HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Լաթակիայից Երևան․ «Բոլորս պետք է ջանանք, որ ավելի լավ ըլլա, բայց ո՞ր երկրի մեջեն սխալներ չկան»

Քաղցր, կծու, թթու համերը միավորող կեռաս-քեբաբը և մարի մեմա չիքենը Երևանում կարելի է համտեսել միայն  «Շե Հրաչ» (Chez Hratch) խոհանոցում:

«Մարի մեմա չիքեն, ադի իմ մամայիս ճաշն է: Հավ, կարտոֆիլ, սոխ, սխտոր, այս երկուքը յուրահատուկ են, չկան ոչ մեկ ռեստորանին մեջ»,-  այդպես է ասում Սիրիայի Լաթակիա քաղաքից Հայաստան տեղափոխված Սոնիկ Ֆարահեան-Կարճիկեանը:

Այս և այլ տեսակի սիրիական, հայկական կերակրատեսակները պատրաստում են ինքը և Երանը՝ սիրիահայ երկու ընտանիքի մայրեր, ովքեր  «Շե Հրաչ»-ի և՛ հիմնադիրներն են, և՛ խոհարարները:

Սոնիկը Երևան է տեղափոխվել 2 տարի առաջ՝ ամռանը․  ամուսնու և աղջկա հետ եկել են տեսակցելու 19-ամյա որդուն,  ով այդ ժամանակ արդեն Հայաստանում էր և սովորում էր Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում։

Տեղափոխվել և որոշել են այլևս հետ չվերադառնալ՝ Լաթակիայում թողնելով ամեն ինչ։

 «Զավակներս երբ որ հոս պետք ա մնային և ուսանեին, ես ալ ինչ անեի հոն, նստիմ առանց զավակներուս,-ասում է Սոնիկը։- Իրավ, Լաթակիա պատերազմի բան չկա, բայց դա պատերազմի երկիր է: Զավակներս ինչու՞ պետք է մնան արաբական մթնոլորտի մեջ, երբ որ ունեն հայրենիք»:

Այժմ Սոնիկի 19-ամյա դուստրը ևս ուսանող է ։ Երկու երեխաներն էլ ուսմանը զուգահեռ նաև աշխատում են և ժամանակ առ ժամանակ օգնում ռեստորանում։

«Շե Հրաչ»-ը՝ արևմտյան-հայկական խոհանոցը, բացելու գաղափարն առաջացել է մեկ տարի առաջ․ տեղն արդեն վարձակալված էր, անունն էլ դրվել է գործընկերներից մեկի՝ Երանի ամուսնու անունով, ով մինչ ռեստորանի բացելը մահացել է։

«Այս ճաշարանին մեջ երկու ընտանիք կաշխատինք․ մենք և Բալմանուկյան ընտանիքը՝ Հալեպեն: Մենք իրար չենք ճանչնար, մեր զավակները մեկտեղ կաշխատին, ու իրենք որոշած էին այս ռեստորանը բանալ»,- պատմում է Սոնիկը։

Բոլոր մայրերը համով եփել գիտեն

Սոնիկը մասնագիտությամբ արվեստագետ է։ Հիմա էլ ժամանակ առ ժամանակ ցորենի հասկերից, խաղողի տերևներից, քարերից բնական դեկորներ է պատրաստում և վաճառում, սակայն շատ հազվադեպ և միայն պատվերով։ Ժամանակի մեծ մասը հատկացնում է ռեստորանին, որտեղ այժմ գործի բերումով նաև խոհարար է։

Ասում է՝ հատուկ որևէ բան չի սովորել․ ամենակարևորն այն է, որ պատրաստում է մեծ սիրով, ինչպես կպատրաստեր իր երեխաների համար․ «Բոլոր մայրերը համով եփել գիտեն: Մայր ես, կջանաս ամենեն լավը անել զավակներուդ համար»,-նշում է նա։

Բիսկվիթով փախլավան

Ռեստորանն աշխատում է ամեն օր մինչև կեսգիշեր։ Հաճախորդների մեծամասնությունը  տուրիստներ և սփյուռքահայեր են։ Տեղացիներն էլ են գալիս, բայց նրանց թիվն այդքան էլ մեծ չէ։ «Սա բնական է, մեկ տարի է, այդքան մեծ հռչակ չենք արած: Երևանի մեջ ռեստորանները շատ-շատ են»:-ասում է Սոնիկը։

Գործընկերուհին՝ Երանը ևս խոհարարություն է անում։ Գործի մեջ օգնում են նաև վերջինիս 3 տղաները և Սոնիկի ամուսինը՝ Վիգենը, ով և՛ հաշվապահն է, և՛ մենեջերը։

Նկարում՝ ձախից Երանի որդի Շանթը և Վիգենը

Շաբաթ-կիրակի ամենաշատն են  հաճախորդները լինում: Տուրիստները շատ են սիրում հայկական ուտեստները, իսկ սփյուռքահայերը շատ են պատվիրում Սոնիկի մոր բաղադրատոմսով պատրաստվող մարի մեմա չիքենը։

 Գործի դժվարությունները

«Շե Հրաչ» ռեստորանը բացվել է երկու ընտանիքիների անձնական միջոցներով։ Սիրիահայերի՝ պետական աջակցության ծրագրից Սոնիկը տեղյակ չէ։ Ասում է, որ իրենց աջակցել են միայն Հայկական Կարմիր խաչից ․ 500 ԱՄՆ դոլարի չափով խոհանոցային սպասք են գնել։

«Մենք հոս անձնական, սեփական բան չունենք։ Սուրիահայերս վարժված ենք կամ այդպես եղած է՝ ունինք մեր տուները, մեր վաճառքի խանութները։ Մենք վարձք տալու վարժ չենք, անոր համար ինչ որ աշխատեինք, մենք հանգիստ կյանք կապրեինք: Բայց հոս ամեն ինչ վարձքով է՝ տունը, գործի տեղը»:

Թեև Սոնիկն ասում է, որ շատ է աշխատում առանց արձակուրդ, որ վարձերն ու հարկերը տալուց հետո նաև ապրելու համար գումար մնա, բայց չի դժգոհում, ասում է՝ չկա դյուրին գործ, ամեն տեղ էլ լինում են դժվարություններ։

 «Խոչընդոտները պարզ գործի խոչընդոտներ են, որ որևէ մեկ գործ աշխատիս, որևէ երկրի մեջ, պիտի ունենաս դժվարություններ, ամեն գործն իր դժվարությունն ունի»։

Ըստ նրա՝ ամեն ինչ կախված է այն բանից, թե որ տեսանկյունից ես կյանքին նայում և ինչպես ես դա ընկալում. «Չկա դյուրին գործ, չկա հանգիստ երկիր, չկա ամեն ինչով պոզիտիվ քաղաք:  Չկա սենց բան, թե՝ հոս երթամ ես շատ լավ կըլլամ, կամ գեշ կըլլամ։ Բոլորս պետք է ջանանք, որ ավելի լավ ըլլա, բայց ո՞ր երկրի մեջեն սխալներ չկան․ ժամանակ պետք է տանք»,-ասում է նա։

 Վերադառնալու մտադրություն չունեն

Սոնիկի ընտանիքը Լաթակիայում թողել է տունն ու խանութները, բայց հետ գնալու մտադրություն չունի․ «Մենք Չինաստան կերթայինք, ապրանք կբերեինք, այսինքն՝ կոշիկ, պայուսակ, տակի հագուստ, աքսեսուար ընտանեկան բիզնես էր։ Մեր խանութները տակավին կան և տունը կա, գոցեցինք, եկանք»,-պատմում է նա։

Սիրիայում ծնված և մեծացած Սոնիկը մինչ 2015թ․ երբեք չէր եղել Հայաստանում և չէր էլ կարող պատկերացնել, որ մի օր կգա և չի ցանկանա այլևս հետ վերադառնալ։

«Մենք հոս չեկած, ես կյանքիս մեջ չէի երևակայել, որ կարելի է Հայաստանին մեջ ապրիլ: Այնքան դժվարություններու մասին միայն կխոսեն: Ոչ մեկ անձ լավություններու մասին չի խոսե Հայաստանում: Ասի ամենեն գեշ բանն է»:

Սոնիկը տուրիստական դասընթացների է մասնակցել, և երբեմն մասնակցում է ներգնա տուրերին՝ որպես գիդ։ Հայաստանում գրեթե ամեն տեղ եղել է։ Բայց ամենասիրելի տեղերից մեկը եղել  և մնում է Կասկադը, քանի որ առաջին անգամ, երբ Հայաստան է եկել, իջել են Կասկադում։

Ընկերուհու հետ նպատակ ունեն  Հայաստանում զարգացնելու «մեդիքալ տուրիզմ»-ի գաղափար, որն իրենից ներկայացնում է «տուրեր» դեպի առողջարաններ, սպաներ, դիմահարդարման, մերսման սրահներ և այլն։ Բայց ժամանակի սղության պատճառով դեռ շատ բան չեն հասցրել անել։

«Կուզենք բժշկական կենտրոնների հետ էլ համագործակցել: Մենք պետք է ուսումնասիրենք, որ մեկն է լավը, լավերը գտնենք, որպեսզի առողջապահական հարցերը վստահելի մարդ կարողանա օգնել»,-ասում է Սոնիկը։

Անշուշտ, ասում է, շատ է ցանկանում, որ բարեկամներն ու հարազատները ևս գան Հայաստան, բայց ինքը ոչ մի դեպքում չի վերադառնա։

 «Այո, դժվարություններ շատ կան, բայց կողքին, անդին շատ առավելություններ ալ ունի: Ամենեն առաջ, երբ որ քու երկիրդ է, ժողովուրդը ամեն հայ է: Ասի մեծ առավելություն է, որ ամեն աշխարհը չունի: Ինձի համար գոնե ադիկա մեծ առավելություն է»,- ասում է Սոնիկը։

Մեկնաբանություններ (1)

John Dolbash
An entire article on this restaurant and not one sentence about what western Armenian dishes they serve.... Not good!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter