HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում պոեզիա է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու․ նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում  այս շաբաթ պոեզիա է։

Պոեզիա է, որովհետեւ հյուրն այս շաբաթ չեկավ, որովհետեւ եղանակը կտրուկ փոխվեց, որովհետեւ հնարավոր է, որ այսպես էլ պատահի, բայց չուզեցի խախտել շաբաթօրյա «բալկոնային» սովորությունը։ «Բալկոնում», կարելի է ասել, որ ինքս եմ հայտնվել «երրորդ տարածությունում» եւ ներկայացնում եմ այն, ինչ ստեղծվել է այդտեղ։

մնացած քառասուն ձմեռների մասին

Անձրեւը լվանում է հերոսությունս․

դանդաղ ապրումի մեջ

hնարավոր է, որ անձրեւը դառնա պատճառ, որ իսպառ հակվեմ պառկելուն ու չարթնանալուն։

Այդպես հնարավոր է աղմուկս խլացնել կամ ինձ թվա, որ տարերային ասֆալտը թույլ չի տալիս` լսեն ինձ ։

Հնարավոր ամեն մեկի համար տարանցիկ ժամ է․

զարմանալի է, որ ոչ մեկ չի անհանգստանում:

Հանգիստ եմ ոտքերիս դիրքից ու մտածում եմ միայն կանաչի մասին,

որ թրթիռ ունի։

Այսպես իսկապես կարող եմ մոռացության մատնվել, այսպես քունը հաղթում է իմ վերջանալուն,

հատակը չոր է,

անձրեւը ներս չի լցվել։

Այսպես ես ինձ նկատում եմ ու չեմ կարող կիսվել։

Այսպես ես ստուգում եմ տանս եղելությունը։

Սալորներս թրջվեցին պատշգամբում։

***

Երեկ մտածեցի քառասուն ձմեռվա մասին,

որ  ինձ մնացել է ապրելու։

Ու դրա հետ մաշելու եմ քսան զույգ սապոգ,

ձախն՝ ավելի անխնա։

էդ ձմեռներից մի քանիսը դժվար են մարսվելու․

մեկ-երկուսն այստեղից դուրս,

մի քանիսն այստեղ՝ ինձնից դուրս։

Քառասուն ձմեռ՝ բոլոր նրբություններով։

Նորացվելու են բաժակներս,

իջնելու է բարձիս հաստությունը,

ու առնվազն տասնhինգ թութակ եմ պահելու,

եթե շուտ գնան էն աշխարհ։

էդ ձմեռներից մեկ-երկուսին կորցնելու եմ ընկերներիս

ու հաջորդ ձմեռ կանգնելու եմ նրանց հողի վրա, ծխելու եմ մի հատ,

ձեռքերս դնելու եմ գրպաններումս

ու սայթաքելով վար իջնեմ։

Հարաբերությունները գնալով տաքության են մատնվելու,

շփոթմունք չի լինելու ոչ մի կերպ,

սիրելու եմ այն, ինչ մի քսան ձմեռ առաջ,

չի փոխվելու ձեռքիս շարժումը սոխ կտրելիս,

շարունակելու եմ թաց նստել բազմոցին՝ մեկ-երկու րոպե,

բազմոցի տակ փնտրելու եմ կոշիկս,

հարեւաններս սովորած են լինելու քսքստոցիս։

***

Ասացի՝ դա ես չեմ, դա եղածն է․

դուք ինձ չեք տեսել՝ մի ոտքս ցածր, մեկը՝ տնկած․

ընդդիմադիր տրամադրությունս մի քանի քառակուսու։

Փոփոխությունը, որ սկսվում է առավոտյան,

երբ ես գտնում եմ ինձ միամիտ միաչքանու հետ անկողնուս եզրին,

գիշերվա անհարթությանս հետ ու մաշկիս, որ ծերանում է։

(Պատահարի պահին՝ ամենացանալի մահը այնքան հեռու,

իսկ արյունդ ափիդ մեջ, ապրելն այդ պահին՝ հիշողություն)

Ես այդ նու՞յնն եմ, երբ ոտքերս կախել եմ պատուհանից

եւ վթարվել եմ երեկ գիշեր՝ խփվելով անտեսանելի մեկին,

ով հանկարծ բացել է դուռը, մտել ներս ու դասավորել խոհանոցս։

Այստե՞ղ է, որ ես պետք է համարձակվեմ ասել,

որ ինձնից մի բան դուրս կգա,

եթե տեսնեիք

այն բաժակը, որ երեկ եմ գնել,

այն տաբատը, որ բարձրանում է մինչեւ գոտկատեղս

ու սեղմում ծնվելուս հիշողությունը։

***

Չգիտեմ՝ ինչպես սխալվեմ,

որ չփորձարկեմ մարմինս, չմտածեմ կենդանությանս մասին,

բայց դուրս պրծնեմ հավատարիմ սենյակից։

ինչպես համոզվեմ, որ իսկապես, առանց հաշվի

ինձ չեն սիրում,

կամ սիրում են, ինչպես բազկաթոռը, բաժակը, լամպը․

հենց այդպես՝ առանց խոստովանության՝

երկու ափի մեջ, տաքանալու համար։

հավաքեմ չեղած՝ եղածս,

անկյունում նստեմ,

ամեն օր դեմք հիշելու համար լարվեմ,

մինչեւ ոտնաթաթերս կարեւորեմ նրանց,

ու չմոտենամ, չիմանամ՝ ինչ անուն ունեն,

ինչպես են ապրում,

չդարձնեմ այդ լարվածությունը ծանոթություն,

սովորություն չանցնող։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter