HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերազինված լաբորատոր սենյակների ստեղծումն առաջնահերթություն է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում

«ԼԱ-2» նյութը ժանգի ձևափոխիչ է: Այն վաճառվում է հայաստանյան խանութներում: Նախատեսված է քայքայված մետաղյա մակերեսների նախնական մշակման համար, արտադրվում է Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում: «ԼԱ-2»-ը, սակայն, ինստիտուտի ստեղծած միակ նյութը չէ:

Դեպի գիտական հիմնարկ տանող ճանապարհը վերընթաց է: Դեռ հեռվից կարելի է նկատել տուֆից շենքը: Ինստիտուտը հիմնել և ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Արամ Նալբանդյանը: Վերջինս 1957 թ. գլխավորում էր ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ածխաջրածինների օքսիդացման մոսկովյան լաբորատորիան: 2 տարի անց, շարունակելով աշխատանքը Մոսկվայում, գիտնականը քիմիական ֆիզիկայի լաբորատորիա է հիմնել Երևանում, որի տնօրեն է դարձել 1967-ին՝ Երևան տեղափոխվելուց հետո: 1975-ին լաբորատորիան վերակազմվել է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի:

Ա. Նալբանդյանն ինստիտուտը ղեկավարել է մինչ իր մահը՝ 1987 թ.: 2006-ից հաստատության տնօրենը քիմիական գիտությունների դոկտոր, ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանն է:

Ցելոֆանապատ պատուհաններից ներս գիտական միտք է զարգանում

Ներսի ջերմաստիճանը պահպանելու համար աշխատողները ցելոֆաններով փակել են հին պատուհանները: Սենյակները տաքացվում են ջեռուցման կաթսայի միջոցով: Ձմռանը երբեմն խափանվում են ջրատար խողովակները, իսկ առանց ջրի քիմիական ինստիտուտում աշխատանքն անհնար է. փորձերով պետք է հիմնավորել տեսությունը: Մյուս կողմից, ըստ տնօրեն Լ. Թավադյանի, իրենք աշխատում են տարեկան 2-3 նոր լաբորատոր սենյակներ բացել, որոնք կհամապատասխանեն եվրոպական չափանիշներին:

Այս տարի ժամանակակից սարքավորումներով զինված նմանատիպ սենյակ են բացել: Տնօրենը դա համարում է ինստիտուտի ձեռքբերումներից մեկը: Սենյակը վերանորոգել ու վերազինել են դրամաշնորհների միջոցով:

Այստեղ ոչ միայն բազային, այլև պայմանագրային աշխատանքներ են կատարում: Հնարավորություն ունեն տարբեր օրգանական նյութեր անալիզի ենթարկել: Օրինակ՝ Սևանա լճի օրգանական ախտոտիչների առկայության վերջին ուսումնասիրությունն, ըստ Լ. Թավադյանի, հաջողությամբ ավարտել են:

Ընդհանրապես, ինստիտուտի ամեն հարկում շուրջ 30 լաբորատոր սենյակ կա, իսկ լաբորատորիաները 8-ն են: Մետալուրգիայի լաբորատորիա ունեն նաև Կապանում:

Չնայած այն հանգամանքին, որ ինստիտուտի շենքը վերանորոգման կարիք ունի, տնօրենի խոսքով, առաջնահերթ խնդիրը միջազգային չափանիշները բավարարող լաբորատորիաներ, լաբորատոր սենյակներ ստեղծելն է: Արտասահմանյան անվանի հանդեսներում կարևորվում է, թե տվյալ փորձն ինչ սարքով է արված. եթե այն հին է, օրինակ, 80-ականների արտադրության, հոդվածը չի կարող վստահություն առաջացնել: Դա է նաև պատճառը, որ գիտական մի շարք ինստիտուտներում այսօր խիստ կարևորում են ժամանակակից սարքերի անհրաժեշտությունը: Դրանք բավական թանկ են, և, ինչպես շեշտում են գիտնականները, բազային ֆինանսավորմամբ գրեթե անհնար է ձեռք բերել:

Ինստիտուտն առաջիկայում արտադրելու է ախտահանիչ նոր նյութ

Լևոն Թավադյանը պատմում է, որ խորհրդային տարիներին հատուկ կոնստրուկտորական բյուրո կար, որը կազմակերպում էր ոչ մեծ ծավալի արտադրություն: Արտադրանքն օգտագործվում էին տարբեր ոլորտներում: Դրանք հիմնականում մեքենաշինության մեջ, ավիացիայում կիրառվող կարծր նյութեր էին: Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը համագործակցում էր բյուրոյի հետ: Ըստ Թավադյանի՝ թեև արտադրական ծավալները մեծ չէին, բայց նյութերը շատ կարևոր էին: 2010 թ., երբ բյուրոն արդեն չկար, ինստիտուտը հիմնել է իր արտադրամասը:

Լևոն Թավադյանը նշում է, որ բազմաթիվ կիրառական աշխատանքներ, համաձուլվածքներ ունեն, բայց առայժմ շուկայում մեկ նյութ է վաճառվում՝ «ԼԱ-2» ժանգի ձևափոխիչը: Աշխատում են նաև նյութը Ռուսաստան, Իրան, Վրաստան արտահանելու ուղղությամբ: Արտաքին շուկաները դեռ ուսումնասիրում են:

Առաջիկայում հայկական շուկայում կհայտնվի նոր նյութ՝ բիօքսիլը, որն ախտահանիչ հատկություն ունի: Հիմա փաստաթղթերն են մշակում, որից հետո, ըստ տնօրենի, կյանքի կկոչեն ծրագիրը: Ախտահանիչն առանց ագրեսիվ հատկությունների է, կարող է օգտագործվել նաև հիվանդանոցներում՝ բժշկական գործիքները ախտահանելու համար:

Ակադեմիկոս Թավադյանն ասում է, որ կիրառական նյութ ստեղծելը հեշտ բան չէ. արտադրություն կազմակերպելիս շահագրգռված պետք է լինեն երկու կողմերն էլ՝ թե՛ գիտնականները, թե՛ ընկերությունները: Մյուս կողմից, ըստ նրա, եթե գիտնականը միայն արտադրությամբ զբաղվի, գիտական ներուժը կարող է սպառել: Դրա համար օպտիմալ հարաբերակցություն պիտի պահպանվի:

Լ. Թավադյանի խոսքով՝ գիտության նկատմամբ ուշադրությունն ավելի մեծ պետք է լինի, մասնավորապես, ֆինանսական առումով, թեև հասկանում են, որ երկրի բյուջեն սուղ է: Գիտությունը, որը պետության սյուներից մեկն է, Թավադյանի համոզմամբ, թե՛ անկախությունից առաջ, թե՛ հետո նվիրյալների ոլորտ է:

Դրա որակը զգալիորեն կախված է ֆինանսավորման չափից ու համագործակցության հնարավորություններից: «Մեր ինստիտուտը հաջողակ է և՛ ճանաչման, և՛ գիտական հոդվածների որակի տեսակետից: Ընդհանուր առմամբ, միայն գիտնականների քանակն է զգալիորեն պակասել»,- ասում է տնօրենը:

7 տոկոսի երկընտրանքը

Խորհրդային տարիներին ինստիտուտը մոտ 200 աշխատակից ուներ: Այսօր նրանց թիվը 90 է, որից 65-ը գիտաշխատողներ են: Վերջին տարիներին այս թիվը պահպանվում է: Երիտասարդներն աշխատակցիների 26 տոկոսն են կազմում:

Նվազագույն աշխատավարձ ստացողները աշխատակիցների կեսից ավելին են (խոսքը բազային ֆինանսավորումից ստացվող աշխատավարձերի մասին է): Մոտ 30 տոկոս էլ արտաբազային ֆինանսավորում են ստանում շնորհիվ պայմանագրային աշխատանքների, դրամաշնորհների: «Չպետք է ձև անել, թե ամեն բան լավ է: Այդ նվազագույն աշխատավարձը պետք է ավելի շատ լիներ, քանի որ նույն անձնավորությունը միշտ չէ, որ կարող է արտաբազային աշխատավարձ ստանալ»,- նշում է ակադեմիկոս Թավադյանը:

Ինստիտուտը տարեկան միջինը 4-6 դրամաշնորհ է ստանում:

ՔՖԻ
Infogram

Կառավարության միջնաժամկետ ծրագրով հաջորդ տարվանից 4,98 տոկոսով նվազեցվելու է գիտության բազային ֆինանսավորումը: Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենն ասում է, որ իրենց առջև խնդիր է դրվել կրճատել աշխատակիցների 7 տոկոսին: Ասում է, թե մի կողմից՝ չեն կարող կրճատել թոշակառուներին, ինչը կնշանակի հրաժարվել գիտելիք կրողներից, մյուս կողմից՝ ճիշտ չէ կրճատել երիտասարդներին: Նրա ձևակերպմամբ՝ թոշակառուներ կան, որոնք ինստիտուտում գիտական եղանակ ստեղծողներ են: «Օպտիմալ լուծումներ պետք է գտնենք, մարդկային ճակատագրի խնդիր ունենք: Քանի որ նախատեսվում է լրավճարներ գումարել կենսաթոշակին, դա ինչ-որ առումով կհեշտացնի խնդրի լուծումը: Այնուամենայնիվ, թոշակառուներ կան, ովքեր, անկախ տարիքից, գիտելիքի կրողներ են, և չենք կարող ազատվել նրանցից: Ի վերջո, մեր խնդիրը գիտական արդյունք տալն է: Սա է իմաստը»,- ասում է տնօրենը:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter