HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում դարձյալ գործադուլ էր. այս անգամ բախվեցին ԿԳՆ-ի և մարզպետարանի շահերը

Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում այսօր կրկին դասադուլ էր: Առավոտից երեխաները դասասենյակներ չէին մտել և իրենց ծնողների հետ դպրոցի բակում պաստառները պահած կանգնած էին: Որոշվել էր, որ դասադուլը անժամկետ է լինելու, սակայն այն մեկ օր տևեց: Վաղը դպրոցում կվերսկսվեն դասերը: Նման գործադուլ դպրոցն արել էր նաև այս տարվա մայիսին:

«Հետք»_ն արդեն անդրադարձել է այս դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների պահանջին: Բանն այն է, որ հարևանությամբ գտնվող Նորայր Սիսակյանի անվան դպրոցը կառավարության որոշմամբ տարիներ առաջ դարձավ ավագ դպրոց: Աշտարակի Ձախ ափում գտնվող միակ հիմնական դպրոցը մնացել է Վ. Պետրոսյանի անվան դպրոցը, և ամբողջ ծանրությունն ընկել է հենց այս դպրոցի վրա, քանի որ Սիսակյանի դպրոցի 1-9-րդ դասարանցիները գնացին հենց այդ դպրոց:  150-ից աշակերտների թիվը հասել է մոտ 600-ի:

Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում պայմանները գրեթե անհամատեղելի են ուսուցում անցկացնելու սահմանված նորմերին: Սանհանգույցները գտնվում են անմխիթար վիճակում և 600 աշակերտ օգտվում է մեկ զուգարանից: Դասասենյակները բարվոք վիճակում չեն, պատերին ի հայտ են եկել ճաքեր, և ծնողները մտավախություն ունեն, որ դպրոցի վթարային շենքը մի օր էլ չի դիմանա աշակերտների ծանրությանը և փուլ կգա:

Մամուլի հրապարակումների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել էր սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ: Այցի ընթացքում պարզվել էր, որ դպրոցի շենքային պայմանները գտնվում են անթույլատրելի վիճակում, ինչն էական խոչընդոտ է երեխաների կրթության իրավունքի իրացման, դպրոցում ուսումնադաստիարակչական գործընթացի պատշաճ կազմակերպման համար: Արձանագրվել է նաև, որ առկա դասասենյակները չեն համապատասխանում աշակերտների թվաքանակին, սանհանգույցները գտնվում են ոչ բարվոք վիճակում, դպրոցը չունի մարզադահլիճ, ինֆորմատիկայի, շախմատի դասասենյակներ: Դպրոցի դասասենյակները և դպրոցի շենքի մյուս հատվածները ունեն հրատապ հիմնանորոգման կարիք:

Աշակերտների և ծնողների բողոքը լսելու համար դպրոց էին եկել Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը:

Աշոտ Սիմոնյանը

3-4 ժամ մարզպետը քննարկում էր տարբերակներ, որպեսզի դասադուլը դադարեցնեն: Սակայն, ծնողներն անդրդվելի էին: Նրանք հայտարարեցին, որ այլևս չեն հավատում պետական գերատեսչության և ոչ մի պաշտոնյայի խոստումներին: Նրանց ներկայացմամբ՝ արդեն 10 տարի մարզպետարանն ու կառավարությունը փափուկ բարձ են դնում իրենց գլխի տակ և ամեն տարի խոստանում, որ հաջորդ տարի դպրոցը կվերանորոգվի, սակայն՝ ոչ մի տեղաշարժ:

Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչական կազմը և ծնողները որպես հարցի լուծում պահանջում էին Սիսակյանի անվան ավագ դպրոց ժամանակավոր տեղափոխել տարրական դասարանները, որպեսզի փոքր-ինչ բեռնաթափվի իրենց դպրոցը: Դրան սկզբում դեմ արտահայտվեց հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը՝ ասելով, թե գալիս է ավագ դպրոցից և այնտեղ տեղ չկա: Բանն այն է, որ ավագ դպրոցները գործում են մարզպետարանի ենթակայության ներքո և Արշակյանն էլ պաշտպանում էր իր դպրոցի շահերը:

Երբ ծնողները հարցեր էին բարձրացնում Աշոտ Արշակյանը նյարդային վիճակում էր հայտնվում և անդադար հեռախոսով զանգեր էր ընդունում, ինչը էլ ավելի էր զայրացնում հավաքվածներին:

Աջից՝ Աշոտ Արշակյանը

Ծնողները չհավատացին պաշտոնյայի խոսքերին, քանի որ բոլորն էլ Աշտարակ քաղաքից են և լավ գիտեն դպրոցի պայմանները: Ճնշման արդյունքում հանրակրթության վարչության պետը մի քանի անգամ փոխեց խոսքը: Ծնողները պահանջում էին` 6 հոգանոց ծնողական կազմը և դպրոցից որևէ ներկայացուցիչ գնան ավագ դպրոց և տեղում համոզվեն: Արշակյանը կտրականապես դեմ էր, ինչին ծնողները պատասխանում էին գոռալով, թե նա շահագրգռված է ավագ դպրոցի հարցում և միակողմանի է հարցին մոտենում: Միջամտեց ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը, և ի վերջո ծնողները գնացին դպրոց: Նրանց միացավ նաև Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Նախ, նա շրջեց կիսաավեր դպրոցում, համոզվեց, որ այդ պայմաններում հնարավոր չէ շարունակել դասերը, այնուհետև գնացին ավագ դպրոց:

Սիսակյանի անվան ավագ դպրոցի տնօրեն Մարինե Սուքիասյանը դժկամությամբ ընդունեց պաշտոնյաների՝ հիմնական դպրոցի տարրական դասարանները ավագ դպրոցում տեղավորելու առաջարկը: Նա գոռում էր, թե սխալ բան է արվում, քանի որ «քանդում և կործանում են ավագ դպրոցը»:

Մարզպետ Սիմոնյանը տնօրեն Սուքիասյանին խնդրեց ցույց տալ ազատ դասասենյակները: Թեև հանրակրթության վարչության պետը ասում էր, թե ազատ դասասենյակ ավագ դպրոցում չկա, սակայն Մարինե Սուքիասյանը ցույց տվեց 6 ազատ դասասենյակ: Նա անընդհատ ասում էր, թե այդ դասասենյակները «անմխիթար վիճակում են», մինչդեռ ծնողները համոզվեցին, որ այդ անմխիթար վիճակի դասասենյակներում դաս պարապելու մասին իրենց երեխաները նույնիսկ չէին էլ կարող երազել: Իսկ «անմխիթար» վիճակ ասվածը տեղ-տեղ պատի ծափը թափված լինելն էր:

Մարինե Սուքիասյանը

Ակնհայտ էր, որ թե´ Աշոտ Արշակյանը, թե´ Մարինե Սուքիասյանը դեմ էին ծնողների պահանջին, սակայն մարզպետի ներկայությամբ ուղիղ չէին ասում այդ մասին, այլ բերում էին մի շարք չհիմնավորված պատճառներ, թե այդ դասասենյակներում նստում են ուսուցիչները, քննարկումներ են անում, կամ՝ բարոյապես ճիշտ չէ այդ ծեփը թափված դասասենյակները տալ տարրական դասարանցիներին և այլն:

Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի ուսուցիչ Արմեն Գրիգորյանը հանգամանալից ներկայացրեց իրավիճակը. ասաց, որ իրենց նպատակը շոու սարքելը չէ, այլ նույն կրթական համակարգում երեխաների՝ հավասար պայմաններում սովորելու իրավունքի իրացումը:

Երկու դպրոցների շրջայցերից հետո կողմերը որոշեցին, որ վաղը Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում դասերը շարունակվելու են: Սեյսմոլոգները գալու են և ուսումնասիրեն շենքը ու եթե հնարավոր լինի դպրոցի մասնաշենքերից մեկը, որն այս պահին չի գործում, վերանորոգել, ապա կսկսեն այդ աշխատանքները: Մինչ այդ հրատապ կարգով վերանորոգվելու են դպրոցի սանհանգույցները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter