HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարության «դեսպանները»՝ ներողամտության ու հավատի իրենց բանաձևի մասին

Արդարության «դեսպանները» ներողամտության ու հավատի իրենց բանաձևի մասին

«Մենք դատական սխալի զոհ չենք, այլ՝ դատական սխալը վերապրածներ»,- ինձ հետ զրույցն այսպես սկսեց իռլանդացի Փիթեր Փրինգլը, ում հանդիպեցի Հռոմում «Անմեղության եվրոպական ցանցի» ամենամյա կոնֆերանսի ժամանակ:

Փիթեր Փրինգլը և Սաննի (Սոնյա) Ջակոբսը 15 ու 17 տարի են անցկացրել բանտում չգործած սպանությունների համար: Նրանք երկուսն էլ դատապարտվել են մահապատժի՝ մեղադրվելով երկու ոստիկանների սպանության մեջ: Սաննին՝ ԱՄՆ-ում՝ 1976-ին, իսկ Փիթերը՝ Իռլանդիայում՝ 1980-ին:


«Անմեղության եվրոպական ցանցի» ամենամյա կոնֆերանսի ժամանակ

Դատական սխալը վերապրած այս մարդիկ, արդարացման օրվանից ի վեր, իրենց կյանքը նվիրել են սխալ դատապարտվածների օգնության գործին: Շրջում են աշխարհով մեկ, տարբեր համալսարաններում, լսարաններում պատմում են իրենց պատմությունները: Հենց այդպիսի կոնֆերանսներից մեկի ժամամանկ էլ հանդիպել են իրար: 1998-ին՝ Իռլանդիայում, Amnesty International կազմակերպության կոնֆերանսներից մեկի ժամամակ երկուսն էլ ելույթ են ունեցել ընդդեմ մահապատժի՝ կարևորելով մահապատժի դատապարտման պարագայում սխալ քաղաքացու մեղադրելու մտավախության հանգամանքը:

«Սաննիի պատմությունը լսելով՝ փշաքաղվել էի. այնքան շատ էին նմանությունները: Փաստորեն երկուսիս էլ մեղադրել էին երկու ոստիկանի սպանության մեջ, երկուսս էլ բանտում յոգայով ու մեդիտացիայով էինք զբաղվել, երկուսս էլ իրավաբանություն սովորել, երկուսս էլ գիրք էինք գրել մեր գողացված տարիների մասին, պայքարել մեր անմեղությունն ապացուցելու համար ու վերջապես՝ արդարացվել»,-ասաց պարոն Փիթերը:


Փիթեր Փրինգլը և Սաննի (Սոնյա) Ջակոբսը պատմում են իրենց անարդար դատապարտման մասին

Տիկին Սաննին հավելեց. «Երբ հանդիպեցի Փիթերին, հասկացա, որ ոչ միայն մեր կյանքում պատահած սարսափելի բաներն են մեզ կապում՝ բանտ, անարդար դատապարտում, այլև հավատը և ներողամտությունը: Հասկացա, որ մենք որդեգրել ենք կյանքի հանդեպ նույն հայացքը՝ լինել առողջ ու ներողամիտ»: 


Իռլանդիայի արևմուտքում գտնվող զույգի տուն-հիմնադրամում կենդանիների թերապիա կա

2001թ-ից զույգը միասին է, ապրում են Իռլանդիայի արևմուտքում, պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը 2011-ին՝ Նյու Յորքում: Հիմնել են «The Sunny Center» հիմնադրամը, որը օգնում է դատական սխալը վերապրածներին: Իրենց տանը հյուրընկալում են արդարացվածների, որտեղ կենդանիների թերապիայով, մարդկանց լսելով՝ աջակցում են հարմարվել նոր կյանքին, վերապրել սեփական մաշկի վրա զգացած անարդարությունները: Զույգը պահում է տարբեր ընտանի կենդանիներ՝ շներ, կատուներ, այծեր, խոզեր, բադեր ու սագեր: Սաննին ու Փիթերը ինձ պատմեցին, որ իրենց հյուրերը շփվում են կենդանիների հետ, իրենց ձեռքով կերակրատեսակներ պատրաստում, պարզապես ապրում իրենց հարկի տակ, հետո էներգիա ստացած՝ հեռանում: 


Փիթեր Փրինգլը և Սաննի (Սոնյա) Ջակոբսի տուն-հիմնադրամը Իռլանդիայում

Սաննի (Սոնյա) Ջակոբսի անարդար դատապարտման պատմությունը

«Իմ անունը Սոնյա է, բայց մարդիկ ինձ Սաննի են ասում»,-այսպես ներկայացավ 17 տարի բանտում իրական մարդասպանի փոխարեն անցկացրած կինը: Այդ ժամանակ ես ընդհատեցի՝ Սոնյա ռուսական անուն է: «Այո՛, ճիշտ եք, իմ պապիկ-տատիկները եկել են Ամերիկա Ռուսաստանից ու Լեհաստանից... քաղաքական ակտիվիստ չեմ եղել, երիտասարդ մայրիկ էի՝ 27 տարեկան: Հիփական շարժման մեջ էի՝ սեր ու խաղաղության քարոզող, բուսակեր էի՝ նույնիսկ միս չէի ուտում, ուր մնաց մարդ սպանեի: Այն անարդարությունների շղթան, որ եղավ ինձ հետ, մեկ մարդու հանդեպ չէր, այլ՝ իմ ամբողջ ընտանիքի»,-ասաց նա:

1976թ.-ին նրանք ճամփորդելիս են եղել ընտանիքով՝ ամուսինը՝ Ջեսսին, ինքը և երկու երեխաները՝ 10 ամսական աղջիկն ու 9 տարեկան տղան: Մեքենան խափանվել է Ֆլորիդա վերադառնալիս, մի մարդ՝ Վալտեր Ռոդս անունով, ով ամուսնու ծանոթն է եղել, առաջարկել է վարել մեքենան: Սաննին երեխաների հետ քնել է կես ճանապարհին, արթնացել այն ժամանակ, երբ ոստիկաններ են մոտեցել մեքենային, ապա լսվել են կրակոցի ձայներ: Երբ կրակահերթն ավարտվել է, իրենց բոլորին ձերբակալել են: Իրեն, ամուսնուն ու Ռոդսին մեղադրել են երկու ոստիկանի սպանության մեջ՝ հենց Վալտեր Ռոդսի ցուցմունքի հիման վրա: Տարիներ անց միայն նա խոստովանել է, որ ինքն է կրակել ոստիկանների վրա, երբ արդեն մահապատժի է դատապարտվել Սաննի Ջակոբսի ամուսնինն ու երկու երեխաների հայրը՝ Ջեսսին: 


Սաննի (Սոնյա) Ջակոբսի հեղինակած «Գողացված ժամանակը» գիրքը

«Գողացված ժամանակը» գրքում տիկին Սաննին գրում է. «Ես հավատում էի ճշմարտությանն ու արդարադատությանը, հավատում էի իմ պետությանը»: Սակայն նրա դատավճռի հիմքում դրվել են կեղծ վկաների ցուցմունքներ, ինչպես հետագայում է պարզվել, վկաներին ստիպել են ցուցմունք տալ՝ ընդդեմ զույգի՝ խոստանալով ազատել ոստիկանական բաժանմունքից, որտեղ նրանց բերել էին` այլ հանցանքի մեջ կասկածելով:

«Իմ երեխաներին ոստիկանությունը տարել էր, ասել էին, որ նրանցով կզբաղվի սոցիալական ծառայությունը: Տղայիս հարցաքննել էին առանց որևէ ներկայացուցչի, 2 ամիս պահել էին անչափահասների բաժնում: Հետո նրան տեղավորել էին հատուկ դպրոցում: Մինչև հիմա նա շատ դժվար է խոսում, հուզվում է, օրինակ, աշխատանքի ընդունելության հարցազրույցի ժամանակ»,- ինձ հետ զրույցում պատմեց տիկին Ջակոբսը:

Սաննիի ամուսնու դատապարտումն ու մահապատժի իրագործումը 4 օր է տևել: Նրա դատավճռի հիմքում դրվել է իրական սպանություն կատարողի ցուցմունքը: Նրա մահապատիժը իրագործվել է էլեկտրական աթոռի միջոցով: Ականատեսները հետո պատմել են, որ ինչ-որ խափանում է եղել, և նա այրվել է կենդանի-կենդանի: Երբ դուստրը տարիներ անց միայն իմացել է հոր հետ կատարվածի մասին, 15 տարեկան է եղել, այդ ժամանակ փորձել է ինքնասպանություն գործել:

Սաննի Ջակոբսի սխալ դատապարտումը խաթարել է նրա ամբողջ կյանքը

Տիկին Սաննիի ծնողները մի քանի տարի անց զոհվել են օդանավի կործանումից, երբ ուղևորվելիս են եղել կալանավայր՝ դստերն այցի նպատակով: Երեխաների մասին սկսել է հոգ տանել բոլորովին այլ ընտանիք: Մինչև 1981 թվականը՝ 5 տարի, Սաննի Ջակոբսն անցկացրել է ծայրահեղ մեկուսացման պայմաններում, նրան արգելված է եղել խոսել որևէ մեկի հետ, միայն շաբաթը 2 անգամ 15 ժամով հանել են մաքուր օդի, չեն տրամադրել հեռախոսային խոսակցություններ: Նրա կարծիքով, այդ խիստ ռեժիմը պայմանավորված է եղել իր քրեական գործի հանգամանքներով, մասնավորապես նրանով, որ զոհերը երկու ոստիկաններ են եղել: 

Վերջապես առաջին բողոքարկումն արդյունք է տվել 5 տարի անց         

5 տարի անց՝ 1981-ին, փոխվել է նրա մահապատժի դատավճիռը, նշանակվել է ցմահ ազատազրկում: Նա շարունակել է ապրել` մեդիտացիայով, յոգայով, ինքնակրթվելով, անմեղության ապացույցներ փնտրելով: Մինչև որ երկու երիտասարդ փաստաբաններ հավատացել են նրա անմեղությանն ու անվճար օգնել Սաննի Ջակոբսին: «Նախկինում ես չգիտեի երկուսին էլ, բայց հենց իմ փաստաբանների շնորհիվ է, որ այստեղ եմ: Նրանք գտան վկային, որը իմ դեմ վկայություն էր տվել: Նա սկսել էր լաց լինել, ասել էր, թե ինչպես կարող է նոր վկայություն տալ, չէ որ իրեն կդատապարտեն դատարանում ստելու համար: Փաստաբանները գտել էին նրա հորը, որը համոզել էր աղջկան նոր ցուցմունք տալ: Նա եկավ, բայց արտասվելիս ունեցավ սրտի նոպա: Ասում էի՝ միայն, թե չմահանա մինչև ճշմարտությունը պատմելը: Կինը միայն ասաց, որ չի իմացել, թե ինչ է եղել ինձ հետ իր ցուցմունքի պատճառով»: 


Սաննին ու Փիթերը 16 տարի միասին են

Սաննի Ջակոբսը ազատություն է վերադարձել 1992-ին՝ 45 տարեկանում. «Երբ վերադարձա, արդեն տատիկ էի, իմ երեխաներն արդեն երեխաներ ունեին, և մենք սկսեցինք ապրել միասին»:

Հետո հարցրեցի ազատություն վերադառնալու օրվա մասին. «Ամենահրաշալի օրն էր: 15 րոպեում արագ-արագ տվեցին իմ ազատման որոշումը, վերցրեցին մատնահետքերս և ցույց տվեցին դուռը: Ես դուրս եկա, իջա մի քանի աստիճան դատարանում, սկզբում վախեցա, մտածեցի՝ միգուցե այս ամենը սխալ է ու տանում են ինձ մահապատժի, հետո տեսա արևն ու բաց երկինքը, սկսեցի վազել՝ ես էի ու արևը գլխավերևումս: Անհավատալի էր... Ինձ կանգնեցրին՝ Դուք եք Սաննի Ջակոբսը, ասացի՝ այո, ասացին, որ ինձ փնտրում են, որ հավաքված են դատարանի դիմաց: Շրջվեցի, տեսնեմ իմ փաստաբաններն են այնտեղ ու այլ հարազատ մարդիկ: Ինձ տվեցին անթել հեռախոս, որը երբեք չէի տեսել: Խոսեցի տղայիս հետ, ասացի՝ ես ազատ եմ»:

Փիթեր Փրինգլի անարդար դատապարտման պատմությունը

Փիթեր Փրինգլը Իռլանդիայում մահապատժի վերջին դատապարտվածներից մեկն է եղել: Դատապարտվել է 1980-ին՝ չգործած սպանության համար: Նա նույնպես մեղադրվել է երկու ոստիկանի սպանության մեջ: 


Փիթեր Փրինգլի «Ժամանակի մասին» գիրքը

Դեպքը տեղի է ունեցել այսպես. 1980-ին Իռլանդիայի ոստիկանությունը փնտրելիս է եղել երեք դիմակավորված անձանց, ովքեր թալանել էին բանկն ու փախել: Ոստիկանները շուտով գտել էին թալանողների մեքենան, հանցանքի մեջ կասկածվողները կրակ էին բացել: Կրակահերթի հետևանքով` զոհվել էր երկու ոստիկան:

Փիթեր Փրինգլը եղել է քաղաքացիական ու քաղաքական ակտիվիստ երիտասարդ տարիներին, անգամ դատապարտված է եղել, ուստի եղել է ոստիկանության ուշադրության կենտրոնում: Դատապարտման համար հիմք է հանդիսացել ոստիկաններից մեկի ցուցմունքը, ըստ որի` Փրինգլը ոստիկանական բաժանմունքում կամավոր, բանավոր խոստովանել է, թե ինքն է սպանել երկու ոստիկաններին:

«Բանտում հաճախ էի լսում, թե ինչպես են բանտապահները պատմում իմ մահապատժի իրագործման ձևերի մասին: Ես պատրաստվում էի մահվան, բայց ուզում էի, որ այն արժանապատիվ լինի: Անում էի մեդիտացիա, հանդիպում իմ երեխաների հետ ու ամեն անգամ վախենում կորցնել նրանց»,-պատմում էր պարոն Փրինգլը:

Սակայն մահապատժի իրագործումից 2 շաբաթ առաջ բանտապետը տեղեկացրել է, որ նրա մահապատժի դատավճիռը փոխարինվել է 40 տարվա ազատազրկմամբ: «Այդ ժամանակ հասկացա, որ ժամանակ ունեմ իմ անմեղությունն ապացուցելու»:

«Ո՞վ օգնեց Ձեզ» հարցիս՝ պարոն Փիթերը պատասխանեց՝ ես ինքս: «Նախ սկսեցի բանտում սովորել իրավագիտություն: Տարիներ շարունակ ես կարդում էի իրավաբանական գրականություն: Եվ վերջապես 1992թ.-ին քրեական գործը վերաբացվեց իմ իսկ ջանքերով»: 

Ոչ մի փոխհատուցում

1995թ.-ին Փիթեր Փրիգլը արդարացվել է, թեպետ մինչ օրս ինչպես նա, այնպես էլ Սաննի Ջակոբսը, որևէ փոխհատուցում չեն ստացել իրենց պետությունների կառավարություններից՝ ապօրինի, անարդար դատավճիռների, բանտում անցկացրած տարիների համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter