HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչի հաշվին է աճում արտահանումը. ըստ բյուջեի՝ աճը կդանդաղի

Այս տարի արտահանումը Հայաստանից շարունակում է աճել։ Տարվա առաջին ութ ամիսների տվյալներով` դրան հիմնականում նպաստել է դեպի երեք երկրներ արտահանման աճը։

Հունվար-օգոստոսին Հայաստանից արտահանվել է 1.383 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք։ Ինչպես տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից (ՀՀ ԱՎԾ), 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այն աճել է 21.7%-ով։

Նոր տվյալներով` արտահանավող հայկական ապրանքների հինգ գլխավոր շուկաներն են Ռուսաստանը, Բուլղարիան, Շվեյցարիան, Վրաստանն ու Գերմանիան։

ՀՀ արտահանումն՝ ըստ առանձին երկրների 2017թ. հունվար-օգոտոսին (մլն ԱՄՆ դոլար)
Infogram

Հատկանշանակ է, որ 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այս տարվա հունվար-օգոստոսին դեպի ՌԴ արտահանումն աճել է 36.6%-ով, դեպի Բուլղարիա՝ 80.3%-ով, Շվեյցարիա՝ 3.5 անգամ։

Հիմնականում հենց դեպի այս երկրներ արտահանման ծավալների մեծացմամբ էլ պայմանավորված է Հայաստանի արտահանման ընդհանուր աճը։ Այսպես, մեր հաշվարկներով արտահանման 21.7% աճին 7.3 տոկոսային կետով նպաստել է ՌԴ, 10.7 տոկոսային կետով Շվեյցարիա և 7.2 տոկոսային կետով Բուլղարիա արտահանման աճը:

Դեպի Վրաստան արտահանումն էլ աճել է 3.4%-ով։ Իսկ դեպի Գերմանիա՝ նվազել 1.1%-ով։

Եթե Ռուսաստան արտահանվող ապրանքների տեսականին բազմազան է, ապա՝ մնացած երեք երկրներ հայկական ապրանքների փոքր տեսականի է մատակարարվում։ Ռուսաստանի մասով աճին էականորեն նպաստել է կոնյակի արտահանման աճը։

Շվեյցարիան նախորդ տարի Հայաստանի արտահանման կազմում ընդամենը շուրջ 4%-ն է զբաղեցրել։ Իսկ այս տարի ծավալների ու կշռի զգալի ընդլայնում է նկատվում։ Ինչպես տեղեկանում ենք մաքսային ծառայության հրապարակած ցանկերից, Հայաստանն այս տարվա առաջին կիսամյակում Շվեյցարիա է արտահանել պղնձի խտանյութ, ոսկի և շարժիչներ. այս ապրանքներից նախորդ տարվա նույն ընթացքում չի արտահանվել դեպի այս երկիր և աճը մեծապես պայմանավորված է հենց դրանցով։ Ինչպես նաև Շվեյցարիա ենք արտահանում ադամանդ, ժամացույցի կորպուսներ և այլն։

Բուլղարիա ենք արտահանում հիմնականում պղնձի խտանյութ։ Այլ խոսքով՝ դեպի Շվեյցարիա ու Բուլղարիա արտահանման աճը մեծապես պայմանավորված է հանքանյութի ծավալների մեծացմամբ։

Իսկ Գերմանիա առաքվող ապրանքների շարքում ամենամեծ կշիռը չզտած պղնձինն է, նվազումն էլ պայմանավորված է ֆեռոմոլիբդենի արտահանման ծավալների կրճատմամբ։

Վրաստան արտահանվող ապրանքատեսականին համեմատաբար լայն է՝ սիգարետից մինչև ալյումինե մետաղակոնստրուկցիաներ։ Զգալի աճ է գրանցվել սիգարետի մասով։

ԱՊՀ և ԵՄ երկրների կշիռը Հայաստանի արտահանման կազմում մեծացել է

Ներկայացվածը արտահանման հինգ առաջնային երկրներն էին։ Իսկ եթե Հայաստանի արտահանման ծավալները դիտարկենք ըստ ավելի խոշոր խմբերի, ապա 23.9%-ը բաժին է հասնում ԱՊՀ երկրներին, 29.5%-ը՝ ԵՄ երկրներին, 46.6%-ն էլ՝ այլ երկրներին։

Նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ ԱՊՀ երկրների կշիռն աճել է 2 տոկոսային կետով, ԵՄ-ի կշիռը՝ 2.5 տոկոսային կետով, փոխարենը 4.5 կետով նվազել է այլ երկրների կշիռը։ Հայաստանի առևտրային հարաբերություններին՝ ըստ երկրների, առավել մանրամասն առաջիկայում կանդրադառնանք։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրներին, ապա Բելառուսը զբաղեցնում է Հայաստանի արտահանման ընդամենը 0.3%-ը, Ղազախստանը՝ 0.2%-ը, իսկ Ղրղզստանի ցուցանիշը հավանաբար 0 է, քանի որ այն առանձին տողով չի ներկայացվում։ Այսինքն, դեպի ԵԱՏՄ արտահանում ասելով, դեռևս պետք է հասկանալ միայն դեպի ՌԴ արտահանումը։ Մինչդեռ Հայաստանի կառավարությունը արտահանման մասին խոսելիս շեշտում է ոչ թե ՌԴ-ն, այլ ընդհանուր ԵԱՏՄ-ն` տպավորություն ստեղծելով, թե խոսքը չորս երկրների մասին է և չորս երկրների հետ էլ Հայաստանը ակտիվ առևտուր է անում։ Օրինակ՝ Հայաստանի 2018 թվականի պետական բյուջեում նշված է. «2016 թվականին արձանագրվել է արտահանման 20.6% աճ (դոլարային արտահայտությամբ), ինչը հիմնականում պայմանավորված էր տարածաշրջանային երկրներում պահանջարկի վերականգնմամբ և արտահանվող ապրանքների գնային մրցունակության բարձրացմամբ: ՀՀ արտահանման ծավալները զգալի աճել են դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ՝ կրելով հիմնական գործընկեր երկրների տնտեսական զարգացումների ազդեցությունները»:

Հայաստանի այս տարվա արտահանման աճն առաջին հերթին պայմանավորված է հանքահումքային արտադրանքի և պատրաստի սննդի, ինչպես նաև՝ ոչ թանկարժեք մետաղների, դրանցից պատրաստված իրերի ու մանածագործական իրերի արտահանմամբ։ Փոխարենը աճը զսպել է արտահանման մեջ մեծ կշիռ ունեցող «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախումբը։

Եկող տարվա համար կանխատեսվում է արտահանման ավելի դանդաղ աճ

2018 թվականի Հայաստանի պետական բյուջեի ուղերձում նշված է, որ ակնկալվում է` 2017 թվականի ընթացիկ զարգացումների, համաշխարհային շուկայում մետաղների գների աճի և գործընկեր երկրների տնտեսական ակտիվության վերականգնման պայմաններում Հայաստանի արտահանման տարեկան աճը կկազմի 17.6% (անվանական արժեքով)։ Իսկ 2018 թվականին` գործընկեր երկրների տնտեսական աճին և Հայաստանի կառավարության կողմից տնտեսության արտահանելի ոլորտում վարվող քաղաքականության ուղղությանը համահունչ, կանխատեսվում է արտահանման շուրջ 11.5% աճ։

Ոչ միայն ապրանքներ, այլև ծառայություններ

Բյուջեի ուղերձում նաև ուշագրավ ցուցանիշներ կան ծառայությունների արտահանման վերաբերյալ։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, Հայաստանի կառավարությունն իր առաջիկա հինգ տարիների ծրագրերում ներառել է, որ արտահանում/ՀՆԱ ցուցանիշը այս տարիների ընթացքում հասցնելու է 45%-ի։ Այսինքն՝ ՀՆԱ-ի 45%-ի չափով արտահանելու ենք։ Սա բավականին բարձր ցուցանիշ է Հայաստանի համար, եթե նկատի ունենանք միայն ապրանքների արտահանումը։ Եթե հաշվարկում ենք ապրանքների արտահանում/ՀՆԱ ցուցանիշը՝ համադրելով ԱՎԾ-ի տվյալները, ապա այն 2016-ի համար կազմել է 17-18%:

Իսկ ըստ ուղերձում եղած տվյալների` ոչ միայն ապրանքների, այլև՝ ծառայությունների ծավալը նախորդ տարի կազմել է 3.5 մլրդ ԱՄՆ դոլար, որի միայն 1.89 մլրդ դոլարն է ապրանքների արտահանումը, մնացածը ծառայությունների արտահանումն է։ Իսկ ապրանքների և ծառայությունների արտահանում/ՀՆԱ ցուցանիշը 2016-ի համար կազմել է 33.1%: Ու ամենանայն հավանականությամբ, կառավարությունը հենց ապրանքների և ծառայությունների արտահանում/ՀՆԱ-ն էլ նկատի է ունեցել իր ծրագրում։ Իսկ դա նշանակում է, որ այս պահին իրավիճակից 45%-ի հասնելը այնքան էլ բարդ չի լինելու կառավարության համար։

Նույն ուղերձում, որը մշակել են կառավարության անդամները, նշված է, որ կառավարությունը հռչակել է արտահանումը որպես միջնաժամկետում տնտեսական աճի քաղաքականության առանցքային շարժիչ:

Արտահանման աճը դրական ազդեցություն  է թողնում տնտեսության վրա, սակայն երբ այդ աճը գրանցվում է սահմանափակ ապրանքների հաշվին, հետևաբար՝ հիմնականում սահմանափակ ոլորտներում էլ կզգացվի այդ ազդեցությունը։ Հայաստանի պարագայում, օրինակ, զգալի է հանքահումքի արտահանման աճը, իսկ հանքարդյունաբերությունը, դժվար թե, համարվի այն ոլորտը, որը կարող է տնտեսության վրա երակարաժամկետ դրական ազդեցություն թողնել։ Այնպես որ Հայաստանին հարկավոր է ոչ թե միայն արտահանման աճի ցուցանիշ, այլ որ այդ ցուցանիշը ապահովվի ավելի բազմազան ապրանքների ու ոլորտների հաշվին, ինչպես նաև արտահանման շուկա հանդիսացող ավելի շատ երկրների հաշվին։

լուսանկարը` pixabay.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter