HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում 12 «նստած արձանների» տեղադրման քաղաքապետի առաջարկը դժգոհության ալիք է բարձրացրել

Գյումրեցիների մեջ տարածված «էրթանք վար» արտահայտությունը վերաբերել է թերեւս քաղաքի ամենագեղեցիկ ճեմափողոցին՝ Ալեքսանդրովսկուն, որ հետագայում, խորհրդային տարիներին վերանվանվել է Խաչատուր Աբովյանի անվան: 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի հոյակերտ շինություններով հայտնի այս փողոցը մշտապես համարվել է Գյումրու ճարտարապետական դեմքը: «Կումայրի» արգելոց-թանգարանի սրտում գտնվող Աբովյան փողոցը սկիզբ է առնում «Սլաբոդկա» թաղամասից եւ ձգվում մինչեւ «Ձորի թաղ»: Ալեքպոլցիների համար պատվի ու հարստության չափանիշ է եղել այս փողոցում տուն ունենալը: Քաղաքի մեծահարուստները ձգտել են այստեղ կառուցել իրենց առանձնատները: Նախահեղափոխական շրջանում Ալեքսանդրովսկի փողոցում է գտնվել առաջին կրկեսը:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո` 1926 թ.-ին, այստեղ կառուցվել է քաղաքի առաջին կինոթատրոնը` «Հոկտեմբեր» անունով: Աբովյան փողոցում են գործել նաեւ առաջին ծննդատունն ու դեղատունը: Ծննդատան երկհարկանի շենքը` կառուցված 1873 թ., պատկանել է առաջին կարգի վաճառական Հակոբ Ռաֆայելյանին: Տանտիրոջ կենդանության օրոք այն գործել է, որպես հյուրանոց՝ «Ֆրանսիա» անվամբ: Քաղաքի առաջին դեղատունն էլ` կառուցված 1870 թ., եղել է մեծահարուստ Խաչատուր Խալաթովի տունը: Դեղատունը շարունակել է գործել նաեւ խորհրդային տարիներին եւ այժմ էլ ծառայում է նույն նպատակին:

88-ի աղետի կործանիչ ուժը զգացած փողոցն անցած 29 տարիների ընթացքում որոշակիորեն շտկել է մեջքը: Վերջին տարիներին հստակ փոփոխություններ են գրանցվել հատկապես Աբովյան ճեմափողոցում՝ շինությունների վերականգնում, սալահատակի նորացում: Այլ է խնդիրը, թե վերականգնումների արդյունքում որքանով են պահպանվել քաղաքի պատմական միջուկին ներկայացվող ճարտարապետական չափորոշիչները, եթե հաշվի առնենք, որ թողտվության արդյունքում` 19-րդ դարի կառույցների կողքին հայտնվել են ապակեպատ ու սեւ սալիկներով զարդարված շինություններ՝ թմբկահարելով 21-րդ դարի մուտքը ճեմափողոց:

Ինչպես հայտնի է «Կումայրի» արգելոց-թանգարանի կազմում ընդգրկված շենք-շինությունների արտաքին տեսքում որեւէ փոփոխություն կատարելու, անգամ պատուհանի շրջանակը փոխելու համար հարկ է ստանալ թույլտվություն եւ հստակ մասնագիտական ցուցումներ մշակույթի նախարարությունից ու քաղաքում գործող ճարտարապետական բաժիններից: Ի դեպ, 200 հա տարածք զբաղեցնող արգելոց-թանգարանը դա միայն շինությունը չէ, այլեւ փողոցները, հրապարակները, եւ ոճային փոփոխությունները վերաբերում են նաեւ այս տարածքներին:

1978-79թթ-ին քաղաքի կենտրոնը քանդելու եւ խորհրդային ստանդարտ շենքերի կառուցման վտանգը շրջանցելու նպատակով, այն տարիների Լենինականի գլխավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի (աշխատել է 1976-1994թթ-ին-հեղ.) գլխավորությամբ մի խումբ ճարտարապետների կողմից առաջ էր քաշվել ոչ թե քանդելու, այլ հինը վերականգնելու գաղափարը: Շնորհիվ այդ առաջարկի, որ հաստատվել ու մեծ աջակցություն էր ստացել կառավարության կողմից, 1980թ-ին էլ հիմնվել է «Կումայրի» արգելոց-թանգարանը:

Խորհրդային տարիներին արգելոց-թանգարանի տարածքում ինքնակամ, չհամաձայնեցված, միջավայրը խաթարող գործողություններ չեն իրականացվել ո´չ բնակիչների, ո´չ իշխանությունների կողմից: Երկրաշարժից հետո, երբ առաջնային խնդիր էր դրված քաղաքի վերականգնումն ու անօթեւաններին բնակարաններով ապահովումը, ինքնագործունեության դրսեւորումներ այս տարածքում, այնուամենայնիվ, տեղի ունեցան, հատկապես նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ղեկավարման տարիներին՝ նոր շինությունների կառուցում, արձանների տեղադրում, սալարկված փողոցների ասֆալտապատում եւ այլն:

Արվեստի վաստակավոր գործիչ, դոցենտ Սիրանույշ Ղուկասյանն ականատեսն է Գյումրիում անցած տարիներին տեղի ունեցող բոլոր` թե´ լավ, թե´ վատ, փոփոխություններին: Հատկապես անհաշտ է նայում քաղաքի սիրտն ու դեմքը համարվող «Կումայրի» արգելոցում տեղի ունեցող զարգացումներին, որոնք, նրա կարծիքով, ավելի շուտ խաթարում, քան թե գեղեցկացնում են միջավայրը: Սիրանույշ Ղուկասյանին զայրացրել է հոկտեմբերի 6-ի ավագանու նիստում ընդունված որոշումը՝ Աբովյան ճեմափողոցում 12 արձան տեղադրելու վերաբերյալ:

«Այս քաղաքապետը նախկին քաղաքապետի հետ մրցման մեջ է մտել: Նախկինն անշնորհք, այլանդակ արձաններով լցրեց քաղաքը, ներկա քաղաքապետն էլ շարունակում է: Ես այն կարծիքին եմ, որ այդ ճեմափողոցում արձան դնելը նշանակում է խեղաթյուրել ամբողջ միջավայրը: Այդ ճեմափողոցում կան հրաշք շինություններ, կա՞ վերլուծություն, մասնագիտական կարծիք, թե ինչի կհանգեցնի այդտեղ 12 արձանի տեղադրումը: Իմ կարծիքով ընդհանրապես չպետք է ձեռք տալ փողոցին: Հիմա այնտեղ շատ հանգիստ միջավայր է ձեւավորված, ինչու՞ են ուզում տգեղացնել, խեղաթյուրել ու ի վերջո փչացնել հարուստ կենսագրություն ունեցող այդ հատվածն էլ, ինչպես վարվել են քաղաքի շատ տարածքների հետ»,- տարակուսում է Սիրանույշ Ղուկասյանը:

«Սախորովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանի համոզմամբ` արձանախեղդ եղած Գյումրիում եւս 12 արձանի տեղադրման հարցը ժամանակավրեպ է: «Ես ներկայիս ղեկավարներին ուզում եմ հիշեցնել հռոմեացի փիլիսոփա Կատոն Ավագի պատմությունը: Իր կենդանության օրոք, նրան անընդհատ համոզել են, թե արի քո արձանը դնենք ու ինքն անընդհատ հրաժարվել է՝ ասելով, որ ավելի լավ է մարդիկ հետո հարցնեն, թե ինչու՞ Կատոն Ավագի արձանը երբեւէ չի դրվել, քան թե ասեն՝ ինչու՞ են Կատոն Ավագին արձան դրել: Հիմա Գյումրիում դրվել են բազմաթիվ արձաններ, որոնք միայն հարցեր են առաջացնում, բայց ոչ՝ հիացմունք,- նկատում է Սեյրան Մարտիրոսյանը,- երբ լսեցի քաղաքի կենտրոնում եւս 12 արձանի տեղադրման մասին, այն էլ նստած մի շարքով, իմ մոտ էլ առաջացան մի շարք հարցեր՝ պե՞տք են քաղաքին հավելյալ արձաններ, արդյո՞ք ճիշտ է ընտրված վայրը, մի՞թե հնարավոր չէ գումարներն ուղղել մեկ այլ` քաղաքանպաստ գործի եւ արժե՞ արդյոք քաղաքը վերածել գերեզմանոցի»:

Իրավապաշտպանի կարծիքով` ավագանու նիստում ոչ թե պետք է քննարկվեր 12 արձանների տեղադրման հարցը՝ մատնանշելով կոնկրետ տարածք, իսկ հանրային քննարկմանը ներկայացվեր ընդամենը, թե ում արձանները պետք է տեղադրվեն, այլ հակառակը: «Ստացվում է, որ օրակարգում հայտնված առաջարկն այնքան օրիգինալ է, որ հանրությանը մնում է միայն որոշել այն 9 անձանց, ում քանդակները պետք է դրվեն, քանզի քաղաքապետը միանձնյա արդեն իսկ որոշել է 3 ճանաչված անձանց՝ Իսահակյան, Շիրազ, Ֆրունզիկ: Ես չգիտեմ էլ ճիշտն ասած, եթե այս մարդիկ ողջ լինեին, արդյո՞ք կհամաձայնվեին նույն քաղաքում ունենալ իրենց 3-րդ, 4-րդ, 5-րդ արձանները: Նկատենք, որ վերը նշված մեր անվանիները Գյումրիում ունեն ե´ւ արձան, ե´ւ կիսանդրի, ե´ւ թանգարան,- հիշեցնում է Սերյան Մարտիրոսյանը,- եւ հիմա առաջարկվում է ունենալ նրանց նստած արձանները: Ես չեմ կարծում, թե էդ մեծերի հետ հաղորդակցվելու միակ հնարավորությունը արձանի կողքին սելֆի անելն է»:

Սեյրան Մարտիրոսյանը հիշեցնում է երեւանյան ձախողված փորձը «նստած արձանների», որոնք հիմա այլեւս «նստած չեն: «Ես չեմ կարծում, թե Գյումրիում կստեղծվեն այնպիսի գլուխգործոցներ, որ վանդալները կափսոսան փչացնել, իսկ որ գլուխգործոցներ չեն ստեղծվի՝ դառը փորձն է ցույց տալիս, որովհետեւ Գյումրիում մեծ թվով անճաշակ եւ վատ արված արձաններ կան, որոնք որոշ դեպքերում էդ արձանի օրիգինալի հանդեպ ավելի շատ գրոտեսկային, անհարգալից մոտեցում են, քան հիշատակի հավերժացում: Մյուս կողմից էլ չեմ կարծում, որ Աբովյան ճեմափողոցում տեղադրված սյուներն արվեստի գործեր են՝ շատ սովորական, անճաշակ սյուներ են, եւ դրանց կողքին որպես հիմնավորում ներկայացնել, թե պիտի արձան լինի` դարձյալ փաստարկ չէ հօգուտ արձանները տեղադրելու գաղափարի: Եվ ամենակարեւորը, պետք է անկեղծ լինես ինքդ քեզ եւ հասարակության հետ, ու ոտքի վրա արված առաջարկությունները չդարձնել կատարելու նախապայման՝ էս ինչի այցի ժամանակ եղավ էսպիսի ցանկություն, մենք էլ ընդառաջ գնացինք»,- նկատում է Սեյրան Մարտիրոսյանը:

Աբովյան ճեմափողոցը «նստած» արձաններով զարդարելու գաղափարը առաջ էր քաշել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ավագանու նիստի ժամանակ օրակարգ մտած առաջարկը ներկայացնելիս քաղաքապետն ասել էր, որ դա իր միտքն է եղել եւ հոկտեմբերի 1-ին «Գյումրու օր» տոնակատարության ժամանակ բարձրաձայնել է երկրի նախագահին, վերջինս էլ խոստացել է ֆինանսավորել նախագիծը: Արվեստաբան Արաքս Մարգարյանի կարծիքով գաղափարը վատը չէ, պարզապես պետք չէ այն կիրառել Աբովյան ճեմափողոցի համար: Քաղաքում կան բազմաթիվ ազատ տարածքներ, որտեղ միջավայր ստեղծելու, զբոսաշրջիկի ու հենց տեղաբնակի համար ավելի հրապուրիչ դարձնելու խնդիր կա: Բացի այդ էլ, նախագիծը ձեւափոխելու կարիք կա: Պետք է չեղարկել 12 արձանով Աբովյան ճեմափողոցը «զարդարելու» առաջարկը: Կարելի է քաղաքի մեկ այլ վայրում ունենալ մեկ-երկու ժամանակակից գործ եւ քանդակների ստեղծման գործում էլ ընդգրկել Գյումրու նոր սերնդի ստեղծագործողներին:

«Չգիտես ինչու Գյումրիում ընդունված ավանդույթ է դարձել բոլոր արձանները տեղադրել քաղաքի կենտրոնական հատվածներում: Վերջին տարիներին մենք ականատեսն ենք միօրինակ քանդակների՝ նույն ձեռագիրն է իշխում ամենուր, չկա ասենք յուրօրինակ մոտեցում: Մահարձան հիշեցնող արձանների տեղադրումը քաղաքի կենտրոնում ինչ-որ տեղ հիշեցնում է քաղաքային գերեզմանոցի: Մենք քաղաքում չունենք ապագային ուղղված արձան, մեր բոլոր հայացքներն ուղղված են անցյալին, չունենք դրական, հետաքրքիր որեւէ գործ, որով կարողանանք հետաքրքրել զբոսաշրջիկին,- նկատում է արվեստաբանը,- հիմա, եթե շատ են ուզում նոր քանդակներ անել, ապա կառաջարկեի վերցնել քաղաքի ծայրամասերն ու այնտեղ միջավայր ձեւավորել: Քաղաքի մյուս հատվածներն էլ իրավունք ունեն զարգանալու: Եթե Սասունցի Դավթի արձանը դրված է Երեւանի կայարանում, դա չի նշանակում, որ ինքը ինչ-որ բանով զիջում է կենտրոնում դրված արձաններին: Ընդհակառակը՝ էսօր շատ զբոսաշրջիկների տանում են այնտեղ, որ տեսնեն այդ գործը: Ամեն ինչ քաղաքի կենտրոնում շարելն, իմ կարծիքով, գավառական մտածելակերպի արդյունք է»:

Քանդակագործ Մամիկոն Միքայելյանն առաջարկում է, ոչ թե 12 արձան դնել, այլ՝ հանել: «Գյումրիում արձանների առումով կա քանակ, բայց ոչ որակ,- ասում է Մամիկոնը,- կոնկրետ իմ պատկերացմամբ տուրիզմ զարգացնելու համար պարտադիր չէ ամեն անկյունում մի հատ արձան դնես, որ քաղաքը գրավիչ դառնա: Վատն էն է, որ փոխանակ մտածեն ենթակառուցվածքները զարգացնելու մասին, կմտածեն, թե հերթական ինչ մի վատ քանդակ կարող են դնել քաղաքում: Գուցե արժե  էդ 12-ի փոխարեն մի հատ արժեք ներկայացնող արձան դնել ու սահմանափակվել դրանով: Երբեմն մեկ այդպիսի արձանը շատ ավելի շատ տուրիստ կարող է բերել քաղաք, քան 20-30 իրենցից արժեք չներկայացնող արձանները: Ճեմափողոցում արձանների նստած շարքը շատ վատ գաղափար եմ համարում՝ չի նայվում, տգեղ է լինելու, խանգարելու է փողոցում առկա շենքերին: Ասում են փող են տալու, հա, լավ տալիս են, ուրիշ օգտակար բաների վրա ծախսեք, ասենք 12 հատ նոր ավտոբուս բերեք Գյումրի, 12 հատ նոր կանգառ ավելացրեք: Մոդելյանիի մասին պատմող ֆիլմում մի լավ հատված կա, ասում է՝ լիքը փող կա, բայց ճաշակ չկա»:

Գեղանկարիչ Արտյոմ Սարգսյանը, շարունակելով ընկերոջ միտքը նկատում է, որ խորհրդային տարիներին ընդունված սովորություն էր հյուրասենյակը կահույքով լցնելը, ու եթե հանկարծ մեկ մետր ու կես ազատ տեղ էր մնում՝ պիտի պարտադիր դաշնամուր գնեին՝ մենակ, թե տանն ազատ անկյուն չմնար: «Ու հեչ պարտադիր չէր, որ տնից որեւէ մեկն ասենք երաժշտական դպրոց գնար. տուն էր էլի, թող ունենային,- Արտյոմը ծիծաղում է,- հիմա էս արձանաբումը ես համեմատում եմ խորհրդային տարիների կահույքաբումին: Իսկ ո՞վ է ասել, որ մինիմալիզմը վատ բան է ու պիտի մաքսիմալ բոլոր ազատ տարածքներն ինչ-որ անպետք բանով զբաղեցնել: Եթե գումար են տալիս՝ արժե մտածել որեւէ այլ՝ քաղաքին առավել օգուտ տվող ծրագրի իրականացման ուղղությամբ: Ինչքան արձան ունենք՝ հերիք է»:

Երիտասարդ մեկ այլ արվեստագետ Հրաչ Վարդանյանն առաջարկում է նախագահից ակնկալվող գումարն ուղղել քաղաքում ժամանակակից պահանջներին համապատասխան պատկերասրահ ունենալուն, ինչպես նաեւ կառուցել շենք` երկրագիտական թանգարանի համար, որի հազարավոր ցուցանմուշներն այսօր առավել արժեքավոր են, քան անցած 10 տարիներին քաղաքում տեղադրված արձանները:

«Իսկ վստա՞հ են գաղափարի հեղինակները, որ մեր համար սիրելի կամ ճանաչելի մարդկանց քանդակների տեղադրումն է, որ պիտի տուրիստների հոսք ապահովի: Ոչ մի օտարերկրացի վստահաբար չի ճանաչելու այդ մարդկանց ու իրեն հետաքրքիր էլ չի լինելու, թե նստարանին ով է նստած: Եթե մտածում են, որ արձանը դնելու են, որ մարդիկ գան կողքը կամ գիրկը նստեն նկարվեն ու դրանով զբոսաշրջություն զարգանա, ապա ասեմ, որ խիստ սխալվում են: Քանդակ դնելու անհրաժեշտությունը չպիտի պահի թելադրանքով արվի, դրա պահանջն էլ պիտի լինի, իսկ էս պահին կարող եմ ասել, որ քաղաքում նման պահանջ չկա,- նկատում է Հրաչը,- շա՞տ են ուզում, որ զբոսաշրջիկի համար գրավիչ դառնա Գյումրին՝ թող ենթակառուցվածքները զարգացնեն: Ու լավ կլիներ մտածեին, ոչ թե Աբովյան ճեմափողոցում արձաններ դնելու մասին, այլ այդ անճաշակ սալիկներն առավել դիմացկուն, ճեմափողոցում առկա շինություններին առավել հարիր սալաքարերով փոխարինելու մասին, որ հաստատ կծառայեր շատ ավելի երկար, քան թե սրանք: Թե չէ մի տեսակ սեփական բակի տպավորություն է թողնում փողոցն էս գունավոր սալիկներով»:

Նկարիչ, համադրող Սարգիս Հովհաննիսյանի կարծիքով քաղաքն արդեն իսկ արձանախեղդ է եղած: Նրա համոզմամբ` արժեք ներկայացնող արձանները տեղադրվել են խորհրդային տարիներին ու թերեւս դրա լավագույն ապացույցը Նիկոլայ Նիկողոսյանի Ավետիք Իսահակյանի քանդակն է` դրված թատերական հրապարակում:

«Ես կառաջարկեի էդ գումարը ծախսել արդեն եղած քանդակների տարածքները բարեկարգելու, արձանները լվանալու վրա: Վերջին տարիներին քաղաքում տեղադված արձանները ես արվեստի գործ չեմ համարում, այլ պարզապես հուշարձան: Էդ տիպի հուշարձան դրվեց Շառլ Ազնավուրի համար, ունենք Անանիա Շիրակացու հուշարձան, անհասկանալի Աշոտ Ողորմած եւ այլն: Երբ դու երկրիդ նախագահից ուզում ես ֆինանսավորում ինչ-որ արձանի համար, արդյո՞ք դա չի նշանակում, որ քաղաքդ վերականգնված է, բնակիչներդ կուշտ են, բոլորն ապահովված են աշխատանքով, ու քանի որ այլ լուրջ խնդիր չկա, և կարելի՞ է քաղաքում եղած արձանների թիվն ավելացնել, էն դեպքում, որ եղածն էլ արվեստի գործ ներկայացնելն անհնար է,- ասում է Սարգիսը,- նստած արձանների շարքը ծանրացնելու է ճեմափողոցի միջավայրը, վերածելու կամ հիշեցնելու է գերզմանոցի, վանելու է մարդկանց: Հնարավոր է, որ դու եվրոպական ինչ-որ մի երկրում մի բան տեսել ես, բայց տեղայնացնելու խնդիր կա, ամեն տեսած չէ, որ ասենք կսազի էս քաղաքին: Գյումրու պատմական միջուկին կպնելուց առաջ երկար մտածելը պարտադիր է, մանավանդ արդեն իսկ այդ մասով կան լիքը խեղաթյուրումներ: Պետք է պահպանել քաղաքի միջուկը, իսկ նոր մտածողությունը տանել քաղաքի մեկ  այլ հատված՝ դրա համար լավ տեղ կարող են ծառայել ասենք նորակառույց թաղամասերը: Ես կառաջարկեի մտածել ժամանակակից գործեր ունենալու մասին: Տուրիստին էսօր դա է հետաքրքիր»:

Հոկտեմբերի 25-ին Գյումրու քաղաքապետարանում` Աբովյան ճեմափողոցում տեղադրվելիք արձանների ցանկի հետ կապված նախատեսված է հանրային քննարկում: Քննարկմանը մասնակցելու ցանկություն հայտնած արվեստագետների մեծ մասը նշեցին, որ փորձելու են չեղարկել արձանների տեղադրումը, իսկ եթե քաղաքային իշխանությունները պնդելու են իրենցը, ապա գոնե հասնեն նրան, որ դրանք տեղափոխվեն քաղաքի մեկ այլ հատված:

Մեկնաբանություններ (2)

Արթուր Հովհաննիսյան
Այդ գումարը ավելի նպատակահարմար է ուղղել <<Կումայրի արգելոց>>-ի մեջ մտնող շինությունների վիճակի բարելավմանն ու վերակառուցմանը։
Արաքս Մարգարյան
Ամեն ինչ ասված է ու պատճառաբանված: Մնում է հետևություններ արվեն ու սխալներ կանխվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter