HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Արվեստագետ, ով այդպես էլ չնկարեց «երկրաշարժ»-ը

Ողջ գիտակցական կյանքն արվեստին նվիրած գյումրեցի գեղանկարիչ Խաչատուր Վարդպարոնյանն իր կենդանության օրոք այդպես էլ ժամանակ ու հարմար պահ չգտավ` սեփական ստեղծագործությունների ցուցահանդեսը կազմակերպելու: Եվ միայն մահից 13 տարի անց Երանուհի եւ Մարիամ Ասլամազյան քույրերի թանգարանի սրահները զարդարվեցին գեղանկարչի ստեղծագործություններով: Ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Արաքս Մարգարյանի փոխանցմամբ, Խաչատուր Վարդպարոնյանի մոտ 40 գործերի հետմահու ցուցադրությունը հնարավոր է եղել կազմակերպել շնորհիվ գեղանկարչի թոռան՝ Միքայել Վարդպարոնյանի եւ Ասլամազյան քույրերի թանգարանի տնօրեն Վահագն Ղուկասյանի, ով տարածք է տրամադրել:


Արաքս Մարգարյան

«Խաչատուր Վարդպարոնյան՝ զարմանալիորեն համեստ անձնավորություն, ով, ժամանակին ղեկավարելով Գյումրու նկարիչների միությունը, լինելով քաղաքի գլխավոր նկարիչը խորհրդային տարիներին, ինքն անձամբ կազմակերպելով շատ ստեղծագործողների ցուցահանդեսներ եւ «կանաչ ճանապարհ» ապահովելով նրանց, ժամանակ չի գտել, նաեւ համեստաբար չի ցանկացել հանդես գալ անհատական ցուցահանդեսով»,-ասում է Արաքս Մարգարյանը:


Միքայել Վարդպարոնյան

Խաչատուր Վարդպարոնյանի հետնորդը՝ 25-ամյա Միքայել Վարդպարոնյանը գրաֆիստ է, նաեւ տիրապետում է արվեստի գործերի վերականգնման տեխնիկային՝ ուսանելով իտալացի ռեստավրատորների մոտ: «Շատ մեծ ժառանգություն է ստացել մեր ընտանիքը պապիկիցս՝ 160-ից ավելի կտավ, որ փորձում ենք հնարավորինս պահպանել: Պիտի ասեմ, որ պապիկիս ստեղծած կտավների թիվն ավելին է, եթե հաշվի առնենք նաեւ իր կյանքի ընթացքում վաճառվածները, նվիրածները,- նկատում է Միքայելը,- նա միշտ ասում էր, որ նկարում է իր համար եւ նկարիչ ընկերների հորդորներին, թե երբ ես ցուցադրվելու՝ միշտ պատասխանում էր, թե պատրաստ չէ»:


Խաչատուր Վարդպարոնյան

Խաչատուր Վարդպարոնյանը ծնվել է 1924թ-ին, Ալեքսանդրապոլում: 1940 թ.-ին ավարտել է Լենինականի նկարչական դպրոցը: Խաչատուր Վարդպարոնյանը համաշխարհային 2-րդ պատերազմի մասնակից է: Վիրավորվել է Նովոռոսիյսկի գրավման օպերացիայի ժամանակ: Ապաքինվելուց հետո մասնակցել է Սմոլենսկի, Օրշայի, Վիտեբսկի, այնուհետեւ Լեհաստանի ազատագրման մարտերին: Հոսպիտալում եղած ժամանակ գյումրեցի գեղանկարիչը նկարել է ազատագրված քաղաքները, գյուղերի այրված ու քանդված շենքերը: Այդ շարքից է «Կանաչ դադար» կտավը: Գուցե պատերազմի ավերումները ժամանակին կտավին հանձնելն է եղել պատճառը, որ արդեն շատ տարիներ անց, Գյումրու ավերիչ երկրաշարժից հետո վրձինը կրկին ձեռքն առած Վարդպարոնյանի ստեղծագործություններում չկան պատկերված փլատակներ կամ կիսակործան շինություններ:

«Ցուցահանդեսի համար կտավներ ընտրելիս հարկ եղավ նայել Վարդպարոնյանի թողած բոլոր աշխատանքները, եւ ինձ զարմացրեց հանգամանքը, որ գեղանկարիչը բացարձակ անդրադարձ չի կատարել հետերկրաշարժյան Գյումրուն,- նկատում է Արաքս Մարգարյանը,- նրա բոլոր կտավներում ապրող, շնչող, ծաղկող Գյումրին է՝ ոչ մի ավերված շենք, ոչ մի փլատակ: Վարդպարոնյանն ապրել է երկրաշարժը, սակայն անհայտ պատճառներով հրաժարվել է այն տեղափոխել կտավին: Կարելի է միայն ենթադրել, որ նկարչի հոգում պահպանված Ալեսանդրապոլ-Լենինականի պատկերն այդպես էլ չի աղճատվել Գյումրուն հասած արհավիրքով»:

Պատերազմից հետո, 1946 թ-ին, Խաչատուր Վարդպարոնյանն ընդունվել է Երեւանի գեղարվեստի ինստիտուտ: 1949 թվականին, երրորդ կուրսն ավարտելուց հետո, «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից գործուղվել է Մոսկվա՝ կինոնկարիչների և մուլտիպլիկատորների եռամյա բարձրագույն դասընթացներին: Ավարտելուց հետո «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում մասնակցել է բազմաթիվ մուլտֆիլմերի ստեղծմանը՝ եղել է մուլտիպլիկատոր և բեմադրող-նկարիչ:1954 թվականից աշխատել է Մոսկվայի ձևավորման և գովազդային վարչության գեղարվեստական կոմբինատում, նախ՝ նկարիչ-ձևավորող, ապա՝ գլխավոր նկարիչ: 1963 թվականին վերադարձել է Լենինական, նշանակվել քաղաքի գեղարվեստական ձևավորման և գովազդի ձեռնարկության ղեկավար: 1964 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, Լենինականի նկարիչների միության նախագահ: 2000 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում: Մահացել է 2004թ.-ին, 80 տարեկանում:


Արման Գրիգորյան

«Խաչատուր Վարդպարոնյանը սոցռեալիզմի վառ ներկայացուցիչներից էր,- նկատում է արվեստագետ Արման Գրիգորյանը,- նկարչության մեջ սոցռեալիզմը ձեւավորվել է 1930-ականներին: Դա Ռեպին-Սուրիկովյան մի շրջան էր, կարելի է ասել գերմանական ռեալիզմի, որը Ստալինի մահվանից հետո վերափոխվում է Գոգեն-Վան Գոգյան շրջանի: Այդ ժամանակաշրջանին բնորոշ են ուժեղ գույները, ասենք` մանուշակագույն երկինք, դեղին գետին, որից հետո գալիս է սոցռեալիզմի 3-րդ շրջանը՝ հագեցած մանանեխի գույնով, եւ դա վառ արտահայտված է մեր գեղանկարիչներից հատկապես Հակոբ Հակոբյանի մոտ: Եվ 4-րդ շրջանը՝ ռոմատիկական փախուստն է, որին բնորոշ է կեղծ դասականությունը, այսպես ասած` Ռեմբրանդա-Վան Դեյկա-Վելասքեսյան մի շրջան: Խաչատուր Վարդպարոնյանի գրեթե բոլոր գործերում այս շրջանները վառ արտահայտված են, բայց միայն իրեն բնորոշ, ուրույն մոտեցումով»:

Արման Գրիգորյանը Խաչատուր Վարդպարոնյանին առաջին անգամ հանդիպել է իր հայրիկի՝ Ալեքսանդր Գրիգորյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսի ժամանակ: «Նա այդ ժամանակ բացման խոսք ասաց, ու ես, ճիշտն ասած, տպավորված էի՝ ազդեցիկ անձնավորություն էր: Ինձ դեռ այն ժամանակ հետաքրքիր էր, թե ինչ տիպի նկարիչ է Խաչատուր Վարդպարոնյանը,- խոստովանում է զրուցակիցս,- հիմա, որ նայում եմ իր դիմանկարների շարքը, տեսնում եմ, որ ամեն մեկին կերտելիս ձգտել է առավելագույնս ներկայացնել տվյալ ժամանակաշրջանը, ոճը, ու դա նրան հաջողվել է: Եվ պիտի ասեմ, որ այն, ինչ ժամանակին անհանգստացրել է արվեստագետ Խաչատուր Վարդպարոնյանին` շարունակում է մտահոգել նաեւ ներկա սերնդին: Ասում ենք սոցռեալիզմ, բայց ուսանողների մեծ մասն իրենց դիպլոմային աշխատանքներն անում են հենց այս շրջանի փնտրտուքներով»:

Արվեստաբան Արաքս Մարգարյանին մտահոգում է այն, որ 1960-70-ականների սերնդի գյումրեցի հայտնի ստեղծագործողների աշխատանքները պահպանելու, հանրությանը ներկայացնելու խնդրով Գյումրիում մտահոգ կառույցներ չկան ու նրանց աշխատանքների ցուցադրությունների կազմակերպումն էլ տարատեսակ խնդիրների հետ է կապված:

«Այն ստեղծագործողները, որոնք ունեն սրտացավ հետնորդներ, ինչպես Խաչատուր Վարդապարոնյանն` ի դեմս թոռնիկի, նրանց գործերն հիմնականում պահպանվում են: Բայց տներում կտավ պահելը խնդրի լուծում չէ: Գյումրիում պետական պատկերասրահի բացակայությանից տուժում են բոլոր ստեղծագործողները,- շեշտում է Արաքս Մարգարյանը, 60-ականները մեզ տվել են Կոշտոյան Զավեն, Սերգեյ Միրզոյան, Կարապետյան Գուրգեն, Խաչատուր Վարդպարոնյան: Մարդիկ, ովքեր հիմք են դրել ներկայիս նկարչական դպրոցի, բայց նրանց գործերն ուսումնասիրելու, արվեստի հետ շփվելու վայր երիտասարդ սերունդը չունի: Մյուս վտանգն էն է, որ վաղն էս գործերն ամբողջական հավաքածուի տեսքով կարող են չլինել՝ շատերն հանվում են արտերկիր: Մենք մշակութային քաղաք ենք, բայց զրոյական վերաբերմունք կա տեղական իշխանությունների կողմից էն ամենի նկատմամբ, ինչն արժեքավոր է, մնայուն, էն ինչը որ պիտի երեւա ու ներկայացնի քաղաքի դեմքը»:


Խաչատուր Վարդպարոնյան եւ Մինաս Ավետիսյան

Արվեստաբանն ասում է, որ Խաչատուր Վարդպարոնյանի «Վերածնունդ» որմնանկարը, որտեղ պատկերված է նաեւ իր մտերիմ ընկեր, գեղանկարիչ Մինաս Ավետիսյանը, այլեւս գոյություն չունի: Որմնանկարը պատկերված է եղել նախկին գուլպա-նասկեղենի ֆաբրիկայի շենքում: Շենքի այդ հատվածում երկրաշարժից հետո մինչեւ օրս գործող «Միլենիում» ռեստորանի հարսանյաց սրահի պատին երկար տարիներ պահպանված որմնանկարն, ըստ արվեստաբանի տեղեկությունների, այլեւս գոյություն չունի:


«Վերածնունդ» որմնանկարը

«Ռեստորանում մի քանի տարի առաջ կոսմետիկ նորոգում է եղել, եւ ասում են, որ որմնանկարը չկա՝ կամ պարզապես սվաղել են, կամ՝ ոչնչացրել: Ու նման ճակատագիր կարող է սպառնալ ցանկացած ստեղծագործության, եթե հետեւողական վերահսկողություն չլինի, եթե չկարողանանք ունենալ հիմնական պատկերասրահ,- ասում է Արաքս Մարգարյանը,- որքանո՞վ է ճիշտ, որ ամեն մի ցուցադրության համար, թանգարանի տնօրենը ստիպված է լինում կախած տեղից հանել Ասլամազյան քույրերի գործերը: Բայց ուրիշ հարմար սրահ այս քաղաքում, երբ պիտի 40-50 գործ ցուցադրվի, մենք չունենք»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter