HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Highgae. «Բենդն ուժ ունի, երբ որ որակ ունի»

Տաթև Խաչատրյան

Ապրել միայն արարելով, լինել ազատ և այդ ազատությունը դնել ստեղծագործության մեջ․ այսպես է մեկնաբանում «Highgae» (ՀայՋի) խմբի փիլիսոփայությունը խմբի հիմնադիր և վոկալիստ Վահե Բաղդասարյանը։

Խումբ ստեղծելու գաղափարը նրա մոտ առաջացել է 3 տարի առաջ, բայց այն վերջնական ստեղծվել է անցյալ տարի նոյեմբերին (նոյեմբերի 25-ին խումբը նշելու է ստեղծման 1 տարին

Սերը երաժշտության հանդեպ Վահեի մոտ եղել է դեռևս մանկուց, հայրը  Խորհրդային միության տարիներին Բուլղարիայից բերել է արտասահմանյան երգիչների՝ մասնավորապես Բոբ Մարլիի ձայներիզներ։ Վահեն լսել է և տարվել երաժշտությամբ։

Վահե Բաղդասարյան

Բացի այդ, տարիներ առաջ երաժշտական ստուդիա է ունեցել, որից մնացած գործիքներով էլ տանն է խորացրել երաժշտական գիտելիքները։

Վահեն մասնագիտությամբ էլեկտրատեխնիկ է և խմբի միակ անդամը, ով չունի երաժշտական կրթություն։ Սակայն երգեր գրելիս դա նրան չի խանգարում։ Ասում է՝ երաժշտության մեջ ամենակարևորը դրա «պուլսը զգալն է» ու անկեղծ լինելը։

«Ես սաղ զգալով եմ գրում: Ինձ որ ասում են՝ լյա-ից նվագի կամ բան, ասում եմ՝ հա, օքեյ․․ (ծիծաղում է, հեղ․)»,- պատմում է նա։

Highgae-ն բաղկացած է 7 հոգուց, ովքեր առանձին-առանձին նաև իրենց սեփական երաժշտական նախագծերն ունեն․ նրանք են՝ բաս կիթառահար Սերգեյը, կիթառահար Սարգիսը, թմբկահար Ռաֆայելը, ստեղնահար Հրաչը, շեփորահար Հարությունը, Անուշիկը՝ վոկալիստ, ով չնայած զբաղվածությանը` փորձում է համատեղել։

Highgae-ն որևէ առանձնահատուկ երաժշտական ուղղվածություն չունի․ երգում են հիփ հոփ, ռեգգի, ջազ, բլյուզ, ֆոլկ և այլն, բայց խմբի անդամները խոստովանում են, որ կան ոճեր, որոնցով երբեք չեն երգի

«Բոլորը սիրում ենք, ինչ անում ենք: Զուտ սիրելու խնդիր ա, ինչ-որ խորը փիլիսոփայություն չկա էստեղ»,- ասում է Վահեն։

Թեև փորձերի ժամանակ և ստեղծագործական գործընթացում բուռն քննարկումներ, տարաձայնություններ ու երբեմն նաև վեճեր են լինում, սակայն, ըստ Վահեի, դա ավելի շատ երաժիշտների սրտացավությունից է գալիս։

«Խնդիրներ չի կարա չլինի, որովհետև խոսքը գնում ա 7 հոգու մասին, 7 ՀԱՅ  հոգու մասին» (ծիծաղում է, հեղ․):
Վերջին դեպքը, որը մտաբերում է Վահեն այն է, որ եկել, երգել, նվագել է դաշնամուրի վրա՝ ցույց տալու համար, թե ինքն ինչ է ուզում «զգալ» էդ երգից: Բայց քննարկման ընթացքում մեկը մի ակորդն է փոխել, մյուսը՝ մեկը, և ստացվել է մի նոր բան:

Երաժշտության մեջ ամենակարևորը, ըստ խմբի անդամների, առավելագույնս արտահայտվելն է և իրար «պուլսը զգալը»։

Այդ պատճառով է նաև, ըստ Վահեի, որ խմբի կազմը մի քանի անգամ փոխվել է։

«Մեր երաժիշտներն (հայ երաժիշտները, հեղ․ ) ըտենց խնդիր ունեն: Ինչ-որ մեկը գումարի համար, ինչ-որ մեկը մյուս ոճը սիրելու համար, փորձում ա 2 տարբեր բնավորությամբ երաժշտության մեջ նվագի: Դա չի լինում: Երաժշտությունը, բացի սիրելը, պետք ա զգալ»,- ասում է Վահեն։

Ըստ նրա՝ շատերը կարծում են, որ իրենց խումը շատ փորձեր է անում, բայց իրենք ուղղակի իրար «լավ են հասկանում»։

«Ընդհանրապես, բենդն ուժ ունի, երբ որ որակ ունի»,- ասում է Վահեն, կիթառահար Սարգիսն էլ ավելացնում է, որ լավ գործը մարդիկ միշտ էլ գնահատում են: «Երբ որ ձգտումը կա, դու ձգտում ես ու հասնում ես էդ ամեն ինչին, դու հնարավոր չի չգնահատվես։ Մենք ուղղակի էդ գաղափարով ապրում ենք»։

Սարգիս Օհանյան

Գոյության մոտ մեկ տարվա ընթացքում խումբն ունի 20-ից ավելի հեղինակային երգ։

«Բոլոր երգերն իմ հետ անմիջական կապ ունեն,- ասում է Վահեն։- Ամենամեծ գնահատականը, որ ես պետք ա ստանայի, որ շատերն են ասում, որ լրիվ անկեղծ ա մեր երգերը»։

Highgae-ն այժմ ելույթներ է ունենում երևանյան մի քանի փաբերում: Առաջիկայում նախատեսում են մի քանի տեսահոլովակ նկարահանել։

գլխավոր լուսանկարում ձախից՝ Սարգիսը, Վահեն, Ռաֆայելը, Հրաչը, Հարությունը և Սերգեյը

 

Տեսանյութը՝ Տաթև Խաչատրյանի և Սարո Բաղդասարյանի
Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter