HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հյուսիսային պողոտայում սրճարանն ապօրինի է գործում. քաղաքացին հաղթել է Երևանի քաղաքապետարանին

Քաղաքացի Նիկոլայ Դանիելյանը երեք դատարաններում պայքարում է սեփականության իր իրավունքի նկատմամբ ոտնձգության դեմ: Ի վերջո, այս ամիս Վարչական դատարանը բավարարեց նրա հայցը:

Նիկոլայ Դանիելյանը, հիշեցնենք, Հյուսիսային պողոտայի 10 շենքի թիվ 3 տարածքի սեփականատերն է։ Նշված տարածքում 2009 թվականից գործում է «Cinnabon» սրճարանը։ Հյուսիսային պողոտայի թիվ 8 և թիվ 10 շենքերի միջև ընկած և իր տարածքին հարակից տարածքում «Սիմփլ Դիլ» ՍՊԸ-ն զբաղեցվել է մոտավորապես 100 քմ տարածք, որտեղ բետոնե, մետաղական և փայտե կոնստրուկցիաների օգտագործմամբ կառուցապատել է սրճարանային օբյեկտ և արդեն երկրորդ տարին է՝ իրականացնում է սրճարանային գործունեություն։

Արդյունքում նեղացել է Նիկոլայ Դանիելյանին սեփականության իրավունքով պատկանող մուտքի ճանապարհը, կառույցի տակ է մնացել անձրևատար ջրերի հեռացման խողովակը, ինչի պատճառով անձրևաջրերից վնասվում է Նիկոլայ Դանիելյանին պատկանող թիվ 3 տարածքում գտնվող օբյեկտը: «France» սրճարանի հաճախորդները սկսել են հաճախել «Cinnabon»-ի զուգարան, քանի որ «France» սրճարանի տարածքում սանհանգույց չկա: Ի վերջո, «Cinnabon» սրճարանի բազմաթիվ, լավագույն հաճախորդներ դադարել են այցելել նշված սրճարան, ինչի հետևանքով էապես վնասվում է «Cinnabon»-ի, հետևաբար նաև Նիկոլայ Դանիելյանի գործունեությունը։

Բացի դրանից, քաղաքաշինության նախարարն էլ Երևանի քաղաքապետին ուղղած գրությամբ փաստել է, որ ընդհանուր օգտագործման տարածքում մետաղական և փայտե կոնստրուկցիաների օգտագործմամբ կազմակերպվել է բացօթյա սրճարան, ինչը խոչընդոտում է նշված շենքերի բնակիչների ազատ տեղաշարժին։

Անցյալ տարվա օգոստոսին Նիկոլայ Դանիելյանը դիմել էր դատարան` խնդրելով վերացնել իր սեփականության իրավունքի խոչընդոտները, այն է` պարտավորեցնել Վարուժան Կունդուկջյանին ապամոնտաժել ապօրինի կառույցը` թիվ 8 շենքի առաջին հարկում գտնվող հասարակական նշանակության տարածքների ճակատային մասերի սահմանագծերից դուրս կառուցապատված մասը: Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այս գործի մի դրվագով արդեն քննվել է վեճը: Այն ժամանակ պատասխանողը հստակեցված չէր, քանզի քաղաքապետարանը հայտնել էր, որ տարածքը ոմն Վարուժան Կոնդակչյանին է տրամադրվել՝ կառուցապատում իրականացնելու համար: Դատապրոցեսի ընթացքում պարզվել էր, որ Վարուժան Կոնդակչյանը մահացել է, իսկ սրճարանային գործունեություն իրականացնում է մեկ այլ՝ «Սիմփլ դիլ» ՍՊԸ-ն: Դատավոր Ռուբեն Ներսիսյանը մերժել էր Նիկոլայ Դանիելյանի հայցը:   

Այս տարվա հունիսին Նիկոլայ Դանիելյանը դիմել էր արդեն Վարչական դատարան՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի: Նիկոլայ Դանիելյանը խնդրել էր պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին կանխել «France» սրճարանը շահագործող «Սիմփլ Դիլ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ապօրինի գործողությունները, դադարեցնել «Սիմփլ Դիլ» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 8 և թիվ 10 շենքերի հարակից տարածքում ներկայիս զբաղեցրած մակերեսով տարածության վրա իրականացվող սրճանարային գործունեությունը, ապամոնտաժել նշված տարածքում ընկերության կառուցած սրճարանային օբյեկտը։ 

Պարզելու համար, թե ինչ հիմքով էր «France» սրճարանը գործում Հյուսիսային պողոտայի խնդրահարույց տարածքում, «Հետք»-ը դիմել էր Կենտրոնի թաղապետին և ստացել  «Սիմփլ Դիլ» ՍՊԸ-ին տրված և վերոհիշյալ տարածքում վաճառք և սպասարկում իրականացնելու համար ընդամենը 1 քմ մակերեսով տարածք զբաղեցնելու թույլտվությունը։ Բացի դրանից, այս տարվա մարտի գրությամբ էլ Կենտրոն համայնքի ղեկավար Ա. Սադոյանը նույնն է հայտնել հայցվորին:

Սակայն Վաչական դատարանում գործի քննության ընթացքում «Սիմփլ Դիլ»-ն առարկել է հայցի դեմ և ներկայացրել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված հետին թվով նշված և ապրիլի թվագրմամբ թույլտվությունների պատճենները,  մասնավորապես՝ 
07.07.2017 թվականի թիվ 17/564-7 թույլտվության համաձայն՝ «Սիմփլ Դիլ» ՍՊԸ-ին թույլատրվել է 01.04.2017 թվականից մինչև 30.09.2017 թվականը ներառյալ Հյուսիսային պողոտայի 10 շենքի հարակից տարածքում (80քմ) իրականացնել ոգելից, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառք հիմնական և ոչ հիմնական շինության ներսում։
07.07.2017 թվականի թիվ 17/787-7 /թույլտվության համաձայն «Սիմփլ Դիլ» ՍՊԸ-ին թույլատրվել է 01.04.2017 թվականից մինչև 30.09.2017 թվականը ներառյալ Հյուսիսային պողոտայի 10 շենքի հարակից տարածքում (80քմ) իրականացնել հանրային սննդի կազմակերպում և իրացում հիմնական և ոչ հիմնական շինության ներսում։ 
07.07.2017 թվականի թիվ 17979 թույլտվության համաձայն՝ թույլատրվել է 01.07.2017 թվականից մինչև 28.09.2017 թվականը ներառյալ Հյուսիսային պողոտայի 10 շենքի հարակից տարածքում՝ (1քմ) կազմակերպել բացօթյա առևտուր։
27.03.2017թվականի թիվ 2017/114599 թույլտվության համաձայն՝ ընկերությանը թույլատրվել է 01.07.2017 թվականից մինչև 29.06.2017 թվականը ներառյալ Հյուսիսային պողոտայի 10 շենքի հարակից տարածքում՝ (1քմ) կազմակերպել բացօթյա առևտուր։

Հիշեցնենք, որ «France» սրճարանն անցյալ տարի գործել է՝ ունենալով միայն 1 քմ-ի թույլտվություն:

Ամենահետաքրքիրն այս ամենում այն է, որ շուրջ երկու տարի գործող սրճարանին քաղաքապետարանն այս տարի է վարձավճարի դիմաց 80 քմ տարածքն օգտագործելու թույլտվություն տվել՝ պայմանագիր կնքելով միայն 2017թ. հուլիսի 25-ին:  Տարածքը տրամադրվել է հանրային սննդի ժամանակավոր սեզոնային ծառայության կազմակերպման համար:

Դատավար Արման Թովմասյանը գործը քննել է և հոկտեմբերի 10-ին բավարարել է Նիկոլայ Դանիելյանի հայցը: Պատճառաբանական մասում դատարանը հատկանշական է համարել այն, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից «Սիմփլ Դիլ» ՍՊԸ-ին Հյուսիսային պողոտայի թիվ 10 շենքի հարակից տարածքի օգտագործման վերաբերյալ թույլտվություններ տրամադրելու ժամանակահատվածում նույն տարածքի հետ կապված Նիկոլայ Դանիելյանի և ընկերության միջև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում առկա է եղել դատական վեճ:

Դատավոր Թովմասյանն անձամբ այցելել է խնդրահարույց տարածք: Տեղատեսության դատական նիստի ընթացքում Հյուսիսային պողոտայի թիվ 10 շենքի հարակից տարածքի ուսումնասիրության արդյունքում դատարանն արձանագրել է, որ «ներկայումս առկա՝ 80 քմ չափերով տարածքում մետաղական և փայտե կոնստրուկցիաների օգտագործմամբ կառուցապատված սրճարանային օբյեկտի գործունեությունը խոչընդոտում է Նիկոլայ Դանիելյանի սեփականության իրավունքի իրացմանը, մասնավորապես՝ նշված օբյեկտի առկայության պայմաններում էականորեն նեղանում են դեպի՝ Դանիելյանին սեփականության իրավունքով պատկանող «Cinnabon» սրճարան և Հյուսիսային պողոտայի թիվ 10 շենքի հետնամաս տանող մուտքի ճանապարհները, ինչպես նաև առաջանում է լուսավորության խնդիր՝ վերջինս փակում է «Cinnabon» սրճարանի լուսավորությունը»։

Դատարանը գտել է, որ Երևանի քաղաքապետարանը  «Սիմփլ Դիլ»-ին նշված տարածքի օգտագործման վերաբերյալ թույլտվություններ տրամադրելիս, ինչպես նաև վերջինիս հետ տարածքի օգտագործման պայմանագիր կնքելիս պետք է հաշվի առներ վերը նշված հանգամանքների առկայությունը։

Անդրադառնալով վարձակալության պայմանագրին՝ դատարանը գտել է, որ դա հողի վարձակալության պայմանագիր է: Իսկ Ա. Սադոյանի տրամադրած թույլտվությունները, դատարանի գնահատմամբ, ընդամենը տվյալ տարածքի վրա որևէ տեսակի գործունեություն իրականացնելու համար են և չեն կարող տվյալ տարածքը օգտագործելու իրավական հիմք հանդիսանալ։

«Դատարանը, հաշվի առնելով վերոգրյալ փաստական և իրավական հիմնավորումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ նշված թույլտվությունը տարածքի օգտագործման համար իրավական հիմք հանդիսանալ չի կարող, գտնում է, որ երրորդ անձի կողմից Հյուսիսային պողոտայի թիվ 10 շենքի հարակից տարածքում 1 քմ մակերեսով տարածքի զբաղեցումը ևս իրականացվել է առանց իրավական հիմքերի, հետևաբար, ապօրինի է»,- հաստատել է դատարանը։

Նոր վճռով Երևանի քաղաքապետարանին պարտավորեցրել է կանխել «Սիմփլ Դիլ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ապօրինի գործողությունը, դադարեցնել «Սիմփլ Դիլ» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 8 և թիվ 10 շենքերի հարակից տարածքում ներկայիս զբաղեցված մակերեսով տարածության վրա իրականացվող սրճարանային գործունեությունը, ապամոնտաժել նշված տարածքում «Սիմփլ Դիլ» ՍՊԸ-ի կողմից կառուցված սրճարանային օբյեկտը։

Նիկոլայ Դանիելյանը միաժամանակ դիմել է նաև քաղաքացիական դատարան, որպեսզի դատական կարգով պարտավորեցնի Հյուսիսային պողոտայի 10-րդ և 8-րդ շենքերի միջանկյալ հանրային տարածքում գործող «France» սրճարանի սեփականատիրոջը քանդել ինքնակամ կառույցը: Սեպտեմբերի 29-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, կրկին նախագահությամբ դատավոր Ռուբեն Ներսիսյանի, գործն ընդունել է իր վարույթ և դատաքննություն նշանակել 2018թ. փետրվարի 6-ին:  

Նիկոլայ Դանիելյանը բողոքարկել էր Ռուբեն Ներսիսյանի արդեն իսկ կայացրած դատական ակտը, և Վերաքննիչ դատարանը այն հետ է ուղարկել՝ նոր քննության: 

Հյուսիսային պողոտայում «France» սրճարանը դեռևս գործում է:

Մեկնաբանություններ (2)

Նախագահականից
Հոդվածում նշված և վիճարկվող թույլտվությունների փողերը դեմից ստացել են քաղաքապետարանում, հիմա որ դատարանում իրենք պարտվել են, փողը հետ տալու հարց կա: Էդ փողը վաղուց գնացել է ուր որ պտի գնար՝ ջիպի պագրիշկա, ռեմոնտ, կապույտ-էլեկտրիկ գույնի կաստում, հայտարարագրով հայտարարագրված փոխառություն, վերջապես՝ (ներողություն) կոյուղի: Հիմա ինչ եք ուզում քաղաքապետարանից ու քաղաքապետից: Մարդը պարզ բացատրեց բոլորին իր ընտրական քարոզարշավի ընթացքում:
Մեքոնյան Խաչատուր
ներկա պահին ունեմ օրինական վճիռ և դրա հիման վրա հարուցված կատարողական վարույթ որը Երևանի քաղաքաօետարանին պարտավորեցնում է գործողություն կատարել,սակայն Երևանի քաղաքապետարանը կամավոր չի կատարում իսկ հարկադիրը կրկին ցուցաբերում է կատարյալ անգործություն: 091401387

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter