HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Պայուսակներ, նկարազարդ բաժակներ, սրճարան․ի՞նչ են առաջարկում թանգարանները-2

21-րդ դարի մարդը թանգարաններից այլ ակնկալիք ունի։ Այլեւս զուտ էքսպոնատներ ցուցադրելն ինքն իրենով չի գոհացնում։ Թանգարանների ամենակրտսեր այցելուներն անգամ, այլ սպասելիքներով են այցելում։ Բոլորը վառ տպավորություններ են ուզում:

Հայաստանի թանգարանները սկսել են կիրառել արտասահմանյան գործընկերների փորձը՝ դառնալով դասախոսությունների ու տոների կազմակերպման վայրեր։ Նրանք իրականացնում են կրթական ծրագրեր, արտադրում հուշանվերներ, հագուստ ու աքսեսուարներ, հրատարակում գրքեր ու խաղեր։ Սրա հաշվին թանգարանները դարձել են չափազանց գրավիչ։

Այնքա՜ն գնելու բան կա թանգարաններում՝ գեղեցիկ ու բարձրաճաշակ։ «Հետքը» ներկայացնում է հոդվածաշար այն մասին, թե ինչ են առաջարկում Երեւանի թանգարանները՝ ցուցանմուշներից բացի։ Շարքի երկրորդ հոդվածում ներառված են Երվանդ Քոչարի տուն-թանգարանը, Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը, Գրատպության թանգարանը։

Քանդակագործ, նկարիչ Երվանդ Քոչարի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը վերջին հինգ տարիներին փորձում է նորարարություններ կիրառել, սակայն տեղեկատվության պակասի պատճառով՝ այդ ամենը համարժեք արձագանք չի ունենում։ «Այն, ինչ ես արտասահմանում տեսել եմ, փորձել եմ մաս-մաս բերել մեր թանգարան։ Մեր արտադրանքը շատ բացառիկ է՝ եւ՛ որակով, եւ՛ ճաշակով, իսկ ձեւավորմամբ համարժեք է միջազգային չափանիշներին»,- ասում է Քոչարի տուն-թանգարանի տնօրենը։

Թանգարանում (հասցեն՝ Մաշտոցի 39/12) շաբաթ օրերին տեղի են ունենում արվեստի մասին ֆիլմի դիտումներ։ Իսկ ժամը 17։00-ից մինչեւ 20։00 թանգարանը վերածվում է սրճարանի։ Ընդամենը 1500 դրամի դիմաց՝ այցելուների համար կազմակերպվում է էքսկուրսիա, արվեստի մասին կարճամետրաժ ֆիլմի դիտում, թեյի կամ սուրճի հյուրասիրություն՝ խմորեղենով։ Եթե այցելուների թիվը գոնե 6-8 է, ապա կազմակերպվում է նաեւ հուշանվերի խաղարկություն։ Այցելուներից մեկը թանգարանի կողմից նվեր է ստանում։ Զարմանալի է, սակայն, սրճարանն այցելուներ շատ հազվադեպ է ունենում։

Թանգարանի հուշանվերների բաժնում վաճառվում են Երվանդ Քոչարի հայտնի ստեղծագործությունների ֆրագմենտներով մետաքսե շարֆեր, ակնոցի խնամքի համար նախատեսված թաշկինակներ, պայուսակների մեծ ընտրանի՝ բոլորն էլ բարձր որակով։ Ցանկացած առիթի համար լավ նվեր կարող են հանդիսանալ մագնիսները, բլոկնոտները, էջանշանները, ժիլետները, շապիկները, բաժակները, ափսեները` յուրաքանչյուրը Քոչարի արվեստով թաթախված։

Նվերների գները 500 դրամից մինչեւ 45 հազար դրամի սահմաններում են։ Շուտով հնարավոր կլինի թանգարանի կայքի միջոցով օնլայն գնումներ կատարել։

Կարինե Քոչարն ասում է, որ Մշակույթի նախարարության կողմից հրաման կա՝ տարեկան նվազագույնը 400 հազար դրամի չափով վաճառք իրականացնել։ «Թանգարաններն իրենց տարածքի շնորհիվ գրավիչ են դարձել։ Մեզ մոտ, օրինակ, վարձակալությամբ մշակութային միջոցառումներ են իրականացվում։ Բայց, մյուս կողմից, պետք չէ այս հաստատությունները դարձնել ժամանցի կենտրոն։ Թանգարանում գիտական շատ լուրջ աշխատանքներ են իրականացվում, եւ պետք չէ մոռանալ էքսպոնատների պահպանության մասին։ Առանց այն էլ, մենք նկարների պահպանության խնդիր ունենք»,- ասում է թանգարանի տնօրենը։

Կարինե Քոչարի խոսքով՝ նշանավոր նկարիչ-քանդակագործի թանգարան այցելելու համար արժե Հայաստան այցելել, ինչպես որ Ամստերդամ են այցելում Վան Գոգի եւ Ռեմբրանդի թանգարանների համար։ Սակայն Հայաստանում դեռ համապատասխան աշխատանքներ չեն տարվում, որպեսզի երկրի բրենդը դառնան թանգարանները։

Կառավարության որոշմամբ՝ 2018 թվականից սահմանափակել են բյուջետային կառույցներին տրվող հատկացումները։ Խոսքը 6-7 տոկոսով սահմանափակման մասին է։ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի (հասցե՝ Արամի 1) տնօրեն Կարո Վարդանյանն ասում է՝ ցանկալի է, որ յուրաքանչյուր մշակութային կառույց իր կարիքները հոգալու համար ունենա օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեություն։ Կառավարության այս որոշումից հետո, առավել ևս, բոլոր թանգարաններում այդ մասին ավելի շատ են սկսել մտածել։

Գրականության եւ արվեստի թանգարանն ունի վեց մասնաճյուղ, որից չորսը՝ մարզերում։ Կարո Վարդանյանն ասում է, որ մարզային մասնաճյուղերում հուշանվերների վաճառք կազմակերպելու հնարավորություններն ավելի մեծ են ու պատշաճ։ Թումանյանի Դսեղի տուն-թանգարանում, Պռոշյանի Աշտարակի տուն-թանգարանում եւ Բակունցի Գորիսի տուն-թանգարանում կան գեղատեսիլ այգիներ, տպավորիչ բակ, եւ արդեն մի քանի ամիս է՝ լրացուցիչ ծառայություններ կազմակերպելու ուղղությամբ աշխատանք է տարվում։

«Բացի թանգարանի կողմից տպագրվող գրքերը, բացիկներն ու այլ հուշանվերները, պայմանավորվածություն ունենք «Տերյան» մշակութային կենտրոնի հետ, որը վարպետ է ազգային ոճի տարազների, սփռոցների, տիկնիկների, պայուսակների եւ այլ ձեռագործ իրերի գործում։ Հենց առաջին արդյունքները ոգեւորիչ էին։ Այցելուները հրապուրված են այն ամենով, ինչը մենք թանգարաններում ներկայացնում ենք «Տերյան» կենտրոնի հետ համագործակցության արդյունքում։ Հիմա համագործակցության երկրորդ փուլն է, եւ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանի աշխատակիցները՝ անկախ աշխատանքի բնույթից, կենտրոնի մասնագետներից դասեր են առնում, որպեսզի հատկապես ձմեռային ամիսներին, երբ այցելու քիչ է լինում, իրենք սկսեն այդ արտադրանքը թողարկել։ Հիմա նախատեսում ենք այնպիսի քանակ ունենալ, որպեսզի արտադրանքը բաշխենք նաեւ մեր մյուս մասնաճյուղերին»,- ասում է է Կարո Վարդանյանը։

«Տերյան» մշակութային կենտրոնի հետ պայմանագիր ունի նաեւ Հայաստանի ազգային գրադարանի ենթակայությամբ գործող Գրատպության թանգարանը (հասցեն՝ Տերյան 72): Թանգարանում վաճառվում են մշակութային կենտրոնի պատրաստած այնպիսի առարկաներ, որոնք կապ ունեն գրքի եւ գրատպության պատմության հետ։

Մասնավորապես՝ շապիկներ, բաժակներ, վզնոցներ, «Աշխարհացույց» քարտեզով մետաքսե շարֆ։ Գրատպության թանգարանում վաճառվում են նաեւ գրականություն, ալբոմային հրատարկություններ, «Ուրբաթագրքի» խորհրդանշական օրինակ եւ այլն։

Չարենցի անվան Գրականության եւ արվեստի մայր թանգարանում հուշանվերների նվազագույն գինը 100 դրամն է։ Այդ գնով կարելի է ձեռք բերել էջանշաններ՝ Մարտիրոս Սարյանի ստեղծած՝ Չարենցի հայտնի դիմանկարով, հայկական առաջին կատակերգության՝ «Շոր եւ Շորշոր» ֆիլմի հերոսների պատկերով եւ այլն։

Քչերին է հայտնի, որ գրող Պերճ Պռոշյանը լուսանկարչության հանդեպ մեծ սեր է ունեցել եւ իր լուսանկարչատունն է ունեցել Թիֆլիսի Միխայլովյան կամրջի հարեւանությամբ։ Այսօր թանգարանում կարելի է ընդամենը 1000 դրամով գնել գրողի 12 լուսանկար-բացիկների հավաքածուն։ Բացիկների եւս մեկ ալբոմ՝ թանգարանի ֆոնդի ամենահետաքրքիր նմուշների շարքը, կարելի է գնել 600 դրամով։ Բացիկների հավաքածուների մեջ կգտնեք նաեւ «Հայֆիլմի» հայտնի աֆիշների հավաքածու։

Թանգարանը 2015 թվականին լույս է ընծայել «Պատասխան՝ 100 տարի անց» գիրքը, որը բացառիկ նամակների ժողովածու է։ Թանգարանի արխիվից ընտրվել են հայոց ցեղասպանության ժամանակ եղեռնամահ եւ եղեռնից մազապուրծ գործիչների՝ անպատասխան մնացած նամակները, թարգմանվել տարբեր լեզուներով եւ ուղարկվել աշխարհի տարբեր մշակութային գործիչների։ Եվ որքան էլ զարմանալի է՝ ստացվել են պատասխան նամակներ։ Օրինակ Կոմիտասի նամակին պատասխանել է ազգությամբ թուրք մի գործարար։ Ամբողջ նամակագրությունը հրատարակվել է մեկ պատկերազարդ գրքում, որը նույնպես վաճառվում է թանգարանում։

Թանգարանի հրատարակչությունը լույս է ընծայել եւս մեկ բացառիկ գիրք, որտեղ հայ անվանի, ազնվական տոհմերի ընտանեկան լուսանկարներ են։ «Մենք ցանկացել ենք ցույց տալ աշխարհին, որ ցնցոտիավոր այդ ժողովուրդը, որին թուրքերը ցեղասպանության էին տանում, գաղթից առաջ ուրիշ է եղել»,- ասում է Կարո Վարդանյանը։

Չարենցի անվան արվեստի եւ գրականության թանգարանն ու Քոչարի տուն-թանգարանն ունեն կրթական ծրագրեր։ Քոչարի տուն-թանգարանը՝ նաեւ նկարչական ստուդիա, որտեղ կարող են հաճախել 3 տարեկան եւ բարձր տարիքի երեխաները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter