HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նա կարդում է զարդանախշերի բովանդակությունը

Մեսրոպ Հակոբյանի բնակարանի հյուրասենյակում իրար շատ մոտ կախված են շրջանակներով զարդանախշեր, խաչեր: Դրանք կտավի տեսք ունեն. հիմնականում ոսկեգույն կամ արծաթագույն թելով մուգ կարմիր կամ կանաչ թավիշի վրա պատկերված զարդանախշեր են:

Այս զարդերից ու խաչերից ամեն մեկն իր բովանդակությունն ունի, եթե թարգմանությունը չիմանաս, սովորական պատկեր կընդունես: Մեսրոպը ցույց է տալիս խաչերից մեկն ու ասում, որ Գրիգոր Նարեկացու աղոթքներից մեկն է, ապա «Հայր մեր» աղոթքն է ցույց տալիս: Աշխատանքներում, ըստ նրա, ամեն դետալ իր ասելիքն ունի: Օրինակ, ձյան փաթիլի տեսքով պատկերը «Հայր-որդի-սուրբ հոգի» եռամիասնությունն է:

«Ձյան փաթիլը շատ էի ուզում թարգմանել, բայց բարդ է, մեծ ծավալի աշխատանք է, բազա պիտի ունենաս, որի համար հսկայական քանակի նախշ է պետք, դա էլ պիտի հավաքվի»,- պատմում է Մեսրոպը:

Ասում է, որ անունը ձայնային ալիք է, որն իր իմաստն ու տարածության մեջ ձևն ունի: Նաև հակառակն է անում. զարդանախշերն է թարգմանում: Նշում է, որ աշխատանքի հիմքում ճշգրիտ գիտություններն են, բայց այդ մասին խուսափում է խոսել: Ասում է՝ այնպես չէ, որ օդից կամ իր զգացմունքներից ելնելով է պատկերները ստանում, իհարկե, աշխատանքի մեջ նաև ստեղծագործելու գործոնն է, բայց ամեն պատկեր ճշգրտություն ունի:

Զարդանախշերի և անունների բովանդակային թարգմանությամբ սկսել է զբաղվել 1987 թ.-ից: Հաշվիչ մեքենաների մասնագետ է, բայց չի աշխատել այդ ոլորտում: Զինծառայությունից վերադառնալուց հետո աշխատել է հուշանվերների գործարանում, ապա ՅՈւՆԵՍԿՕ-ի «Այբ» դիզայն կենտրոնում: «Տարբեր բաներով էի հետաքրքրվում՝ մեր ժողովրդական բժշկությամբ, հիմնականում այբուբենով: Դրանից կամաց-կամաց սկսվեց»,- ասում է նա:

Պատին փակցված զարդանախշերը, պատկերներն է ցույց տալիս. «Օրինակ՝ սա Հայկ անունն է, սա Աստղիկն է»:

Հայկը Մեսրոպի որդու անունն է: Տղան 9 տարեկան է, ասում է՝ հետաքրքրվում է հոր աշխատանքներով, հաճախ է խնդրել սովորեցնել իրեն, թե ոնց է ստանում պատկերները, բայց հայրը դեռ չի համաձայնել: Մեսրոպն էլ ասում է, թե ժամանակը կգա, կսովորեցնի:

Սեղանին դեռ անավարտ գծագրեր են: Ամեն թարգմանության համար բազմաթիվ գծագրեր է անում՝ վերջնարդյունքը ստանալու համար: Դժվարանում է ասել, թե ինչքան ժամանակ է հատկացնում՝ կարող է օրեր տևեն կամ ժամեր: Աշխատանքի հիմքում առավելագույնը փորձում է հեռու մնալ սուբյեկտիվիզմից: Գիտական հիմքի մասին չի ցանկանում խոսել, ասում է, թե այն մի շարք հարցադրումներ է առաջացնելու:

«Ավելի շատ սիրում եմ գծագիր անել, քան պատրաստել: Երբ պատրաստում ես, սկսում հավաքել նախշը, տեսնում ես, թե աչքիդ առաջ ոնց է ամբողջական դառնում, և ամեն մի նախշը հետաքրքիր է դառնում»,- պատմում է Մեսրոպը՝ հավելելով, որ բավականին հետաքրքիր զարդանախշեր կան Գեղարդում, որոնք իրենց թարգմանությունն ունեն:

Ասում է, որ եթե կենցաղային հոգսերը չլինեին, ավելի շատ կզբաղվեր նախշերը կարդալով ու թարգմանելով: Ըստ Մեսրոպի՝ մարդու սխալն այն է, որ թվում է, թե շատ բան գիտի, մինչդեռ այդ համոզմունքը խոչընդոտ, արգելակ է դառնում, որ շարունակի մտածել:

Գործերը վաճառում է, հիմնականում խաչեր և անուններ են պատվիրում: Դեպքեր են եղել, որ վաճառելուց հետո զղջացել է: Ասում է՝ կարևոր է, որ պատվիրատուն հասկանա գործի բովանդակությունը, սրանք միայն պատկերներ չեն:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter