HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Բաղադրատոմս Անտառամեջից

 

Մոնղոլիայում «Բոոձ» (Бууз) պատրաստում են հիմնականում տոնական օրերին: Մի քանի հարյուր հատով սարքում են, սառեցնում ու հենց հյուր է գալիս, արագ եփում են ու հյուրասիրում: Մոնղոլուհի Բայինան որոշել էր մեր այցելության օրը «Բոոձ» պատրաստել:

Անտառամեջ դժվար է հասնելը: Ճամբարակ քաղաքը, հետո էլ մի քանի գյուղեր անցնելուց հետո, մեքենան մոտ կես ժամ գալարվում է նեղ ու փոշոտ ճանապարհով՝ բարձրանալով անտառի միջով: Այլընտրանքը ձին է կամ էշը, կամ էլ ոտքերդ, եթե կարող ես այդքան քայլել: Վերևում՝ անտառի մեջ, գյուղն է: Ասում են՝ ձմռանը լրիվ կտրվում է աշխարհից, որովհետև ճանապարհը մեքենաների համար փակվում է: Գյուղում 39 ընտանիք է ապրում:

Բայինայենց տանը եղել էինք մոտ երկու տարի առաջ: Ընթերցողները կարող են հիշել, թե ինչպես է Բայինան զավակների հետ որոշել ապրել Հայաստանում: Մոնղալիայից Հայաստան տեղափոխվելու պատճառը եղել է Բայինայի ամուսնու՝ Հրահատ Երիցյանի հիվանդությունը: Վերջինս 2015թ. մահացել է սրտամկանի ինֆարկտից: Անցած  այցելության ժամանակ Բայինան ու երկու երեխաները՝ Վարսիկն ու Արշակը, Հայաստանի քաղաքացիություն չունեին: Հիմա այս հարցը լուծված է:

Մեզ դիմավորում է Վարսիկը: Անտառի ճանապարհով քայլում ենք տուն: Վարսիկը ճանապարհին պատմում է դպրոցից: Յոթերորդ դասարանում են սովորում ինքն էլ, եղբայրն էլ: Ասում է` արդեն որոշել է, թե ինչ մասնագիտություն է ունենալու. «Երգչուհի և բժշկուհի»: Ասում ենք՝ բա ո՞նց է այդքան տարբեր երկու մասնագիտություն ընտրել: «Դե որ երգչուհի լինեմ, շատ փող կաշխատեմ, հետո էդ փողով մարդկանց անվճար կբուժեմ»,- ասում է Վարսիկը, արդեն տանն ենք: Բայինան լսում ու ժպտալով միջամտում է. «Ես էլ ասում եմ,Վարսիկ, էդպես հիմա չես կարողանա»:

Տանն է նաև Արշակը: Բայինան Բոոձի մսային լցոնը արդեն պատրաստել է, խմորը նույնպես: «Շուտ սարքվող ա: Ղոնախ, որ գալիս ա, ամենաշատ մի ժամվա մեջ միսը կտրատում ես, խմորը անում ես, մի 20-25 րոպե էլ պիտի շոգեխաշվի»,- պատմում է նա: Ուզում էինք, որ Բայինան ճաշի պատրաստություն չտեսնի և հանգիստ զրուցենք, բայց «Բոոձի» պատրաստման պրոցեսը գնալով ավելի հետաքրքիր դարձավ:

Բայինան մանրացրեց խմորը, հետո սկսեց գրտնակել: Մի տեսակ թեթևություն կար «Բոոձի» պատրաստման մեջ: Բայինայի ձեռքերին նայելիս մի պահ թվաց, թե դրանք «նվագում են» խմորը: Վարժ շարժումները հեշտ չէ կրկնել մոտավորապես այնպես, ինչպես նոր գործիք չես կարող միանգամից նվագել: Երբ փորձեցի գրտնակած խմորներից մեկը լցոնել մսով, տձև խմորագունդ ստացվեց: «Ես սովոր եմ, 7-8 տարեկանից սարքում եմ: Մեր Նոր տարուն ամենաքիչը մի 500-1000 հատ սարքում ենք: Գիշերները»,- ծիծաղելով ասում է Բայինան:

Բոոձի խմորը աղից, ալյուրից ու ջրից է: Պետք է պատրաստել տաք ջրով, հակառակ դեպքում, Բայինան ասում է՝ խմորը «կճաքի»: Մսի լցոնի մեջ էլ` տավարի կամ ոչխարի միս, սոխ, կանաչեղեն, սև պղպեղ, կարմիր պղպեղ ու աղ: Բայինան մի քիչ «տեղայնացրել է» Բոոձը: Ասում է՝ Մոնղոլիայում կանաչեղեն չեն օգտագործում, բայց ինքն ավելացրել է. «Որ հայերը կանաչեղեն սիրում են, դրա համար եմ ես գցել»:

Փայտի վառարանից ծխի անուշ հոտ է գալիս: Վրան դրված սուրճը տեղափոխում ենք ներսի մոխրի մեջ, դուռը մի քիչ բացում ենք, ծուխն ավելի է լցվում ներս, ու ավելի է համովանում սենյակի օդը: Ձմռան փայտը դեռ չունեն: Բայինան ու Արշակը փայտ հավաքելու համար շուտով անտառ կգնան: «Բոոձը» վառարանին չէր եփվում, այլ հեղուկ գազի բալոնի վրա: Բալոնը լիցքավորում են, երբ գյուղից քաղաք գնացող է լինում, ու դրանով պատրաստոմ ճաշերը: Գյուղում գազ չկա: 

Ինչպես Բայինան խոստացել էր, «Բոոձը» գրեթե քսան րոպեից համեղ բուրում է: «Սիրում եմ, որ տարբեր ճաշեր սարքեմ, թազա մի հատ ճաշ լինի, որ նայեմ, կարանամ սովորեմ, սիրում եմ ամենառաջինը սարքել համով, հետո, որ նայես... Ճաշը, որ տեսնում ես, իր տեսքից ախորժակ ա տալիս չէ»,- ասում է Բայինան: Ձեռքով կաթսայից հանում է «Բոոձի» եփված, ախորժաբեր հատիկները ու շարում ամանի մեջ: Հենց ձեռքով էլ պետք է ուտել: «Ձեռքով, որ ուտում ես, ջուրը մնում է մեջը, ավելի համով է»,- սեղանի մոտ ասում է Վարսիկը:

«Բոոձ» պատրաստելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան կաթսա: Բայինային այդ կաթսան նվիրել է Մոնղոլիայում ապրող հարազատներից մեկը: Ասում է` Հայաստանում դժվար թե այդ կաթսայից վաճառեն: Կախված նրանից, թե քանի հատ ես ուզում սարքել, կաթսայի հարկերը կարող են շատանալ: Առաջին հարկում եռում է ջուրը, մյուս հարկերը ծակոտկեն են, և դրանցում դրված «Բոոձի» հատիկները եփվում են գոլորշու վրա:

«Արշակ, բա դու չասացիր` ինչ ես ուզում դառնալ»: Բայինան միանգամից որդու փոխարեն պատասխանում է` հոգեբան, շատ արագ է մարդկանց ճանաչում:

Արշակը մի ժամանակ օրագիր է պահել, բայց Վարսիկը մի օր «բացահայտել է» ու վերցրել: Եթե մի օր տունը գողեր մտնեին, արդարանում է Վարսիկը, կիմանային թե Արշակը ինչ է գրել:

Արշակը ասում է, որ հաճախ է ամաչում: Մի մեթոդ է մտածել՝ այդ զգացումը հաղթահարելու համար: Բռում պահում է մի տերև և մտածում այն բաների մասին, որոնցից ամենաշատն է ամաչել: Մտածում է այնքան, որ էլ մտածելու բան չմնա: Վերջում, եթե տերևը չի սեղմել, ուրեմն հաջորդ անգամ նույն բանի մասին մտածելիս չի բարկանա:

Երբ դեռ հայերեն բառերը լավ չգիտեին, Արշակը Վարսիկին ասել է, թե «հարիֆ»-ը լավ բառ է, նշանակում է «հարուստ, ուժեղ»: Վարսիկը հաջորդ օրը գնացել է դպրոց ու դասարանցիների մոտ հայտարարել. «Ուրեմն լսեք, ես այս դասարանի հարիֆն եմ»: Դասարանցիները սկսել են ծիծաղել, հետո Վարսիկին բացատրել բառը: «Հա, բայց ես էլ չգիտեի»,- ծիծաղում է Արշակը: «Բոոձը» շատ համեղ է ստացվել:

Ճաշելուց հետո Բայինան ցույց է տալիս իր, Վարսիկի և Արշակի հայկական անձնագրերը: Մնացած բոլոր փաստաթղթերը, որոնց համար քաղաքացիություն էր անհրաժեշտ, Բայինան (անունը անձնագրում՝ Բայանդոլգոր Օյունչիմեգ) ասում է՝ արդեն ստացել են: Տունն էլ թեև նրանցն էր, բայց քաղաքացիություն չունենալու պատճառով չէին կարողացել սեփականության իրավունքը գրանցել: Հիմա տունն իրենցն է: Վարսիկն ու Արշակը նպաստ են ստանում, Բայինան էլ դպրոցում պահակ է աշխատում: 

Լուսանկարները և տեսանյութը` Սարո Բաղդասարյանի և Հրանտ Գալստյանի

Մեկնաբանություններ (1)

Viken
That's right Hagop. ...Armenians living in Ottoman Empire built walls around their houses to keep out cross-cultural influences. What rubbish!!! As if there was nothing of the sort. Are you a cuisine anthropologist? Get off your high horse, already and keep your childish rants to yourself. Next, you'll claim that lahmajoun is purely Armenian. That this half Mongolian family has resettled in Armenia, and filed for citizenship,should be welcomed and serve as an example for diaspora Armenians who spout their armchair nationalism from afar. Talk about cross culturalism,indeed. Let them cook whatever they want! Ooof!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter