HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2017-ի առաջին ինն ամիսներին սնանկացել է 927 ընկերություն

2017-ի առաջին ինն ամիսներին սնանկացել է 927 ընկերություն: Վերջին յոթ տարվա կտրվածքով՝ սա սնանկության ամենաբարձր ցուցանիշն է:

Ընդհանուր առմամբ 2010-2017 թվականներին սնանկացել է 3171 ընկերություն: Պետական եկամուտների կոմիտեի՝ «Հետք»-ին փոխանցած տվյալներով՝ 2010 թվականից սկսած տարեցտարի ավելացել է սնանկ ճանաչված ընկերությունների թիվը:

Օրինակ՝ եթե 2010-ին սնանկացել է 79  ընկերություն, ապա 2017-ին այդ թիվն աճել է 12 անգամ:

ՊԵԿ-ից նաև խնդրել էինք տրամադրել 2010-2017 թվականներին սնանկ ճանաչված ընկերությունների թիվը՝ ըստ ոլորտների։

Կոմիտեից հայտնել են, որ սնանկ ճանաչված ընկերությունների՝ ըստ գործունեության տեսակի կամ ոլորտի տեղեկատվությունը հիմնված է տնտեսվարող սուբյեկտների կողմից շահութահարկի, եկամտահարկի հայտարարագրերում կամավոր ներկայացվող տվյալների հիման վրա, և վերջնական տվյալներ հաղորդել չեն կարող:

Սակայն ՊԵԿ-ը կամավոր սկզբունքով գրանցված սնանկ ընկերությունների ոլորտային տվյալները փոխանցել է։

Պարզվում է, որ տարիների ընթացքում ամենաշատը սնանկացել են մանրածախ և մեծածախ առևտրի սուբյեկտները: Համեմատաբար մեծ է եղել նաև մշակող արդյունաբերության, հանրային սննդի և կացության ոլորտի, փոխադրմամբ, շինարարությամբ զբաղվող ընկերությունների սնանկությունների թիվը:

Արտակ Մանուկյանը հիմնական սնանկությունները  պայմանավորում է չմարվող վարկերով

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը, ծանոթանալով պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած սնանկացած ընկերությունների ցուցանիշներին, ընդգծում է՝ ամբողջական վերլուծության համար կարելի է նաև ավելացնել ժամկետանց պարտքերի գործոնը: Նրա հաղորդմամբ՝ բանկերի նկատմամբ ժամկետային պարտավորությունները ավելի քան 20 տոկոսով ավելացել են, որոնք էլ բերել են սնանկության գործընթացների ավելացման։

«Սա վկայում է, որ բանկերի կողմից առաջարկված պայմանները և ընդհանուր բիզնես միջավայրի շահութաբերությունը համահունչ չեն, և դա բերում է սնանկության: Սնանկացող ընկերությունները հիմնականում փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներ են: Հարկային ծանրաբեռնվածությունը գնալով ավելացել է ՓՄՁ սուբյեկտների համար: Այսինքն՝ ունենք երկու-երեք ուղղություններ՝ վարկային տոկոսադրույքները այդպես չեն մեծացել, շրջանառությունը գնալով նվազել է և ի լրումն դրա՝ հարկային պարտավարությունը ավելացել է»,- նշում է Մանուկյանը։

Տնտեսագետի կարծիքով՝ ի տարբերություն զարգացած երկրների, Հայաստանում սնանկացող ընկերությունների տեսակարար կշռում գերակշռում են պարտադրված սնանկությունները, որոնք հիմնականում պայմանավորված են հարկային պարտավորությունների չկատարմամբ:

Մանուկյանը նաև ընկերությունների սնանկությունը պայմանավորում է գնողունակության անկմամբ: Ասում է՝ բնակչության քիչ գումարի ազդեցությունը առաջին հերթին կրում են ՓՄՁ-ները: Այսինքն՝ ընկերությունը չի կարողանում իր ծախսերը հոգալ, հասնում է սնանկության:

Ընկերությունների սնանկության վրա ազդող գործոն է նաև այն հանգամանքը, որ Հայաստանում շահութաբերությունը գնալով նվազում է: Ասում է՝ այս հանգամանքները կառավարության համար պետք է մտահոգիչ լինեն, և պետք է փորձեն ՓՄՁ ոլորտին գրավիչ առաջարկներ ներկայացնել:

Մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտի ընկերությունների սնանկացման գերակշռումը Արտակ Մանուկյանը պայմանավորում է ոլորտում հայտնվող մեծ սուբյեկտներով: Ընդգծում է. « Նախկինում եթե մի մարզում այդ առևտրով զբաղվով 10 սուբյեկտներ էին, հիմա դրանց կողքին հայտնվում է մեկ մեծ սուբյեկտ, ավելի լավ աշխատում, ավելացնում շրջանառությունը՝ արդյունքում կողքիններին ոլորտից դուրս մղում: Սա սոցիալ-տնտեսական առումով խնդիր է, քանի որ ՓՄՁ-ները դեմոկրատական ինստիտուտներ են, որոնք բերում են սոցիալ-տնտեսական դրական էֆեկտի: Հայաստանում խոշոր օբեյկետի բացումը միանշանակ բերում է  շրջակայքում գործող որոշ ՓՄՁ օբյեկտների փակման»:

Յուրաքանչյուր ընկերության սնանկություն որոշվում է դատական կարգով: Հայաստանի հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ azdarar.am-ում, ամեն օր հրապարակվում են ընկերությունների սնանկության մասին տասնյակ հայտարարությունններ: «Սնանկության մասին» օրենքը հստակ սահմանում է՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե անվճարունակ է ճանաչվել:

Սնանկացման յուրաքանչյուր գործընթացում ներառվում է սնանկության գործերով կառավարիչ: Կառավարիչ կարող է նշանակվել կառավարության լիազորված մարմնի կողմից որպես սնանկության կառավարիչ լիցենզավորված և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հանդիսացող ֆիզիկական անձը:

Սնանկության գործով որոշ կառավարիչներ դեմ են պետության կողմից առաջարկվող փոփոխություններին

«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա ինքնակարգավորվող կազմակերպության» դիտորդ, խորհրդի նախագահ Արսեն Չիտչյանը, դիտարկելով իր գործունեության ընթացքում քննված սնանկության գործերը, նշում է, որ վերջին շրջանում առավել շատ սնանկանում են խոշոր վարկ ունեցող ընկերությունները: Դրանք չեն կարողանում սպասարկել իրենց վարկը, ընկնում են «սև ցուցակ» և բանկերը նրանց ուղարկում են սնանկության:

Ընդգծում է նաև, որ երբեմն ինքնասնանկացումներ են լինում, բայց դրանք ևս մեծամասամբ պայմանավորված են վարկերի չմարումով:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am-ում, այժմ քննարկման է դրված «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: Սնանկությունների գործով կառավարիչների մի զգալի հատված դեմ է այդ փոփոխություններին: Արսեն Չիտչյանը պնդում է, որ դրանք իրենց հետ բերելու են կոռուպցիոն մեծ ռիսկեր և կախյալ վիճակի մեջ են դնելու կառավարիչներին՝ հետընթաց ապահովելով:

Նրա փոխանցմամբ՝ 2005 թվականին ստեղծվեց «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա ինքնակարգավորվող կազմակերպությունը»՝ նպատակ ունենալով կառավարիչներին առավել անկախ դարձնել դատարաններից, պարտապաններից և պարտատերերից: Սակայն այս օրենքով, նրա գնահատմամբ, կառավարիչը կախյալ վիճակում է գտնվելու. «Օրինակ՝ օրենքի փոփոխությամբ ասվում է՝ պարտատերերի ցուցակը հաստատվելուց հետո կարող է պարտատիրոջ պահանջով սնանկության գործով կառավարիչը փոխվել: Պարտատերերի ցուցակը հաստատվում է վճռի կայացման պահից մեկ ամիս հետո: Այսինքն՝ այդ մեկ ամսվա ընթացքում եթե ես՝ որպես կառավարիչ, խոնարհ ծառա չլինեմ պարտատիրոջ առաջ, նա կարող է ասել՝ Չիտչյան Արսենին փոխեք, Պողոսին նշանակեք, առանց պատճառաբանության: Իսկ դա արդեն կոռուպցիոն ռիսկ է: Արդեն կառավարիչը պարտատիրոջ առջև դառնում է հլու-հպատակ, պարտատերը ոնց ասի, ես պարտավոր եմ անել, աչքիս առաջ այն հանգամանքը, որ գործս կկորցնեմ»,- նշում է Չիտչյանը:

Դիտորդ խորհրդի նախագահը օրենքի նախագծի խնդրահարույց հաջորդ կետը համարում է սնանկությունների գործով կառավարիչների աշխատավարձի իջեցումը: Եթե այժմ գործում է օրենքով նախատեսված վարձատրության սխեմա, որով տեսակավորված սահմանվում է վարձատրության չափը, նոր օրենսդրական փոփոխությամբ այդ վարձատրության չափը 3 անգամ իջեցվելու է: Նրա կարծիքով՝ վարձատրության չափի իջեցումը հետագայում ևս բերելու է մեծ կոռուպցիոն ռիսկերի:

Արսեն Չիտչյանը կառավարիչների անկախության կորստի հաջորդ հանգամանք է համարում այն փոփոխությունը, որով առաջարկվում է անկախ «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա ինքնակարգավորվող կազմակերպություն»-ը, տեղափոխել արդարադատության նախարարության ենթակայության ներքո: Ասում է՝ այս պարագայում, երբ հարկային մարմինը պարտապանին սխալ պահանջ ներկայացրած կլինի, գործով կառավարիչը չի կարողանա դրան առարկել՝ աչքի տակ ունենալով, որ մյուս պետական մարմինը իրեն հսկում է։

«Այս փոփոխություններով քանդվելու է դաշտը, քանի որ խնդրահարույց կետերը բազմաթիվ են»,-հավելեց Արսեն Չիտչյանը:

Դիտորդ խորհրդի նախագահը կառավարությանը առաջարկում է օրենսդրական մեկ փոփոխություն կատարել, հաստատել աճուրդների անցկացման կանոնակարգ, որով կվերանան սնանկությունների գործերի երկարաժամկետ քննումների վերաբերյալ քաղաքացիների դժգոհությունները:

ՊԵԿ-ը մեզ ուղարկված պատասխանում նշել է, որ վերջին տարիներին սնանկ ճանաչված կազմակերպությունների թվի աճը բացատրվում է 2016թ-ին ՊԵԿ Իրավաբանական վարչության կազմում Սնանկության բաժին ստեղծելու և վերջինիս կողմից օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտերի ինտենսիվ մշակումներով ու կիրառումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter