HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդենիկում գյուղացին կաղամբի կիլոգրամը 30-40 դրամով է վաճառում

Չորացած առվի վրայով մեր կողմը ցատկելով՝ վարորդ Գագիկ Ներսիսյանն ուղղում է սև պիջակը: Արևից ու քամուց դեմքը կարմրել է: Գրպանից մի քանի կարամել է հանում, հատ-հատ բաժանում մեզ: Կաղամբի դաշտում մեքենայի մեջ կաղամբ են դասավորում:

«Հեն է, խազիայինը եկավ, էս կաղամբի դաշտի տերն է»,- Գագիկը ձեռքով ցույց է տալիս մեզ մոտեցող մարդուն:

Սևանի հարավային ափին եղանակն արևոտ է, բայց քամի կա: Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ, 49-ամյա Կորյուն Իսպիրյանն է: Մոտ 30 տարի հողագործությամբ է զբաղվում: Հիմնականում կաղամբ ու կարտոֆիլ է աճեցնում: Այս տարի կարտոֆիլի բերքից գոհ է, կաղամբի բերքի մասին նույնը չի կարող ասել:

Ձեռքին սղոց է, որով կաղամբ է կտրում: Ասում է, թե կաղամբ հավաքելու համար էլ հմտություն է պետք: Նայում է մեքենայի կողմ. մի քանի տղաներ կաղամբը գնդակի պես իրար են փոխանցում, իսկ վերջում՝ մեքենայի բաց բեռնախցիկում կանգնածին: Մեքենայում կաղամբները դասավորողը Կորյունի 23-ամյա որդին է: Կորյունն ասում է, թե կարևոր է այնպես անել, որ դասավորելուց հետո կաղամբը չճաքի, այլապես ձմռանը չի դիմանա:

Քանի որ որ Վարդենիկը շատ մեծ գյուղ է (վերջին՝ 2011 թ. մարդահամարի արդյունքներով՝ Հայաստանի ամենախոշոր գյուղն է 9880 հոգի մշտական բնակչությամբ), ըստ Կորյունի, կարտոֆիլ ու կաղամբ մշակողների միջև մրցակցություն կա: Կաղամբ աճեցնելու համար մեկ տարով 2500 քմ հողակտոր է վարձակալել: Մեկ քմ-ի վարձակալության գումարը 3000-4000 դրամ է: Բացի հողի վարձից՝ կաղամբ հավաքողներին ու մեքենա բարձողներին է գումար տալիս՝ օրական 6000 դրամ յուրաքանչյուրին:

Մեկ կաղամբի ինքնարժեքը, Կորյունի ասելով, 50 դրամ է, վերավաճառողներն իրենցից կիլոգրամը 35-40 դրամով են գնում, իսկ ամենալավ սեզոնին, երբ կաղամբը թանկանում է, առավելագույնը 80 դրամով կարող են վաճառել:

Այս տարի հիմնական դժվարությունը ջրի պակասությունն էր: Կաղամբներից մի մասի գլուխները փոքր են մնացել, Կորյունը դրանք չի հավաքելու, քանի որ անասուն չունի:

Մի քանի օրից ամբողջ բերքը հավաքած կլինեն, տերևները թողնելու են դաշտում, վարելիս դրանք կմնան հողի տակ որպես պարարտանյութ: Հարցնում ենք, թե չի վաճառում արդյոք տերևները անասուն կամ ճագար պահողներին, պատասխանում է, թե ճագար պահողներ չկան, անասուն ունեցողներն էլ իրենց կաղամբն ունեն, հետո էլ՝ իբր կաղամբն առնում են, որ հիմա էլ տերևը վաճառի:

Հարևան հողակտորում աշխատող Սիլվարդ Պետրոսյանը դաշտում աշխատանքը ժամը 8-ից է սկսել: «Մկա (հիմա) բերքը որ լավ էղնի, չենք դժգոհի»,- ասում է Սիլվարդը, հետո շարունակում, թե այս տարի բերքը լավ չէ:

Փոքր սղոցով կաղամբներն է արագ կտրում: Ասում է, թե արագությունը մոտ 30 տարվա մասնագիտական փորձի արդյունք է: Եկող տարին 30-րդն է լինելու, ինչ դաշտերում կաղամբ ու կարտոֆիլ է ցանում:

Սիլվարդը, սակայն, այս անգամ իր բերքը չի հավաքում. եկել է՝ օգնելու հարևանին, որ հարևանն էլ իրեն օգնի: Պատմում է, որ անցյալ տարի նույնիսկ մի կաղամբ չի կարողացել փրկել. հոկտեմբերին տեղացած ձյունը ծածկել էր կաղամբի դաշտը, Սիլվարդի 6-7 տոննա կաղամբը փչացել էր:

«Փաստորեն, տոլմա չպատրաստեցիք»,- հարցնում եմ նրան, սկսում ենք ծիծաղել:

«Յա, ինչի՞, հարևանիցս բերեցի, սարքեցի»,- պատասխանում է Սիլվարդը:

Այս տարի էլ մի ուրիշ խնդիր կա. կաղամբի բերքը որակյալ չէ՝ գլուխները փոքր են:

«Հիմի դուք կաղամբ առնող եք, էս փոքր գլխով կաղամբը կառնի՞ք»,- հարցնում է մեզ: Փոքր գլուխները չի կտրում, ասում է, որ հետո կգան-կտանեն իրենց անասունների համար:

«Կաղամբը միջին ջերմաստիճան է սիրում՝ ոչ տաք, ոչ էլ ցուրտ պիտի լինի: Այ, եթե ձեր տանը 5 ջերմաստիճանով տեղ լինի, լավ կդիմանա: Եթե ջերմաստիճանը բարձրանում է, ներսից նեխում է»,- բացատրում է հողագործը:

Սիլվարդը 5 աղջիկ ունի, 4-ն ամուսնացել են, մեկին էլ դեկտեմբերին է ամուսնացնելու: 8-րդ թոռն է շուտով ծնվելու: Ասում է՝ հեռվից է թվում, թե գործը հետաքրքիր է, սիրուն է, բայց ի՞նչն է լավ. առավոտվա 8-ից մինչև երեկոյան 6-ը կռացած կաղամբ կամ կարտոֆիլ են հավաքում: Ժամանակներ են լինում, որ ամբողջ տարվա աշխատանքն արդյունք էլ չի ունենում:

«Այ, օրինակ, էսօր հարևանս քյալամ էր վաճառել: Մեկին 30 դրամով հանձնեց, մյուսին՝ 35 դրամով: Էս ա, մենք շուկայի գները չգիտենք, մեզնից առնում են կամ դաշտում, կամ տանը»,- ասում է Սիլվարդը:

Վերջին տարիներին, ըստ նրա, հողերը որակական փոփոխություն են կրել: «Հիմիկվա հողերն այլասերված են, հիմի սպասեք մի բան ցույց տամ,- ասելուց հետո գնում է դաշտի մյուս ծայրը, կաղամբի արմատներն է բերում, վրան, կարծես, փոքր սպիտակ բողկեր լինեն,- էս քյալամի տակը նայի, արմատները բազուկի նման են բռնում: Մենք սրան «գոնգոծ» ենք ասում»:

Դաշտում հարևանները շարունակում են աշխատանքը, Սիլվարդն ասում է՝ բերքը հավաքեն-վերջացնեն, համենանք իրենց տուն, կարտոֆիլն էլ փուռը կդնեն:

«Յամա՜ն, ինձի էդքան մի նկարեք,- սցողը ձեռքին՝ ժպտում է Սիլվարդը, հետո ավելացնում,- կներեք, գործս հետ է մնում, պիտի աշխատեմ»:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter