HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ութ անգամ վիրահատված և քիմքի ճեղքվածքով երեխային հանձնաժողովը հրաժարվել է տրամադրել հաշմանդամության կարգավիճակ

Ամալյա Մարգարյան, Դավիթ Բանուչյան 

«Իմ ամբողջ մտագոհությունը ոչ թե 20 հազար թոշակն է, այլ երեխայի լնդի ու ատամնաշարի ուղղումը, որի համար կես միլիոն դրամից ավել գումար է հարկավոր»,-ասում է 10-ամյա Արթուր Կյուրեղյանի մայրը:

Արթուր Կյուրեղյանը  ծնվել է վերին շրթունքի և քիմքի ճեղքվածքով, ժողովրդական խոսքով՝ նապաստակի շրթունքով և գայլի երախով: 10 տարվա ընթացքում ութ անգամ վիրահատվել է, սակայն վիրահատություններից հետո էլ քիմքի ճեղքվածքը չի փակվել: Իսկ 2017-ի փետրվարին Եղեգնաձորի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը մերժել է երեխային տրամադրել «հաշմանդամ երեխա» կարգավիճակ՝ զրկելով նաև թոշակից:

«Արթուրը ծնվել է բաց քիմքով։ Վերջին չորս վիրահատությունների ընթացքում բժիշկները փորձել են ճեղքվածքը փակել։ Վերջին վիրահատության ժամանակ այտից կորեկցիա արեցին, ամեն ինչ լավ էր, ուրախացել էի: Մի օր դպրոցից զանգեցին, ասացին, որ արյունահոսում է, ամբողջ քիմքը բացվել էր: Բժիշկն ասում է՝ Աննա ջան, նորից կվիրահատեմ, բայց պիտի լնդաշարն ու ատամնաշարն ուղղենք, նոր վիրահատենք»,-ասում է Աննան:

Արթուր Կյուրեղյանի վերջին վիրահատությունները կատարած բժիշկ Իռեն Ռաֆաելովան նույնպես ասում է, որ առաջնայինը երեխայի լնդաշարն ու ատամնաշարն ուղղելն է: «Մինչև մեզ մոտ գալը մի քանի անգամ վիրահատվել էր, մենք փորձեցինք քիմքի խուղակը փակել, չփակվեց: Երեխային առաջին հերթին օրթոդոնտիկ բուժում է պետք. քիմքի ոսկորը համաչափ չէ, տարածությունը մեծ է, վիրահատական միջամտությամբ տարածքը չի փակվում: Պետք է դրվի կոնստրուկցիա, քիմքի ոսկորը հետ տարվի»,-ասում է բժիշկը, ապա հավելում, որ պատրաստ են նորից վիրահատել, սակայն հարցի լուծումն իրենց ձեռքում չէ:

Արթուրի մայրն ասում է, որ ուզում է երեխային կարգավիճակ տրամադրեն, որպեսզի կարողանան լնդաշարն ու ատամնաշարն ուղղել:

«Մենք վաղուց պիտի լնդաշարն ուղղեինք, չենք կարողացել, մտածել ենք վիրահատությամբ արդյունքի կհասնեն, հիմա ամեն ինչ բարդացել է»,- ասում է մայրը:

Դիմածնոտային վիրաբույժ Գագիկ Քոչարյանը նշում է, որ 10 տարեկանում երեխայի ոսկորներն արդեն ամրացած են և ավելի դժվար է ուղղել քիմքի ոսկորը: «Միջծնոտային ոսկորը պիտի ստիպեն հետ գնա, եթե չանեն, ցանկացած վիրաբուժական միջամտություն անարդյունք է լինելու: Նորմալ քաշը կապ չունի, երեխան կարող է խրոնիկ խնդիրների բախվել, չէ որ ուտելիքի մնացորդները քթի մեջ մնում են: Եթե մարդու քիմքը կարճ է, լիարժեք խոսելու մասին ավելորդ է խոսել»,-ասում է բժիշկը:

Արթուր Կյուրեղյանը 2011թ. փորձաքննություն է անցել է Վայոց ձորի մարզի բժշկասոցիալական հանձնաժողովում, որի արդյունքում նրան տրվել է «հաշմանդամ երեխա» կարգավիճակ՝ հաշվի առնելով, որ նա ունի աջ սրունքի հետինֆեկցիոն վիրուսային դեֆորմացիա՝ հենաշարժողական ֆունկցիայի չափավոր խանգարում, վերին շրթունիքի ճեղքվածք, փափուկ և կոպիտ քիմք, որոնք բերել են ինքնուրույն տեղաշարժվելու սահմանափակվելու և մարսողական ֆունկցիայի խանգարումների: 2013-2015-ին վերափորձաqննության արդյունքում կայացվել է նմանատիպ որոշում և նորից տրվել է «հաշմանդամ երեխա» կարգավիճակ: 2017-ի փետրվարի 13-ին  հանձնաժողովը հրաժարվել է Արթուր Կյուրեղյանին տրամադրել «հաշմանդամ երեխա» կարգավիճակ՝ նշելով, որ խոսքի ֆունկցիայի աննշան խանգարումը չի հանգեցրել կենսագործունեության որևէ տեսակի որևէ աստիճանի սահմանափակման:

«Արթուր Կյուրեղյանի մոտ առկա է խոսքի ֆունկցիայի աննշան խանգարում, իսկ վերոնշյալ իրավանորմի վերլուծությունից հստակ է, որ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի սահմանման համար անհրաժեշտ է ֆունկցիոնալ առնվազն չափավոր աստիճանի խանգարում»,- գրված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած մերժման պատասխանի մեջ:

Պատասխանի մեջ հղում է տրված կառավարության 13.06.2003թ. «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» թիվ 780-Ն որոշմանը: Ըստ որոշման՝ մինչև 18 տարեկան անձին «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ է տրամադրվում, եթե ունենում է հաշմանդամության 3-րդ, 2-րդ և 1-ին խմբի համապատասխան սահմանափակումներ: 1-ին խմբի դեպքում ի հայտ են գալիս արտահայտված խանգարումներ, 2-րդ խմբի դեպքում՝ չափավոր խանգարումներ, իսկ 3-րդ խմբի սահմանափակումներն աննշան են, որն էլ նշված է Արթուր Կյուրեղյանին կարգավիճակը տրամադրելու մերժման որոշման հիմքում: «Հաղորդակցության աննշան սահմանափակումներն ուղեկցում են տեղեկատվության ստացման, յուրացման և հաղորդման արագության դանդաղեցմամբ, ծավալի փոքրացմամբ հաղորդակցվելու կարողությունով: Իսկ հաղորդակցության չափավոր սահմանափակումների դեպքում անձը պետք է ստանա օժանդակող միջոցների և այլ անձանց օգնություն»,-նշված է որոշման մեջ:

Որոշման մեջ գրված է նաև, որ հաղորդակցվելու կամ ուսումնառության կարողությունների սահմանափակումը կարող է հաշմանդամության 3-րդ խմբի (աննշան –հեղ.) որոշման համար հիմք հանդիսանալ առավելապես կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակումների զուգակցման դեպքում:

Աննան նշում է, որ տղան ունեցել է ոտքի դեֆորմացիա, սակայն ուղղել են, իսկ հիմա տղան նաև ոչ նորմալ մարսողական ֆունկցիա ունի և պիտի մշտական հսկողության ներքո լինի: Աննայի քույրը՝ Աստղիկը, ասում է, որ Արթուրին միայն փափուկ՝ խյուս սնունդ են տալիս։

«Հացի փափուկ մասն է ուտում, կոշտ բաներ չենք տալիս, երբ պատահաբար կոշտ ուտելիք է ուտում, քիմքը վնասվում է, սկսում նորից արյունահոսել, հաճախ կերածը քթից դուրս է գալիս»,-պատմում է Արթուրի մորաքույրը:

 «Եղեգնաձորում ինձ հանձնաժողովն ասաց, որ երեխայի քաշը նորմալ է, ինքը լավ է ամեն ինչ ըմբռնում, ուստի նրան «հաշմանդամ երեխայի» կարգավիճակ չեն տրամադրում: Թղթերով հանդերձ եկանք Երևան, երեխային նայեցին, ասացին, որ պիտի տրամադրեն: Երբ ուզում էին թղթերը լրացնեն, նա, ով մեզ Եղեգնաձորում մերժել էր, ներս մտավ, դռները փակեց, հետո նորից մերժման որոշում կայացրին: Մերժման որոշման մեջ գրված է խոսքի աննշան խանգարում, ես թլիկության համար թոշակ չեմ ուզում»,-ասում է Աննա Սիմոնյանը:

Մանկական մասնագիտացված բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Նունե Պետրոսյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ եթե երեխայի մոտ խոսքը հասկանալի չէ, բառերը չեն հասկացվում,  չափավոր խանգարում է, եթե մի քանի տառ սխալ է արտաբերում կամ կակազում է, սա աննշան խանգարում է:

Մասնագետը պնդում է նաև, որ ճիշտ եզրակացության համար լոգոպեդ է հարկավոր. «Պետք է լոգոպեդի եզրակացություն լինի, միայն լոգոպեդը կկարողանա ճիշտ նկարագրել խոսքի ֆունկցիայի խախտման պատճառները։ Քիմիքի ճեղքվածքը հնարավոր է ազդի խոսքի ֆունկցիայի վրա, բայց կարող է նաև ուտելու, խմելու՝ կլման ֆունկցիաի վրա ավելի շատ ազդել։ Լոգոպեդի խորհրդատվության համար պետք է դիմել»,-ասում է Նունե Պետրոսյանը, ապա հավելում, թե պարտադիր չէ, որ մարզային հանձնաժողովում լոգոպեդ լինի։

Ինչ վերաբերում է մարսողական ֆունկցիայի խախտմանը, մանկական ԲՍՓՀ նախագահը կարծում է, որ պետք է հաշվի առնել առաջացած հետևանքը. «Մարսողության ֆունկցիայի խաթարման հետևանքով պետք է քաշի, հասակի կորուստ լինի։ Սակայն տասը տարեկան երեխան հնարավոր է իրեն այնպես հարմարեցնի, որ խեղդվելու գործառույթը չխանգարվի։ Խեղդվելու փորձերը պիտի այնքան հաճախ լինեն, որ դիմեն շտապօգնություն կամ պոլիկլինիկայի բժշկին, ով կֆիքսի շնչառական խանգարումները»,-ասում է Նունե Պետրոսյանը։

Արթուր Կյուրեղյանը, ըստ Վայոց ձորի մարզպետարանից ստացած վկայագրի, հաշվառված է նաև ներառական կրթության ծրագրում և ունի կրթության առանձնահատուկ պայմաններ: Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման թերթիկի մեջ էլ նշված է, որ երեխայի կարդալու և գրելու հմտությունները չեն համապատասխանում տարիքային նորմին, իսկ խոսքի վերարտադրումը ցածր է:

Աննա Սիմոնյանն այսօր ապրում է ծնողների տանը, միայնակ մեծացնում է երկու երեխաներին, ապրում է երկու քրոջ և եղբոր հետ: Աշխատում է որպես մաքրուհի, սակայն ստացած գումարը բավականանցնում է օրվա հացին:  

Մեկնաբանություններ (1)

Աննա
Այսինքն, պիտի մեռնես, որ նոր համարեն, որ կենսագործունեության խոչընդոտում կա՞՞՞, հիմա՞ր են սրանք, թե՞ զուտ հանցագործ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter