HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Համայնքապետերը չեն կարողանում հավաքել հարկերը

Արմավիրի մարզի 15 համայնք, հոկտեմբերի 26-ի դրությամբ, չի կարողացել սեփական եկամուտների հավաքագրումը հասցնել գոնե 50%-ի: Համայնքապետերն արդարանում են, որ գյուղացիների սոցիալական վիճակը ծանր է, չեն կարողանում վճարել հարկերը: Մարզային իշխանություններն էլ պահանջում են հայցադիմումներ ներկայացնել դատարան և դատական կարգով հողօգտագործողներից բռնագանձել գումարները:

Էջմիածնի նախկին տարածաշրջանի Այգեշատի համայնքապետարանը սեփական եկամուտների գծով բյուջեն կատարել է 46%-ով: Հողի հարկի գծով հավաքագրումը կազմել է ընդամենը 16,3%:

Այգեշատի համայնքապետ Ռոբերտ Հովսեփյանն ասաց, որ բյուջեն թերի կատարելու պատճառը կարկտահարությունն է և գյուղացիներին տված կառավարության խոստումները:

«Կառավարությունից հեռուստատեսությամբ ելույթ ունեցան և հայտարարեցին, որ կարկտահարված գյուղերի բնակիչներին պահանջներ չեն ներկայացնելու, որովհետև մարդը եկամուտ չունի: Ինչ էլ, որ հավաքագրել ենք, խաթրով ենք հավաքել: Երբ գնում եմ Փիլիպոսի դուռը ծեծում եմ, որ պարտք ես, պիտի տաս, մատը մտցնում ա աչքս, ասում ա՝ լսի, արա համբալներ, մեր կառավարությունն ասում ա, որ հողի հարկ չենք վճարելու, խի՞ եք եկել ուզում: Այսինքն, մենք դառնում ենք վատամարդ, թուք ու մուր ենք ուտում, հետ ենք գալիս»,- ասում է Ռոբերտ Հովսեփյանը և հավելում, որ խոստացած ոչ մի հարկ էլ չի զիջվել: Ավելին, նախորդ տարիներին հնչած նման խոստումների պատճառով գյուղացիները դարձյալ կուտակել են պարտքեր և այժմ հավաքագրումը կատարվում է տույժ-տուգանքով, ինչը ևս դժգոհության պատճառ է դառնում:

Ռոբերտ Հովսեփյանի խոսքերով, թեև համայնքապետարանը պարտքեր չունի, սակայն մի կերպ են կարողանում աշխատավարձերը վճարել:

Ավելի ծանր վիճակում գտնվում է Արմավիրի տարածաշրջանի Այգեշատ համայնքը: Այստեղ սեփական եկամուտների հավաքագրումը հոկտեմբերի 26-ի դրությամբ կազմել է 28,1%, հողի հարկինը՝ 19,8%: Գույքահարկը հավաքագրվել է պլանավորածի 24%-ի չափով:

Այգեշատի համայնքապետ Արամայիս Մխիթարյանն ասաց, որ վերջին 20 օրվա ընթացքում վիճակը փոքր-ինչ բարելավվել է, կարողացել են հավաքագրում կատարել, սակայն դեռ 50%-ի չի հասել:

«Ցածր հավաքագրման պատճառը գյուղացիների խնդիրներն են: Տարին սակավաջուր էր, շատ խանգարեց: Շատերն այդ պատճառով քիչ եկամուտ ունեցան, այդ մասով էին նեղվում: Վարկային պարտավորությունները շատ են: Չեն հասցնում համ հարկերը վճարել, համ վարկային պարտավորությունները մարել: Ամեն դեպքում  մեծ մասի հետ ունենք պայմանավորվածություններ, որ վճարելու են, թեկուզ տարվա ավարտին մնացել է 1.5 ամիս»,- ավելացրեց Արամայիս Մխիթարյանը:

Այգեշատի համայնքապետարանն ունի նաև 1 մլն 300 դրամ չվճարած աշխատավարձերի և այլ պարտավորությունների պարտքեր:

Լուկաշին համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը «տարօրինակ» չի համարում, որ հոկտեմբերի վերջին բյուջեն սեփական եկամուտների մասով կատարվել է ընդամենը 32,5%-ով: Հողի հարկը կարողացել են հավաքագրել պլանավորածի 20,6%-ի չափով: Ասում է, որ մինչև տարեվերջ կատարողականը կհասցնեն 90%-ի:

Կարեն Մկրտչյանի խոսքերով՝ Լուկաշինի «բրենդը»՝ կաղամբը, դաշտերից հավաքվում է այս ամիսներին, հետևաբար գյուղացիներն այս ամիսներին են կատարում նաև հարկային պարտավորությունները:

Նալբանդյանի համայնքապետարանը մարզում թվով երկրորդ ամենախոշոր պարտք ունեցող համայնքն է՝ մոտ 9 մլն դրամ:

Նալբանդյանը նաև սեփական եկամուտների մասով բյուջեն վատ կատարած առաջին համայնքն է՝ 22,9%: Հողի հարկն այստեղ հավաքագրվել է 19%-ի չափով:

Նշենք, որ Արմավիրի մարզում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,2%ով` կազմելով ընդամենը 83,6%:

Գրեթե յուրաքանչյուր մարզխորհրդի նիստի ժամանակ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հորդորում է համայնքապետերին հողի հարկի պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց խոշոր պարտքերի բռնագանձման վերաբերյալ սեղմ ժամկետում համապատասխան հայցեր ներկայացնել դատարան: Համայնքապետերից քչերն են գնում այդ քայլին՝ համագյուղացիների հետ հարաբերությունները չփչացնելու, նրանց «դրության մեջ մտնելու» պատճառաբանություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter