HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Արտաքնոցի վերածված գետնանցումներ` Գյումրու կենտրոնում

Գյումրու Խրիմյան Հայրիկ փողոցի սկզբնամասում գտնվող գետնանցումից օգտվելու քաջություն վերջին շրջանում քչերն են ունենում: Նրանք հիմնականում անտեղյակ հետիոտներն են, որ մի քանի աստիճան իջնելուց հետո հետ են վերադառնում ու փողոցը հատում վերգետնյա տարբերակով: Բառերով նկարագրել ու միաժամանակ լուսանկարների միջոցով փոխանցել քաղաքի կենտրոնական հատվածում, Հայուհու հրապարակին հարող տարածքում գտնվող գետնանցումում տիրող վիճակը՝ անհնար է:

Հասարակական զուգարաններից զուրկ քաղաքում, որտեղ մեծ ցանկություն կա` արագ տեմպերով զարգացնելու զբոսաշրջությունը, լքված գետնանցումները մեծ հաջողությամբ վերածվում են անվճար արտաքնոցի, որից բնական կարիքները հոգալու նպատակով օգտվում են ոչ թե թափառող շները, այլ երկոտանի, բանական էակները:

Գյումրիում հետիոտնի անվտանգ անցման համար նախատեսված 6 գետնանցումներից իր նպատակին լիարժեք ծառայում են 2-ը՝ դատարանի եւ ակադեմիայի շենքերի հարեւանությամբ գտնվողները, որոնք ավերումից փրկվել են մշտապես գործող փոքրիկ տաղավարների շնորհիվ: Վարձակալությամբ տրված Խրիմյան Հայրիկի եւ Շիրակացի փողոցներում գտնվող գետնանցումները ներկայում չեն օգտագործվում:

Շառլ Ազնավուրի հրապարակում` Շիրակ հյուրանոցի կիսաքանդ շենքի հարեւանությամբ գտնվող գետնանցումը երկրաշարժից հետո երկար տարիներ խցանված էր շինաղբով: Մոտ երկու տարի առաջ քաղաքային իշխանությունների կողմից գետնանցումում եղած շինաղբը հեռացվեց: Տարածքը մաքուր է, սակայն բացարձակ զուրկ է գործառնական նշանակությունից՝ բացակայում են բոլոր աստիճանները: Այս հանգամանքն ընդամենը մեկ առավելություն է տալիս՝ զերծ է պահում տարածքն իրենց կարիքներն անցումներում հոգացողների ոտնձգություններից:

Վ. Սարգսյան փողոցում՝ մարզպետարանի հարեւանությամբ գտնվող գետնանցումը թեեւ մաքուր է, սակայն կրկին չի գործածվում իր նշանակությամբ: Այստեղ կիսախավար է անգամ ցերեկային ժամերին: Շիրակացու եւ Ալեք Մանուկյան փողոցի հատման կետում առկա գետնանցումը 2014 թ.-ին վարձակալությամբ վերցրած անձը մաքրել, վերանորոգել էր, սակայն այդպես էլ չկարողացավ շահագործել՝ հավանաբար տնտեսապես ձեռնտու չլինելու պատճառով:

Գետնանցումների «թնջուկը» մշտապես անհանգստացրել է Գյումրու քաղաքային իշխանություններին: Նախկին քաղաքապետի օրոք պատրաստ էին անգամ անվարձ հատկացնել ցանկացողներին, միայն թե որեւէ մեկը ձեռնարկեր դրանք մաքրելու, կարգի բերելու եւ որպես բիզնես տարածք օգտագործելու գործը: Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասում է, որ համայնքը չի կարող շահագործել գետնանցումները, դրանք պետք է հանձնվեն ֆիզիկական կամ իրավաբանական անձի, որն էլ այն կվերածի շահավետ բիզնես-տարածքի:

«Գետնանցումների վարձակալական գումարները մեծ չեն, բայց չեն վերցնում: Անհասկանալի է մնում, թե ինչու անգամ էն վերանորոգվածները չկարողացան մարդիկ աշխատացնել: Հավանաբար թիրախը ճիշտ չէին ընտրել կամ սխալ բիզնես հաշվարկ էին կատարել, որովհետեւ ունենք երկու գետնանցում, որտեղ մանրածախ առեւտրի տաղավարներ են եւ լավ էլ աշխատում են: Նշանակում է` ամբողջը ճիշտ հաշվարկի մեջ է: Խրիմյան Հայրիկի փողոցի ձեր նշած գետնանցումը վարձակալությամբ մի երեք տարի առաջ քանդակագործ Արտուշ Պապոյանն էր վերցրել, տաղավարներ էր սարքել, անգամ նկարներ կային փակցված գետնանցումում, բայց, որքան գիտեմ, այդպես էլ տեղով հետաքրքրվող չեղավ, որեւէ մեկը այդտեղ չաշխատեց ու հիմա ինչ հնարավոր է ներդրողը քանդել, տարել է, ինչ մնացել է՝ վերածվել է աղբանոցի»,-նկատում է Հենրիկ Գասպարյանը:

Հանրապետության երկրորդ քաղաքում զբոսաշրջության զարգացման հետ կապված ծրագրերը լոկալ բնույթ են կրում: Հոկտեմբերի 1-ին Գյումրին կունենա գեղեցկացած, նորացված Ռուսթավելի փողոց, սակայն դրա կողքին առայժմ անլուծելի կմնա մաքուր ու ոչ հոտավետ գետնանցումների հարցը: Հնարավոր է խնդիրը մասնակի լուծում ստանա, եթե քաղաքի գոնե կենտրոնական հատվածներում գործեն վճարովի հասարակական զուգարաններ: Հենրիկ Գասպարյանի փոխանցմամբ՝ դա էլ է բիզնեսի տեսակ, որով Գյումրիում առայժմ ոչ ոք չի ուզում զբաղվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter