HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Օտարերկրյա ներդրումներ. զուտ հոսքերը կրկին «մինուսով» են

Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրումների ընդհանուր հոսքը կազմել է 743  մլրդ դրամ (ավելի քան 1.5 մլրդ ԱՄՆ դոլար), որից մոտ 228 մլրդ դրամը (472 մլն դոլար) ուղղակի ներդրումներն են։

Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան`  տեղեկացրին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից։ Մեր հաշվարկներով 2016-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ներհոսքն աճել է 94.2 մլրդ դրամով կամ 14.5%-ով։ Փոխարենը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ (ՀՀ ԱՎԾ) նվազել են ներդրումների զուտ հոսքերը։

Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայությունը ներդրումների պատկերը հրապարակում է՝ ըստ զուտ ներդրումների, որը ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերությունն է, այլ կերպ ասած՝ եկած ու գնացած փողերի տարբերությունը։ Եվ  մյուս տարբերակը, որով ԱՎԾ ներկայացնում է ներդրումները, համախառն հոսքերն են, որոնք ընդգրկում են 1988թ. մինչև նշված ամսվա վերջն ընկած ժամանակահատվածում միայն գործառնության արդյունքում իրականացված ներդրումների ծավալների հանրագումարը։

Այլ խոսքով, եթե ցանկանում եք բացել ԱՎԾ հրապարակումն ու իմանալ, թե որքան ներդրում է հոսել Հայաստան կոնկրետ որևէ ժամանակահատվածում, պետք է ինքներդ համբերատար սկսեք հանել ու գումարել։

Միևնույն ժամանակ, ներդրումների զուտ հոսքերը ևս խոսուն տվյալներ են։ Բայց դրանց մասին քիչ ուշ։

Որտեղից են եկել ներդրումները և ուր հոսել

Ըստ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության՝ այս տարվա հունվար-սեպտեմբերի տվյալներով Հայաստանում կատարած ներդրումների ծավալով առաջատար եռյակ երկրներն են Ռուսաստանը, Գերմանիան և Կիպրոսը։ Համեմատաբար զգալի ներդրումներ են կատարվել նաև Ջերսիից, Միացյալ Թագավորությունից և Կանադայից։

2016 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ առաջին հնգյակի ներդրումներն աճել են։

Ներդրումների հաշվարկման մեթոդաբանությունը փոփոխվել է 2014 թվականից, և այսօր եղած տվյալները որևէ կերպ հնարավոր չէ համեմատել 2014-ից առաջ եղած տվյալների հետ։

Հարցին, թե տնտեսության որ ոլորտներ են հոսել ներդրումները, նախարարությունից պատասխանել են. «2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսության իրական հատվածում իրականացված ներդրումները գլխավորապես ուղղվել են հետևյալ ոլորտներ` հանքարդյունաբերություն, մշակող արդյունաբերություն, հեռահաղորդակցություն և էներգետիկա»: Սակայն նշված չէ, թե որ ոլորտում որքան ներդրում է կատարվել։ Եվ առհասարակ, թե՛ նախարարության, թե՛ վիճծառայության տվյալները հնարավորություն չեն տալիս հստակ հասկանալ ներդրումների պատկերն՝ ըստ ոլորտների։

Զուտ հոսքերը կրկին «մինուսով» են

Ինչպես նշեցինք, Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնում է իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալները։ Պարզաբանվում է, որ զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են:

Այս տարվա հունվար-սեպտեմբերին զուտ հոսքերը կազմել են -866.2 մլն դրամ։ Այսինքն՝ մարումներն ավելի շատ են եղել, քան ստացումները։ Մարումները կարող են լինել ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք գումարները, տրված կանխավճարները, վարկերի մարումները և այլն։

Իսկ միայն ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են 58.5 մլրդ դրամ։ 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ընդհանուր զուտ հոսքերը նվազել են 29.7 մլրդ դրամով, իսկ միայն ուղղակի ներդրումների զուտ հոսքերն ավելացել են 12.2 մլրդ դրամով։

Ամիսներ առաջ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը (ՀՀ ՏԶՆՆ) հաղորդագրություն էր տարածել ներդրումների մասին և նշել՝ քանի որ զուտ հոսքերը օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են, ուստի զուտ ներդրումների բացասական մեծությունը դեռևս չի նշանակում, որ նվազել է ներդրումների (ստացումների) հոսքը Հայաստան:

Նախարարությունը նաև ուշագրավ եզրակացություն էր արել. «ՏԶՆՆ նախնական գնահատականներով կարելի է փաստել, որ մարումները գլխավորապես տեղի են ունեցել ապրանքների և ծառայությունների դիմաց տրված կանխավճարների, վարկերի և պարտքային գործիքների գծով: Դա վկայում է այն մասին, որ օտարերկրյա կապիտալով կազմակերպությունները վճարունակության հետ կապված խնդիրներ չեն ունեցել և կարողացել են կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները, ինչպես նաև նոր ներդրումային ծրագրերի շրջանակներում կատարել են կանխավճարային փոխանցումներ: Միաժամանակ, վերցրած վարկերի մարումները հետագա ներդրումների գրավականն են»:

Այս հաղորդագրությունից հետևում էր, որ եթե տարվա առաջին կիսամյակում ներդրումների զուտ հոսքերը բացասական են, նշանակում է՝ ներդրողները մարումներ են կատարել, և դա հետագա ներդրումների գրավականն է։ Այսինքն՝ առաջիկայում պետք է ներդրումների զուտ հոսքերի աճ տեսնեինք, կամ գոնե՝ դրական ցուցանիշ։ Իսկ ամբողջ իմաստն այն էր, որ դրանով նախարարությունը պնդում էր, թե կապիտալի արտահոսք չի գրանցվել։ Սակայն նոր տվյալներով տեսնում ենք, որ զուտ հոսքերը կրկին նվազել են և բացասական ցուցանիշ կազմել։  

Նշենք, որ ներդրումների զուտ հոսքերի դրական ցուցանիշով աչքի է ընկնում միայն Ջերսին, որտեղից Հայաստան հոսած ներդրումների ստացումների և մարումների տարբերությունը կազմել է մոտ 59 մլրդ դրամ։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, Ջերսին օֆշորային գոտի է, հանդիսանում է Միացյալ Թագավորության մաս։ Ըստ տեղեկությունների՝ ներդրումներն այս երկրից կատարել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը ծրագրել է շահագործել Ջերմուկի հարևանությամբ գտնվող Ամուլսարի հանքը։ Ընկերությունը պատկանում է Lydian International-ին, որը գրանցված է Ջերսիում։ Այսինքն՝ Ջերսիից կատարված ներդրումները հոսել են հանքարդյունաբերության ոլորտ։

Իսկ բացասական արդյունքով առաձնանում է  առաջին հերթին Ռուսաստանը, որտեղից եկած ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է -42.8 մլրդ դրամ։ Գումարն արտահոսել է էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter