HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մղարթում խմելու ջրի համար կռվում են․ վարչապետին ուղղված նամակն արդյունք չի տվել

Գյուղի ծայրամասի ծլլացող աղբյուրի մոտ կանգնած Մղարթի հարսներից մեկը սպասում էր իր դույլերը լցվելուն: Նա զայրացած սկսում է բողոքել։ Աղբյուրի մոտ հավաքվածները նույնպես միանում են։

«Էս  ջուրը էն վերևի սարի տակից է գալիս, 1952 թ.-ից սարքված ջրամբար է, լրիվ փտած վիճակ է, էդ ջրամբարից սնվող  խողովակ չկա, ճիճու ու որդ կա: Մարդիկ էդ ջուրն են օգտագործում»,- բացատրում է  Սևակը: Աղբյուրի մոտ գյուղապետ Երվանդ Նավասարդյանին նկատելով` 2 կին  հեռվից բարձրաձայն ողջունեցին. «Լուծի, Երվանդ ջան, ջրի հարցը լուծի, բալքի մի բան դուրս գա»,- ասաց կանանցից մեկը: Նրանք  մոտեցան մեզ. «Էս հլա գյուղում հիմա սփխեչ ա, թե չէ ջրի հերթը հիմա է ՜ ուր էր հասնելու: Ամեն օր կռիվ է էս աղբյուրի մոտ»,- ասաց Արմինե Վարդանյանը:

«Ասում եմ` մեղք ենք, էլի, անասուններին ջուրը չի հերիքում, երիտասարդները լրիվ գնում են: Ջրի խաթեր հարսները ուզում են քաղաք գնան: Ջուր է, լինի էլի ընտանիքի ապահովության համար, մենք էլ համերաշխ ապրենք: Ավտոմատ լվացքի մեքենաները տանը դրված է, ջուր չունենք, որ օգտագործենք»,- ավելացրեց Անուշ Մոսինյանը:  

Գյուղապետն ասաց, որ գյուղի ծայրամասի այդ աղբյուրը տարիներով չի գործել:

Սևակը պատմեց, որ Մղարթի ոսկու հանքի կողքի Մաղարո սարի գլխի  ջրամբարից  ջուրը խողովակներով հասցրել են գյուղ: «Ձեռքով փորել ենք, բերել ենք ջուրը այ էս աղբյուրին ենք հասցրել:

Մոտ 700 հազար դրամ փող ենք ծախսել համայնքի բյուջեից: Գյուղապետ Երվանդի հովանավորությամբ, իմ կազմակերպելով` էս աղբյուրի ջուրը գալիս է: Աղբյուրը Լիջ է կոչվում»,- ասաց Սևակը:

 «Մենք ջրատարից օգտվող ջրագիծ չունենք: Էս գյուղը եթե ջուր ունենա, էլ ոչ մի բանի կարիք չի ունենա, մեր գյուղացիները աշխատասեր են»,- ասում է Երվանդ Նավասարդյանը:

Իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում 25-ամյա Երվանդին չի  հաջողվել լուծել  գյուղի ջրի խնդիրը, նա վատ էր զգում: Երվանդը 2017թ.-ի օգոստոսի 14-ին գրությամբ  վարչապետ Կարեն Կարապետյանին հայտնել է. «Մղարթ համայնքը  ՀՀ  անկախությունից ի վեր  ունի խմելու ջրի մեծ խնդիր: Գյուղն օգտվում է թվով 4  բնական աղբյուրներից, որոնցից  երկուսը ներկայումս տեղումներ չլինելու պատճառով  չեն գործում, իսկ մյուս երկուսը նույնիսկ չեն ապահովում գյուղի բնակչության 10 տոկոսին»:

Նա վարչապետին նաև տեղեկացրել է, որ  Մղարթ համայնքն ունի փաստացի բնակվող 460 բնակիչ, որոնց հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, գյուղում կա երկու ֆերմերային տնտեսություն: Համայնքում  գրանցված է  500  գլուխ խոշոր եղջերավոր և  800  գլուխ մանր  եղջերավոր  անասուն: Դրանց գլխաքանակը  ջրի սակավության պատճառով  տարեցտարի նվազում  է։ Մղարթում պահպանվել է խորհրդային տարիներին կառուցված մոտ 150 խմ տարողությամբ  ջրամբար: Երվանդի ասելով` դրան սնուցող խողովակաշարի վիճակը հայտնի չէ:

Նախկինում այն գործել է պոմպակայանի միջոցով: Պոմպակայանը  գտնվում է  Մղարթից  3 կմ հեռավորությամբ Ագարակ-Ալավերդի ջրագծի վրա և ժամանակին ապահովել է Մղարթի ջրամատակարարումը: Գյուղապետ Երվանդը վարչապետին  ուղարկած գյուղի ջրամատակարարման ծանր վիճակի մասին  իր գրության պատասխանին անհամբերությամբ  է սպասել:

Դժվար է ասել` վարչապետ Կարեն Կարապետյանը Մղարթի երիտասարդ ու անփորձ գյուղապետի գրությանը տեղյակ է, թե ոչ, այդուհանդերձ, օրեր անց Ջրային տնտեսության պետական կոմիտեի  աշխատակազմի ղեկավար  Մ. Մակինյանը վարչապետի փոխարեն գյուղապետին պատասխանել է, թե Մղարթ համայնքը  Ջրային տնտեսության պետական կոմիտեի միասնական վարձակալ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից  չի սպասարկվում և ներկայումս  ջրամատակարարման  համակարգի  բարելավմանն ուղղված ներդրումային ծրագրերում ընդգրկված չէ:  Գյուղապետը հուսահատվել է, բայց իրեն չի կորցրել: Պատասխանից հետո նա գյուղի լեռնային աղբյուրներից եկող ջրագիծ է սկսել կառուցել՝ որպեսզի  գյուղացիները իսպառ չջրազրկվեն:

«Ես հասկանում եմ, որ խմելու ջուրը մեր գյուղում լուրջ պրոբլեմ ա, բայց մեր հնարավորությունները որքան հերիքում է, մենք դա անում ենք:  Մոտ 1 կմ ջրագիծ ենք մենք  գյուղի ծայրի աղբյուրի մոտ  փոխել, պղնձի հանքից այս կողմ, բայց վիճակը չի փոխվում, ջրի աղբյուրը մի կերպ ծոր է տալիս»,- ասում է նա: Մղարթում խմելու ջրի հարցը սրվել է հատկապես այս տարվա երաշտի պատճառով: Գյուղապետը գտնում է, որ  Մղարթում պետք է նոր ջրագիծ կառուցվի: Նրա խոսքով, գյուղի նոր ջրագծի նախահաշիվը կազմում է 300 հազար  ԱՄՆ դոլար, Ագարակի ջրագիծը  գյուղից  3-4 կմ հեռավորության վրա է անցնում:

Ամեն օր  Մղարթում ջրի պատճառով  գյուղացիների մեջ կռիվներ են լինում. «Բոլորն ինձնից  փոփոխություն են պահանջում, ինչը փոխեմ, եթե  գյուղացին ինձ հարկ չի տալիս: Ուղարկե՞մ դատարան: Իբր էս գյուղացիները մի կարգին ապրում են,  դրանց գործերն էլ ուղարկեմ դատարան»,-ասում է  Երվանդը:

Մղարթ համայնքի բյուջեն 12 մլն 320 հազար դրամ է:  Դրանից 7մլն 606  հազար դրամը ծախսվում է աշխատակազմի աշխատավարձի համար: Գյուղապետի ասելով` այս տարվա  բյուջեի եկամուտները դեռ չեն հավաքել: Բերքահավաքին են սպասում: Համայնքի բյուջեին  գյուղացիները 7 մլն պարտք ունեն:

«Եթե ես կարողանամ 7 մլն դրամ ապառքը հավաքել, հաստատ կվերանորոգեմ մեր աղբյուրների ջրագծերը, այսինքն գյուղում մի հարց կլուծեմ, բայց, երբ մտնում եմ մարդու տուն, նկատում եմ, որ նա տանը հաց չունի ուտելու, ես նրա հարկի համար ինչ անեմ»,-ասում է Երվանդը:

Մղարթում 360 հա վարելահողերից մոտ 220 հա-ն  է  ոռոգվում, 100 հա վարելահողեր անջրդի են. «Բայց  դա մեր խմելու ջրի խնդրից կարևոր չէ»,- ասում է գյուղապետը: Մղարթից հեռանալիս ճանապարհին հանդիպեցինք  ոչխարները առաջն արած գյուղ եկող մղարթցի Հրանտ Գրիգորյանին: Ասաց`  հոտը տարել է գյուղից 3-4 կմ հեռու` Ագարակի առուներից ջուր խմելու:

Մեկնաբանություններ (2)

Աննա
էս մեր գյուղապետը ոնցվոր սիրունության հմար ըլնի, թող ավտոներից մեկը ծախի ջուր քաշի, մեկա իրա տան ու մղարթի բյուջեն նույննա..
լոռեցի
Այդ չնչին աղբյուրներուն էլ սկիզբ են աառնում այն սարի լանջից որի մասին խոսք է գնում հանք բացելու համար, իսկ Մղարթեցիները շատ հանգիստ սպասում են թե այս հարցը դեպի ուր կփոխվի...հանքը բացելով ոչ միայն ջուրը սակավ կլինի, այլև «օգտակար» ծանր մետաղներով հագեցած...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter