HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնը կփակվի ֆինանսավորում չունենալու պատճառով

10-ամյա Կարեն Հարությունյանը երազում է ոստիկանի ավտոմեքենա ունենալ: Ցանկանում է ոստիկան դառնալ, որ գողերին բռնի. վախենում է նրանցից: Կարենը մտավոր հետամնացություն ունի:

Այս տարվա սեպտեմբերից նա հաճախում է «Երեխաների աջակցության հիմնադրամ»-ի ցերեկային կենտրոն: Այնտեղ հիմա տառերն է սովորում: Արդեն հասել է այբուբենի «կ» տառին՝ չնայած Հրազդանի հատուկ դպրոցի չորրորդ դասարանում է սովորում: Կենտրոնում հիմնականում ընկերություն է անում դպրոցի ընկերների հետ, քանի որ նրանցից շատերն էլ դասերից հետո հաճախում են այստեղ: Սիրում է հեծանիվ քշել, արդեն նորը ունի, ժպիտով ասում է՝ հորաքույրն է նվիրել:

Արթուրին կենտրոնում կատակով պապիկ են ասում: Լուրջ է, չի սիրում, երբ շատ հարցեր են տալիս: Տրված հարցերին էլ կարճ ու կոնկրետ է պատասխանում՝ «օֆ» կամ «ով՞ գիտի, է~»: Կենտրոն է գալիս արդեն չորս տարի: Հատուկ մասնագետի օգնությամբ առանց դժգոհությունների ֆիզիկական վարժություններ է անում՝ միայնակ կքանստում, արագ հեծանիվ քշում և օգտվում մարզական գրեթե բոլոր սարքերից:

Նարեկն էլ կենտրոնի փոքր լացկանն է: Մասնագետներն ու մայրը զարմացած են՝ Նարեկը երկու պարապմունք է` չի լալիս: Լացի պատճառով Երևանի բժշկական կենտրոններից մեկը հրաժարվել է նրան ընդունել: Նրա մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված: Մեջքը կորացած էր, ձեռքերը` պինդ, իսկ հիմա մոր և հատուկ մասնագետի օգնությամբ կարողանում է նստել և ձգել ձեռքերը, մեջքի կորությունն էլ աստիճանաբար անցնում է:

Հրաչին հանդիպեցինք ձեռքի աշխատանքների սենյակում: Ուսուցչի՝ Մարինե Աթոյանի հետ թելերից արջ էր պատրաստում: Արջը Հրաչի սիրելի կենդանին է: Սիրում է նաև արտասանել և երգել: Մայրն ասում է՝ փոքր քրոջը քնեցնելիս ցածր ձայնով երգում է: Անձեռոցիկներով մարդուկ, ծառ և գազար է պատրաստել: Մենակ դժվարությամբ է աշխատում: Ուսուցիչը կամ մայրը տրորում են անձեռոցիկները, Հրաչը դրանք սոսնձում է թղթին:

Այս երեխաները երեքն են այն 145-ից, որոնք հաճախում են «Երեխաների աջակցության հիմնադրամ»-ի ցերեկային կենտրոն: Այս երեխաների առջև հունվար ամսից կենտրոնի դռները կփակվեն: Ցերեկային կենտրոնը երեք տարի գործել է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, սակայն հունվար ամսին այդ ֆինասավորումն ավարտվում է, և կենտրոնը փակման եզրին է հայտնվում: Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում նշեց «Երեխաների աջակցության հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Կամո Առաքելյանը, դիմել են բազմաթիվ կառույցների, բարեգործների, բիզնեսմենների, սակայն ապարդյուն: Կոտայքի մարզպետն ու Հրազդանի քաղաքապետը ևս հրաժարվել են ֆինանսական օգնություն ցուցաբերել` պատճառաբանելով, թե բյուջեում գումար չունեն: «Երբ մարզային իշխանությունները մեզ չեն աջակցում, դա այդքան էլ լավ մոտեցում չի, ճիշտ մոտեցում չի, որովհետև, ի վերջո, կենտրոնը համայնքի և ամբողջ Կոտայքի մարզի համար է»,- նշում է Կամո Առաքելյանը:

Կենտրոնի գործունեությունը շարունակելու համար տարեկան 28 հազար դոլար է անհրաժեշտ, որի հայթայթմամբ կենտրոնի տնօրինությունը մի քանի ամիս է` զբաղվում է, բայց դեռ առանց արդյունքի: Պետական ֆինանսավորում էլ դեռևս չունեն: Օրեր առաջ պետական հավաստագիր են ստացել, սակայն պետական աջակցություն ստանալու համար միայն մեկ տարուց կարող են դիմել:

«Երեխաների աջակցության հիմնադրամ»-ը գործում է արդեն 11 տարի, իսկ 4 տարի առաջ Հրազդան քաղաքում բացել է ցերեկային այս կենտրոնը, որը սպասարկում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի երեխաներին: Այստեղ հաճախում  են մինչ 18 տարեկան երեխաներ: Նրանցից 73-ը հաշմանդամություն ունեն, իսկ մնացածը սոցիալապես անապահով ընտանիքներից են կամ առողջական խնդիրներ ունեն: Հաշմանադամություն ունեցող երեխաները կենտրոնում հատուկ խնամք են ստանում՝ մասնագետների հետ դասերը սովորում, ֆիզիոթերապիայի պարապմունքներ անում: Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն էլ ձեռագործության, դաշնամուրի, համակարգչային, շախմատի և նկարչության դասերի են մասնակցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter