HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Բերդի կենտրոնում «նստած» է աղքատությունը

Լիանա Սայադյան, Էդիկ Բաղդասարյան

Տավուշի մարզի Բերդ քաղաքի կենտրոնում՝ սննդամթերքի խանութներից մեկի պատին, գրված է պատճենահանում: Ես մտա ներս՝ պատճենահանելու Բերդի հյուրանոցում ապրող քաղաքացիներից մեկի՝ մարզպետարանից ստացած գրությունը: Խանութի աշխատակիցը՝ 60-ն անց մի տղամարդ, ձեռքիցս վերցրեց թուղթը եւ սկսեց կարդալ: Ես զարմացած նայում էի նրան, հարցրի՝ ինչու՞ եք կարդում: Նա, աչքերը թղթից չհեռացնելով, պատասխանեց.«Մեզ զգուշացրել են, որ վտանգավոր բաներ չբազմացնենք»: «Ի՞նչ է նշանակում վտանգավոր բաներ»,- հարցնում եմ: «Դե, թռուցիկ-մռուցիկ, էլի»,-պատասխանում է նա: 

Տավուշը Հայաստանի գեղեցիկ վայրերից է: Սակայն զբոսաշրջիկները հազվադեպ են այստեղ այցելում:

 Երեան-Բերդ 170 կիլոմետրանոց ճանապարհը, որ անցնում է Ճամբարակով, տեղ-տեղ հիմնովին քանդված է: Զգացվում է, որ այն ոչ մեկին չի հետաքրքրում՝ չնայած այս տարածքում զորամասեր են տեղակայված: 

 Բերդի միակ հյուրանոցում ջուր չկա: Զուգարանում դույլով ջուր է դրված: Իսկ սենյակներում անջուր զուգարանի հոտն է: Դրա համար էլ Բերդ եկողներն աշխատում են այստեղ չգիշերել: Մեծ հյուրանոցում երկու զինվորներ էին, ես, լուսանկարիչն ու մեր վարորդը: 

 Դեռ խորհրդային տարիներին Բերդը մտնում էր Շամշադինի շրջանի մեջ, որն առանձին վարչատարածքային միավոր էր: Հայաստանի Հանրապետության նոր վարչատարածքային բաժանման ժամանակ Իջեւանի, Նոյեմբերյանի, Շամշադինի շրջանները միացան եւ դարձան Տավուշի մարզ՝ Իջեւան մարզկենտրոնով: Մարզպետարանի նախկին աշխատակից Էմմա Ադամյանն ասում է, որ դրանից հետո «Բերդը հավելյալ բեռ դարձավ մարզպետարանի համար»: Գործադիր իշխանության ներկայացուցիչների այցելությունները Բերդ կապված են այս կամ այն գյուղում ջրագիծ, դպրոց բացելու հետ: «Երբ պետք է ժապավեն կտրվի, գալիս են»-ասաց ավտոկայանում կանգնած մի ծերունի: Մարզում այցելություններն իրենց գագաթնակետին են հասնում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների շրջանում: Թեկնածուներն իրենց շքախմբերով, ջիպերին խոստումներ բարձած՝ գալիս, ասում են, թե աշխատատեղեր են բացելու, ներդրումներ են անելու, գյուղացուն պարարտանյութ են տալու, վարկեր են բաժանելու: Եվ այսպես՝ 4-5 տարին մեկ: Այդ ընթացքում տավուշցիների կյանքում շատ քիչ բան է փոխվում: Աղքատության մեջ գտնվողները մի քանի աստիճան ներքեւ են գլորվում, եւ աղքատությունը դառնում է կենսակերպ, թերսնվածությունը՝ սովորական ու տանելի: 

Աղքատությունը նստած է Բերդի կենտրոնում` «Ճանճանոց» կոչվող թաղամասի 8 տնակներում, Բերդի հյուրանոցում ապրող տասը ընտանիքների սենյակներում, փողոցում մուրացող երախաների, հրեշտականման 4 տարեկան Սիրանույշի աչքերում, որի համար աշխարհում մի ճաշատեսակ կա միայն՝ հացը: 

 Գրիգորը 3-րդ դասարանից լքել է դպրոցը: Ինչու՞ դուրս եկար՝ հարցնում եմ: «Ուզեցել չե՞մ քնալ»,-կարճ պատասխանում է տղան: «Հիմա ի՞նչ ես անում»,-շարունակում եմ հարցնել ես: «Սամվելի խանութում գործ եմ անում, ալյուր-մալյուր եմ թափում»: Գրիգորը օրական 500 դրամ է վաստակում եւ դրանով ընտանիքի որոշ հարցեր լուծում: Նրանց տանն ութ երեխա կա: Ապրում են մեկ սենյականոց տնակում, առանց ջրի, զուգարանի: Երեխաների մայրը՝ Շահնազարյան Էմման, հոգեկան հիվանդ է: Առավոտյան ժամը 9-ին, երբ թակեցինք նրանց դուռը եւ ներս մտանք, երեխաները քնած էին, իսկ մայրը վառարանի վրա հաց էր թխում: Տան փոքրը 4-ամյա Սիրանույշն է: Տխուր-տխուր աչքերով աղջնակը նայում էր մեզ ու չէր հասկանում, թե ինչու մայրն իրեն արթնացրեց: 

 Մեծ տղան՝ Տիգրանը, բանակում է, մնացածը տանն են: Դպրոցական տարիքի 6 երեխաներից ոչ մեկը դպրոց չի գնում: Պատճառները բազում են՝ շոր չունեն, դասագրքեր չունեն, ուտելիք չունեն, բնակարան չունեն... 

 Քիչ հետո ներս մտավ երեխաների հայրը՝ Ավալյան Արթուրը: Նրա ասելով՝ ընտանիքը ստանում է 22 հազար դրամ նպաստ: «Այդ փողը ալյուրին էլ չի հերիքում, միայն հաց ենք ուտում: 6 օրում մի պարկ ալյուրը վերջանում է, հնարավոր չէ պահել էսքան երեխեքին: Ես վարորդ եմ, մեքենայով բեռներ եմ տեղափոխում, բայց չեմ հասցնում, մի կերպ եմ յոլա տանում: Ես չեմ ասում ձեռքերս ծալած նստել եմ, որ ինչ-որ մեկն ինձ պահի, աշխատում եմ, բայց չեմ հասցնում: Ոչ մեկից բան չեմ ուզում, միայն մի տուն ունենամ, իմը լինի՝ վերջ: 5 տղա ունեմ բանակին տալու: Մեծ տղաս աշնանը կգա, էս մյուսը կգնա: Ես ամաչում եմ մեկին իմ տուն հրավիրել»,-ասում է Արթուրը: 

 «Քոչարյանին նախընտրականի ժամանակ, երբ այստեղ էր, նամակ փոխանցեցի, մինչեւ հիմա ոչ մի պատասխան չկա, կարող է եղել է, չեն էլ ասել` չգիտեմ:   

 էս տունը մեզ ժամանակավոր տվել են 1992թ.: Էն ժամանակ գործկոմի նախագահը Մաթեւոս Ծատուրյանն էր: Կինս հոգեկան խանգարում ունի, չեմ էլ կարող տանել բուժելու: Այստեղի հիվանդանոց տարանք, ինչ-որ դեղեր տվեցին, բայց նույնն է մնացել»,-շարունակում է իր պատմությունը Արթուրը: 

Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանը տեղեկացրեց, որ մարզում կրթությունից դուրս մնացած 43 երեխա կա: Իջեւանի շրջանում՝ 17, Նոյմեբերյանի շրջանում՝ 18, Բերդի շրջանում՝ 8 երեխա: Նրանք հիմնականում գյուղերի այն երեխաներն են, որոնք ընտանիքներով բարձրանում են սար՝ անասունները պահելու: «Սակայն, մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի նրանք դուրս չմնան կրթական պրոցեսից, տալիս ենք հանձնարարություններ, որ հետո կարողանան հանձնել բաց թողածները»,-հավաստիացնում է պրն Փաշինյանը: Չնայած մարզպետարանի ներկայացուցչի տվյալներով Բերդում կրթությունից դուրս մնացած երեխաների թիվն ամենափոքրն էր մարզի բնակավայրերում՝ մեկ օրվա ընթացքում մենք Բերդում հանդիպեցինք 13 նման երեխայի: Ակնհայտ է, որ շատերը հաշվառումից դուրս են, եւ ներկայացված թվերը չեն համապատասխանում իրականությանը: «Ուտիքի կանայք» հասարակական կազմակերպության նախագահ Մարիետա Մանուչարյանը նշեց, որ իրենք մոտ 20 այդպիսի երեխա գիտեն: 

 1988թ. երկրաշարժից հետո Խաչատրյան Ժորան կնոջ եւ երեխաների հետ տեղափոխվեց Բերդ: Նրանք այժմ ապրում են նույն տնակներում եւ ստանում են 10 հազար դրամ նպաստ: 4 երեխաներից երկուսն են գնում դպրոց: Մեծ աղջիկը սովորում է 9-րդ դասարանում, ուզում է ուսուցիչ դառնալ: Բայց դա ընդամենը նրա երազանքն է: «Պստիկները դպրոց չեն երթա: Գրքեր, շոր չունեն»- ասում է հայրը` Ժորան, որը 10 տարի ազատազրկման մեջ գտնվելուց հետո վերջերս է վերադարձել բանտից:

 շարունակելի 

Լուսանակարները` Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանություններ (1)

patron
теснес нахагаhи кокордов вонц а hаце кул гнум...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter