HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Քանի տուն ու բնակարան կա Հայաստանում. բնակֆոնդը տասը տարում 23%-ով ընդլայնվել է

2016 թվականի վերջի դրությամբ Հայաստանում կա ավելի քան 19 հազար բազմաբնակարան շենք, որոնք ունեն 441 հազարից ավելի բնակարաններ։ Իսկ բնակելի տները՝ առանձնատները, Հայաստանում թվով ավելի քան 393 հազար են։ Ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ) ներկայացրել է «ՀՀ բնակարանային ֆոնդը և կոմունալ տնտեսությունը 2016թ.» զեկույցը։

Տվյալները ԱՎԾ-ն ստանում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից, համայնքներից  և այլն։ Ըստ դրանց՝ հանրապետության բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2016թ.-ի վերջին կազմել է 93.8 միլիոն քառակուսի մետր, որից  56.5%-ը քաղաքներում է (53 մլն քմ), 43.5%-ը՝ գյուղերում (40.8 մլն քմ)։

Հատկանշական է, որ վերջին տասը տարում բնակարանային ֆոնդի մակերսն՝ ըստ գյուղերի և քաղաքների կշիռների,  էական փոփոխություններ չի կրել։ Փոխարենը փոփոխությունն ավելի տեսանելի է, երբ համեմատում են ֆոնդի ընդհանուր մակերեսը, շենքի, բնակարանների ու տների քանակը։ Տասը տարիներին արձանագրված տեղաշարժը հասկանալու համար մենք համեմատել ենք 2016 թվականի տարեվերջի և 2006 թվականի տարեվերջի տվյալները։  

Այսպես, 2006 թվականի տարեվերջի դրությամբ  հանրապետության բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը  կազմել է  շուրջ 76.2 մլն քմ, այդ թվում քաղաքային համայնքներում շուրջ 43.4 մլն քմ (57%), գյուղական համայնքներում՝ 32.8 մլն քմ (43.0%):  

Ստացվում է, որ վերջին տասը տարում հանրապետության բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսն աճել է 17.6 մլն քմ-ով կամ 23.1%-ով։ Ընդ որում՝ քաղաքներում այն աճել է 22.2%-ով, իսկ գյուղերում` 24.4%-ով։

2006թ.-ի տարեվերջի դրությամբ Հայաստանում մեկ բնակչի ապահովվածությունն ընդհանուր մակերեսով կազմել է 23.6 քմ, իսկ 2016թ.-ի վերջի դրությամբ՝ 31.4 քմ:

Շենքերի թիվը նվազել է, մինչդեռ բնակարանների թիվը՝ աճել

2006-ի տարեվերջի դրությամբ  Հայաստանում բազմաբնակարան շենքերի քանակը, ըստ վիճծառայության զեկույցի՝ կազմել է մոտ 21.8 հազար։ Իսկ 2016-ի տարեվերջի դրությամբ այն 19.1 հազար է։ Այսինքն՝ վերջին տասը տարում շենքերի քանակը պակասել է ավելի քան 2.6 հազարով կամ 12.1%-ով։

Հակառակ սրան` ավելացել է բնակարանների թիվը՝  ավելի քան 417  հազարից հասնելով  441 հազարի։ Բնակարանների թիվն աճել է  24.4 հազարով կամ 5.9%-ով։ Շենքերի պակասելն ու միաժամանակ բնակարանների ավելանալը կարող է նշանակել, որ այս տարիների ընթացքում առավել ցածրահարկ շենքերին փոխարինելու են եկել առավել բարձրահարկերը։

Ինչ վերաբերում է բազմաբնակարան շենքերի ընդհանուր մակերեսին, ապա այն 2006-ին կազմել է 26.5 մլն քմ, իսկ 2016-ին՝ ավելի քան 28 մլն քմ։

Տները ևս ավելացել են

10 տարվա ընթացքում Հայաստանում բնակելի տների՝ առանձնատների քանակը 5.6%-ով աճել է։ Այսօր հանրապետությունում, ըստ ԱՎԾ-ի, ավելի քան 393 հազար տուն կա։ Դրանք ընդհանուր առմամբ զբաղեցնում են մոտ 65.5 մլն քմ տարածք, որը հանրապետության բնակֆոնդի ընդհանուր մակերեսի շուրջ 68%-ն է, իսկ բազմաբնակարան շենքերին բաժին է հասնում մոտ 30%-ը, մնացածը հանրակացարաններն են ու ժամանակավոր բնակելի տարածքները։

ԱՎԾ զեկույցում Հայաստանի բնակարանային ֆոնդի վերաբերյալ ցուցանիշները բավականին ծավալուն են։ Օրինակ՝ կարելի է տեսնել, թե վերջին տարիներին ինչպես են պակասել քարե ցածրահարկ շենքերն ու փոխարենն ավելացել պանելային բարձրահարկ շենքերը։  Մանրամասն ներկայացված է նաև մարզերի բնակարանային ֆոնդի պատկերը։ Դրանց ևս առաջիկայում կանդրադառնանք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter