HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Որակյալ կադրերի սով, կամ այն դիրքում ենք, որին արժանի ենք

Չնայած Հայաստանի հավաքականը երեկ նույնիսկ վերջին րոպեներին կարող էր հաղթանակ կորզել ղազախների հետ արտագնա հանդիպմանը, պիտի խոստովանենք, որ հավասար խաղ ընթացավ, ու արդյունքն արդարացի է: Այս մասին հետխաղյա ասուլիսում նշել է նաեւ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:

Ցավալի է, բայց մարտին կայացած երեւանյան խաղի համեմատ մեր թիմի նահանջն ակնհայտ էր: Ինչպես ասում է Պետրոսյանը, վիճակագրությունը չի խաբում: Դե ուրեմն, համեմատենք Երեւանի եւ Աստանայի մրցավեճերը:

Հայաստանի հավաքականը Երեւանում ղազախների դարպասին հարվածել էր 3 անգամ, որից երկուսը հասել էին նպատակին, աչքի էին ընկել Մխիթարյանն ու Արասը, ղազախները 1 դիպուկ հարված էին կատարել, բայց անհաջող: Աստանայում թիմերն ավելի ակտիվ էին. մերոնք Լորիայի դարպասին հարվածեցին 6 անգամ, բայց հաջողության հասավ միայն Մխիթարյանի հարվածը 26-րդ րոպեին, իսկ հյուրերի 5 փորձից միայն Տուրիսբեկի հարվածից հետո 64-րդ րոպեին գնդակը մտավ Բեգլարյանի պաշտպանած ցանցը: Երեւանում դարպասի ուղղությամբ հայ ֆուտբոլիստները կատարել էին 7 հարված, Աստանայում՝ 4, իսկ ղազախները երկու դեպքում էլ 5-ական հարված են կատարել:

Եթե Երեւանում գնդակին տիրելու տոկոսային հարաբերությունը 54-46 էր՝ հօգուտ մեր ընտրանու, ապա Աստանայում 55-45 էր՝ հօգուտ դաշտի տերերի: Երեւանում հայ ֆուտբոլիստների 462 փոխանցումներից ճշգրիտ է եղել 383-ը (83 %), մրցակցի պարագայում՝ 447-ից 362-ը (81 %): Աստանայում ղազախներն ավելի ճշգրիտ էին. 552 փոխանցումից նպատակին է հասել 454-ը (82 %), հայերի պարագայում՝ 381-ից 297-ը (78 %): Ինչպես հուշում են թվերը, երեկ Ղազախստանն ավելի լավ էր վերահսկում գնդակը: Խոսքը հատկապես երկրորդ կեսի մասին է, երբ ամբողջ 45 րոպեի ընթացքում մեր թիմը միայն 2 լավ պահ ունեցավ, այնինչ ղազախները առաջին կեսում զիջելուց հետո փորձում էին ամեն կերպ հետ բերել կորցրածն ու մրցակցին սեղմել էին վերջինիս կիսադաշտում:

Առաջին կեսն անցավ փոխնիփոխ գրոհներով, ու երկու թիմերն էլ լավ հնարավորություններ ունեին: Սակայն մեր թիմի ստեղծած պահերն ավելի վտանգավոր էին: Դարպասը գրավելու հիանալի առիթներ կորցրին Մարկոսը, Մալաքյանը, Սիմոնյանը, Ադամյանը: Մասնավորապես, ակնհայտ էր վերջին երկուսի փորձի պակասը, որոնք հարվածեցին դարպասապահ Լորիայի վրա, իսկ ահա Հենոն Մարկոսի փոխանցումից հետո վարպետության դաս տվեց բոլորին՝ ցույց տալով, թե ինչպես պետք է ընդառաջ դուրս եկած դարպասապահի վրայով նետել գնդակը: Սիմոնյանն ու Ադամյանը շատ էին վազում, անընդհատ պայքարի մեջ էին, բայց չմոռանանք, որ մրցակիցն իր կարգով բարձր չէր ու խաղալու հնարավորություն էր տալիս առջեւի գծի մեր ֆուտբոլիստներին: Այդուհանդերձ, շատերը երկրորդ կեսում սպասում էին գրոհի թեւում տեսնել Տիգրան Բարսեղյանին, բայց դա տեղի չունեցավ, քանի որ Պետրոսյանը ստիպված փոխարինեց հոգնած Մարկոսին, Մալաքյանին ու Միքայելյանին:

Մարկոսն արդեն 33 տարեկան է, առիթ ունեցել ենք նշելու, որ նրա արագությունն այլեւս այն չէ, 90 րոպե բարձր տեմպով նա չի կարողանում հանդես գալ, չնայած դաշտը տեսնելու, նուրբ փոխանցումներ կատարելու ունակությունն ու հեռվից դիպուկ հարվածները բրազիլացու խաղի անբաժան մասն են ու տարիքի հետ չեն կարող նվազել կամ կորել: Ի տարբերություն Մարկոսի՝ 27-ամյա Էդգար Մալաքյանի՝ ընդամենը 60 րոպե խաղալը տարիքի հետ որեւէ առնչություն չունի, խնդիրը ֆիզպատրաստությունն է: Ընդհանրապես, ֆունկցիոնալ բավարար պատրաստվածությունը խրոնիկ հիվանդություն է հայկական ֆուտբոլում:  

Երեկ մերոնք բավականին ծանր էին գործում, վարպետության ու փորձի պակասը համակցվում էր հոգնածության հետ: Օրինակ՝ հենակետային Արտակ Գրիգորյանը, որը հատկապես հակագրոհելիս կենտրոնով անցումներ կատարելու հաջող փորձ ունի ու որպես ֆուտբոլային մշակ պարբերաբար հերկում է դաշտը երկայնքով, թվում է, թե երեկ պիտի լիներ ընկերներին իր հետեւից տանողներից մեկը, բայց զբաղված էր առավելապես պաշտպանական գործողություններով: Փոխարինման մտած Կամո Հովհաննիսյանն էլ, ընդհանրապես, տապալեց հանդիպումը: Այս ֆուտբոլիստը ժամանակին հեռանկարային էր համարվում, բայց բոլորիս աչքի առաջ հետընթաց է ապրել: Փոխանցումների թիմային խոտանի, գնդակի կասեցման, մշակման ու վարման ցածր վարպետության մասին չենք խոսում:

Չնայած երեկվա մրցավեճը մարզական առումով ոչինչ չէր որոշում, նույնիսկ թիմերի դասավորությունը չէր փոխվելու դրա արդյունքից, սպասելի էր, որ մեր մարզչական շտաբը կտրուկ փոփոխությունների չի դիմի, քանի որ ցանկացած պաշտոնական խաղի արդյունք կարեւոր է: Սակայն կենտրոնական Արտյոմ Միքայելյանի նորամուտը հենց այդպիսին կարելի է որակել: 26-ամյա խաղացողի հուզմունքն ու միջազգային փորձի պակասը զգացվեցին հատկապես խաղի մեկնարկին: Պատահական չէ, որ երբ Հենոյի գոլից հետո ղազախները «նստեցին» մեր կիսադաշտում, ապա պատկերն անփոփոխ մնաց երկրորդ կեսում, պաշտպանության կենտրոնն ամրապնդելու ակնկալիքով Պետրոսյանը դաշտ դուրս բերեց 22-ամյա Անդոնյանին, որը Հարոյանի հետ խաղալու եւ ընդհանրապես ավելի մեծ միջազգային փորձ ունի: Հետահայաց, թերեւս, կարող ենք ասել, որ Միքայելյանի դիտարկումը դաշտում սխալ էր թեկուզ նրանով, որ նրա փոխարինմամբ մարզիչներն առջեւի գծի թարմ խաղացող դուրս բերելու լավ հնարավորություն կորցրին: Մյուս կողմից՝ նույն Մալաքյանին փոխարինած Հովհաննիսյանի փոխարեն կարող են ասպարեզ դուրս գալ Բարսեղյանը:

Եթե Հենրիխին չհաշվենք, նաեւ հաշվի չառնենք Մարկոսին ու վնասվածքի պատճառով երկար ժամանակ շարքից դուրս մնացած Գեւորգ Ղազարյանին, որոնք եղել ու մնում են հավաքականի առանցքային դերակատարներ, ապա Հայաստանի ներկա հավաքականում կարող ենք առանձնացնել ընդամենը երկու ֆուտբոլիստի, ովքեր կայուն խաղ են ցուցադրում եւ հստակ աճ են գրանցել: Խոսքը 25-ամյա Վարազդատ Հարոյանի ու 27-ամյա Հովհաննես Համբարձումյանի մասին է: Հարոյանը հավաքականում խաղալու ավելի մեծ փորձ ունի, շատ օգտակար ու աշխատասեր ֆուտբոլիստ է, նույնը իր մասին ասել է տալիս Համբարձումյանը, որի աճին նպաստել է մակեդոնական «Վարդարում» խաղը:

Բայց ոչ Հարոյանն ու Համբարձումյանը պաշտպանությունում, ոչ էլ Մխիթարյանը միջին գծում չեն կարող միայնակ սրբագրել իրենց կողքին հանդես եկող ընկերների թերացումները, գումարած, որ առանց մյուսների պատշաճ օգնության, նրանց խաղում նույնպես սխալները շատանում են:

Հավաքականը հայտնվել է մի վիճակում, որի արմատները դուրս են իրենից: Ընդհանուր հայկական ֆուտբոլի համակարգային անկումն է բոլոր խնդիրների պատճառը: Ֆուտբոլի մանկապատանեկան դպրոցներում մարզումային, դաստիարակչական, սելեկցիոն թերացումներն ու սխալները հետագայում շարունակություն են ունենում նաեւ երիտասարդական ու վարպետ թիմերում, ինչի արդյունքում հավաքականները ստանում են ոչ որակյալ կադրեր: Ֆուտբոլիստների աճին, ինչպես նշվում է գրեթե ամեն օր, խանգարում է նաեւ ցածր որակի ներքին առաջնությունը, որին մասնակցում է ընդամենը 6 թիմ: Իբրեւ լուծում՝ տարբերակներից մեկը արտասահման տեղափոխվելն է, բայց դրա համար նախ պետք է անձնական լուրջ վերաբերմունք գործին, երկրորդ՝ Հայաստանից դուրս գալը դեռ չի նշանակում աճ, քանի որ դրսում ֆուտբոլիստը պարտավոր է բազմապատիկ ավելի քրտնաջան աշխատել՝ իր տեղը տվյալ թիմի հիմնական կազմում ունենալու համար, այլապես հաշված խաղերի հաշված րոպեներ մասնակցելուց հետո սկսում է ուրիշ թիմերի փնտրտուքն, ու, որպես կանոն, դեգերումն ավարտվում է Հայաստան վերադառնալով, այսինքն՝ շրջանը փակվում է:

Եթե ազգային հավաքականում որակյալ կադրերի սով է, ապա կապ չունի, թե ով կլինի դրա գլխավոր մարզիչը: Նվիրվածության ու կամքի շնորհիվ ֆուտբոլիստները գուցե դրական արդյունքի հասնեն ավելի բարձրակարգ թիմերի հետ մեկ-երկու խաղում, բայց դրանք կլինեն առկայծումներ խավարի մեջ:

Պետք է փոխել աշխատաոճն ու մտածելակերպը, հայկական ֆուտբոլին իսկապես վիրահատական միջամտություն է անհրաժեշտ: Թե ֆուտբոլիստները, թե մարզիչները, թե ակումբների ղեկավար կազմն ու ֆուտբոլի ֆեդերացիան ունեն իրենց բաժին անելիքը: Մեղքը սեփական անձից մեկ ուրիշի վրա գցելը, ինքն իրեն անսխալական համարելն ու գործելու փոխարեն մեծ-մեծ խոսելը,  առողջ քննադատությունը սրերով ընդունելը միայն խորացնելու են այն ճահճացման պրոցեսը, որին բոլորս ականատես ենք ներկայում:

Հ.Գ. ԱԱ-2018-ի ընտրական 5-րդ խմբի վերջին տուրում Լեհաստանը 4-2 հաշվով տանը հաղթեց Մոնտենեգրոյին, իսկ Դանիան 1-1 խաղաց Ռումինիայի հետ: Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքն այսպիսին է: 

Մենք այն հորիզոնականում ենք, որին արժանի ենք: Հայի բախտից բողոքել հաստատ չենք կարող: Լեհաստանը կմեկնի Ռուսաստան, իսկ Դանիան կմասնակցի փլեյ-օֆ փուլին եւ կփորձի անցումային խաղերում ուղեգիր նվաճել:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter