HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հարևան գյուղերի ստվերում մնացած Սիփանիկը

Սիփանիկն Արարատի մարզի երիտասարդ համայնքներից է: Գյուղը հիմնադրվել է 1992 թվականին: Հիմնական բնակիչներն Ադրբեջանից տեղափոխված փախստականներ են, կան նաև Մարտունու և Վարդենիսի շրջաններից վերաբնակեցվածներ: Սիփանիկ է վերանվանվել Հովտաշատ համայնքի նախկին օժանդակ տնտեսությունը: Մեր նախորդ հրապարակման մեջ մենք անդրադարձել էինք Սիփանիկի հիմնական դպրոցին, որն ըստ բնակիչների՝ գյուղի միակ լուսավոր կետն է:

Սիփանիկցիներին հուզող հարցերը շատ-շատ են՝ սկսած ջրահեռացման համակարգի բացակայությունից մինչև բնության տարերքներից տուժած ջերմոցային տնտեսությունների փոխհատուցում: Գյուղացիները դժգոհում են, որ իրենց համայնքը մնում է հարևան ավելի մեծ գյուղերի ստվերում և քիչ ուշադրության է արժանանում:

33-ամյա Արսեն Խաչատրյանը, ով չցանկացավ, որ իրեն լուսանկարենք, պատմում է, որ հունիս ամսին ուժեղ քամուց ամբողջովին շարքից դուրս եկան իր ջերմոցները, իսկ ժամեր անց հաջորդած կարկուտը մեծ վնաս պատճառեց արդեն հասունացած բերքին:

«Կարկուտը եկավ սաղ փռթիկ-փռթիկ արեց: Գյուղնախարարությունից եկան, նկարահանեցին, գնահատեցին, որ մի ջերմոցը 100-տոկոսանոց վնաս է կրել, իսկ էն մյուսը` 80-տոկոսանոց: Ամեն ինչ հաշվարկեցին ու գնացին անվերադարձ: Մինչև էսօր ոչ մի կոպեկ փոխհատուցում չենք ստացել»,- զայրացած պատմում է Արսեն Խաչատրյանի մայրը:


Արսեն Խաչատրյանի ջերմոցներից մեկը

Արսենը նշում է, որ արդեն ստիպված պետք է վարկ վերցնեն, քանի որ ջերմոցները վերանորոգելու համար այլ անձանցից պարտքով գումար են վերցրել, և դրանք մարելու համար վարկ է անհրաժեշտ:

«Ջերմոց մշակելը հեշտ չի: Մեծ ծախսեր ա պահանջում, բայց եթե տարին բարենպաստ ա լինում, լավ ա, չենք դժգոհում: Բնությունից շատ բան ա կախված: Ամեն բան էլ ծախս ա: Մենակ սրան 80 հազար փող եմ տվել»,- ասում է Արսենը՝ ցույց տալով թռչնաղբի կույտը, որն օգտագործվում է որպես պարարտանյութ: Թռչնաղբը գնում են տարբեր թռչնաբուծարաններից, և կախված բեռնատար մեքենայի թափքի տարողությունից՝ որոշվում է արժեքը: Օրինակ՝ մեկ ԿամԱԶ թռչնաղբն արժե 80 հազար դրամ, ԶԻԼ-ը՝ 65 հազար դրամ:

720 բնակիչ ունեցող Սիփանիկ համայնքի ղեկավար Հրանտ Գևորգյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ գյուղում շատ խնդիրներ կան՝ առաջին հերթին առանձնացնելով ջրահեռացման համակարգի բացակայությունը: «Չորս կողմը կանալներ է, գարունը գալիս է, ջուր է հավաքվում, առատ անձրևներն էլ մյուս կողմից: Անանցանելի լճակներ են գոյանում, տեղից էլ փողոցները նեղ են: Ընդհանրապես, գյուղը ցածր դիրքում է կառուցված: Սիփանիկի համար հատկացված տարածքը ներկայիս տեղից մի փոքր վերև պետք է լիներ, թեքության վրա, բայց քանի որ արդեն տներ կային հիմնված էստեղ, էդպես էլ մնաց: Իսկ եթե թեքության վրա լիներ, լճեր չէին գոյանա, ջուրը կհոսեր ինքնիրեն»,- նշում է Հրանտ Գևորգյանը:

Սիփանիկ գնալու ճանապարհին նկատեցինք, որ գյուղ մտնող ջրանցքները լցված են աղբով: Գյուղապետի խոսքով՝ վերջին անգամ ջրանցքները մաքրվել են երեք տարի առաջ.

«Էդ հարցով դիմել եմ: Երեկ արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ մարդիկ էին եկել: Պայմանավորվել ենք, որ մոտակա օրերին էդ հարցը լուծվի, որովհետև հնարավոր չի մեր ուժերով անել: Դրա համար յուրահատուկ տեխնիկա է անհրաժեշտ, որը մենք չունենք»,- ասում է համայնքապետը:

Իսկ ինչ վերաբերում է գյուղի ընդհանուր աղբահանությանը, Հրանտ Գևորգյանը նշեց, որ յուրաքանչյուր շաբաթ օր Երևանից մեքենա է գալիս աղբը հավաքելու համար: «Բնակիչները շաբաթվա ընթացքում հավաքված աղբը դնում են ճամփեզրերին, մեքենան էլ, հավաքելով, գնում է: Տարեկան 730 հազար գումար ենք վճարում աղբահանության համար, որից 300 հազարը բնակիչներն են տալիս, իսկ մնացած գումարը՝ համայնքապետարանի բյուջեից: Բայց մարզպետարանից մեզ արգելել են. մյուս տարվանից աղբահանության համար վճարվող ամբողջ գումարը դրվելու է բնակիչների վրա»,- ընդգծում է համայնքի ղեկավարը՝ ավելացնելով, որ համայնքի 5 միլիոն դրամ կազմող բյուջեն «չի կարող բավականացնել ամեն ինչին»:

Սիփանիկում արոտավայրեր չկան: Խոշոր եղջերավոր անասուններ պահող գյուղացիները կամ իրենց տնամերձ հողերի խոտով են ապահովում անասունների կերը, կամ գնում են խոտը: Ըստ Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքի՝ գյուղն ունի 28 հեկտար արոտավայր, սակայն 2016 թվականին համայնքի ղեկավար ընտրված Հրանտ Գևորգյանը նշում է, որ նախկին գյուղապետի օրոք այդ հողերը սեփականաշնորհվել են կամ վարձակալության հանձնվել:

Արդեն 7 տարի է՝ 60-ամյա Վազգեն Հայրապետյանը Սիփանիկում ֆերմա է հիմնել, որտեղ այս պահին ունի մոտ 50 խոշոր եղջերավոր անասուն և մոտ 30 խոզ: Ֆերմերը պնդում է, որ Սիփանիկի նախկին գյուղապետի օրոք ինքն անասուններին արոտի հանելու դժվարություններ չի ունեցել, սակայն գործող համայնքապետ Հրանտ Գևորգյանի պաշտոնավարումից ի վեր, ըստ իրեն՝ արհեստական խոչընդոտների է հանդիպում:

Վազգեն Հայրապետյանի ֆերման

«Մի քանի անգամ եկել կանգել ա դռանս դեմը, ասելա՝ անասուններին չհանես: Ասում ա ՝ գյուղացիներին հավաքելու եմ, բերեմ, վրեդ նենց արձանագրություն կազմեմ, տակից դուրս չգաս: Էդ ամեն ինչը մտածված ա անում: Էս տարի էլ երաշտ ա եղել, խոտի պակասություն ա, ձմեռվա համար առած խոտը հիմա եմ կերցնում: Գարնան բերան ես պտի խոտը կրկնակի գնով առնեմ: Իսկ էդ մարդը (համայնքապետը, հեղ.) հաշվի չի առնում դա, խանգարում ա ինձ»,- վրդովված ասում է Վազգեն Հայրապետյանը:

Համայնքապետ Հրանտ Գևորգյանը, սակայն, հակադարձում է՝ ընդգծելով, որ գյուղացիներն են գալիս իր մոտ դժգոհում, թե անասուններին մտցնում է նրանց սեփական հողերը:


Սիփանիկի համայնքապետ Հրանտ Գևորգյանը

«Էդ ֆերմերը արհամարհում է մեզ: Մի քանի անգամ հրավիրել եմ` նստենք քննարկենք, մի լուծում տանք էդ հարցին: Լիքը վարձակալած հողեր կան, որոնց հարկերը երկար տարիներ չեն մուծել: Ես կարող եմ դրանց պայմանագրերը միակողմանի լուծարել: Էդ մարդուն էլ ասում եմ՝ աճուրդի հանենք, արի դիմիր, վերցրու: Բայց ինքը չի ուզում էդ ձևով: Գյուղացիներից չեմ կարողանում հողերի հարկերը վերցնել: Ասում են՝ ֆերմայի անասունները եկել, խոտը կերել են, մենք ինչի՞ հարկ մուծենք: Էլի եմ ասում, թող գա, նստենք, քննարկենք, մի լուծում գտնենք»,- ասում է գյուղապետը:

Հրանտ Գևորգյանից հետաքրքրվեցինք նաև գյուղում կատարվող ընթացիկ աշխատանքներից, որոնց մասին նա նշեց, համայնքապետարանի հարևանությամբ խաղահրապարակ է կառուցվում: Բացի դա, կատարվում են նաև ճանապարհների փոսալցման աշխատանքներ:


Խաղահրապարակի համար նախատեսված տարածքը

Հայաստանի գյուղերի մեծ մասի նման Սիփանիկից նույնպես շատ են արտագնա աշխատանքի մեկնածները: Իսկ գյուղում մնացածների մասին գյուղապետն ասաց, որ բնակչության մեծ մասն այստեղ էլ աշխատանք ունի. «Մասիսում են աշխատում,  ձկնաբուծարաններում են աշխատում, շինարարական բրիգադներ կան գյուղից, որոնք Երևանում են աշխատում, ամեն առավոտ գնում, գալիս են»,- ասում է Հրանտ Գևորգյանը:

Գյուղով անցնող միակ տրանսպորտը 2 ժամը մեկ հարևան Հովտաշատով ուղևորվում է Մասիս: Համայնքապետը նշում է, որ գյուղի բնակչության սակավությամբ պայմանավորված՝ «Գազելը» շատ հաճախ դատարկ է գնում:

Սիփանիկը 2010 թվականից գազաֆիկացված է, ունի նաև գիշերային լուսավորություն: Գյուղում ամբուլատորիա է գործում, մշակույթի տուն չկա:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter