HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կողբի համայնքապետը Զորականի ֆոնդային բյուջեի խնայված գումարով իր համար «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենա է գնել

Խոշորացումից հետո անցած մեկ տարում լարված հարաբերություններ է ստեղծվել Տավուշի մարզի Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի և խոշորացված համայնքի մեջ  մտնող Զորականի գյուղացիների միջև:

Արսեն Աղաբաբյանի խոսքով՝ նախկին գյուղապետը, այժմ Զորականում իր լիազոր ներկայացուցիչ Սուրեն Մարտիրոսյանի հետ պաշտոնապես չի շփվում: «Նրանց մեջ հարաբերություն չկա: Պատճառն արդեն պետք է իրենց  հարցնեք»,- ասաց Կողբ համայնքի առաջատար մասնագետ Արթուր Մելքումյանը:                                

Աղաբաբյանը «Հետք»-ի հետ զրույցում պնդում էր, որ Սուրեն Մարտիրոսյանին և զորականցիներին իր դեմ լարում է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Քանի որ Սուրեն Մարտիրոսյանը 2016թ.-ի սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությանը առաջադրվել է Կողբ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, Արսեն Աղաբաբյանը նրան մեղադրում է դավաճանության մեջ։

«Համայնքի ղեկավարի հետ շփվում ենք, խի չենք շփվում: Ինքն է ինձ Զորականում նշանակել իր լիազոր ներկայացուցիչ, ոնց կարող եմ իր հետ չշփվել: Թող գնան մարզպետի հետ իրար մեջ որոնեն դավաճանությունը: Դեռ ծնված չեմ եղել իրենք մարզպետի հետ ընկերներ են եղել: Իրենց ընկերության ընթացքում մի 5 անգամ պրոբլեմ են ունեցել, մի 15 անգամ խռովել ու բարիշել են»,- պարզաբանեց Սուրեն Մարտիրոսյանը:

Զորականցիները դժգոհեցին նաեւ մարզպետից՝ ասելով, որ նա իրենց խաբել է և Զորականը միացրել Կողբ համայնքին:

«Մարզպետի շահն էն էր, որ Կողբն իր ծննդավայրն է: Սկզբում նախատեսված էր Բերդավանը միացնել Կողբին: Բերդավանցիները չցանկացան միանալ Կողբին: Այդ դեպքում պետք է մեկ այլ  գյուղ միանար Կողբին, որ այն չմիանար Նոյեմբերյանին: Հովիկ Աբովյանը զոհ դարձրեց Զորականին»,- բացատրեց զորականցի Աշոտ Գրիգորյանը:

Արթուր Մելքումյանի խոսքով՝ բերդավանցիները Կողբին չմիանալու համար դիմում են գրել ԱԺ-ին, թե «չենք ուզում միանալ Կողբին, 100 տարվա թշնամի ենք»: «Կարճ ասած խառնեցին,  Զորականը հանեցին խոշորացվող Այրում համայնքի ցուցակից, միացրին Կողբին»,- ասաց Արթուրը:


Արթուր Մելքումյանը

Աշոտ Գրիգորյանի խոսքով խոշորացումից առաջ  մի քանի զորականցիներ գնացել են Տավուշի մարզպետի մոտ՝ պարզելու  Զորականի ճակատագիրը: «Հենց զորականցիները միացան Կողբին՝ Զորականը սահմանամերձ գյուղ է դառնալու: Լույսի, գազի վարձ չեն մուծելու: Զորականի երեխաները ձրի են սովորելու բուհերում: Ասաց՝ ձեր ճանապարհաշինությունը լինելու է ընտիր»,- պատմեց Աշոտը: Վերջինիս խոսքով՝ զորականցիները 2016թ.-ի սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությանը Զորականի գյուղապետ Ս. Մարտիրոսյանին խոշորացվող Կողբ համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրել  մարզպետի խորհրդով։ 

«Էդ էլ խաբեց, չարեց: Կողբից  մեր գյուղապետին մեկ ձայն էլ չտվեցին: Մարզպետն ասաց 4 ավագանու թեկնածու դրեք, 4-ն էլ կընտրվեն, էդ էլ չօգնեց: Կողբ գյուղից ընտրվեց ավագանու 10 անդամ, Զորականից՝ 1»,- դժգոհեց Աշոտը:

Արսեն Աղաբաբյանն ասում է՝ Սուրեն Մարտիրոսյանին Զորականում լիազոր ներկայացուցիչ է նշանակել իր մի քանի ընկերների խնդրանքով: Կողբ համայնքի խնդիրների մասին մոտ մեկ ժամ ինձ հետ զրուցելիս համայնքի ղեկավարը գեթ մեկ անգամ չհիշատակեց Զորականի անունը: Ա. Աղաբաբյանը 2017թ.-ին վարչական բյուջեի 128,9 մլն. դրամ եկամուտներից 121 մլն դրամը՝ մոտ 94 տոկոսը,  աշխատավարձի ֆոնդ է նախատեսել խոշորացված համայնքի 122 աշխատողների համար: Աշխատողներից 119-ը կողբեցի են, և միայն 3-ն են զորականցի:

Նախատեսված 35 մլն դրամից ավելին կազմում է  համայնքապետարանի աշխատակազմի՝ 21 հաստիքով աշխատողների աշխատավարձը: 6 հազար բնակիչ և 2 բնակավայր ունեցող խոշորացված Կողբ համայնքը կառավարելու համար 21 հաստիքով աշխատակազմ ստեղծող Արթուր Աղաբաբյանը դժգոհեց, թե աշխատավարձի վճարները հանելուց հետո, մոտավորապես  8- 9 մլն դրամ է մնում համայնքի մյուս խնդիրների համար:  

«Մենք հազիվ ենք մեր գոյությունը պահում: Չենք կարող մեր բյուջեի միջոցներով մի հատ լուրջ  խնդիր լուծել: Դա բացառվում է»,- ասաց համայնքապետը:


Կողբի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը

Կողբ խոշորացված համայնքի մեջ մտնելիս Զորականը իր ֆոնդային  բյուջեում 17,7 մլն դրամ եկամուտ է ունեցել: «Մեր ֆոնդային բյուջեի մի քանի տարվա փողը չենք ծախսել, հավաքել ենք Զորականում մանկապարտեզ կառուցելու համար»,- պատմեց Զորականի գյուղապետարանի նախկին հաշվապահ Արթուրը:

Արսեն Աղաբայանին զորականցիները խնդրել են ֆոնդային  բյուջեի իրենց խնայողությունները օգտագործել Զորականի համար: Համայնքի ղեկավարը խոստացել է ձեռք չտալ այդ գումարին: Խոստումից 15 օր անց  զորականցիները Տավուշի մարզպետարանի կայքում նկատել են,  որ համայնքի ավագանին 2016թ.-ի հոկտեմբերի 14-ի N41-Ա  որոշմամբ թույլատրել է Արսեն Աղաբաբյանին 2016 թ.-ի համայնքի ֆոնդային բյուջեի միջոցների հաշվին գնել թեթև մարդատար ավտոմեքենա:

«Որ մենք միացել ենք, իրենց ֆոնդային բյուջեն եղել է 2 մլն դրամ: Ինքը մեր ֆոնդային բյուջեի գումարով իր համար 2016թ.-ի արտադրության «Toyota Corolla» մակնիշի ծառայողական ավտո է առել, 9 մլն 450 հազար դրամ է տվել: Ինքն  իրավունք ունի դա անելու, դա արդեն ընդհանուր բյուջե է: Բայց Արսեն Աղաբաբյանը մեզ խոստացել էր, որ մեր ֆոնդային բյուջեի գումարները ծախսվելու է մեր գյուղի համար»,- ասում է Արթուրը:

Սա է եղել Կողբ համայնքի ղեկավարից զորականցիների դժգոհելու գլխավոր պատճառներից մեկը: «Գնացել ենք հետը խոսելու: Ասաց 3 օրից հետո էդ գումարը կդնեմ տեղը: Էդ 3 օրը էսա դարձել է 5 ամիս»,- ավելացրեց Աշոտ Գրիգորյանը: Համայնքի ղեկավարն էլ  «Հետք»-ին ասաց, որ ինքը լիազոր ներկայացուցիչ Սուրեն Մարտիրոսյանին հայտնել է, որ 4 մլն դրամ է պետք Զորականի ֆոնդային բյուջեից։

«Ասել եմ եկող ամսվա վերջին էլի ձեր 17 մլն դրամը կվերականգնեմ: Ու ինչ եղավ արդյունքում, քանի որ ես ու մարզպետն ընդհանրապես իրար հետ չենք շփվում, Հովիկ Աբովյանը Սուրեն Մարտիրոսյանին կանչում է, թե գնա Զորականի ժողովրդից ստորագրահավաք արա, ձեր ֆոնդային բյուջեի 4 մլն դրամով իրեն համար ավտոմեքենա առնելու համար: Ես էլ ձեզ Կողբից կառանձնացնեմ, կմիանաք Այրումին»,- ասաց Ա. Աղաբաբյանը:

Զորականցիները 500 ստորագրությամբ բողոքն ուղարկել են վարչապետ Կարեն Կարապետյանին ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին:

«Զանգեցին ինձ, ասացին էսենց բան կա: Հարցրին՝ ավտոմեքենան լրիվ օրինակա՞ն ա: Ասացի՝ հա»,- պատմեց Արսեն Աղաբաբյանը:

Դրանից հետո Ա. Աղաբաբյանը հավաքել է Զորականի ակտիվին, համայնքի զորականցի ավագանու անդամներին ու բոլորի ներկայությամբ նախատել է Սուրեն Մարտիրոսյանին: Դրանով փակվել է զորականցիների 500 ստորագրությամբ վարչապետին ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին ուղղված դիմումի հարցը: 

Հեռախոսազրույցի ընթացքում Սուրեն Մարտիրոսյանը «Հետք»-ին բացատրեց, որ  Զորականում 100 խնդիր կա չլուծված. «Զորականցիների 500 ստորագրությամբ դիմումը վարչապետին գրել են  մեր խնայած գումարներով, այդ խնդիրներից 1-2 լուծելու փոխարեն, իր համար ավտոմեքենա առնելու համար»,- ասաց նա:

Նոյեմբերի 20-ին մեր՝ Զորական այցելության ժամանակ Սուրեն Մարտիրոսյանը տեղում չէր: Ասացին՝ գնացել է մայրաքաղաք՝ հիվանդանոցում գտնվող հիվանդ մորը տեսնելու: Նա  հանձնարարեց Արթուր Մելքումյանին մեզ պատմել Զորականում ստեղծված վիճակի մասին:

Զորականում 10 տարուց ավելի է՝ մանկապարտեզ չկա: Գյուղում 2-6 տարեկան 64 երեխա կա: Այս տարի «Հույսի կամուրջ» ՀԿ-ի 17 հազար դոլար ֆինանսավորմամբ գյուղապետարանի նախկին շենքի 2-րդ հարկը վերանորոգվել է՝ Զորականում երկու խմբով մանկապարտեզ բացելու համար: Օգոստոսի 5-ին Կողբի համայնքապետարանն ընդունել է կատարված աշխատանքները: Նոյեմբերի 5-ին եղել է մանկապարտեզի բացումը:


Զորական համայնքը

«Հիմա մանկապարտեզը չի գործում, մեկ ամիս առաջ ասել են՝ պետք է գազ քաշեն»,- հայտնեց Արթուրը: Կողբ համայնքի ավագանին իր 2017թ.-ի նոյեմբերի 3-ի N43-Ա որոշմամբ որոշել է  հիմնադրել Կողբ համայնքի «Զորական գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ:

«Շրջանցելով ավագանու այս որոշումը՝ Արսեն Աղաբաբյանը որոշել է Զորականում բացել ոչ թե մանկապարտեզ, այլ Կողբի թիվ 1-ին մանկապարտեզի մեկ խումբ: Համայնքապետին ասացի՝ զորականցիները խումբ բացելու հետ համաձայն չեն»,- պատմում է Արթուր Մելքումյանը։

«Իրենց համաձայնվելով չի, սաղ հանրապետությունում օպտիմալացում է գնում»,- պատասխանել է համայնքապետը։

Արսեն Աղաբաբյանի ասելով՝ մանկապարտեզի գազաֆիկացումը 2 օրվա գործ է: Թե ինչու է այդ դեպքում այն մեկ ամիս ձգձգվում, նա չպարզաբանեց:

«Մենք կցանկանայինք մեր ֆոնդային բյուջեի խնայված գումարներից համայնքի ղեկավարը վերանորոգեր Զորականի գերեզմանոց և դպրոց գնացող ճանապարհները: Ես բացասական եմ գնահատում համայնքի ղեկավարի և Զորականի  բնակչության հարաբերությունները: Արսեն Աղաբաբյանը համայնքապետին հարիր ջերմությամբ չի վերաբերվում մեզ»,- ասաց զորականցի Զինա Վերդյանը: 

Կողբ համայնքում ստեղծված վիճակի մասին «Հետք»-ը մեկնաբանություն խնդրեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից։

«Ես տեղյակ եմ Զորականում տիրող վիճակին: Այդ մասին տեղեկացրել եմ նաև վարչապետ Կարեն Կարապետյանին: Ամենայն մանրամասնությամբ գրավոր կտեղեկացնեմ Զորականում տիրող վիճակի մասին իմ տեսակետը»,- հայտնեց Հովիկ Աբովյանը: 

Մեկնաբանություններ (3)

Վահագն Սանթրոսյան
Իսկ Լոքյանը, Տերտերյանը եւ այլ խոշորական առաջնորդները սա կարդում են? Չե որ նման տարրական խնդիրների առաջացումը ցանկացած անգետ գյուղացի նախօրոք էր հասկանում, հենց դրա համար էլ աղաչում էին որ իրենց չմիացնեն: Սա դեռ ծաղիկներն են, խոշորացման դառը պտուղները հետո կերեւան: Միայն շատ ափսոս, որ ոչ մեկից պատասխան չի պահանջվելու այս արկածախնդրության ու վնասարարության համար:
Карен
В Зоракане только и дорога главная в Грузии асвальтирована. Моя тетя и дед живут там. Прежде чем к ним ехать я обьязателно звоню уточняю о состояние внутрипоселковых дорог. По другому никак. Дороги просто жуть. Даже не представляю как там пешком можно ходить? Сначала конечно я обвинял старосту поселка, но мои мне обьяснили ту же ситуацию, что в статье обрисована.
Սամվել
Տավուշի մարզպետը քանի դեռ Հովիկ Աբովյանն է , այս մարզում խնդիրները խորանալու ու խորանալու են։ Ամբողջ մարզը խառնել է իրար դպրոցներում իրար ուտում են, հիվանդանոցներում իրար ուտում են, համայնքներում իրար ուտում են, քաղաքաշինության ոլորտում իրար ուտում են ու այս ամենի հիմքում միշտ Աբովյան Հովոյի մուտիլովկեն անպակաս է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter