HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ֆրանսահայ Ալեքսանդր Վարպետյանը դատական հայց է ներկայացրել ԱԱԾ-ի դեմ

Ֆրանսիայի քաղաքացի, էաբան ու ազգաբան Ալեքսանդր Վարպետյանը դիմել է Վարչական դատարան՝ իրեն ՀՀ  տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում հաշվառելու մասին Ազգային անվտանգության ծառայության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, Ազգային անվտանգության ծառայությանն իր վերաբերյալ տվյալները ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից հանելուն պարտավորեցնելու, ինչպես նաև նույն խնդրի առնչությամբ իր վարչական բողոքն ԱԱԾ-ի կողմից մերժելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Ալեքսանդր Վարպետյանը բնակվում է Ֆրանսիայի Հանրապետությունում 2002-ից առ այսօր արգելվում է նրա մուտքը Հայաստան:

Հինգ տարեկանում Ֆրանսիայից Խորհրդային Հայաստան տեղափոխված ու Երևանում կրթություն ստացած Վարպետյանը 1975-ին վերահաստատվել է ծննդավայր Մարսելում: Ֆրանսիական քաղաքացիությանը զուգահեռ՝ նա պահպանել է ԽՍՀՄ անձնագիրն ու քաղաքացիությունը, որն անկախությունից հետո նրա կամքով վերաձևակերպվել է որպես ՀՀ քաղաքացիություն: Սակայն, երբ 1994-ին Հայաստանում ընդունվել է երկքաղաքացիությունը բացառող օրենքը, երեք տարի անց Վարպետյանը զրկվել է ՀՀ քաղաքացիությունից: Այնուամենայնիվ, 1998-1999 եւ 1999-2002 թթ. Վարպետյանը ԿԳ եւ մշակույթի նախարարությունների միջնորդությամբ ձեռք բերված կացության կարգավիճակների շնորհիվ բնակվել է Հայաստանում: 2002-ին, սակայն, Վարպետյանի կացության կարգավիճակի ժամկետը չի երկարացվել:

Ալեքսանդր Վարպետյանն «Էություն» միաբանության նախագահն է:  Վերջինիս մուտքը  Հայաստան արգելելու կապակցությամբ տեղեկություն է եղել այն մասին, որ չեն թույլատրում, քանի որ նա աղանդավոր է:

«Էություն» միաբանությունը պատրաստ է համագործակցել Հայ Առաքելական եկեղեցու հետ»,- վստահեցնում է  Վարպետյանը, սակայն բոլոր նմանատիպ առաջարկները պատասխան չեն ստացել:

Վարպետյանը մի շարք կառույցների դիմումներ է ներկայացվել, փորձել հասկանալ, թե  ինչն է խնդիրը, բայց խնդիրը որևէ կերպ լուծում չի ստացել:

Ավելին, 2008 թվականի հունվարին Վարպետյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է արդեն անժամկետ:

Ինչպես պարզվել է, Հայաստանի Հանրապետությունը Վարպետյանի մուտքն արգելում է՝ 2007-ից ուժի մեջ մտած  «Օտարերկրացիների մասին» օրենքի համաձայն:

Մասնավորապես՝ վերը նշված օրենքի 8-րդ հոդվածի (Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելը (ժամկետի երկարաձգման) մերժելը, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելը կամ մուտք գործելն արգելելը ) 1-ին կետի համաձայն` օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե

գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝

 վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,

- իրականացնել ահաբեկչական գործունեություն,

- սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ

- իրականացնել մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ) եւ (կամ) անօրինական սահմանահատումներ.

զգոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ:

Վարպետյանին մերժման պատճառների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չեն տրամադրվել:

«Հետք»-ի հետ զրույցում Ալեքսանդր Վարպետյանի փաստաբան Անի Չատինյանը հայցի, ինչպես նաև վարչական բողոքի վերաբերյալ որոշ մանրամասներ հայտնեց:

Փաստաբանի խոսքով՝ 2016 թվականին Ալեքսանդր Վարպետյանն իր  իրավունքների պաշտպանության համար դիմեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ին, և գրասենյակի կողմից համապատասխան հարցում է կատարվել ԱԱԾ:

«ԱԱԾ-ից պատասխան ստացանք, որ Վարպետյանի մուտքը Հայաստան արգելվում է, քանի որ գոյություն ունեն հավաստի տվյալներ այն մասին, որ ինքը հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակը Հայաստանի Հանրապետության անվտանգությանը վնասելն է»,- մեզ հետ զրույցում նշեց Անի Չատինյանը՝  հավելելով, որ ԱԱԾ-ն, վերը նշված պատասխանն իրենց ուղարկելով, հղում է կատարել «Օտարերկրացիների մասին» օրենքի համապատասխան դրույթներին:

Չատինյանի խոսքով՝ իրենք չգիտեն՝ վերը նշվածի վերաբերյալ համապատասխան որոշում կայացվել է, թե ոչ, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, մինչև այժմ Վարպետյանին իր մուտքը մերժելու վերաբերյալ որևէ պատճառաբանված որոշում չի տրամադրվել:

Հայցի նպատակն, ըստ էության, այն է, որ թույլատրվի Վարպետյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն:

Փաստաբանի պնդմամբ՝ Վարպետյանի մուտքն արգելելու որոշում կայացնելու հիմքեր չկան, չկան հավաստի տվյալներ, որ Վարպետյանը վնաս է պատճառելու Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:

«Ակնկալում ենք դատական պրոցեսի ընթացքում ստանալ հիմքերը, որոնցով առաջնորդվելով՝ կիրառվել է օտարերկրացիների մասին օրենքի համապատասխան հոդվածը»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը:

Նշենք, որ վարչարարության շրջանակներում  վարչական բողոք է ներկայացվել ԱԱԾ, որով պահանջ է ներկայացվել Վարպետյանի տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի անձանց բանկից, սակայն ԱԱԾ-ն մերժել է բողոքը: Այս որոշումը ևս հայցվոր կողմը վիճարկում է դատարանում:

 

Մեկնաբանություններ (6)

Ալեքսանդր Վարպետյան
Ներցեք վրիպումիս համար. պետք է լինի 10/01.2018 թ- և «հայտնում>հայցում»: Հնարավոր է ուղղե՞լ: Շնորհակալություն:
Ալեքսանդր Վարպետյան
Իմ խորին շնորհակալությունը բոլոր նրանց, ովքեր այս 15 տարվա ընթացքում անաչառորեն սատարել են մեզ այս արտառոց ու խորհրդավոր առեղծվածում: Հատկապես «Հետք»-ի խմբագրությանը և հոդվածագրին: Հայտնում եմ նաև ներողամտություն ուշ արձագանքիս համար: Սույն հոդվածը այսօր՝ 10/01.2017 թ. շատ պատահականորեն հանդիպեցի...
Վարդան Բ.
Այս անձնավորությունը ոչ թե աղանդավոր է, այլ ՏԱՂԱՆԴԱՎՈ՜Ր է: Եվ հետո եթե պայքար եք սկսել աղանդավորների դեմ, ապա ազատվեք Հայաստանում ծվարած հարյուր հազարավոր աղանդավորներից:
Թադևոս (-Թավրե.)
Հետաքրքիր է, այդ երբվանի՞ց է ազգաբանությունը, գիտությունը աղանդավորություն համարվում... ( «Վերջինիս մուտքը Հայաստան արգելելու կապակցությամբ տեղեկություն է եղել այն մասին, որ չեն թույլատրում, քանի որ նա աղանդավոր է»): Այսօր նրանով հպարտանալ է պետք, որ վաղն ուշացումով չզղջալ:
հայկ
Ալեքսանդր Վարպետյանի մուտքի արգելքը Հայաստան ունի մեկ հիմնական պատճառ։ Նա բազմիցս հայտարարել է, որ տիրապետում է հիմնավոր փաստերի հոկտեմբերի 27 ողբերգության պատվիրատուների և կազմակերպիչների վերաբերյալ։ Քանի֊որ նա Հայաստանում չէ, ապա նրա համացանցային ելույթները լուրջ չեն ընդունվում և դիտարկվում են որպես հերյուրանք։
Felix
Այս հոդվածից (ու ոչ միայն հոդվածից) պարզ է, որ ԱԱԾ-ն դեռ ֆիլմի հերոսների մակարդակին է մնացել: Հայ չեկիստների ծայրագույն երազանքը ռուսական թոշակ ստանալն է, բայց թե մինչ այդ ինչով պտի զբաղվեն՝ կարևոր չէ: Մանր-մունր գործեր կան՝ հեռախոսի ռասպեչատկա ծախեն, ուսանող ակտիվիստներին տփեն, գետնանցումի տակ հազար դոլարանոց թշվառ դատավորի բռնեն... Մեծացե՛ք, տղեք...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter