HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Երկնագույն շան աչքեր». երազի ու իրականության ցնորքային միախառնում «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում

Սենյակի խավարը ցրող լամպի աղոտ լույսի ցոլքերը սահում են պատերի վրայով՝ փորձելով ջնջել երազի ու իրականի սահմանագիծը երկու էակների միջեւ: Ամեն գիշեր՝ հատելով երազների սորուն սահմանը, նրանք հանդիպում են այս սենյակում՝ միմյանց դիպչելու չգրված արգելքով՝ իրական կյանքում երբեւէ միմյանց գտնելու անհասանելի երազանքով:

«Երկնագույն շան աչքեր»՝ հորինվածք, թե կախարդական նշանաբառ, որով իրական կյանքում զարդարված են ոչ երազային քաղաքի փողոցներն ու պատերը: Հորինվածք, որ պիտի օգներ սիրող սրտերին արթմնի հանդիպել ու ճանաչել միմյանց: Ամեն գիշեր գլուխը բարձին դնելով ու ընկղմվելով երազների կախարդական աշխարհը` արդեն երեք տարի նրանք հանդիպում են այս սենյակում, իրե՛նց սենյակում, որտեղ ամեն ինչ՝ կահավորանքը, պատերը, անգամ տիրող սառնությունն իրենցն է՝ երազների գրված օրենքով:

«Նա դուրս եկավ լամպի լուսավոր օղակից ու կրկնեց.

- Երկնագույն շան աչքերը: Ես գրել եմ դա ամենուրեք:

Նա շրջվեց ու քայլեց զարդասեղանի ուղղությամբ: Հայելու մեծ լուսնի մեջ հայտնվեց նրա դեմքը. դեմքի անդրադարձումը, տեսողական պատկերը, կրկնակը, որը պատրաստ էր լուծվել լամպի թրթռացող լույսի մեջ: Սառած մոխրի գույնի աչքերը տխուր նայեցին ինձ ու խոնարհվեցին, նա բացեց շպարի սադափե տուփն ու վրձինով կպավ քթին ու ճակատին:

- Ես այնքան եմ վախենում,- ասաց նա,- որ այս սենյակը մեկ ուրիշին էլ երազում կերևա, ու նա այստեղ ամեն ինչ կխառնի»:

 

                                                                                             (Գաբրիել Գ. Մարկես, 1950թ.)

 

Ջեմմա Ադամյան

Կնոջ դալուկ դեմքը երիզող տխրության ու հուսահատության հետ միախառնված սպասման զգացողությունը ստիպում է հավատալ, որ, այո՛, մի օր, օրերից մի օր իր դիմաց նստած տղամարդը կարթնանա ու կհիշի այդ բառերը, որ հենց ինքն է հորինել՝ «Երկնագույն շան աչքեր»:

«- Վաղը մենք անպայման կճանաչենք իրար,- ասացի ես,- ես կփնտրեմ կնոջն, ով «Երկնագույն շան աչքերն» է գրում պատերի վրա:

Նա տխուր ժպտաց ու ձեռքերը դրեց լամպի սառող կափարիչի վրա.

- Դու ցերեկը ոչինչ չես հիշում:

Նրա տխուր ուրվագիծն արդեն սկսել էր հալվել աղջամուղջի լույսի մեջ:

-Դու զարմանալի մարդ ես,- ասաց նա,- դու երազներդ երբեք չես հիշում:»

                                                                                             (Գաբրիել Գ. Մարկես, 1950թ.)

Գյումրու դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքեր» պատմվածքի բեմական տարբերակն է: 2013թ-ին թատերական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի 3-րդ կուրսի ուսանող Արսեն Միքայելյանի համարձակ փորձերից մեկն այս ստեղծագործությունը պիեսի վերածելն ու բեմադրելն էր, որ ներկայացվեց «Դուետ» փառատոնի շրջանակներում, գեղարվեստի ակադեմիայի փոքր բեմում: 4 տարի անց, դրամատիկական թատրոնի երիտասարդ ռեժիսորներից Ռաֆայել Ասատրյանը որոշեց կրկին անդրադառնալ Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործությանը՝ հանդիսատեսին ներկայացնելով պատմության ավարտն իր տարբերակով:

Ռաֆայել Ասատրյան

«Կարելի է ասել Մարկես-Արսեն-Ռաֆայել եռամիասնության արդյունքն ենք բեմ բարձրացրել: Երաժշտական ձեւավորումը եւս Արսենին է, զգեստները՝ Լուսինե Խաչատրյանինը: Դեկորները հասցված են մինիմումի՝ սեւ պատեր ու սպիտակ կավիճ: Փոքրիկ այս բեմում ոչինչ չպիտի խանգարի հանդիսատեսին` վայելելու դերասանական խաղից ծնված զգացմունքները,- ռեժիսորը ժպտում է,- այս սերունդը պիտի երազի, ես վստահ եմ, իրենք ունեն պակասը նման ներկայացումների, նրանց պետք է տալ դա ու իրենք էլ պիտի վստահ լինեն, որ սերը, իրական զգացմունքները, հանուն սիրո արվող քայլերն արդարացված են»:

Մարկեսյան տարբերակում ավարտը հերթական լուսաբացն է, երբ աղջամուղջում սկսում են հալվել ստվերները: Նրանք հանդիպում են ամեն գիշեր՝ մնալով մշտապես ափաչափ տարածության վրա, ցանկանալով եւ միաժամանակ հրաժարվելով դիպչել միմյանց՝ վախենալով, որ հանկարծակի արթնացումը կհանգեցնի վերջնական մոռացման: Ռաֆայել Ասատրյան ռեժիսորի մոտ լուծումը միավորումն է՝ զգացմունքների, մարմնի, համբույրի ու գրկախառնության պոռթկումով: Կյանքում եւս գալիս է մի պահ, երբ ամեն մի պայմանականություն կողքի է դրվում հանուն երկու էակների միաձուլման:

Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» աճեմյանական փոքր բեմում ներկայացնում են Ղարիբյան Սարգիս-Ադամյան Ջեմմա եւ Մխոյան Մանե-Գալստյան Սամվել զույգերը: Նրանք խաղում են նույն ներկայացումը: Նույնն է պատմությունը, նույնն է ասելիքը, սակայն մատուցման եղանակը, որ տարբեր է դերասանական զույգերի մոտ, հանդիսատեսի մոտ տպավորություն է ստեղծում, թե ինքը բոլորովին այլ ներկայացման մասնակից է: Սարգիս-Ջեմմա առավել հասուն պատմությանը հակադրվում է Մանե-Սամվել զույգի «ռոմեո-ջուլետյան» տրամադրությունը:

Սարգիս Ղարիբյան

«Երկու զույգերի խաղում էլ կա «բնավորություն» եւ դա հանդիսատեսն անպայման կզգա: Մենք այնպես ենք արել, որ ցանկության դեպքում ձեւավորված զույգերը կարող են խառնվել եւ արդյունքում ունենում ենք ոչ թե իրարից տարբեր երկու, այլ, կարելի է ասել, նույն ներկայացման մատուցման 4 տարբերակ: Սա եւս էքսպերիմենտ է, որ փոքր բեմում անելու հնարավորությունը տրվել է մեզ»,- ասում է Ռաֆայել Ասատրյանը: Դերասաններն էլ իրենց հերթին են խոստովանում, որ ի տարբերություն աճեմյանական մեծ բեմի, այս փոքր դահլիճում, որտեղ ընդամենը 81 հանդիսատես է տեղավորվում, խաղալը դերասանի համար փորձություն է: «Հանդիսատեսը տեսնում է, զգում է, շնչում է քեզ հետ, ապրում ու տենչում է քեզ հետ ու դու պիտի տաս առավելագույնը»,- ասում է Սարգիս Ղարիբյանը:

«- Ես միշտ ցանկացել եմ լսել, ինչպես է բաբախում քո սիրտը:

- Եթե մենք հանդիպենք իրականում, դու կկարողանաս ականջդ դնել կրծքիս ու լսել:

- Եթե հանդիպենք իրականում...

Նա ձեռքերը դրեց ապակե կափարիչին ու մրմնջաց.

- «Երկնագույն շան աչքերը»:

                                                                                             (Գաբրիել Գ. Մարկես, 1950թ.)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter