HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՊԵԿ պաշտոնյայի պահածոյացված ձկների բիզնեսը

Պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների բաժնի պետ Հակոբ Հակոբյանն արդեն մեկ տարի է` բիզնես ոլորտ է մտել: Նա որոշել է զբաղվել պահածոյացված ձկների բիզնեսով:

«Արարատ Ֆարել» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001 թվականին՝ «Իշխան Արարատ» և «Վենլո» Հ/Ձ ընկերությունների կողմից: Ընթացքում մի քանի անգամ բաժնետերերը փոխվել են: Այժմ ընկերությունում 5-ական տոկոս բաժնեմաս ունեն Արմավիրի մարզի Արաքս համայնքի 5 բնակիչներ, ովքեր եղբայրներ ու ազգականներ են: Մնացած 75%-ը հավասարաչափ կիսում են ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների բաժնի պետ Հակոբ Հակոբյանը, վերջինիս դուստրը՝ Լենա Հակոբյանը և Առինջ գյուղի բնակիչ 25-ամյա Ծովինար Ղազարյանը:

Ծովինար Ղազարյանի հայրը՝ Մանվել Ղազարյանը, Ֆինանսների նախարարության աուդիտորների որակավորման հանձնաժողովի կողմից 2016թ.-ին 5 տարի ժամկետով ստացել է աուդիտորի որակավորման վկայական: Նա մտերիմ կապեր ունի Հակոբ Հակոբյանի հետ:

«Արարատ Ֆարել» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 20 մլն դրամ, որից 10 մլն-ը հավասարաչափ բաժին է հասնում Հակոբ և Լենա Հակոբյաններին: Այսինքն՝ ընկերության բաժնեմասերի կեսը Հակոբյանների ձեռքում է:

Ընկերությունը ձկնաբուծարան ունի Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում: Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության տեղեկատվության համաձայն՝ «Արարատ Ֆարել» ՍՊԸ-ն 2016թ.-ի հունվարի 13-ին 3 տարի ժամկետով ստացել է ջրօգտագործման թույլտվություն: Նպատակը ձկնաբուծությամբ զբաղվելն է: Թույլատրելի տարեկան ջրօգտագործման ծավալը կազմում է 14.74 հազ. խմ: Օգտագործվում է մեկ խորքային հոր:

Հակոբ Հակոբյանի ունեցվածքը

Հակոբ Հակոբյանը 1993 թվականից աշխատում է հարկային ոլորտում: Հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների բաժնում է 2008թ-ից:

Նա այս տարի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել հուլիսի 1-ի դրությամբ առկա գույքի ու եկամուտների հայտարարագիր: Առաջին անգամն է, որ Հ. Հակոբյանը հայտարարագիր է ներկայացնում:

Ըստ այդ հայտարարագրի՝ նրա տարեկան եկամուտը կազմում է 7 մլն 163 հազար դրամ, որից 2 մլն 315 հազար դրամը ՊԵԿ-ից ստացած աշխատավարձն է, իսկ մնացածը՝ ստացած վարկը: Թեև ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների բաժնի պետը 20 մլն դրամ կապիտալ ունեցող ընկերության բաժնետեր է, իսկ հարկային մարմնի տեղեկացմամբ` ընկերությունը գործող է, սակայն նա շահաբաժնից եկամուտ չի հայտարարագրել:

«Արարատ Ֆարել» ՍՊԸ-ն չկա նաև 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա հուլիսի 1-ի դրությամբ ունեցել է 14 մլն դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար:

Պաշտոնյան ունի նաև MITSUBISHI OUTLANDER 2.4 մակնիշի ավտոմեքենա:

Հայտարարագրել է նաև 2 առանձնատուն և 2 միավոր հողամաս:

Մեկնաբանություններ (3)

Գրիշա Բալասանյան
Հարգելի ընթերցող, Հանրային ծառայության մասին օրենքով վարկը կամ ստացած փոխառությունը համարվում է եկամուտ:
ընթերցող
2 - ին: Շնորհակալություն, բայց ահագին զարմացա! Բանն այն է, որ բարեկամներիցս մեկը երեսը պնդելով ինձնից անընդհատ փող է ուզում, ասելով թե վարկերի տակ ճկռած եմ: Հիմա կասեմ, այ անազնիվ մարդ, դու օրենքով ինձնից տասնապատիկ ավել եկամուտ ունես, գնա վայելի, քո սենցն ու ընենցը ....
Հարց հարգելի Գրիշաին
Դուք գրում եք՝ - // նրա տարեկան եկամուտը կազմում է 7 մլն 163 հազար դրամ, որից 2 մլն 315 հազար դրամը ՊԵԿ-ից ստացած աշխատավարձն է, իսկ մնացածը՝ ստացած վարկը:// - «վարկը», ինչքան գիտենք, դա բանկից վերցրած պարտք է: Ինչպես է այն «եկամուտ» համարվում (գուցե այդ տերմինը այլ իմաստ էլ ունի?) Այսպես ներկայացվում է նաեւ մի քանի այլ հոդվածներում, որը տարակուսանք է առաջացնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter