HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուժողները պետք է ծանուցված լինեն դատապարտյալի՝ պայմանական ազատման դատական լսումների մասին

Դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման դիմումները դատարանում քննարկելիս տուժող կողմը պարտադիր պետք է ծանուցված լինի: Այս փոփոխությունն այս տարի է ամրագրվել Քրեական դատավարության օրենսգրքում:

Օրենսգրքի 438 հոդվածում կատարված փոփոխության համաձայն` դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարանի կողմից միանձնյա կարգով քննվում է անկախ հանձնաժողովի եզրակացությունը ստանալու պահից տասն օրվա ընթացքում՝ այդ մասին պատշաճ ծանուցելով դատապարտյալին, դատախազին, տուժողին (տուժողի իրավահաջորդին), անկախ հանձնաժողովին և պատիժը կատարող հիմնարկին:

Այս փոփոխությամբ դատարաններում լսվող գործերով արդեն իսկ կիրառվում է այդ դրույթը: Սակայն, տուժող կողմի չներկայանալն արգելք չէ առանց նրան դիմումը լսելու և որոշում կայացնելու համար:

Դատապարտյալ Աշոտ Մանուկյանը հայտնեց, որ շուրջ 35 օր գտնվել է հացադուլի մեջ, պահանջն իր նկատմամբ պայմանական ազատման կիրառումն է:

«Ծանր հիվանդություններ ունեմ, էս ձմեռ չեմ հանի, ակտիրովկի (պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդության հիմքով ազատում-հեղ.) տակ պիտի ընկնեմ»,-Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պայմանական ազատման մերժման դեմ դիմումի քննության ժամանակ ասաց դատապարտյալ Մանուկյանը:

«Որտե՟ղ են գործով տուժողները»,-հարցրեց դատավոր Արշակ Վարդանյանը: Դատապարտյալը նշեց, որ 9 տարի առաջ Արամուս գյուղում են եղել, հիմա, իրեն հասած տվյալներով, Ռուսաստանում են:

Դատավորը պարզաբանեց, որ մինչև տուժողներին ծանուցելը մեկ ամիս ժամանակ կանցնի: «Բայց էդքան կապրե՟մ»,-հակադարձեց դատապարտյալը:

Անկախ հանձնաժողովը Աշոտ Մանուկյանին բացասական եզրակացություն է տվել պայմանական վաղաժամկետ ազատման համար, ինչը դատապարտյալը վիճարկում է դատարանում:

«Հանձնաժողովի անդամները իմ հետ չեն խոսել, ոնց որ Դուք եք հիմա խոսում, բարև-բարլուս են ասել, երկու բառ լսել, գնացել»,-դատարանին ասում էր Աշոտ Մանուկյանը:

Աշոտ Մանուկյանը դատապարտվել է 2008-ին՝ 12 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով ավազակային հարձակման մեջ: 26 մլն դրամի քաղաքացիական հայցի չվերադարձրած պահանջ ունի համապարտության կարգով (ենթակա է վճարման բոլոր համակատարողների կողմից): «Սևան» ՔԿՀ-ում կրել է պատժի 9 տարին, ապա առողջության վատթարացման պատճառով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Դատավոր Արշակ Վարդանյանին ներկայացրեց, որ ծանր է վիճակը, թեպետ ՔԿՀ-ից ուղարկված թղթերում նշված է միջին վիճակ: Հայտնեց, որ ունի շաքարային դիաբետ, 70 մգ ինսուլին է օրական ստանում, 2-րդ կարգի հաշմանդամ է: Սակայն դատավորը նկատեց, որ քննարկվում է ոչ թե պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդության հիմքով ազատման, այլ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարց:

Դատավորն ընթերցեց, որ Աշոտ Մանուկյանը նախկինում 5 անգամ դատապարտված է եղել: Դատական տեղեկատվական համակարգում ծանոթանալով Աշոտ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործին` պարզեցինք, որ նրա դատվածությունները մարված չեն եղել:

«Նախկինում՝ դատապարտված». այս արտահայտությունը հաճախ կարելի է լսել դատարաններում, հատկապես՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ դիմումների քննարկման ժամանակ, անգամ այն ժամանակ, երբ մարված կամ հանված են դատվածությունները: Անձի դատվածության մասին նշումները հաճախ են կիրառվում դատապարտյալների վերաբերյալ քրեակատարողական հիմնարկներից անձնական բնութագրեր, տեղեկանքներ կազմվելիս ու դատարաններ ներկայացնելիս, ապա դրանք ընթերցվում են որպես անձի մասին տեղեկատվություն:

Սակայն, քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածը սահմանում է դատվածությունը մարելու և հանելու ժամկետները: Ըստ այդմ, երբ դատվածությունը հանվում կամ մարվում է, վերացնում են դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները: Այս նորմն, իհարկե, արգելք չէ օրենքով սահմանափակումներ նախատեսելու` դատավորի, դատախազի, հատուկ քնչական ծառայողի, ոստիկանության ծառայողի, քրեակատարողական ծառայողի, ազգային անվտանգության մարմիններում ծառայողի պաշտոններ զբաղեցնելու համար: 

«ՀՀ Քրեական իրավունք» վերնագրված դասագրքում մի խումբ գիտնականներ, մեկնաբանելով այս իրավական նորմը, գրում են, որ դատվածության հանմամբ կամ մարմամբ անձը համարվում է երբևէ հանցանք չկատարած:

Սակայն «նախկինում՝ դատապարտված» ձևակերպումը, ավելին՝ անձի նախկին դատապարտումների վերաբերյալ տվյալները, դեռ խորհրդային տարիներին ազատազրկված լինելու հանգամանքը, հատկապես պայմանական վաղաժամկետ ազատման գործերով դիմումների քննության ժամանակ, կարող է բերել բացասական իրավական հետևանքների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter