HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Կեղծված» պաղպաղակներ, որոնց մեջ հայտնաբերված աղիքային ցուպիկի մասին չեն հայտնել

Օրերս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տվյալներ հրապարակեց, որտեղ ներկայացված էին սննդի շուկայում իրենց կատարած ուսումնասիրություններն ու արձանագրված խախտումները։ Դրանք մասնավորապես վերաբերում էին  խտացրած կաթին, թթվասերին, յուղին, հալած պանրին:

ՏՄՊՊՀ-ն խախտումներ հայտնաբերել է ավելի քան 30 ընկերություններում: Վերջիններս խիստ նախազգուշացում են ստացել՝ պարտավորվելով 5-օրյա ժամկետում վերացնել դրանք:

Արձանագրված լուրջ խախտումներից մեկն այն էր, որ խտացրած կաթի մեջ հայտնաբերվել էր բուսական յուղ, ինչն անթույլատրելի է։ Ստացվում է, որ վաճառվող ապրանքը եղել է ոչ թե խտացրած կաթ, այլ բուսական յուղի հիմքով պատրաստված սննդամթերք:

Թե ո՞ր ընկերության, ո՞ր արտադրանքներն են եղել խախտում պարունակող սննամթերքները, այդ մասին ՏՄՊՊՀ-ն չի նշում՝ պատշաճ չիրազեկելով սպառողներին։

 

Բուսական յուղ պարունակող և, ըստ էության, ևս կեղծված համարվող սննդամթերքի՝ այս դեպքում՝ պաղպաղակի մասին «Հետք»-ը գրել էր դեռևս հուլիս ամսին: Մենք լաբորատոր փորձաքննության էինք ներկայացրել պլոմբիր տեսակի 8 պաղպաղակ, որոնցից միայն երկուսն էին համապատասխանել պահանջված նորմերին և չէին պարունակել բուսական յուղ: Ինչպես ՏՄՊՊՀ-ի հայտնաբերած խախտումներով սննդամթերքը, այնպես էլ պաղպաղակները, ըստ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, համարվում են կեղծված:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իհարկե, արձագանքել էր այս հոդվածին՝ խոստանալով ուսումնասիրել հրապարակման մեջ տեղ գտած փաստերը:

Սեպտեբերին միայն ՍԱՊԾ-ն  հաղորդագրություն էր տարածել, որտեղ ամփոփել էր պաղպաղակի շուկայում իրականացված վերահսկողության արդյունքները՝ անդրադառնալով նաև «Հետք»-ի հրապարակած պաղպաղակների փորձաքննությանը:

Հաղորդագրության մեջ նշված էր, որ «Золотой стандарт», «Кореновский молочно-консервный комбинат»-ի պաղպաղակների մեջ (այս պաղպաղակներն ուսումնասիրել էր «Հետք»-ը և «Золотой стандарт»-ի պլոմբիրը համարել կեղծված) անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

Թե այս ընկերության ո՞ր պաղպաղակն էր փորձաքննվել, ի՞նչ չափանիշներով և ինչի՞ն էին համապատասխանում, հաղորդագրության մեջ նշված չէր:

Ստացվում էր այնպես, որ ինչպես մանկական ջրերի դեպքում, «Հետք»-ի հրապարակման մեջ եղած խախտումներով սննդամթերքում ՍԱՊԾ-ն ոչ մի շեղում չէր հայտնաբերում՝ համարելով դրանք անվտանգ։ Որոշ դեպքերում էլ հայտնաբերում էր, բայց չէր հայտնում այդ մասին։

Բացի այդ` ՍԱՊԾ-ն նշել էր պաղպաղակի շուկայում հայտանաբերված մի շարք խախտումների մասին, որոնց վերաբերյալ հանրային իրազեկում կատարված չէր: Ավելին, հաղորդագրության մեջ նշված էր միայն խախտում կատարած ընկերությունների անունները, և ոչ թե խախտում ապրանքատեսակի անվանումը:

Օրինակ՝

«Կասեցվել են հինգ պաղպաղակ արտադրողների՝ «Թամարա և Անի» ՍՊԸ, «Ա. Ավետյանի Ա.Ս.Ա» ՍՊԸ, «Իգիթ» ՍՊԸ, «Ոսկե Պինգվին» ՍՊԸ, «Արմսվիթ» ՍՊԸ արտադրական գործընթացի առանձին գործառույթներ: Տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրված պաղպաղակի խմբաքանակները օգտահանման կամ ոչնչացման նպատակով հետ են կանչվել շուկայից։ Մի քանի տնտեսվարող սուբյեկտների մոտ պետական վերահսկողության միջոցառումները դեռևս գտնվում են ընթացքի մեջ»:

Խախտումները վերաբերել են ինչպես մակնշումներին, այնպես էլ՝ լաբորատոր փորձաքննության արդյունքներով հաստատված խախտումներին։

Մենք հարցում էինք ուղարկել ՍԱՊԾ՝ խնդրելով տրամադրել իրականացված լաբորատոր փորձաքննության արձանագրությունները՝ հասկանալու համար՝ պետական վերահսկողության ինչ գործողություն է  իրականացվել, և կոնկրետ որ տեսակում, ինչ տիպի խախտումներ են հայտնաբերվել, որ նորմատիվ փաստաթղթերով է կատարվել փորձաքննությունն ու ինչ չափանիշների է համապատասխանում։

Մեկ ամիս հետո մենք ստացանք պատասխանը, որտեղ մասնավորապես նշված էր մի քանի ընկերություններում հայտնաբերված խախտումների՝ աղիքային ցուպիկի, բուսական յուղի, ՄԱՖԱՄ-ի և այլնի մասին (ապրանքնատեսակները՝ բոլորը 2017թ հուլիսի արտադրության):

 «Թամարա և Անի» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման ընթացքում (27.07.2017թ արտադրած վանիլային և շոկոլադե պաղպաղակի նմուշներ) հայնտաբերվել էր   աղիքային ցուպիկ՝ ԱՑԽՄ։

«Իգիթ» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման ժամանակ «Պլոմբիր» և սերուցքային տեսակի պաղպաղակում։ «Պլոմբիրում», որում հայտնաբերվել է  ՄԱՖԱՄ-ի անթույլատրելի քանակ, սիկ սերուցքայինում՝ ՄԱՖԱՄ  և աղիքային ցուպիկ։ Առկա է եղել նաև բուսական յուղ, ինչը արգելվում է օգտագործել տվյալ ապրանքատեսակների արտադրության մեջ։

«Արմսվիթ» ընկերությունում իրականացված ստուգման ժամանակ բուսական յուղով արտադրված վանիլային պաղպաղակների 2 նմուշում, հետազոտության արդյունքում, հայտնաբերվել են աղիքային ցուպիկներ։

«ԱԱվետիսյանի ԱԱԱ» ՍՊԸ-ում դիտարկման ժամանակ վերցվել են բուսական յուղով շոկոլադապատ և վանիլային նմուշները, որոնց հետազոտության արդյունքում շոկոլադապատ նմուշում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, իսկ վանիլայինում եղել է խախտում՝ միայն չոր նյութի զ/մ ցուցանիշով։

«Ոսկե պինգվին» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ժամանակ ուսումնասիրվել են պլոմբիր «Ֆանտաստիկ»-ը և «Վանիլային Պաղպաղակ» արտադրատեսակները։ Փորձաքննության ժամանակ երկու նմուշում էլ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ և ՄԱՖԱՄ-ի անթույլատրելի քանակ։

Այս մասին, համաձայն «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին»» օրենքի, հանրային իրազեկում չի կատարվել հայտնաբերելու հենց նույն օրը կամ գոնե մի քանի օր հետո. խախտումների մասին ՍԱՊԾ-ն հայտնել է պաղպաղակի շուկայում իրականացված ուսումնասիրությունների ամփոփման ժամանակ։ Այն հարցին, թե ինչու ի վերջո կոնկրետ տեսակների և խախտումների վերաբերյալ ժամանակին չի կատարվել հանրային իրազեկում, ՍԱՊԾ-ն հայտնել է, որ «խմբաքանակի ետկանչ» են իրականացրել։

Նշված վերջին 3 ընկերությունների վերաբերյալ տրվել են «Արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադիրներ։ Կայացվել են նաև արտադրական գործունեության առանձին գործառույթները կասեցնելու մասին որոշումներ։

ՍԱՊԾ-ի տրամադրած պատասխանից նաև պարզ է դառնում, որ «Золотой стандарт» ապրանքատեսակի պլոմբիրը չի ստուգվել բուսական յուղի առկայության մասով։ Ստուգվել է  «Кореновский молочно-консервный комбинат»-ի պլոմբիրը, որում խախտումներ չեն հայտնաբերվել, ինչի մասին գրել էր նաև «Հետք»-ը։

Սակայն հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու նմուշներն էլ համապատասխանում են նորմերին՝ չնշելով, սակայն, որ  Золотой стандарт» ապրանքատեսակի պլոմբիրը չի փորձաքննվել, իսկ փորձաքննվածում էլ  չի ստուգվել բուսական յուղի առկայությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter