HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծաղկաշատցիներն անհանգիստ են իրենց գյուղի ճակատագրի համար

Նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունից հետո Ծաղկաշատ, Հաղպատ,  Ջիլիզա, Կաճաճկուտ, Աքորի և Ալավերդի համայնքների միացումով կձևավորվի Ալավերդի խոշորացված համայնքը: «Հետքը» այս համայնքների խոշորացման մասին հրապարակում է ծաղկաշատցիների տեսակետները:  

Համայնքների խոշորացման մասին իմ հարցին ի պատասխան` ծաղկաշատցի Արարատ Փիրուզյանը սրտնեղած պատասխանեց. «Գյուղացին միշտ մնում է միամիտ, գյուղացին չգիտի` էս ինչ է կատարվում: Ոնց որ ԽՍՀՄ-ը փլուզվեց, ժողովուրդը չէր հասկանում` ինչ է կատարվում, հիմա էլ գյուղացին չի հասկանում էս խոշորացումից հետո ինչ է կատարվելու իր հետ, վերջն ինչ է լինելու: Մի մարդ չկա, որ գա Ծաղկաշատի գեղամիջումը կանգնի, ասի` ա´յ ժողովուրդ ջան, էսենց, էսենց ծրագրեր ունենք»:

Արարատ Փիրուզյան

Արարատը մտահոգություն ունի, որ խոշորացումից հետո առաջընթաց չունեցող Ծաղկաշատը որպես գյուղ կարող է վերանալ: Նրա ասելով` Ծաղկաշատի ամենամեծ խնդիրը գյուղ գնացող ճանապարհի բարեկարգումն է: Արարատը վստահ է, որ  խոշորացումը Ծաղկաշատին ոչ մի բան չի տա, գյուղի ճանապարհը կշարունակի անբարեկարգ մնա: «6 համայնք միացնում են իրար, ո՞վ պետք է  Ծաղկաշատին ուղի ցույց տա: Ես էդպես եմ կարծում»,- ասաց նա:

Ծաղկաշատում շատ  խնդիրներ կան: Գյուղը 250 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի: Անասնապահական մթերքներն ամեն մեկն իր տանն է  մշակում,  քաղաքից գալիս են Ծաղկաշատ` ապրանքափոխանակում անում: Գյուղացիները վերմիշելով, մակարոնով գյուղմթերքների փոխանակում են անում, իրենց  գոյությունը պահպանում: «Մչամ գյուղատնտեսական ապրանքները էժանացած ա, մի տուփ վերմիշելը 300 -400 դրամ ես տալիս, իսկ 1 կգ ջիլը 600-700 դրամ է»,- դժգոհեց 83-ամյա Ամալյա Վարոսյանը:

Ծաղկաշատցիները դժվարանում են գյուղատնտեսական մթերքների իրացման հարցում: Արարատի և մյուս ծաղկաշատցիների մոտ խորհրդային տնտեսական համակարգի մտածողությունն է դեռ: «Տեղ չկա, որ կաթը հանձնենք: Հիմա առավոտը կաթը կթում է գյուղացին, ի՞նչ անի էդքան կաթը, փոքր տեղ ա, ընդամենը 12 կմ հեռու է Ալավերդուց, չեն կարողանում մի հատ կաթի ավտո ուղարկեն, գա մեր կաթը հավաքի, կամ մի հատ կաթի վերամշակման ցեխ բացեն էստեղ»,-դժգոհեց Արարատը: Թե ով պետք է Ծաղկաշատ կաթ հավաքող մեքենա ուղարկի, Արարատը չգիտի: Մտքով էլ չի անցնում, որ գյուղի մի քանի ֆերմերներով կարող են Ծաղկաշատում կաթի վերամշակման արտադրամաս բացել և այդտեղ ստացած կաթնամթերքն առաքել հանրապետության խանութներ: Մանավանդ որ, այս գործում արտադրամասը կաթը վերամշակող փորձառու մասնագետների պակաս չի ունենա: Արարատի ասելով` գյուղում հողագործությունից բացի այլ աշխատանք ունեցող մարդ չկա. «ԾաղկաշատԱխետքի» պղինձ-մոլիբդենային  հանքային դաշտի տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն կատարելու «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի գրավոր  առաջարկության  դեմ Ծաղկաշատում ապստամբություն  բարձրացավ, Թեղուտ ՓԲԸ-ում աշխատող ծաղկաշատցիների կեսին Վ. Մեջլումյանն ազատեց աշխատանքից, մնացել են մի երկու աշխատող»:

Նրա  խոսքով`  գյուղի անասնաբույժին 100 գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար նախատեսված դեղ են  տվել, բայց Ծաղկաշատը  250 գլուխ խոշոր եղջերավոր ունի: Մնացածի համար անասնաբույժը չգիտի` ոնց անի, այսինքն` էդ դեղը բոլորին հասցնի: «Ծաղկաշատը ամեն ինչից կտրված գյուղ է»,- ասում է Արարատը: Գյուղացիներն իրենց տներում ջուր չունեն,  օգտվում են գյուղամիջի լեռնային երկու աղբյուրներից: Այս տարի  փոխվել են աղբյուրների ջրագծերը:  Գյուղում 40-50 հա խոտահարք այս տարի չի հնձվել:

Ռուբեն Թանդիլյան

Ռուբեն Թանդիլյանը նույնպես մտավախություն ունի, որ խոշորացումից հետո Ծաղկաշատը  որպես գյուղ կարող է վերանալ: «Մի քանի տասնյակ բուլդուզեր կբերեն,  Ծաղկաշատի պղինձ – մոլիբդենային հանքը բաց կանեն, հանքաքարը կտանեն: Համա հանքը ժամանակավոր հարստություն ա: Հանքի պատճառով ոչնչացվող անտառը հավերժական հարստություն ա»,- բացատրում է Ռուբենը: Նա անտառի համատարած ոչնչացումը ճիշտ չի համարում: «Հայաստանի ամեն շրջաններից էլ գալիս են Ծաղկաշատի անտառներից փայտ տանում,  բայց դրա փողը պետության բյուջե՞ն է գնում, արդյոք»,՞ հարցնում է Ռուբենը:

Ծաղկաշատը 5500 հա անտառային տարածք ունի: Այն վերահսկում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի» անտառտնտեսությունը: Մեր զրույցի ժամանակ  Ծաղկաշտի դիմացի սաղարթախիտ անտառում լսվում էր «դրուժբայի» ձայնը, իսկ  գյուղի ծայրին՝ «Տիգոյի թալում» թափված հսկայական փայտակույտերը սպասում էին իրենց տերերին:

Ռուբեն Թանդիլյանի ասելով` փայտանյութի օրինական առաքումը բխում է Ծաղկաշատի շահերից:

«Ես էն կարծիքին եմ, որ եթե Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավարը կարգին մարդ լինի, կարա Ծաղկաշատում էլ լավ գործեր անի և գյուղը զարգացնի»,- ասում է Ռուբենը: Նախկին գյուղապետ  Հրաչիկ Պարանյանի  ասելով, եթե հարկերի նորմալ հավաքագրում լինի, Ծաղկաշատը շուրջ 1000 հա պահուստային հող ունի: Հնարավոր է`  գյուղացիները շատ գործ անեն, ոչ թե հիասթափվեն»: Ծաղկաշատի դպրոցի ուսուցչուհի Եպրաքսյա Ղուկասյանի վերաբերմունքը հստակ չէ համայնքների խոշորացման նկատմամբ: «Առանձնապես վերաբերմունք չունեմ: Ճիշտն ասած` լավատես եմ, չեմ փորձում վատատես լինել»,- ասաց Մետաքսյան:

Ամալյա Վարոսյան

Ծաղկաշատցի Ամալյա Վարոսյանի խոսքով, եթե պետությունը որոշել է համայնքները խոշորացնել, ծաղկաշատցիները չեն կարող օրենքի դեմ դուրս գալ: «Թող համայնքների միացումը էնպես լինի, մեր գյուղին մի օգուտ տա: Գյուղը լիքը երիտասարդ տղաներ են, չեն ամուսնանում, աշխատանք չունեն, ասում են` մենք ինչպես ընտանիք կազմենք: Ծաղկաշատի աղջիկները  չեն ուզում մեր  գյուղի տղաների հետ ամուսնանալ: Լավ տղաներ ունենք, որ աշխատանք չկա, ուզում են գյուղից դուրս գան»,- պատմեց Ամալյան: Նա հիշեց, որ իր դպրոցական տարիներին  Ծաղկաշատի դպրոցում 120 աշակերտ է սովորել:

Եպրաքսյա Ղուկասյան

Ուսուցչուհի Եպրաքսյա Ղուկասյանը հայտնեց, որ Ծաղկաշատի դպրոցում այս պահին 10 աշակերտ է սովորում, իսկ դպրոցի 1-ին դասարան այս տարի 2 աշակերտ է ընդունվել: Ծաղկաշատցիները անհանգիստ են Ծաղկաշատի ճակատագրի համար և երազում  են խոշորացված Ալավերդի համայնքում տեսնել կարգին  համայնքապետի:

Մեկնաբանություններ (1)

1 - ին
Արամ ախպեր իրավացի ես, - համայնքապետի, նահանգապետի, կուսակցապետի եւ այլ պետերի հետ ներկա վիճակով մի հարց կարելի է կապել - որն ինչ ախորժակ կունենա ու ինչ վնասներ կտա: Ներկա վիճակում ինքնապաշպանության երկու ճանապարհ է մնում՝ լաչառությունը, եթե չի օգնում՝ ղաչաղությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter