HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսության աճի տեմպը դանդաղել է

2016 թվականի տարեկեսից սկսած` Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) աճը դանդաղեց։ Իսկ ՀՆԱ-ն վերջին երկու եռամսյակներում անկում ապրեց։  Եվ այս ֆոնին թվում էր, թե այս տարի հուլիսից հետո տնտեսական ակտիվությունը պետք է աճեր ավելի բարձր տեմպերով՝ ի համեմատ նախորդ տարվա ցածր բազայի։ 

Սակայն վերջին տվյալները վկայում են, որ ՏԱՑ-ի աճի տեմպը դանդաղել է։ Այսպես, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՏԱՑ-ը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 5.1%-ով։ Իսկ միայն սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճը կազմել է 2.5%։ Այս տվյալներն օրեր առաջ հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ): 

Ինֆոգրաֆիկաներում երևում է, թե ինչպես է տնտեսական ակտիվության աճը  հուլիսից հետո թուլացել։ Մասնավորապես, եթե համեմատում ենք այս տարվա ամիսները 2016թ.-ի նույն ամսվա հետ (տե՛ս առաջին ինֆոգրաֆիկան), ապա դանդաղումն ակնհայտ է օգոստոսից սկսած։  Իսկ եթե վերցնում ենք աճողական ցուցանիշը (տե՛ս երկրորդ ինֆոգրաֆիկան)՝ տարեսկբից մինչև տվյալ ամիսը, ապա դանդաղումն ավելի տեսանելի է հունվար-օգոստոս ամիսներից։ 

Ըստ ԱՎԾ տվյալների

Հիշեցնենք, որ բյուջեով սահմանված է այս տարի ապահովել 3.2%  տնտեսական աճ։ Սակայն կառավարությունը հետագայում վերանայեց այս ցուցանիշը և դարձրեց 4.3%: Հաշվի առնելով ՏԱՑ-ի աճի ներկայիս ցուցանիշը, որը տնտեսական աճը չէ, բայց միշտ մոտ է լինում դրան` կարելի է սպասել, որ տարեկան կտրվածքով 4.3%-ն ապահովված կլինի։ 

Գյուղատնտեսության ծավալները չեն վերականգնվում 

Ինչպես տարվա մյուս ամիսներին, սեպտեմբերին ևս տնտեսական ակտիվությունը զսպող հիմնական ոլորտը գյուղատնտեսությունն է։ Ընդ որում ՝ այստեղ անկումն ակնհայտ խորացել է օգոստոսից, ինչը նշանակում է, որ ՏԱՑ-ի աճի տեմպի թուլացումը մեծ մասամբ պայմանավորված է այս ոլորտով։  

Օրինակ, եթե մինչև օգոստոսը գյուղատնտեսության ոլորտում անկումը չի գերազանցել 4.3%-ը, իսկ մի քանի ամիսների աճ է գրանցվել՝ մինչև 3.4%, ապա օգոստոսին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը, 2017թ.-ի նույն ամսվա համեմատ, նվազել է 25%-ով, իսկ սեպտեմբերին՝ 11.6%-ով։ 

Ընդհանուր առմամբ, հունվար-օգոստոս ամիսներին գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 582.5 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ` նվազել է 9.9%-ով։ 

Աճը սահմանափակող մյուս ոլորտը շինարարությունն է։ Տարվա 9 ամիսներին ծավալը կազմել է 220.3 մլրդ դրամ, անկումը՝ 6.4%: Սակայն նաև պետք է նկատել, որ այս տարվա ընթացքում առաջին անգամ ամսական համեմատությամբ այս ոլորտում աճ կա։ Մասնավորապես, սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, շինարարության ծավալներն ավելացել են 1.3%-ով։ 

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 1.185 տրլն դրամ, աճը՝ 11.9%: Ծառայությունների ծավալը՝ 1.041 տրլն դրամ, աճը՝ 12.8%: Իսկ առևտրաշրջանառությունը երկրում կազմել է 1.791 տրլն դրամ, աճը՝ 12.5%: 

Ըստ ԱՎԾ տվյալների

 Ներմուծումը շարունակում է գերազանցել արտահանմանը 

Տնտեսության մյուս կարևոր բաղադրիչը արտաքին առևտուրն է, որտեղ ևս աճ կա։ Սակայն ներմուծումը թե՛ ծավալներով, թե՛ աճի տեմպերով գերազանցում է արտահանմանը, ինչը գնալով մեծացնում է արտաքին առևտրում Հայաստանի բացասական հաշվեկշիռը։ Մինչդեռ կառավարության գլխավոր խոստումներից մեկն այն է, որ եկող տարիներին արտահանումը պետք է գերազանցի ներմուծմանը։ 

Վերջին տվյալներով` հունվար-սեպտեմբեր ամիսների ապրանքների արտահանումը Հայաստանից կազմել է 1.546  մլրդ ԱՄՆ դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այն 19.1%-ով աճել է։ 

Ներմուծումը նույն ընթացքում աճել է 23.2%-ով՝ կազմելով 2.82 մլրդ ԱՄՆ դոլար։ 

Հատկապես արտաքին առևտրի այս երկնիշ աճերը կառավարության անդամները հաճախ են շեշտադրում։ Տնտեսական բլոկի պատասխանատուները, ամփոփելով  մեկ տարվա աշխատանքները, այս և այլ ցուցանիշներ ներկայացնում են որպես իրենց արդյունավետ աշխատանքի արդյունք։ Վերջերս Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ասուլիսի ժամանակ բավականին երկար ներկայացվեցին այն քայլերը, որոնք ուղղվել են արտահանման մեծացմանը, շուկաների ընդլայնմանը։ Սակայն փաստ է, որ ծավալների աճին զուգահեռ արտահանման կենտրոնացվածությունն ավելի է խորանում՝ այն աճում է սահմանափակ ապրանքների ու երկրների հաշվին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter