HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավոր Հակոբ Հակոբյանի ունեցվածքը և որդու բիզնես գործունեությունը

«Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»,-«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

Հակոբ Հակոբյանը Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է և, ըստ տրամաբանության, ամենաշատը նրան պետք է հուզեր թանկացումը և կարիքավոր քաղաքացիների սոցիալական վիճակը:

Պատգամավորի ասածից ստացվում է, որ թոշակով, նպաստով ապրողները «ինքնաբուխ ձևով» խուսափելու են, օրինակ, ձու, միս, կարագ ուտել, քանի որ նշված սննդամթերքները թանկացել են, իսկ աղքատները «սովորություն չունեն» թանկ ապրանք գնել: Ժողովրդի քվեով ընտրված պատգամավորի նմանատիպ մտքերը, մեղմ ասած, պետք է մտահոգեին այն քաղաքական ուժին, որին անդամակցում է նա: Սակայն, ոչ:

Հակոբ Հակոբյանը, բնականաբար, կարագ, ձու, միս կգնի, քանի որ թանկացումը նրա ընտանեկան բյուջեի վրա չի ազդի: Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրի` Հ. Հակոբյանը մեծ կարողության տեր է:

Անշարժ գույքից, կուտակած դրամական միջոցներից բացի, Հակոբ Հակոբյանն ունի նաև բաժնետոմսեր: Նա շահաբաժին ունի «Արփա-Սևան» ԲԲԸ-ում և «Բազենք» ՓԲԸ-ում:

«Բազենք» ՓԲԸ-ն շահագործում է Վայոց ձորի մարզում` Արփա-Սևան թունելի մոտ գտնվող «Եղեգիս-1» հէկը: «Եղեգիս 1» -ը շահագործման է հանձնվել 2004թ.:

Նշենք, որ տարեցտարի պատգամավորի եկամուտներն ավելանում են: Դրանց զգալի մասը գոյանում է ստացած շահաբաժիններից:

Տարիների ընթացքում աճել են նաև նրա դրամական միջոցները:

Հակոբ Հակոբյանի բիզնեսմեն որդին

Հակոբ Հակոբյանի որդին՝ Պարույր Հակոբյանը, զբաղվում է բիզնեսով: Նա չի ծառայել ազգային բանակում: Հայրը՝ Հակոբ Հակոբյանը, լրագրողների հետ զրույցում խուսափում է նշել կոնկրետ պատճառ, թե ինչու որդին չի ծառայել: Մեկ ասում է, թե տեղյակ չէ, մեկ էլ առողջական պատճառներ է մատնանշում:

Պարույր Հակոբյանը «Արփա-Սևան» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է: Այս ընկերությունը հսկայական եկամուտներ է ապահովում Հակոբյանների ընտանիքի համար:

Պարույր Հակոբյանին է պատկանում «ԻՆՈՎԵՅԹԻՎ ԸՆԴ ԴԻՎԵԼՈՓԴ ԱԳՐՈ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ի բաժնետեմսերի 40%-ը: Իսկ 60%-ի սեփականատերը երևանաբնակ Սերգեյ Խաչատրյանն է: Հարկային մարմնի պաշտոնական կայքում ընկերության գործունեության վերաբերյալ տվյալներ հրապարակված չեն: Ընկերության կրճատ անվանումը, ըստ կանոնադրության, «Իդաս» ՍՊԸ է:

«ԻՆՈՎԵՅԹԻՎ ԸՆԴ ԴԻՎԵԼՈՓԴ ԱԳՐՈ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ն հիմնադրվել է այս տարի՝ ապրիլի 28-ին:

Նշենք, որ այս տարվա մայիսի 18-ին կառավարությունը հաստատել է գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման նպատակով «Իդաս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված և դրական եզրակացություն ստացած՝ գյուղատնտեսական տեխնիկայի կայան ստեղծելու և գյուղացիական տնտեսություններին ծառայություններ մատուցելու առաջարկը: Նիստի ժամանակ գյուղնախարար Իգնատի Առաքելյանը զեկուցել էր, որ առաջին կիսամյակում կայանին անհրաժեշտ կլինի մինչև 700 մլն դրամ: Հատկացված գումարով գյուղնախարարությունը պետք է ձեռք բերեր գյուղատնտեսական տեխնիկա և անհատույց, սեփականության իրավունքով հանձներ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին: Վերջինս էլ տարաժամկետ վճարման պայմանով տեխնիկան պետք է օտարեր «Իդաս» ՍՊԸ-ին: Ըստ գյուղնախարարի՝ 4 տարվա ընթացքում «Իդաս» ՍՊԸ-ն պետք է վերադարձնի 926 մլն դրամ` զուգահեռաբար ներդրումներ իրականացնելով:

Ավելորդ է նշել, որ օրեր առաջ հիմնված ընկերությանը նմանատիպ խոշոր ծրագիր վստահելը պատահականություն չէ: Այստեղ լուրջ դերակատարում է ունեցել Հակոբ Հակոբյանը:

Էներգետիկ ոլորտում գործունեություն է ծավալում նաև պատգամավորի որդուն պատկանող մեկ այլ ընկերություն՝ «ՋՐԱՍԱՀՔ» ՍՊԸ-ն: Վերջինիս է պատկանում Վարդենիս գետի վրա գտնվող «Վարդենիկ» փհէկ-ը:

Ընկերության բաժնեմասի կեսը պատկանում է Պարույր Հակոբյանին, 20-ական տոկոս ունեն նրա հորեղբայրները՝ Արմեն և Պարույր Հակոբյանները: Իսկ 5-ական տոկոս` արտաշատցի եղբայրներ Արման ու Դավիթ Դավթյանները:

«ՋՐԱՍԱՀՔ» ՍՊԸ-ի տնօրենը Պարույր Հակոբյանն է:

Պատգամավորի որդուն պատկանող մյուս ընկերությունը «ՄԵՂՄ ԶԵՓՅՈՒՌ» ՍՊԸ-ն է, որը հիմնադրվել է 2005թ: Ընկերության միանձնյա բաժնետերը Պարույր Հակոբյանն է: Ըստ կանոնադրության` «ՄԵՂՄ ԶԵՓՅՈՒՌ»-ն իրականացնում է հանգստի, սննդի կազմակերպման, շենք-շինությունների կապիտալ վերանորոգման գործունեություն:

Ընկերության տնօրենը Պարույր Հակոբյանն է:

«ՍԻ-ԼԱԲ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2006թ.: Պարույր Հակոբյանն այստեղ ունի 50% բաժնեմաս: Մնացած 50%-ը պատկանում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության ֆինանսական բաժնի պետ Հարություն Գաբրիելյանի որդուն՝ Գուրգեն Գաբրիելյանին:

Նշված ընկերությունը զբաղվել է շենքերի և շինությունների տեխնիկական փորձաքննությամբ, իրականացրել է շինանյութերի լաբորատոր ստուգումներ:

«Ա-Ս ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ն նոր գրանցված ընկերություն է: Հիմնադրվել է այս տարվա մարտի 29-ին: Ընկերության միակ բաժնետերը Պարույր Հակոբյանն է: Ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկություններ չկան, սակայն անվանումը հուշում է, որ այն ևս էներգետիկ ոլորտում է գործում:

Մեկնաբանություններ (2)

Josef
These people can damage Armenia. His son should serve in the army, because it s duty. If not, they can donate army and I can imagine such sum, for example 5 mil. USD. Why not?
միսակ
հաբոկը ակամա բացահայտել է շայկայի անկեղծ մտայնությունը՝ «խոլոպները հերիք չի դեռ ըստեղ են, հլա միս ու կարագ էլ պտի ուտեն մեզ նման?» Պատկերացնում ե՜ք թե դա ինչ նվաստացում է «էլիտա» դարձած առնետների համար!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter