HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Սահակ Պողոսյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու․ նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում  արվեստագետ Սահակ Պողոսյանն է։

(Հարցազրույցն անցկացվել է ՀՀ Անկախության օրը ավարտին մոտեցավ, երբ սկսվեց տոնական հրավառությունը)

Սահակ Պողոսյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Երրորդ դեմքով խոսելը դժվար է, որովհետեւ «ինքի» մասին խոսելիս դու քեզ միշտ մերկացնում ես։

Միջավայրում կամ շրջապատում իր շուրջ հավաքելու, հիմնակմախք ստեղծելու դիմակ, «ֆասադ» ունի, բայց ինքը միշտ մենակ է եղել, որովհետեւ փորձել է իր հետ լինել․․․Ինքն իր հետ լինելու հետեւանքով է, որ կարողանում է ազնիվ լինել։ Ազնվությունն ամենադժվար դրսեւորումն է, ինչպես քո, այնպես էլ դիմացինի կողմից․ ինքն ամեն օր համոզվում է դրանում։  Ինքը երբեք չի կեղծել իրեն։ Երբեք։ Ինքը երբեք չի կեղծել իր արածին։ Իր համար շատ կարեւոր է դա։ Միակ բանը, որ գոնե իր երեխաներին իրավունք ունի խորհուրդ տալ, հենց սա է՝ երբեք մի կեղծիր քեզ․ հենց դու կեղծեցիր, դիմացինն էլ ավելի հանգիստ նույնն է անելու քո հանդեպ։

Ինքը գիտի՝ ինչ է անում, ինչի համար է անում, ինքը սիրով է անում, երբեք չի վախեցել դժվարություններից, իրավիճակի տեր է եղել։ Ինքը սիրում է կյանքը։ Փորձում է իր հնարավորությունների չափով նաեւ ուրիշներին ոգեւորել, որ սիրեն կյանքը։

Վե՞րջ։

Հա, այսքանը։

Ինքը վախեր չունի՞։

Վախեր միայն հիմարները չունեն։ Վախերը շատ բաներ են թելադրում, շատ բաներ են ծնում, ինչ-որ բան ստեղծելու պատճառ են դառնում։ Վախեր ունեմ իմ մտերիմների, միջավայրի, երկրի հետ կապված։ Իհարկե, կորուստներն անխուսափելի են, բայց դա ազդեցություն չունի վախի վրա։ Այն կա։ Անձնական վախերը տարիների ընթացքում պակասում են, կոնկրետանում․ ծնողդ մեծանում է, վախդ կոնկրետանում է, երկիրդ պատերազմի մեջ է, վախդ կոնկրետ է։

Ձեր եւ Հայաստանի հարաբերությունները։

Անկախությունդ շնորհավոր․․․ Իջեւանում էինք Անկախության հռչակման օրը։ Երեսուն տարի ապրել եմ Սովետական Հայաստանում․ անկախության գաղափարը հենց այնպիսի մի բան չէր, հասկանում էի, որ ամենկարեւորն է արվեստով զբաղվողի համար։ Եթե անկախ չես, որ երկրում ուզում ես ապրիր, որ ազգից ուզում ես եղիր, պարտադրանքը որոշակի արժեքներ է թելադրելու, դրանք ընդդիմություն են ծնելու, իսկ ընդդիմադիր արվեստը դառնում է քաղաքական։ Ես «քաղաքական» արվեստ չեմ սիրում։ Արվեստն ինձ համար շատ ավելի անձնական, սուբյեկտիվ բան է։ Այնպես որ Հայաստանի հետ հարաբերության հիմքում այդ անկախությունն է։

Քաղաքական շե՞րտ է ավելանում, թե՞ դառնում է քաղաքական։

Պարտադրանքը հակադարձ ուժեր է ծնում, եւ դրանք սկսում են խոսել մի բանի մասին, որը «պարտադրված» է։ Ես ինքս տարիների ընթացքում սա հասկացա։ Այն ժամանակ ես էլ եմ դրա մեջ եղել, քաղաքական ակտերից ոգեւորված՝ ինչ-որ բաներ եմ արել՝ լավ, թե վատ (հիմնականում լավ), բայց  ինչ անում եմ հիմա, ավելի եմ սիրում․ արածս հիմա ինձ ավելի մոտ է, ինձնից է բխում։

Կարելի՞ է ասել, որ ուղղակի «չեք մտածում» անկախության մասին, քանի որ կա։

Հա, քանի ինքը կա, ես ազատ եմ վարվել այնպես, ինչպես ինքս եմ ցանկանում՝ անկախ քաղաքական վիճակներից, անկախ արդարությունից ու անարդարությունից եւ այլ նման հարցերից։ Այդ անկախությունը կա «դե ֆակտո» եւ ինձ ազատ է պահում մեխանիկական ընդդիմություն լինելուց։ Հակառակ դեպքում, եթե ոչ հայկական ռեժիմ լիներ, յուրաքանչյուր քաղաքացու ներքին շարժառիթը դրանից ազատվելն էր լինելու․ հիմա ես այդ ազատագրման հարցը չունեմ։

 Ձեր անձնային անկախությունը նույնպես «դե ֆակտո՞» է։

Եվ «դե յուրե» է, եւ «դե ֆակտո», որովհետեւ ես անում եմ այն, ինչ ուզում եմ, ապրում եմ դրանով եւ պարտադրված չեմ ինչ-որ այլ բան անելու։ Ասում եմ այն, ինչ մտածում եմ, լսում այն, ինչ ուզում եմ։

Հայաստանի հետ հարաբերություների մասին չխոսեցիք․․․

Իմ Հայաստանը շատ կոնկրետ միջավայր է, շատ կոնկրետ տեղեր են, շատ կոնկրետ մարդիկ ու կոնկրետ հարաբերություններ․ այդպես եմ ընկալում Հայաստանը։ Հայաստանը բնակվելու որոշակի տարածք է, ինչպես այլ տարածքները։ Ես երկար ապրել եմ Ամերիկայում։ Եվ այստեղ, եւ այնտեղ խորթության հարց չի եղել։ Միջավայրն ինձ վրա բռնությամբ, օտար ուժով չի անդրադարձել․ ես ապրում եմ միջավայրի արժեքային համակարգի մեջ։ Ամերիկայում հենց առաջին տարին մասնակցեցի մի ընդհատակյա մեծ ցուցահանդեսի։ Արվեստային տոն էր, օրվա ստեղծագործությունն էր ցուցադրվում, ոչ թե ցուցասրահների կամ թանգարանների նմուշները․ իսկ ցուցասրահում այլ բան է, թանգարաններում էլ մեռյալ արվեստը։ Ամերիկայում ես տեսա արվեստի կենդանությունը։

Իսկ Հայաստան վերադառնալու պահը։ Վերադարձի որոշում կամ պահ կա՞։

Նորից կարող եմ կապել Հայաստանի հետ ունեցած հարաբերության հետ․ հարաբերվում եմ հենց այդ գնալ գալով։ Ես գնացել եմ Սովետական Հայաստանից, չեմ ընդունել բոլշեւիկյան համակարգը եւ հիմա էլ եմ դեմ դրան։ Ես սոցիալիստ չեմ։ Գիտեմ, որ սոցիալիստական գաղափարները շատ լավ ուտոպիաներ են, բայց այլասեռում են մարդուն։ Այնպես որ գնալս քաղաքական առումով արդարացում ուներ։ Դրանից հետո Հայաստանն անկախացավ, եւ 1991թ․-ից 36 անգամ գնացել եւ վերադարձել եմ։ Մի՜ ամբողջ կյանք կտրել-անցել եմ օվկիանոսը ու հետ եմ եկել։ Հիմա էլ նույն վիճակն է․ բան չի փոխվել։

Իշխանության մասին, եթե խոսենք․․․

Արվեստագետը միշտ պետք է նեգատիվ վերաբերվի իշխանությանը, որովհետեւ իշխանությունը բռնության ձեւ է։ Հասականալի է, որ իշխանություն պետք է լինի, քանի որ ժողովուրդն առանց կառավարման «չի կարող» համակարգված ապրել, հասկանալի է, որ նման ուտոպիաներն անհրաժեշտություն են, առանց որոնց կյանքն անհնար կթվա։

Իշխանությունը կարող է լինել օրինական՝ մարդու շահերից բխող, եւ իշխանությունը կարող է լինել հենց միայն իշխանության համար։ Դժբախտաբար մեզ մոտ երկրորդն է՝ ինքնանպատակ մի բան։ Ինչու՞ է այդպես, որովհետեւ ժողովուրդը ձեւակերպում է իշխանությունն այնպիսին, ինչպիսին ինքն է։ Հենց ընտրության պահից սկսած, եթե մեծամասնությունը գնվում է, ուրեմն չի ընդվզում, ուրեմն խնդիրները նախ պետք է իր մեջ փնտրի։

Համակարգի մե՞ջ եք։

Ես միշտ դուրս եմ համակարգից, տեղավորվել չեմ կարող։ Համակարգը իմ բնույթի դեմ է։ Չեմ կարող լռել։ Ինչ մտածում եմ, դրա մասին խոսում եմ, փորձում եմ ընդվզել, փոխել ինչ-որ բան։ Մշակութային ոլորտում ութը տարի անընդհատ նույն բանի մասին խոսել եմ։ Դիմել եմ նախագահին, վարչապետին, կոնցեպտ եմ ներկայացրել, որ երկխոսություն սկսվի․․․Չի ստացվել այդ երկխոսությունը․ հնարավոր է՝ խոսում ենք նույն լեզվով, բայց տարբեր բաներ ենք հասկանում։

Իսկ սոցիու՞մը․․․

Սոցիումից դուրս չեմ․ այն ինձ հետաքրքիր է։ Վերադառնալու հիմնական շարժառիթներից երկուսը՝ սոցիումը եւ տարածաշրջանը։ Այսօր Հայաստանն արվեստագետի համար ամենահետաքրքիր տարածաշրջաններից մեկն է, որտեղ մեծ պայթյուններ, ներվային շարժեր են կատարվում։ Հայաստանը քաղաքակրթությունների սահմանն է՝ մեզնից այն կողմ իսլամական քաղաքակրթությունն է, որը տեսնում ենք՝ ինչ վիճակում է եւ ինչ արժեքներ է գեներացնում, մյուս կողմում՝ քրիստոնեական արժեհամակարգը, Եվրոպան։ Սա մեր երջանկությունն է եւ դժբախտությունը միաժամանակ, որովհետեւ իրականում երկուսի կրողն ենք։ Այս ազդեցություններն էլ հետաքրքիր կերպով հետքն են թողել սոցիումի վրա։

Ազդեցությունների մասին կարո՞ղ ենք խոսել։

Ո՞ր ոլորտում։

Հենց արվեստագետներից սկսենք։

Հայաստանն արվեստային առումով մետրոպոլիա չի․ պրովինցիա է։ Բնականաբար ավելի շատ տեսած, կարդացած, դուրս ու ներս արած մարդիկ արեւմտյան արժեհամակարգի կրողներն են, լոկալ տարածքում մնացած մարդիկ, ովքեր ավելի քիչ են տեսել, նաեւ հաղորդակցվելու, լեզվի խնդիր ունեն, մեծամասամբ կրում են հենց տեղայինը։ Թող չթվա, որ ես մեկին գերադասում եմ՝ ստորադասելով մյուսը։ Չէ՜․․․ Մարդը Վերնիսաժում նկարներ է վաճառում, եւ դրանց լինելիությունն էլ է կարեւոր, որովհետեւ ինքը պետք է լինի, որ ինչ-որ մեկն այդ լինելիության ներկայությանը ընդվզի, նոր բան փորձի։ Իսկ նորերի ծնունդի համար շատ մեծ նախադրյալներ են պետք․ նախեւառաջ պետք է փիլիսոփայական հենք, միտք։ Այդ հիմքերն այստեղ կայանալ չեն կարող։ Հա, Ներսես Շնորհալու կամ Նարեկացու ժամանակ գուցե նման հենքեր ստեղծվել են, բայց դրանից հետո եւ հիմա չի ստեղծվում։

Մի քանի տարի է՝ ինտուիտիվ զգում եմ, որ ինքս նշածս քաղաքակրթությունների բախումները հիմնավորում եմ արածս գործերով՝ փորձում եմ այն կողմում եղած աշխարհի գաղափարներն անցկացնել եվրոպական մշակույթի պրիզմայի, դպրոցի միջո(ցո)վ։

Նույն կերպ կրոնին եմ վերաբերում։ Այն ինձ համար մարդու կողմից ստեղծված ամենաուժեղ գաղափարն է, ամենաուժեղ կոնցեպտը։ Ինքը երկու մարդու հաղորդակցվել կարողանալու սահմանադրությունն է։ Կրոնն ի վերջո վերածվեց իշխանության։ Պատկերացրու՝ մի պահ արվեստից հանենք կրոնը․ քսաներորդ դարի հիսունականներից այս կողմ կմնա միայն այն, ինչ կա, իսկ մյուս կողմում՝ ոչինչ։ Ինչու՞, որովհետեւ կրոնն էր «պատվիրողը»։ Առաջին արվեստի ակտը նույնպես կրոնական էր․ Միքելանջելոն մերկ նկարեց Աստծուն։

Պատահե՞լ է, որ տարիներ հետո Ձեր գործն ուրիշ կերպ է ներկայացել Ձեզ։ Այն ժամանակին ստեղծվել է գիտակցական, հստակ, բայց հետո այլ մի անկյունից է երեւացելՁեր եւ իր դիրքը փոխվել է։

Որքան հասկացա, նույնի անդրադարձերի մասին ես ասում․․․

Հա, հենց դրա մասին եմ հարցնում։

Անդրադարձերն ինձ մոտ անընդհատ են։ Կա հստակ կոնցեպտ, ու հնարավոր է, որ քսան տարի առաջ լրիվ այլ ֆորմայի մատուցում ունենար, իսկ հիմա այլ, որովհետեւ ժամանակի միջով ենք անցնում։ Այս տրանսֆորմացիան շատ հետաքրքիր է։ Ժամանակը խտանալու հատկություն ունի, երբ համեմատում եմ ներկա ժամանակս եւ անցյալ տարիները, համոզվում եմ, որ խտացել է։

Ի՞նչ իմաստով։

Վիրտուալ կյանքը վերջին տասը- տասնհինգ տարվա ընթացքում խլեց իրական
«ժամանակի» ժամանակը, հասցրեց այն կետին, որ մենք չենք հասկանում՝ որն է իրականը։

Գործողությունները որտե՞ղ են ավելի շատ։

Վիրտուալ տիրույթում։

Իրականության գործողությունները որո՞նք են։

Աշխատանքները։ Վիրտուալ կյանքի գործողությունն աշխատանք չէ, բայց այստեղ կյանք կա։ Եթե վիրտուալի ինֆորմացիային չես տիրապետում, իրական կյանքում դժվարություններ կարող են առաջանալ։ Խոսքը, բոլոր քննարկումները, գաղափարական կոնֆլիկտները, հակասությունները վիրտուալ կյանք են տեղափոխվել։ Իհարկե բացասականն այստեղ ակնհայտ է․ տեղի է ունենում հրապարակի կորուստ, մարդը մարդու հետ դեմառդեմ չի հաղորդակցվում։ Խուսափել, ոնց որ թե անհնար է, մարդն արդեն խրված է սրա մեջ։

Արվեստի սահմանում կա՞։ Կամ կա՞ դրա կարիքը։ Ո՞վ է սահմանողը։

Սահմանում ասելով՝ ի՞նչ նկատի ունես։ Արվեստն ինքը՝ որպես սահմանու՞մ։

Ահա․․․

Արվեստն ինքն իրեն անընդհատ սահմանում է։ Ամեն արվեստագետ, երբ ինչ-որ արվեստային հայտ է ներկայացնում, ինքն իրեն արդեն սահմանում է։ Արվեստն արդեն մի տարածք է, որտեղ սեփականաշնորհելու խնդիր կա, ինչպես հողատարածքն է սեփականաշնորհվում, տրվում է փաստաթուղթ, որ դա մասնավոր է։

Արվեստը ձեւակերպվեց որպես արվեստ ոչ հեռավոր անցյալում, մինչ քսաներորդ դարի սկիզբը սահմանման խնդիր, որպես այդպիսին, չկար․ բոլորը գործ էին անում, սովորում էին ինչ-որ մեկի մոտ եւ աշխատում, ինչպես հացթուխը․․․

Քսաներորդ  դարի սկզբին արվեստը փորձեց ինքն իրեն սահմանել ու իր տարածքները գրավել։ Արվեստագետն էլ արդեն արվեստը սահմանելու խնդիր ուներ, որպեսզի այդ տարածքում հայտնվեր։ Այսինքն անհատականը  եւ անձնականը դարձավ արժեք․ եթե քանդակագործությունը պետք է լիներ Միքելանջելոյի նման, եւ դա էր արժեքը, այսօր արդեն արվեստի սահմանումը անհատականության հետ է կապված։ Ամբողջի մեջ դու որքա՞ն մեկ հատ ես, դու որքա՞ն նման չես Միքելանջելոյին։

Դժվար է այդ մեկին սահման(վ)ելը։

Շա՜տ, ես միշտ եմ ասում՝ մի քիչ զգուշորեն օգտագործեք «արվեստագետ» բառը՝ նա հենց միլիոններից մեկն է։

Հիմա ես Ձեզ ներկայացնելու եմ որպես արվեստագետ Սահակ Պողոսյան։

Հա, ես արվեստագետ եմ, որովհետեւ ունեմ իմ «սեփականացրած» տարածքը։ Տարիներ առաջ Հայաստան էր ժամանել շատ հայտնի մի արտ դիլլեր։ Շրջում էր, արվեստի գործեր էր գնում Ամերիկայում վաճառելու համար։ Իրեն հարցրի, թե ինչպես է ընտրում։ Պատասխանեց, որ «նմանեցնելու» սկզբունքով․ եթե գնորդը գործը նմանեցնում է, օրինակ Ռաուշենբերգի գործին, ինքն ասում է, որ «գտել» է «հայ» Ռաուշենբերգին։ Եթե Ռաուշենբերգի գործն արժե 500,000, հեշտ է 5000-ով վաճառել «հայ» Ռաուշենբերգին։ Իսկ իմ գործերը չի կարող վաճառել, որովհետեւ ոչ մեկի գործին նման չէ։

Կոպիտ ասած՝ ինքն ինձ հարցնում էր՝ «ես որտեղից եմ գալիս»․․․ Իսկ ես գալիս եմ ոչ մի տեղից․ ես իմ փողոցից եմ գալիս, մանկությունիցս, ներկա, կորցրած ու նույնիսկ ապագա սերերս եմ ներկայացնում ֆորմայի միջոցով։

«Մեծ մորս աչքերի լռությունը» ցուցադրության ժամանակ ինձ համար ստեղծագործությունը կենտրոնում կանգնած մարդն էր։ 15,000 մարդ է տեսել այդ ցուցադրությունը ու գոնե հինգ հարյուրը ինձ անձամբ փորձել են պատմել այն պատմությունը, ինչը որ ես ներկայացրել եմ։

Ամեն մեկը հարկ էր համարում իր ընտանիքի, իր ցավի մասին պատմել ինձ։ Ես դարձել էի խոստովանհոր պես մեկը, ով որ պարտադրված էր բոլորի պատմությունները լսել ու գնալ իրենց տուն՝ վերմակները տեսնելու։ Ա՜յ արվեստային ակտի սահմանման մասին եթե նորից խոսենք, սա է․․․

Երբ Ալիկը գնում է մի տեղ ու ներկ է ուտում, հենց դա է Ալիկի ստեղծագործությունը։ Հետո ինքը ինչ ներկայացնում է, իրենն է, թե որքան է կարեւորում, իր անձնական խնդիրն է։ Ինձ համար, որպես սպառողի, կարեւոր է դառնում Ալիկի «ներկ ուտելու» ակտը։ Ես այդ ստեղծագործողին հավատում եմ։ Ինքը համոզիչ է։

Տեղի ունեցած ակտը «արվեստային» ներկայացնելու խնդիրը բարդ է, վիճելի։

Ես անպայման ուզում եմ նշել Անկախությունից այս կողմ՝ հատկապես վերջին տասը տարիներին կայացած արվեստի ստեղծագործական ակտերի մասին, որոնք եղել են, որոնք արվեստագետները չեն իրականացրել, եւ «իրականացնողը»  գաղափար չունի արվեստի կամ ակտը արվեստի շրջանակներում «տեղավորելու» մասին։

․․․ Բայց դրանք հզոր ակտեր են՝ Հրապարակի գորգը, Արագած լեռան շուրջպարը, Հրապարակի շոկոլադ ուտելը, Հյուսիսային պողոտայի կովերի ցուցադրումը, հեռուստաաշտարակի գունազարդումը․․․ Էլի կան։

Ինչ թվարկեցի, բոլորը հիմնականում օլիգարխիկ համակարգի ցանկություններն էին կամ իրենց օրվա էսթետիկական պահանջները, բայց Արագածի շուրջպարը  «Public Art»-ի ֆենոմենալ  օրինակ է։ Եթե ինձ նման արվեստագետը հնարավորություն եւ միջոցներ ունենար ներկայացնել եւ հիմնավորել իրադարձությունը որպես արվեստի ակտ, այն տեղ կգրավեր մեր ժամանակների արվեստի անթոլոգիաներում։

Կամ հրապարակի գորգը․․․ Այն մի հոգու «կապրիզի» հարց է, ով ոչ մեկի հետ հաշվի չի նստել։ Արվեստի ակտն էլ է այսպես կայանում․ ես որոշում եմ եւ անում եմ։ Սփենսեր Տունիկը որոշում է հազար մարդու նկարել մերկ ու կարողանում է իրականացնել, ներկայացնել որպես արվեստի ակտ։

Ա՜յ այս նշած ակտերն իրենց հզորությամբ եւ արվեստագետի անճարակությամբ մեկտեղ չեն գալիս։  Եթե արվեստագետը կարողանա գնալ ու համոզել ինչ-որ մեկին այս նշածներիցս, որ իր որոշումը ուղղակի ակտ չի, այլ ազգի մասին է, որը կարող է տոն կամ ողբերգություն դառնալ, դառնալ ստեղծագործություն, ու դիմացինը համոզվի, ա՜յ այդ ժամանակ մենք կունենանք կարեւոր արվեստային ակտեր․․․Ես ինքս փորձել եմ դա անել, երկխոսությունը չի ստացվել, չեն հասկացել, վտանգ են տեսել։

Այդ վտանգը Դուք տեսնու՞մ եք։ Եթե կա, ու՞մ է ուղղված։

Միշտ իշխանություններին է ուղղված։ Նախեւառաջ իրենք պարզում են, թե ով է իրենց դիմաց կանգնած եւ ինչի է ընդունակ։ Երբ ասում ենք «գնված» մտավորականություն, պատահական չի, որովհետեւ իշխանությունները մտածված, երբեմն էլ ոչ մտածված,  փորձում եմ գնել նրանց, ովքեր իրենց խանգարում են կամ գոնե իրենց հետ համաձայն չեն։

Սովետական տարիներին դիսիդենտական շերտեր կային, ցավոք, Հայաստանում քչերը եղան այդ գաղափարների կրողները, որովհետեւ շատ այլ պատճառներ ու խնդիրներ ունեինք։ Մեզ բնորոշ է մտածել միայն մեր խնդիրների մասին՝ մարդկայինը, համաշխարհայինը դուրս է մղվում։ Մենք դարձել ենք ազգային մշակույթի, ազգայնականության գերին, չենք կարողանում հաղթահարել դա ու քայլել աշխարհի հետ։

Մեր խնդիրները միշտ են առաջին պլանումդրանից խուսափելն անհնար է։ Պրոպագանդան էլ է այդ ուղղությամբ տարվում։

Այո, որովհետեւ այդպես հավաքական գաղափարներ են ստեղծվում։  Ֆաշիստական կամ ազգայնական գաղափարները կենտրոնացման խնդիր ունեն։ Այսօր երկիրը պատերազմի մեջ է, ուրեմն ոչ մի այլ բան չի կարող անել, որովհետեւ բուրգի մեխանիզմը պետք է աշխատի, հակառակ դեպքում տանուլ կտանք։

Նորից վերադառնանք զրույցի սկզբին։ Նման հավաքական գաղափարների, բուրգային քաղաքականության եւ վտանգների անընդհատ շահարկման դեպքում արդյո՞ք անկախության հարցը, որպես իրականություն, չի վիճարկվում։

Հա, հասկանում եմ՝ բնականաբար օգտագործվում է, եւ դարձել է ամենօրյա շահարկվող թեմա ոչ միայն մեր, այլ նաեւ ուրիշների համար։ Զուգահեռներ անցկացնենք Հայաստանի ու Վրաստանի միջեւ։ Վրաստանը լուծեց այդ խնդիրները յուրովի․այսպես ասենք՝ ոչ մի վրացի անկախության գաղափարը, որպես այդպիսին, չի վիճարկում։ Վրացիները հակված են նրան, որ ունեն պետականություն ու դա կապում են աշխարհի հետ։ Հաջողվում է։ Մեզ մոտ չի ստացվում, որովհետեւ անընդհատ «ստատուս քվո» վիճակում ենք, չի կարող այսպես հավերժ լինել․․․Այսպիսի վիճակում հայտնված պետականությունը մեծ ուժերի կողմից հեշտ կառավարելի է դառնում։

Այդ դեպքում այստեղ ստեղծված արվեստը, տեղի ունեցած արվեստային ակտը
«խզվա՞ծ» է «ստատուս քվո» իրականությունից։

Այն արվեստագետները, ում մասին ասում էի, ովքեր դրսի հետ են առչվել եւ այլ չափանիշներով են առաջնորդվում, իրենք իրենց համար լուծել են այդ հարցը։ Շատ չեն՝ չորս-հինգ արվեստագետ։

Կարո՞ղ ենք ասել, որ Ձեր անկախությունը «բացարձակ» է։

Իմ անկախությունը բացարձակ է։ Կյանքս կարող են խլել, անկախությունս՝ ոչ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter