HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ամենաշատ վթարները գրանցվել են կիրակի օրերին

Վերջին 12 տարիների ընթացքում Հայաստանում զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային 27122 պատահար է գրանցվել:

Գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 3363 մարդ, վիրավորվել՝ 38 238-ը։ Այսինքն՝ հիմնականում ամեն պատահարից մեկ անձ վիրավորվել է։

Թեև 2017թ․ տարեկան արդյունքները դեռ չկան, սակայն այս տարվա 6 ամիսներին արդեն ավելի շատ պատահարներ են եղել (ավելի մեծ թվով վիրավորներով), նախորդ տարիների վեց ամիսների համեմատությամբ:1498 վթարներից այս տարի վնասվածք է ստացել 2215 մարդ։

Ճանապարհային պատահարների հետևանքով ամենաշատը 2008 թվականին են զոհվել: Այդ տարի ՃՏՊ-ներից մահացել է 407 մարդ։

Պատահարների քանակի աճը նաև կարելի է պայմանավորել շահագործվող ավտոմեքենաների քանակի աճով: Գաղտնի է տեղեկատվութույն է համարվում հանրապետությունում շահագործվող ավտոմեքենաների ընդհանուր թիվը, սակայն ըստ որոշ աղբյուրների՝ միայն Երևանում շահագործվում է ավելի քան 200 000 ավտոմեքենա:

2013-2017-ի հունիսի դրությամբ էլ հանրապետություն է ներմուծվել 131 629 տրանսպորտային միջոց:

Ճանապարհային ոստիկանությունը տրամադրել է Հայաստանում 2013 թվականից հաշվառված զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը:

Ներկայացված տեղակատվությունը վերլուծելով` պարզել ենք, թե շաբաթվա որ օրերին ու ժամերին, տարվա որ ամիսներին են գրանցվել ամենաշատ պատահարները, ինչպես նաև՝ Երեւանի որ փողոցներն են եղել ամենավտանգավորները:

Վթարներն՝ ըստ տեսակների

Ճանապարհային ոստիկանությունը վթարների վերաբերյալ վիճակագրությունը վարում է ըստ դրա տեսակների. այսինքն՝ բախում է, շրջում, խոչընդոտի պատճառով, հետիոտնի, թե հեծանվորդի վրաերթ, ուղևորի վայր ընկնել, թե այլ պատահար:

2013 թվականից ճանապարհային ոստիկանությունը զոհերով և տուժածներով պատահարները գրանցում է առանձնացված վիճակագրությամբ՝ ըստ ամիսների, ժամերի, շաբաթվա օրերի, փողոցների, տարիքային խմբերի և պատահարի տեսակի:

2013-ից ի վեր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները հիմնականում եղել են բախումների տեսքով: Այս ժամանակահատվածում տարեկան առնվազն 1000 բախում է եղել:

Բարձր է եղել նաև հետիոտնի վրաերթի քանակը. տարեկան գրանցվել է 800-1000 այդպիսի պատահար: Գծապատկերով ամփոփել ենք 2013-2017-ի հունիսը գրանցված պատահարները՝ ըստ տեսակների:

ՃՈ-ի վիճակագրությամբ՝ չկա տրանսպորտային պատահարի մի տեսակ, որը շարունակաբար աճի կամ նվազի. պատահարների թիվը տարեցտարի տատանվում է:

Վթարները՝ ըստ ամիսների, օրերի և ժամերի

Վթարների թիվը եթե հաշվարկենք տարվա ամիսներով և դրանք ընդհանրացնենք, կարձանագրենք, որ թյուր է այն կարծիքը, թե վթարներն առավել շատ ձմռանն են լինում։  Հունվար-փետրվարը տարվա այն ամիսներն են, որոնց ընթացքում ամենաքիչ թվով վթարներ են գրանցվել։ Ամենավթարաշատ ամիսը հոկտեմբերն է եղել։ Այս ամսին եղել է միջինում 300 վթար։ Սա նաև կարելի է պայմանավորել այդ ամսվա անձրևային օրերով: Այդ օրերին՝ մթնշաղի պայմաններում տեսանելիությունը ընկնում է, ինչի արդյունքում աճում են պատահարները:

Վթարների թիվը մեծ է եղել նաև ամռան ամիսներին։

Վթարների օրերը

2013-2017 թ․թ․-ի հունիսի դրությամբ շաբաթ-կիրակիներին վթարները մեծ թիվ են կազմում։ Վերջին չորսուկես տարիների ամենաշատ թվով վթարները գրանցվել են կիրակի օրերին, ապա վթարաշատ են եղել շաբաթ օրերը։

Աշխատանքային օրերին ևս վթարները քիչ չեն եղել: Օրինակ՝ եթե ամեն տարվա չորեքշաբթի օրերին եղած վթարները ուսումնասիրենք, կնկատենք, որ տարեկան այդ օրը 200-400 վթար է եղել: Սակայն աշխատանքային օրերին ամենաշատ վթարները եղել են հենց առաջին աշխատանքային օրը՝ երկուշաբթի։

Վթարների ժամերը

Վթարները գերակշել են երեկոյան ժամերին: Դրանք մեծամասամբ գրանցվել են 18:00-21:00-ն ընկած ժամանակահատվածում: Վերջին 4,5 տարիներին 2491 պատահար է գրանցվել այդ ժամերին: Հաջորդ մեծաթիվ վթարները եղել են դրան հաջորդող ժամերին՝ 21:00-24:00-ն։

Ընդմիջման ժամերը ոչ միայն խցանումների պատճառ են եղել, այլև վթարների առիթ հանդիսացել: Վթարները որոշակիորեն ակտիվ են եղել նաև 12:00-15:00-ն:  ՃՈ-ն ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը հաշվարկում է նաև 3 ժամ տարբերությամբ, որի համաձայն՝

Այս տվյալներից կարելի է ենթադրել, որ վթարները հիմնականում գրանցվում են ընդմիջման և աշխատանքից տուն գնալու ժամերին:

Պատահարները՝ ըստ փողոցների

Հանրապետությունում կան փողոցներ, որտեղ ամեն տարի տուժածներով և զոհերով տրանսպորտային ամենաշատ պատահարներն են գրանցվում: Վթարաշատ փողոցները հիմնականում Երևանում են: Մասնավորապես՝ այդ փողոցներն են Ծովակալ Իսակովի, Բագրատունյաց, Արշակունյաց, Կոմիտասի, Մյուսնիկյան պողոտաները, Սեբաստիա փողոցը: Ամեն տարի այդ փողոցներում գրանցվում է միջինը 30-40 պատահար:

Օրինակ՝ 2013թ.-ին ամենաշատ վթարները եղել են Ծովակալ Իսակովի պողոտայում: Միայն այդ փողոցի վթարներից 4 անձ զոհվել է: 2014թ.-ին վթարների թվով աչքի է ընկել Սեբաստիա փողոցը: Այնտեղ գրանցված 47 պատահարից 5 մարդ է զոհվել: 2015 թվականին վթարների մեծամասնությունը Բագրատունյաց պողոտայում է եղել: 38 վթարից 6 հոգի է մահացել: 2016թ.-ի զոհերով և տուժածներով ամենաշատ վթարներն Արշակունյաց պողոտայում են գրանցվել: 35 պատահարից մեկ անձ է զոհվել: Իսկ մինչ 2017թ.-ի հունիսն ամենաշատ վթարները կրկին Ծովակալ Իսակովի պողոտայում են եղել: 17 վթարից 1 անձ է մահացել,  24-ը` վնասվածք ստացել:

Բացի այդ, կան փողոցներ, որոնցում վթարների թիվը այդքան էլ մեծ չէ, սակայն այդտեղ գրանցվել են այդ տարվա ամենաշատ զոհերով պատահարները: Օրինակ՝ 2013թ.-ին ամենաշատ զոհերով պատահարները Նուբարաշեն խճուղում է եղել: 14 վթարից 5 զոհ է եղել: 2014թ.-ին էլ Դավիթ Բեկ փողոցում գրանցված վթարներից 7 հոգի է մահացել,  2015թ.-ին Ծովակալ Իսակովի վթարներից 5 անձ է զոհվել: 2016թ.-ին կրկին Ծովակալ Իսակով և Բագրատունյաց պողոտաներում, Թբիլիսյան խճուղի, Աճառյան փողոցներում են զոհերով վթարները գերակշռել: Այնտեղ գրանցված վթարներից  3-ական անձ է զոհվել: Կոմիտասի պողոտան 2017թ.-ի  առաջին վեց ամիսների համար զոհերով պատահարներով գերազանցել է մյուս փողոցներին: Այնտեղ արդեն 11 պատահարից 2 զոհ է եղել:

Վթարների զոհերն ու տուժածները

Ինչպես արդեն նշեցինք՝ վերջին 12 տարիներին պատահարների պատճառով  զոհվել է 1549 մարդ, վիրավորվել՝ 18412-ը։ Ճանապարհային ոստիկանությունն առանձնացրել է զոհված և վիրավորված անձանց տվյալները՝ ըստ տարիքի։ Վթարներից մեծամասամբ մահացել և վիրավորվել են 15-29 տարեկանները։

2014-2017-ի հունիսը գրանցված պատահարներից զոհվել է 15-29 տարեկան 225 անձ, տուժել՝ 4 740-ը։

30-44 տարեկանները ևս շատ են պատահարների պատճառով զոհվել և վիրավորվել։ Այս տարիքային խումբը երկրորդն է զոհվածների և տուժածների թվով։

Այդ տարիների պատահարների հետևանքով զոհված և տուժած անչափահասների թիվը պարզել չկարողացանք, քանի որ ընդհանրացված է 15-29 տարեկան սանդղակը։ Միայն կարող ենք նշել, որ 2013-2015 թվականներին 52 անչափահաս է զոհվել: 

Անչափահասների մասնակցությամբ հաշվառված ճանապարհատրանսպորտային պատահարները

Ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ մասնակից շատ հաճախ անչափահասներն են լինում։ 2013-2017-ի հունիսը գրանցված 1385 պատահարից մինչ 16 տարեկաններն են տուժել՝ կամ եղել են հետիոտն, կամ` ուղևոր:

Վթարներից առավել շատ տուժել են 7-14 տարեկանները: Վերջին 4,5 տարիներին նրանք «ներգրավված» են եղել 679 վթարում: Իսկ 515 վթարից էլ մինչ 7 տարեկաններն են տուժել՝ վնասվածք ստացել կամ զոհվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter