HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Երևանն առաջատարն է՝ ապօրինի զենքերի հայտնաբերումով, հրազենով արված հանցագործություններով

2010թ.-ից մինչ 2017թ.-ի սեպտեմբերի վերջ ոստիկանությունը ապօրինի հրազեն կրելու 4183 դեպք է բացահայտել։ Ոստիկանության տվյալներով՝ ապօրինի զենք կրելու դեպքերը 2012թ.-ից տարեցտարի ավելացել են։

Վերջին 6 տարվա կտրվածքով՝ ոստիկանությունը ապօրինի զենք կրելու ամենաշատ դեպքերը բացահայտել է նախորդ տարի: Այդ տարի  քաղաքացիների մոտից ապօրինի 729 զենք է հայտնաբերվել:

Եթե 2010-2017 թվականներին ոստիկանության կողմից հայտնաբերած ապօրինի զենքերի տարեկան տվյալները ամփոփենք, ապա կստացվի այսպիսի պատկեր.

Միայն այս տարվա 9 ամիսների ընթացքում ապօրինի զենք կրելու 553 դեպք է գրանցվել։ Այդ ինը ամիսներին հայտնաբերված ապօրինի զենքերի թիվն ավելին է, քան 2010-2014 թվականների տարեվերջյան տվյալը։

Ամենաշատ ապօրինի զենքերը հայտնաբերվել են Երևանում: Ի դեպ, դրանց թիվը տարեցտարի ավելացել է: Երևանի դեպքերի գերազանցումը այլ մարզերի համեմատությամբ՝ նաև կարելի է պայմանավորել այն հանգամանքով, որ մայրաքաղաքում է կենտրոնացված հանրապետության բնակչության զգալի հատվածը:

Ընդհանրապես, եթե ընդհանրացնենք 2010-2017 հունվար-սեպտեմբերի տվյալները՝ ապօրինի զենք կրելու դեպքերի առաջնայնությամբ նախ Երևանն է, ապա` Գեղարքունիքը, Արմավիրն ու Լոռին: Դժվար է ասել ժամանակ առ ժամանակ սահմանված խիստ հսկողությունը, թե զենքը հնարավոր թաքցնելու միջոցներն են օգնել այս մարզերի բնակիչներին, սակայն այդ տարիների ընթացքում  ապօրինի զենքի հայտնաբերումը այդ մարզերում անկանոն է եղել՝ աճել-նվազել է:

Սրանք նաև այն մարզերն են, որոնք այդ տարիների ընթացքում աչքի են ընկել գրանցված հանցագործությունների մեծ քանակով:

Մարզերում ապօրինի զենք կրելու դեպքերի բացահայտումներին կարող եք ծանոթանալ գծապատկերի միջոցով:

Ի դեպ, ապօրինի զենք կրելու 40 դեպք էլ բացահայտվել է «Զվարթնոց» օդանավակայանում:

Հրազենով արված հանցագործությունների 43%-ը Երևանին է «բաժին հասել»

2010-2017 թվականների հունվար-սեպտեմբերին գրանցված հանցագործություններից 494-ը հրազենի գործադրմամբ է արվել: Առանձնացված տվյալներով՝ տարեկան հրազենով 60-69 հանցագործություն է եղել:

Հրազենով արված հանցագործությունների թվով այս անգամ աչքի է ընկել 2015-ը: Այդ տարի գրանցվել է այդտեսակ հանցագործության 69 դեպք: 

Վերջին 6 տարիներին ևս հրազենի գործադրմամբ արված հանցագործությունների թիվը տատանվել է: Այս տարվա առաջին ինը ամիսներին դեռևս արձանագրված հանցագործություններից 37-ը հրազենով է արվել: Դրանցից աղմկահարույցներից մեկը սեպտեմբերի 14-ին է եղել՝ «Թուֆենկյան» հյուրանոցի դիմաց:

Հրազենով արված հանցագործությունների տարեկան տվյալներին, դրանց հանցաքանակներին ևս կարող եք ծանոթանալ գծապատկերով:

Գծապատկերի տվյալներով ևս կարելի է նկատել, որ 2011-2015 թվականներին, տարեցտարի աճել է հրազենով արված հանցագործությունների քանակը, իսկ 2016թ.-ին այս հանցատեսակի քանակը նվազել է:

2010-2017թթ-ի հունվար-սեպտեմբերին հրազենով արված 494 հանցագործությունների 43%-ը եղել է Երևանում: Այդ տարիների ընդհանրացված վիճակագրությամբ՝ հրազենով արված հանցագործությունների քանակով Երևանին հաջորդում են Կոտայքի և Արմավիրի մարզերը:  

Հրազենով արված հանցագործությունների առանձնացված վիճակագրական տվյալներով՝ 2010-2017 թվականներին Երևանն ու Կոտայքի մարզը մշտապես եղել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների բարձր ցուցանիշ ունեցող մարզերի շարքում: Երևանն այդ տարիներին շարունակաբար հրազենով արված հանցագործության քանակով առաջատարն է եղել։ Այստեղ նաև պետք է կրկին հաշվի առնենք մայրաքաղաքի բնակչության թիվը, որը վերջին տվյալներով՝ ավելի քան մեկ միլիոն է։

Դժվար է ասել վերջին տարիներին հրազենով արված հանցագործությունների աճը պայմանավորված է անհատական զենքի թույլտվությունների քանակով, թե ոչ։ Ոստիկանությունը մեր հարցմանը ի պատասխան՝ հրաժարվեց տրամադրել զենք կրելու թույլտվությունների քանակի մասին տեղեկատվություն` այն համարելով հույժ գաղտնի։

2010-2017թթ-ի հանցագործությունների մասին

2010-2016 թվականներին հանրապետությունում 15000-18000 հանցագործություն է կատարվել։ Հանցագործությունների քանակն այս տարիների ընթացքում ևս աճել-նվազել է։ 2013թ.-ին է գրանցվել վերջին վեց տարիների ամենաշատ հանցագործությունը։ 2017թ.-ի հունվար-սեպտեմբերին դեռևս Հայաստանում գրանցվել է 12484 հանցագործություն: Այն 2016թ.-ի նույն ամիսների համեմատությամբ մոտ 200-ով ավել է։

Իսկ արված հանցագործությունների գրեթե կեսը բաժին է հասել Երևանին, որը Կոտայքի հետ միասին 2010-2017թթ-ին գրանցված հանցագործությունների բարձր ցուցանիշ ունեցող մարզերի եռյակում է հայտնվել։ Հանցագործությունների քանակով նաև աչքի են ընկել Լոռին, Արմավիրն ու Արարատը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter