HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Կոտայքի մարզպետն ու Եղվարդի քաղաքապետը չեն կատարում կառավարության որոշումը

Վարչապետ Կարեն Կարապետյանը օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել․ «Շատ հետևողական ենք լինելու տրված հանձնարարականների կատարողականի հսկողության հարցում, ՀՀ մարզպետներին էլ հանձնարարվել է հանրությանը ներկայացնել հաշվետվություն` մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների ու ընթացիկ միջոցառումների վերաբերյալ»:

«Կներեք, բայց Կոտայքի մարզպետարանը և Եղվարդի համայնքապետը արհամարհած ունեն ձեր հանձնարարականները,- գրառմանը պատասխանել է ՖԲ օգտատերերից Վալյա Շտոյանը, - լավ կլիներ չկատարելու դեպքում զրկվեին իրենց փափուկ բազկաթոռներից: Հետևողական խորհրդական ունեք, անհետևողական մարզպետարան»:

Մեկնաբանությանը ֆեյսբուքում չեն պատասխանել ոչ վարչապետը, ոչ էլ կառավարությունից որևէ մեկը։ Ներկայացնում ենք Վալյա Շտոյանի մեկնաբանության նախապատմությունը։

Կոտայքի մարզպետարանը 2016թ․ տարեսկզբին կառավարությունից ստանում է 703 միլիոն դրամ։ Այս գումարը նախատեսված էր 2015 թվականի նոյեմբերին ուժեղ քամիների պատճառով մարզի բնակիչների կրած վնասը փոխհատուցելու համար։

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում է գտնվում նաև Վալյա Շտոյանի ընտանիքին պատկանող սեփական տունը, որի պարիսպը ևս փլուզվել է 2015թ․ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ուժեղ քամու պատճառով: Թեև Եղվարդի քաղաքապետարանը համապատասխան ակտով հաստատել էր, որ փլուզման պատճառը քամին է, սակայն չէր տրամադրել կառավարության որոշմամբ սահմանված փոխհատուցումը: Փոխհատուցում չէր տրվել ոչ քանդված տան` 25մ երկարությամբ և 3մ լայնությամբ քարե պարսպի համար, որի միայն նյութածախսը գնահատվել էր 85 600 դրամ, ոչ էլ այգում գտնվող պտղատու ծառերի համար, որոնց արժեքը Եղվարդի քաղաքապետարանի կողմից կազմած հանձնաժողովն առհասարակ չէր գնահատել: Սա մեկ տարի առաջվա պատմություն է, որի մասին «Հետքն» արդեն գրել է։ 

Պարիսպն ու ծառերը` փլուզումից առաջ և հետո

Հոդվածի հրապարկումից հետո Վալյան դիմեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, քանի որ արձագանք չէր ստացել ոչ մարզպետարանից, ոչ էլ քաղաքապետարանից։

Դիմումի մեջ Վալյան գրել է, որ նախկինում ակտը կազմվել է միայն պարսպի համար, ներառված չեն եղել ծառերը։ Ակտով սահմանված 85 600 դրամ օգնությունը չի ստացել։ Փորձել է նաև ստանալ փոխհատուցում ստացածների ցուցակը, սակայն այն իրեն չեն տրամադրել։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, այս տարվա փետրվարի 15-ի որոշմամբ, հաստատված է համարել, որ տեղի ունեցած քամու հետևանքով վնաս է պատճառվել ոչ միայն տան պարսպին, այլև նույն տնտեսությունում գտնվող պտղատու ծառերին: Այս հանգամանքը, ինչպես գրված է ՄԻՊ-ի փաստաթղթում, բազմակողմանիորեն չեն ուսումնասիրել, ձեռք չեն բերվել անհրաժեշտ տեղեկություններ: ՄԻՊ Արման Թաթոյանի որոշմամբ՝ «տեղի է ունեցել քաղաքացու իրավունքների խախտում»:

Որոշվել է առաջարկել Կոտայքի մարզպետին, որ նա ձեռնարկի արդյունավետ և բավարար միջոցներ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի 1361-Ն որոշմամբ սահմանված կարգով նախատեսված գումարը վճարելու ուղղությամբ` հիմք ընդունելով վնասներն արձանագրած հանձնաժողովի ակտը:

ՄԻՊ-ը որոշման մի օրինակն ուղարկել է Վալյա Շտոյանին, մյուսը՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին։ Մարզպետարանից, սակայն, Վալյա Շտոյանի խոսքով, որոշումը ստանալուց հետո պատասխանել են միայն, որ այն «ընդունել են ի գիտություն»։

Մարզպետ Կարապետ Գուլոյանը ՄԻՊ-ի որոշմանը ընթացք է տվել միայն այն ժամանակ, երբ Վալյա Շտոյանը գրություն է ուղարկել վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանին։ Դրանից հետո Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը համապատասխան գրությամբ պարտավորեցրել է Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանին «սեղմ ժամկետում մարզպետարան ներկայացնել արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման համայնքային հանձնաժողովի ակտը` պտղատու ծառերին 2015թ. նոյեմբեր ամսին ուժեղ քամու հետևանքով պատճառված վնասի վերաբերյալ»:

Ավելի պարզ՝ քամիներից կրած վնասները փոխհատուցելու՝ կառավարության որոշումից միայն մեկ տարի անց, ՄԻՊ-ի որոշման հիման վրա և վարչապետի օգնականի հանձնարարությամբ, մարզպետարանը պարտավորեցնում է քաղաքապետարանին գնահատել քաղաքացու կրած վնասները։

Վալյա Շտոյանը պատմում է, որ Եղվարդի փոխքաղաքապետ Կարեն Հարությունյանը և ճարտարապետ Սամվել Մկրտչյանը այցելում են տան բակ՝ արձանագրելու հասցված վնասը: Այդ ժամանակ բակում եղել է միայն մեկ ծառ։ Վալյան պատմում է, որ կոտրված ծառերի տեղերի, հատվածների, տեղանքի ուսումնասիրության և կանգուն մնացած մեկ ծառի օրինակով՝ փոխքաղաքապետն ու ճարտարապետը կազմել են ակտ։ Դրա համաձայն՝ «հողամասում ցանկապատի փլուզման արդյունքում վնասվել են 5-7 տարեկան թվով 10 պտղատու ծառեր»:

Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանն այս ակտը համապատասխան գրությամբ ուղարկում է մարզպետ Գուլոյանին: Իսկ փոխքաղաքապետ Կարեն Հարությունյունը նույն օրը, Վ․ Շտոյանի խոսքով, ասում է, որ մարզպետարանից մասնագետ կուղարկեն ծառերի արժեքը գնահատելու համար։  

Կառավարություն, սակայն, ինչպես հետո պարզում է Վ․ Շտոյանը, ակտն այդպես էլ չի ուղարկվում։ Վալյան ինքն է օրեր անց ակտը էլեկտրոնային եղանակով ուղարկում վարչապետի օգնականին։ Ենթադրաբար, վարչապետի օգնականը նորից դիմել է մարզպետին, որից հետո Վ․ Շտոյանը Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Լևոն Պետրոսյանից պատասխան է ստանում։ Դրանում նշված է․ «Եղվարդ համայնքի ղեկավարը հայտնել է, որ ծառերին պատճառված վնասի չափը հնարավոր չի եղել գնահատել, քանի որ ծառեր արդեն չեն եղել»։

Ինչպես են այդ դեպքում փոխքաղաքապետն ու ճարտարապետը արձանագրել, որ վնասվել են 5-7 տարեկան 10 պտղատու ծառեր, մարզպետարանի այս պատասխանում չի հստակեցվում։

Նորից զանգ Եղվարդի քաղաքապետարան, և Եղվարդի փոխքաղաքապետ Կարեն Հարությունյանը Վ․Շտոյանի հետ հեռախոսազրույցում ասում է․ «Կա գին, թե ինչ արժի 5-7 տարեկան ծառը, թող ուղարկեն, թող նախարարությունն էլ գնահատի, համապատասխան փոխհատուցումն էլ, մեկ է, իրենք են տալու, ինչ մեզանից հասնում է, մենք դա գրել, ուղարկել ենք»։

Փոխքաղաքապետի այս խոսքը ապացուցում է, որ քաղաքապետարանն ընդունում է 5-7 տարեկան ծառերի վնասված լինելը՝ գնահատման հատվածը «գցելով» կառավարության վրա։ Զրույցը ձայնագրված է, ավելին՝ ձայնագրությունն ուղարկվել է վարչապետի օգնականին, ով անարդյունք պարտավորեցնում է քաղաքապետին ու մարզպետին գործ անել։

Ձայնագրությունն ուղարկելուց հետո վարչապետի օգնականը Վալյա Շտոյանին ասել է, որ մարզպետարանն անպայման 10 օրվա մեջ կպատասխանի իրեն։ Արդյունքում Շտոյանը ստացել է հետևյալ պատասխանը․ «ՀՀ վարչապետին հասցեագրած և ՀՀ Կոտայքի մարզպետարան ուղարկված Ձեր դիմումի վերաբերյալ հայտնում ենք, որ Ձեր նույնաբովանդակ դիմումներին նախկինում բազմիցս տրվել են սպառիչ պատասխաններ»։ Պատասխանը ստորագրել է մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Լ․ Պետրոսյանը։

Հայտնի չէ, թե երբ է ավարտվելու փոխհատուցման պարզ հարցը պաշտոնական մի օղակից մյուսին «գլորելու» պատմությունը։ Փաստն այն է, որ Կոտայքի մարզպետարանն ու Եղվարդի քաղաքապետարանը չեն կատարել կառավարության որոշումը, չեն փոխհատուցել քաղաքացուն՝ նախատեսված համապատասխան բյուջեից։ Վարչապետը իր գրառման մեջ նշում է՝ «շատ հետևողական» են լինելու հանձնարարականների կատարման հարցում, սակայն սա պատմություն է այն մասին, թե ինչպես են մարզպետն ու քաղաքապետը կարողանում շրջանցել ոչ միայն կառավարության հանձնարականը, այլև որոշումը։

լուսանկարում՝ ձախից Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյան, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյան, աղբյուրը՝ kotayk.mtad.am

Մեկնաբանություններ (2)

Վալյա
Իրոք, մարզպետարանները կույրաղիք են,պիտի կտրել և շպրտել..առավել ևս նման մարզպետարանները: Փող ուտելու տեղ է:
Արմենուհի
Կոտայքի մարզպետի Գուլոյանը հակում ունի չպատասխանեԼու իրեն հասցեագրված դիմումներին: Պատասխանելու դեպքում էլ ոչ մի վարչական միջամտություն: Ամենապարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ մարզպետարաններն ավելորդ բեռ են պետության համար:Իմ նկատմամբ կազմակերպած և կիրառված գործարքներ ինձ իրավունք են տալիս ասելու, որ պարոն Գուլոյանը ոչ միայն չի տիրապետում իր պարտականություններին, այլ նաև իր պաշտոնն օգտագործում է իր մեջ ունեցած ատելությունն ի ցույց դնելու և ոչնչացնելու մարդկանց վստահությունը իշխանության նկատմամբ :Եւ վատ այն է, որ նա հովանավոր ված է և թույլատրվա, ինչպես բոլոր իշխանավորները և նրանց արբանյակները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter