HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Աշոցքում գտել են խոշորացված համայնքի «խոշորացված» հարցերի լուծման բանալին

Շիրակի մարզի Ղազանչի բնակավայրը (խոշորացման ծրագրով ներառված է Աշոցք համայնքում) տարածաշրջանում առավել հայտնի է իր աղբյուրների քաղցրահամ ջրով: Եթե անգամ որեւէ շիրակցի իր ողջ գիտակցական կյանքում հնարավորություն չի ունեցել այցելելու Ղազանչի, մի բան հստակ գիտի՝ ջուրը, որ օգտագործում է, «ղազանչվա է»: Մարզկենտրոնից 41 կմ հեռավորության վրա գտնվող այս բնակավայրում անցած տարվա ՏԻՄ ընտրություններից հետո խոշոր փոփոխություններ տեղի չեն ունեցել: Ղազանչիի բնակիչ 77-ամյա Մելսիկ Ապրեյանը անցած 8 ամիսների ընթացքում գյուղում իրականացված աշխատանքներից մտաբերում է միայն Գյումրի-Բավրա միջպետական մայրուղուց գյուղ մտնող ճանապարհի հարթեցումը:

«Ուրիշ բան չի եղել, աղջիկ ջան, օր հիշվող էղներ ես էլ հիշեի, ինչ կա Ղազանչի՝ նույն ձեւով կա, բան չի փոխվել,- ասում է Մելսիկ Ապրեյանը,- կմտածեինք, թե կըռնա էս խոշորացումից հետո գոնե ջրի հարցը կարգավորվի: Ղազանչին սաղ Շիրակի մարզին ջուր կուդա, ինքը ջուր չունի: Առավոտը կելնինք՝ մինչեւ 10-ը ջուր չկա, հետո էլ իրիգունը ժամը 6-ից հետո էլի չկա: Լույսը կբացվի՝ կեղտոտ ենք, կմթնի՝ կեղտոտ ենք, ըբը ըդիկ էղավ հայերե՞ն, բդի ջուր ունենաք հավաքած, որ օգտագործենք»:


Մելսիկ Ապրեյան

Մելսիկ պապը դժգոհում է երաշտ տարուց, ասելով, թե կնոջ ոսկե մատանին է վաճառել, որ խոտ գնեն ու մեղադրում իշխանություններին անտարբերության համար: «Արարատյան դաշտավայրն օր կարկուտ գիկա, խաղողի վազ ու ծիրանի ծառ կվնասվի, կնկարեն ցույց կուդան, մեր խաղողի վազն էլ մեր խոտն է, ինչի՞ մեզի էլ փոխհատուցում չեն տա: Համայնքները կմիացնեն, բայց կարեւոր հարցերը չեն լուծե, գյուղացու հոգսը ըդուրից չի թեթեւնա: Խոտը քիչ է էս տարի, հետն էլ փչացավ ահագին, ո՞վ կմտածե էդ մասին, գյուղերն իրար կպցնողը հեչ կմտածե՞ էդ մասին»,- հարցնում է Մելսիկ պապն ու հյուրընկալ լեռնեցու անմիջականությամբ հրավիրում տուն՝ մի կտոր հաց ուտելու:

Անցնում ենք գյուղի փողոցներով: Աղբամաններ չկան տեղադրված, սակայն տարածքը մաքուր է: Կոկիկ, մեկ կամ երկհարկանի տներ են՝ փոքրիկ բանաջարանոցներով շրջապատված՝ հիմնականում ծառազուրկ: Օրվա երկրորդ կեսն է ու գյուղամիջում հատուկենտ մարդկանց ենք հանդիպում: Ղազանչիի բնակիչ Նորիկ Եգանյանը փոփոխությունների վերաբերյալ հարցին մինչեւ պատասխանելը մի քանի վայրկյան լռում է, հետո ծիծաղում:


Նորիկ Եգանյան

«Հա, ընչի չի եղել, եղել է՝ լույսերն են մարել: Ինչ խոշորացել ենք գիշերները փողոցներն էլ չեն լուսավորվի, մինչեւ էդ մե քանիմ կետ ունեինք, օր գիշերները կմիացնեին, հըմի էդ էլ չկա,- նկատում է զրուցակիցս,-խոշորացումը չիդեմ, բայց մեզի համար շատ կարեւոր է մեր հողերի հարցը, օր քանիմ տարի առաջ վերցրեցին տվեցին հարեւան գյուղերին, մեկ էլ դպրոցում մարզադահլիճ չունենալը: Երեխեքը սաղ ձմեռ դասարանում «քնած արջ» կխաղան` ըդիկ չեղավ ֆիզկուլտուրա»:

Նորիկ Եգանյանը խոսում է վարչատարածքային բաժանման մասին օրենքում 2008թ-ի մայիսին կատարած փոփոխությունների արդյունքում Ղազանչիից վերցրած եւ հարեւան երկու համայնքներին տրամադրած հողային այն տարածքների մասին, որ ժամանակին իրենք էին մշակում: «Սովետի վախտ Լեննագանի «զակոզեռնոն» հիմնական հացահատիկը Ղազանչիից կմթերեր՝ 1000 տոննա ցորեն կստանայինք մեր հողերից, բայց էսօր գյուղացիք մնացել են մի քանի անասունի հույսին: էս տարի էլ խոտի վիճակը վատ էր, հազար դրամով մի տուկն ենք առել: Ղազանչիի դպրոցում ժամանակին 1000 երեխա է սովորել` էսօր ունի ընդամենը 70 աշակերտ: Դպրոցի նախկին երկհարկանի շենքը երկրաշարժից հետո հանեցին, թե իբր վթարային է, սաղ թալնեցին, հիմի տիպային շենք չունենք, երեխեքն էլ ամենակարեւորը մարզվելու տեղ չունեն, այ թող էս հարցերը լուծեն»,- պահանջում է զրուցակիցս:


Արթուր Ալոյան

Աշոցք խոշորացված համայնքը ղեկավարող Արթուր Ալոյանը չի ժխտում, որ 11 բնակավայրերի միավորումը միայն տարածքների խոշորացում չէր ենթադրում, այլ նաև առաջնահերթ առկա տարիներով չլուծված խնդիրների: Հրաշքներ տեղի չեն ունեցել անցած 8 ամիսների ընթացքում, սակայն տեսանելի աշխատանքներ կատարվել են, հավաստիացնում է զրուցակիցս: Ղազանչի գյուղի գիշերային լուսավորության ցանցի անկատար աշխատանքը բացատրում է` եղածը շարքից դուրս գալով եւ առայժմ նորերով չփոխարինելով: «Պիտի խնայողական լամպեր դնենք,- ասում է Արթուր Ալոյանը,- երբ ամբողջը փոխենք, նորացնենք՝ կգործարկենք: Ինչ վերաբերում է հողերին, ապա կադաստրից մարդ ենք հրավիրել, որ չափագրում անեն նորից, որովհետեւ Ղազանչիի հողերը, որ տվել են Սարագյուղին ու Բավրային՝ արանքում 120 հա կորել է: Հիմի պիտի էդ «կորածը» գտնենք, որ բաժանենք 84 ընտանիքի միջեւ, մարդիկ կարողանան վարել-ցանել»:

Արթուր Ալոյանը պատասխանում է նաեւ խոշորացումից հետո Ղազանչի համայնքի ջրարբիացման ծրագրից դուրս մնալու մասին հարցին: Այս տեղեկատվությունը եւս փոխանցել էին գյուղում, հայտնելով, թե նոր ղեկավարը հրաժարվել է համաֆինանսավորումից: «Դե դա այդպես չէ իրականում: Հա, նախքան խոշորացումը մեր տարածաշրջանի 4 համայնք՝ Ղազանչին, Զույգաղբյուր, Մեծ Սեպասարը եւ Աշոցքը դիմել էին մասնակցելու ծրագրին: Ես էն ժամանակ, որպես Աշոցք համայնքի ղեկավար՝ հրաժարվել եմ, որովհետեւ նախնական ներդրում էին ուզում 18 մլն դրամի չափով, որ նախագիծ անեն, հետո նոր տեսնեն ծրագիրը կանցնի, թե չէ: Հիմա նշված 4 գյուղերի համար ծրագրի իրականացումը դարձյալ արդիական է, դարձյալ էդ ներդրման հարցը կա, բայց ես համաձայնեցրել եմ, որ նախագիծն անեն, տեսնենք ինչ կլինի, ծրագիրը թող հաստատվի, նոր ես իրենց գումարը կփոխանցեմ, որովհետեւ հակառակ դեպքում կստացվի անտեղի ծախս»,- բացատրում է Արթուր Ալոյանը:

7600 բնակիչ (11 բնակավայր) ունեցող Աշոցք խոշորացված համայնքի բյուջեն 185 մլն դրամ է: Անցած 8 ամիսների ընթացքում համայնքում բավական աշխատանքներ են կատարվել: Սկսել են հեռավոր Սարագյուղ գյուղից: Մայրուղուց գյուղ մտնող ճանապարհն են հարթեցրել, դարձրել երթեւեկելի, գիշերային լուսավորության ցանց են անցկացրել՝ 45 կետ, սկսել են համայնքային կենտրոնի կիսափուլ շենքի վերականգնման աշխատանքները՝ դռներն ու պատուհանները նորացված են, ներկայում տանիքն են փոխելու, որ համայնքային կենտրոնն ի վերջո գործի, որտեղ մեկ սենյակ հատկացնելու են վարչական ղեկավարին: Կենտրոնի նորացման համար բյուջեից ծախսվել է մոտ 10 մլն դրամ:

Հարեւան Բավրայում եւս գիշերային լուսավորության ցանց են անցկացրել՝ 30 կետի չափով: Սիզավետում մայրուղուց գյուղ տանող ճանապարհն են հարթեցրել: Այստեղ եւս կա լուսավորության ցանցի խնդիր, սակայն աշխատանքները թողել են հաջորդ տարի: Թավշուտ բնակավայրը կլուսավորվի միայն 2019թ-ին: Աշխատել են ճանապարհները բարեկարգել, նաեւ վարչական ղեկավարի նստավայրի հարցը լուծել: Թավշուտում երբեւէ գյուղապետարանի շենք չի եղել: Նման պրոբլեմ ունեն խոշորացված համայնքում ընդգրկված Զույգաղբյուր եւ Փոքր Սեպասար բնակավայրերը: «Ռուսաստանից 3 տնակ ենք ներկրել՝ հատը 2,5 մլն դրամ, որ դնենք այդ գյուղերում, վարչական ղեկավարները նստավայր ունենան»,-ասում է Արթուր Ալոյանը:

Մեծ Սեպասարը միացված բնակավայրերից ամենամեծն է Աշոցքից հետո: Ունի մի քանի մեծ փողոց, որոնք պետք է բարեկարգվեն: Գիշերային լուսավորության ցանցն այս տարի չեն կարողանալու անցկացնել՝ նախատեսել են 2018թ-ին: Փոքր Սեպասար տանող Ճանապարհը հիմա քանդել են, որ հիմնանորոգեն: Վարչապետի հանձնարարականով 7 մլն դրամ պետական հատկացում է լինելու, համայնքային բյուջեից տրամադրվելու է մոտ 4 մլն դրամ: Կվերանորոգվի 3,5 կմ ճանապարհ: Փոքր Սեպասարում ներկայում գիշերային լուսավորության ցանցն են անցկացնում, համայնքապետի փոխանցմամբ, գյուղը կունենա կանոնավոր լուսավորություն:

Կրասար բնակավայրում այս տարի նոր դպրոց է կառուցվել 50 մլն բարերար Կարեն Կոկչյանի եւ 250 մլն Տարածքային զարգացման հիմնադրամի տրամադրած գումարներով 110 աշակերտի համար: Գյուղում մեկ այլ բարերարի միջոցներով եկեղեցի է կառուցվել: Այստեղ ճանապարհների մասնակի հարթեցում են կատարել համայնքային բյուջեից տրամադրած գումարներով, գիշերային լուսավորության ցանցի նորացումը հավանաբար կավարտեն հաջորդ տարի: Բնակավայրում երկու տարի առաջ ջրագիծ են կառուցել, որը չի աշխատում՝ պիտի փորձեն այդ հարցը լուծել: Փոքր Սեպասարից Կրասար գնացող ճանապարհին պատմամշակութային արժեք ներկայացնող կամուրջ ունեն, որ խորհրդային տարիներին ջրագծի խողովակի անցկացման պատճառով դարձել է վթարային: «Այս հարցով դիմել ենք մարզպետին, բայց էս պահին ոչինչ հնարավոր չի անել, որովհետեւ մշակույթի նախարարությունն էլ իր հերթին պիտի ուսումնասիրություն իրականացնի, հետո նոր որոշում կայացվի»,- նշում է Արթուր Ալոյանը:

Խոշորացված համայնքի կազմում գտնվող մեկ այլ բնակավայրում՝ Զույգաղբյուրում, պիտի կոյուղի կառուցեն: «Պատրիկ Լորենի ղեկավարած ժամանակահատվածում է եղել, եկել համոզել են գյուղապետին, որ ցանցը հանձնի իրենց: Ջուրը հիմա ծախում են գյուղացու վրա, բայց կոյուղու հետ կապված ոչ մի աշխատանք չեն կատարել, էդ ձեւի էլ փչացած, անսարք թողել են,- ասում է Արթուր Ալոյանը,- հիմա էնտեղ շատ բարդ խնդիր է՝ 600 հազար դրամ հատկացրել 150 գծամետր կառուցել ենք էս տարի, բայց դա բավարար չէ, պիտի շարունակենք մնացածը հաջորդ տարի»:

11 բնակավայրերից միայն երեքի՝ Սիզավետի, Կրասարի, եւ Սեպասար գյուղի խմելու ջրի ցանցն ու կոյուղին հանձնված չեն ջրմուղկոյուղուն: «Վերջերս ստացել ենք առաջարկ, որ հանձնենք ցանցը «Վեոլիա ջրին», սակայն ավագանին մերժել է, պատասխանել ենք, որ էս պահին «Վեոլիան» ոչ մի տեղ ոչ մի աշխատանք չի կատարում՝ դիմում ես ինչ-որ հարցով՝ արձագանք չկա, էդ դեպքում ինչի համար մենք մնացած ցանցն էլ հանձնենք իրենց: Ինչի՞ պիտի կրասարցին կամ սիզավետցին փող մուծի ջրմուղին, եթե նորմալ սպասարկում չունի»,- հարցնում է համայնքապետը:

Կատարած աշխատանքների թվարկումը խոշորացված համայնքի ղեկավարն ամփոփում է Կարմրավանում եւ Աշոցք կենտրոնում կատարած ծրագրերով: Կարմրավանում գերեզմանոցն են պարսպապատել 300 գծամետր, գիշերային լուսավորությունը մասնակի է՝ մի քանի կետ է աշխատում, այլ ծրագիր չեն իրականացրել: Աշոցքում էլ ընդամենը «Կոճոռ» կոչվող թաղամաս տանող ասֆալտապատ ճանապարհի վնասված հատվածն են նորոգել 2 մլն 900 հազար դրամով: Արթուր Ալոյանն ասում է, Աշոցքում դա միակ ծրագիրն է՝ արված խոշորացումից հետո 8 ամիսների ընթացքում:

Ի տարբերություն Արփի խոշորացված համայնքի` Աշոցքի երեք բնակավայրերում՝ Մեծ Սեպասար, Ղազանչի եւ Աշոցք, գործում են համայնքային ենթակայության մանկապարտեզներ: Արթուր Ալոյանի փոխանցմամբ, ձմռանը Մեծ Սեպասարի եւ Ղազանչիի մանկապարտեզները չեն գործի՝ էլեկտրաէներգիայով տաքացնելը ծախսատար է: Խոշորացումից հետո աշխատատեղերը հիմնականում կրճատվել են միացված բնակավայրերում: «Բոլոր խոշորացված համայնքների հետ համեմատած, մեր աշխատակազմը համեմատական չի ընդլայնվել, ՊՈԱԿ-ներով նույնիսկ պակասել է: 20 մլն դրամի կարգի տնտեսում ունենք աշխատակազմի հետ կապված: Կրճատումը գյուղերում է եղել, բայց ոչ ստիպողական, այլ ընդամենը, որ կարիքը չի եղել էդ հաստիքի: Օրինակ, Մեծ Սեպասարում 3 հաստիք է, մյուսներում` 2 հաստիք, եթե հաջորդ տարվա բյուջեում ավագանին համարի, որ պիտի հաստիք ավելանա, որ ավելի լավ սպասարկում լինի, խնդիր չկա՝ կավելացնենք»,- հավաստիացնում է Արթուր Ալոյանը:

Համայնքը՝ խոշորացման ծրագրով տեխնիկական վերազինման համար նախատեսված 6 միավոր տեխնիկայից այս տարի ստացել է մեկ աղբատար մեքենա, մեկ գրեյդեր, երկու բազմաֆունկցիոնալ տրակտոր, որ ձմռանը ճանապարհները մաքրի, գարնանն էլ վար անի եւ խոտի հակավորման մամլիչ: Հաջորդ տարի, կոմունալ սպասարկումը լիարժեք դարձնելու համար, ստանալու են «Կամազ» մակնիշի մեքենա, եւ փորող տեխնիկա: Աղբատար մեքենան այս պահին չեն օգտագործում, քանի որ նոր աղբարկղեր չունեն՝ նոյեմբերին են ստանալու: Բոլոր գյուղերը սկզբնական շրջանում չեն սպասարկվի, այլ համեմատաբար մեծ տարածք ունեցողները: Այս տարի նախատեսում են մեկ կանգառ տեղադրել Սիզավետ-Թավշուտ գյուղերի խաչմերուկում, մեկն էլ Բավրա գյուղում: Այս տարի Բավրայում նաեւ աղբամաններ են տեղադրելու՝ սկսած մաքսատան տարածքից:

Աշոցք խոշորացված համայնքում առայժմ զարգացման ծրագրերի մասին չեն մտածում: Իրականացնում են գյուղական կյանքը քիչ թե շատ բարելավող աշխատանքներ՝ ճանապարհների նորոգում, գիշերային լուսավորության ցանցի անցկացում, համայնքային կենտրոնների վերանորոգում, կոյուղագծերի անցկացում եւ այլն: Համայնքապետի համոզմամբ, սկզբի համար, խոշորացված համայնքի «խոշորացված» հարցերի լուծման բանալին իրենք գտել են.«Անում ենք էն, ինչ էս գյուղերում 25 տարի չի եղել՝ ճանապարհ, լույս, ջրագիծ, ամենաանհրաժեշտ ու տարրական բաները, որ պիտի լինեին, բայց չկան: Երբ դրանք կարգավորվեցին, նոր կմտածենք այլ ծրագրերի մասին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter