արվեց, պարզվեց, որ մի շարք նորություններ արդեն կան, եւ պետք է ուղղակի ուշադրություն դարձնել, զբաղվել, որ դրանք դառնան շատ արժեքավոր բան»:

Դիտարկմանը, թե տպավորություն է, որ կառավարությունը չգիտի, թե ինչ է կատարվում այս ոլորտում, գիտությունը մի տեսակ մեկուսացած է, դոկտորն ասում է, որ գուցե այստեղ իրենց՝ գիտնականների թերությունն էլ կա, բայց պետք է հասկանալ նաեւ գիտության մարդկանց մենթալիտետը, քանի որ նրանք «ռաֆինացված» են եւ ուզում են զբաղվել իրենց գիտությամբ, այլ ոչ թե տարբեր հասցեատերերի թղթեր գրել ու դռներ թակել: Գործող վարչապետն, օրինակ, պարբերաբար կրկնում է, թե գիտությունը պետք է տա կիրառական արդյունք, սակայն Ն. Այվազյանը շեշտում է, որ այո, գիտությունը պետք է ծառայի մարդկանց, բայց եթե ֆունդամենտալը չզարգանա, կիրառականը հիմք չունի: Ըստ այդմ՝ գիտնականի թիվ մեկ նպատակը գաղափար, իդեա տալն է, իհարկե, ինստիտուտը կարող է նաեւ փոքր արտադրամաս ունենալ ու արտադրանք տալ, սակայն դա ակադեմիական գիտական հաստատության ֆունկցիան չէ: Որպես օրինակ Այվազյանը բերում է Իսրայելի Վայցմանի ինստիտուտը, որի մի քանի գիտնականներ արժանացել են Նոբելյան մրցանակի. «Իրենք մշակում, զարգացնում են ինչ-որ նախատիպ, տալիս են, օրինակ, նույնպես իսրայելական «Տեւա» դեղագործական ընկերությանը, որն էլ նախատիպը դարձնում է պրոդուկտ ու արտադրում է: Դա բնականոն ընթացք է»:

Ֆիզիոլոգիայի ինստիտուտի առաջարկները՝ արհեստական մաշկ, ստի դետեկտոր, օձի թույն

ՖԻ տնօրենը պատմում է, որ համապատասխան ֆինանսավորում գտնելու դեպքում կարող են արհեստական մաշկ աճեցնել, ինչը կօգնի տարբեր պաթոլոգիաների դեպքում, օրինակ՝ տրոֆիկ խոցերի: Նորարարությունը կարող է օգտակար լինել եւ հետաքրքրել բանակին: Ըստ Այվազյանի՝ նմանատիպ մի քանի նախագծեր ներկայացրել են կառավարությանը, դիմել են նաեւ տարբեր ֆոնդերի, քանի որ պետբյուջեն գուցե չունենա այդ հնարավորությունը, իսկ իրենք փորձում են բոլոր տարբերակները:

Ինստիտուտի 12 լաբորատորիաներից մեկն ուսումնասիրում է մարդու հոգեֆիզիոլոգիան: Այստեղ էքսպերիմենտի են ենթարկվում ոչ թե կենդանիները, այլ մարդիկ: Օգտագործում են պոլիգրաֆ սարքը, որը հայտնի է իբրեւ ստի դետեկտոր: «Կիրառում ենք գիտական նպատակների համար, քանի որ սարքը հանում է այդ պահին մարդու ֆիզիոլոգիական տվյալները, որոնց վրա ստեղծվում է հոգեբանական պատկեր,- ասում է Նաիրա Այվազյանը,- դիմել ենք տարբեր ատյաններ, կարող ենք իրականացնել պրոֆեսիոնալ պիտանիության փորձաքննություն, ինչը շատ ակտուալ է սպորտսմենների, ռազմական օդաչուների համար»: Սարքով անալիզի են ենթարկել մի շարք կուրսանտների, ակնկալում են հետագա համագործակցություն, աշխատում են նաեւ Ֆիզկուլտուրայի ինստիտուտի հետ:

Թունաբանական հետազոտությունների լաբորատորիան, որի վարիչը հենց Ն. Այվազյանն է, օձի թույնի դեմ հակաթույն է մշակում, ինչը նորություն չէ աշխարհում: Խնդիրն այն է, որ, ըստ մեր զրուցակցի, Հայաստանում երբեւէ հակաթույն չի արտադրվել: Մեր երկրում կան էնդեմիկ օձեր, սակայն հակաթույնը բերվում է Ուզբեկստանից: Օրինակ՝ Հայաստանում հանդիպում է անդրկովկասյան գյուրզան, իսկ Ուզբեկստանում՝ միջինասիականը: Այդ երկրից ստացված հակաթույնը պոլիվալենտ է՝ ոչ միայն գյուրզայի, այլեւ ուրիշ տեսակների դեմ է, օրինակ՝ կոբրայի, որը չի հանդիպում ՀՀ-ում: Գիտնականն ասում է, որ պոլիվալենտ հակաթույնը նույնքան վտանգավոր է, հետեւաբար, հարցը հրատապ է: Տեղական արտադրության հակաթույնը գրեթե պատրաստ է: «Մշակված է, մնում է ինչ-որ մեկի հետաքրքրությունը, որ դառնա արտադրություն: Մեր կարգի ինստիտուտը պարտավոր է տալ իդեա, մաքսիմում՝ պիլոտային այդ մի սրվակը»,- ասում է լաբորատորիայի վարիչը:

Ըստ նրա՝ նախկինում ուզբեկական հակաթույնը սպառվում էր ամբողջ ԽՍՀՄ-ում, բայց դրա փլուզումից հետո իրավիճակ է փոխվել: Մեր հարեւաններից հակաթույն արտադրում է Իրանը, սակայն չի վաճառում ուրիշների: Ժամանակին Հայաստանում կիրառվում էր նաեւ հորվաթական արտադրանքը, որը չնայած նույնպես այլ օձի թույնի հիմքով էր, 10 անգամ թույլ էր ու վնաս չէր տալիս: Ն. Այվազյանի փոխանցմամբ՝ հորվաթական արտադրությունը փակվել է 2014-ին, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բարդացրել է արտադրական չափորոշիչները. «Եվրոպայի համար այն հիմա ակտուալ չէ, քանի որ միայն Հունաստանի մի քանի կղզիներում կան այնպիսի թունավոր օձեր, որոնք կարող են վնաս տալ, մնացածի խայթոցից հետո «սիստեմա» միացնելով կլուծեն խնդիրը»:

Թունաբանն ասում է, որ Հայաստանի պարագայում լսում ենք միայն օձի խայթոցից մահացության դեպքերի մասին, այնինչ շատ դեպքերում մարդիկ չեն մահանում, բայց դառնում են հաշմանդամ, վերջույթներն են կորցնում: «Եթե ծածկենք միայն մեր հանրապետության պահանջները, ու դա չլինի բիզնես, ծրագրի ինքնարժեքը 200 հազար դոլար կկազմի: Բայց ամբողջ աշխարհում օձի թույնը շատ թանկ արտադրանք է, որից հակաթույնի համար տարանջատում են համապատասխան բաղադրամասերը: Այն ընկերությունները, որոնք զբաղվում են դրանով, ունեն գնացուցակ, դրա մեջ կա նաեւ հայկական գյուրզայի թույնը, որը ձեռք են բերում Ադրբեջանից»,- պատմում է Նաիրա Այվազյանն ու հավելում, որ կառավարությանը երկու տարբերակ են առաջարկել՝ կամ հիմնել պատշաճ մակարդակի ժամանակակից արտադրություն, որից կշահի պետությունը, կամ փոքր ծավալի արտադրություն սկսել հենց ինստիտուտի տարածքում:

«Ինովացիոն ծրագրերի մի շարք ենք ներկայացրել կառավարություն, հուսանք, որ ուսումնասիրվում է,- ասում է ՖԻ տնօրենը,- իրականում տարբեր վարչապետների օրոք ներկայացրել ենք, վերջին անգամ եղել է այս տարվա գարնանը»:

Հայաստանի գիտության խնդիրները՝ դրսի աչքով

ԱՄՆ մայրաքաղաքում գործող Ջորջ Վաշինգտոնի համալսարանի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Նարինե Սարվազյանը, ով հյուսվածքային ինժեներիայի մասնագետ է, 4 ամսով եկել է Հայաստան՝ Ֆիզիոլոգիայի ինստիտուտում անգլերենով պրակտիկ ուսուցման կուրսեր անցկացնելու: Նաիրա Այվազյանն ասում է, որ հյուսվածքային ինժեներիան վերականգնողական բժշկության հիմքն է:

1991-ին Հայաստանից մեկնած Սարվազյանը մեր գիտությանը նայում է դրսի աչքով: Ասում է, որ ֆինանսների պակասը հայտնի է բոլորին: Մասնավորապես, 70 հազար դրամ աշխատավարձ ստացող երիտասարդ գիտնականը եւս երկու-երեք աշխատանք պիտի գտնի՝ նորմալ ապրելու համար, մինչդեռ նույն ԱՄՆ-ում օրվա մեծ մասը զբաղվում են գիտությամբ: Կա նոր սարքավորումների ու կադրերի խնդիր: «Ցավոք սրտի, այն մարդիկ, ովքեր վաղուց աշխատել են, չեն թողնում, որ ջահելները մտնեն ինստիտուտ: Դա խանգարում է: Օրինակ՝ Ֆրանսիայում ցանկացած գիտնական, լինի նույնիսկ նոբելյան մրցանակակիր, 62 տարեկանում այլեւս չի կարող ինստիտուտից աշխատավարձ ստանալ, բայց կարող է գալ աշխատանքի, եթե ցանկանում է շարունակել զբաղվել գիտությամբ: Այս դեպքում, բնականաբար, ռեսուրս է ազատվում երիտասարդների համար: Կարծում եմ՝ սա ամենասկզբունքային հարցերից մեկն է, որ պիտի լուծում գտնի»,- ասում է պրոֆեսոր Սարվազյանը: Նշում է նաեւ, որ սխալ է միայն անվան համար առանց աշխատելու վարձատրվելը: Օրինակ՝ ԱՄՆ-ում պասիվ դոկտորը կամ պրոֆեսորը չի կարող դրամաշնորհ ստանալ, աշխատանք հրատարակել կամ պարզապես աշխատել, այնինչ Հայաստանում խորհրդային ժամանակներից եկած ավանդույթի ուժով այն կարծրատիպն է, որ եթե հասել ես ինչ-որ բանի, կարող ես այլեւս չաշխատել: Մյուս կողմից, սակայն, Ն. Սարվազյանն ասում է, որ եթե միջոցներ լինեն, լավ կլինի եւ վաստակ ունեցող գիտնականներին աջակցել, եւ երիտասարդներին տեղ տալ:   

«Հաջորդ կարեւոր խնդիրը դպրոցներում կրթությունն է: Գուցե Երեւանում դեռ ինչ-որ բան կա, բայց շրջանների դպրոցներում հաճախ մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի լավ ուսուցիչներ չկան, իսկ երբ երեխան բաց է թողնում այդ առարկաները, հետագայում շատ դժվար է լինում: Պետության կողմից ինչ-որ ձեւով աջակցություն է պետք նաեւ ուսուցիչներին, որպեսզի չկորցնենք այն սերունդը, որ կարող է մտնել գիտության մեջ: Չեմ կարծում, թե մենք գեների հետ կապված խնդիր ունենք, խնդիրն այն է, թե ինչպես տարբերակել ռեսուրսները: Ավելի էֆեկտիվ կլինի երիտասարդներին հնարավորություն տալ աշխատել, որովհետեւ նրանք եւ ցանկություն, եւ դրայվ ունեն»,- եզրափակում է պրոֆեսոր Սարվազյանը:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter