HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Էլեկտրիկ Մարկուս, ունկնդրի հետ խոսող Միլլեր

Մարկուս Միլլերը երաժշտության աշխարհում այսօր ամենահայտնի բաս կիթառահարն է, կոմպոզիտոր և երաժշտական բազմաթիվ մեծ նախագծերի, ֆիլմերի պրոդյուսեր: Հավանաբար քչերին է հայտնի, որ երաժշտական աշխարհ մուտք գործելիս նա իր առաջին քայլերն արել է կլարնետ նվագելով: Մարկուսի դաշնակահար և դասական երաժշտության մասնագետ հայրը ցանկանում էր, որ որդին ջութակահար դառնար, սակայն տղան ընտրեց կլարնետը: Պատմում է նաև, որ սկզբում ինքը ցանկացել է հարվածային գործիքներն ընտրել, բայց այն տանը, որտեղ ապրում էր, նվագելու համար համապատասխան պայմաններ չկային: Այդ իսկ պատճառով ընտրվեց կլարնետը:

Տասներկու տարեկան էր, երբ Միլլերների երաժշտական ընտանիքում հայտնվեց այս նվագարանը: Ապագա աշխարհահռչակ երաժիշտը դպրոցական դասերից բացի, նույնիսկ կլարնետի անհատական պարապմունքների էր գնում, երաժշտության տեսություն, կոմպոզիցիա սերտում և նվագում դպրոցի սիմֆոնիկ նվագախմբում: Անչափ տպավորված « The Jackson 5» խմբից և համարյա իր տարեկից Մայքլ Ջեքսոնի ելույթներից, նա նաև երգում էր: Կլարնետը սահմանափակում էր R&B-ի ռիթմերով տարված Միլլերին և, կարճ ժամանակ անց, նա գտավ այն, ինչ փնտրում էր:

«Իմ ամենամոտ ընկերը ծննդյան օրվա առթիվ բաս կիթառ էր նվեր ստացել,- պատմում է երաժիշտը հարցազրույցներից մեկում,- խենթանալու մի բան, և թեպետ նա  փորձում էր նվագել, ես ավելի էի տարված այդ կիթառով, քան ինքը: Նա նվագում էր այդ կիթառով, իսկ ես ամբողջ օրն անցկացնում էի նրանց տանը: Ուստի համը չհանելու համար ես մայրիկիս համոզեցի ինձ համար բաս կիթառ գնել: Առաջին կիթառս «Univox էր,  Բի Բի Քինգի կիթառի նման էր, գիտեք երևի, թե ինչպիսի տեսք ունեին այդ կարմրագույն  335-երը: Եվ ես նվագեցի դրանով մի քանի տարի, մինչև որ ձեռք բերեցի ջազային իմ բասը: Դա 1975 թվականն էր»:

Նա սիրահարվեց երաժշտական այս գործիքին, որը հետո դարձավ նրա ստեղծագործական կյանքի` մեկը մյուսից փայլուն վերելքների ուղենիշն ու առաջնորդը:

Շատ կարճ ժամանակ անց նա արդեն բավականին արհեստավարժ բաս կիթառահար էր, ով նվագում էր թաղի տղաներից հավաքված մի խմբում: Նվագում էին հիմնականում աֆրոամերիկյան երաժշտություն. այն ինչ հայտնի ու շատ տարածված էր 70-ականների սկզբին և ամերիկյան մեծ քաղաքների սևամորթ համայնքներում: Սոուլ, ռիթմէնդբլյուզ, ֆանկ, իսկ հետո սկսվեց ջազի շրջանը: «Սա ինձ համար նույնքան կարևոր ուսումնառություն էր, որքան դպրոցը,- ասել է Միլլերը,- հենց այստեղ եմ ես հասկացել, թե ինչ է ֆանկը, ինչ է գրուվը և թե ինչպես կարելի է հաղորդակցվել մարդկանց հետ երաժշտության միջոցով»:

Բաս կիթառ նվագել նա սովորում էր ինքնուրույն՝ առաջնորդվելով սեփական լսողությամբ, դպրոցում ձեռք բերած գիտելիքները համադրելով, և, իհարկե, հոր օգնությամբ: Մարկուս Միլլերի հայրը շատ հարգված երաժիշտ էր, ով երկար տարիներ աշխատում էր տեղի եկեղեցում` որպես երգեհոնահար և երգչախմբի ղեկավար: Նա էր հաճախ ուղղորդում որդուն նվագելիս. երգի և երաժշտական հատվածների միջև ընկած ակորդների հանդեպ ճիշտ զգացողության և այս ամենը հարմոնիկ երկխոսությամբ փոխանցելու, ընկալման հարցերում: Մինչ օրս արդեն վաղուց աշխարհահռչակ, ճանաչված այս երաժիշտը հարցազրույցներում, համերգների ժամանակ հարգանքով նշում է հոր կարևոր դերն իր կյանքում` անվանելով նրան նաև ամենաազդեցիկ անուններից մեկը՝ լեգենդար երաժիշտների կողքին: «Հայրս է ինձ ցույց տվել, թե ինչպես պետք էր անցնել ճանապարհը»,- ասում է Մ. Միլլերը,- դուք հարցնում եք, թե ովքե՞ր են ազդել իմ երաժշտական ընկալումների վրա. ես առաջին հերթին կնշեմ հորս: Նա այնքան էլ հայտնի չէ, բայց երաժիշտ է և մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա: Իսկ մեծ արտիստների հետ համագործակցությունից ես կնշեմ նախ` Մայլս Դևիսին: Նա շատ մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա: Հերբի Հենքոք, նա ևս ինձ համար շատ կարևոր անուն է: Սթիվի Ուանդերին ևս կնշեմ, թեև նրա հետ այնքան էլ շատ չեմ նվագել: Սրանք են իմ մեծությունները: Իսկ ինչ վերաբերում է բասին՝ կա մի մարդ՝ Սթենլի Քլարք անունով, կան նաև Յակո Պաստորիասը և Լարի Գրեմը»:

Մ. Միլլերի մասին խոսելիս, նրա ստեղծագործությանը ոչ այնքան ծանոթ որևէ մեկին ներկայացնելիս, հատկապես, հաճախ է նշվում ջազի խորհրդանիշերից մեկի անունը: «Նա Մայլս Դևիսի հետ է նվագել»,- հնչում է այս արտահայտությունը, որով էլ արդեն որոշվում է անծանոթ տարածքում այս երաժշտի մեծության չափանիշն ու մեկընդմիշտ ամրագրվում վստահությունը նրա հանդեպ: Դե իհարկե, պահանջկոտ Դևիսը չէր կարող թույլ ընտրություն անել: «Ահա թե որն է Մայլսից սովորածս կարևորագույն բանը,- պատմում է Մ. Միլլերը,- Շատ երաժիշտներ մարզական մոտեցում ունեն երաժշտության հանդեպ՝ իրենց՝ «Ո՞վ է լավագույնը» չափանիշով: Նրանք այդ լավագույնին որոշում են ըստ նրա, թե որքանով է նա ամենաարագը և ամենաբարձր հնչողը (կամ նման մեկ այլ բան) իր կատարման եղանակով: Բայց երբ շփվում ես Մայլսի հետ, դու հասկանում ես, որ նրան բոլորովին չի հետաքրքրում արագն ու դանդաղը, բարձրն ու ցածրը. Նա ուղղակի լի անհատականություն էր, և հենց դրա համար էին մարդիկ ձգտում մոտենալ նրան: Երբ ես դա բացահայտեցի նրա մեջ, սկսեցի այդ կերպ դիտարկել մյուս երաժիշտներին նույնպես… ես հասկացա, որ պետք է աշխատեմ միայն իմ լավագույն «եսը» դառնալու ուղղությամբ»:

Պետք է հիշել սակայն, որ Միլլերը` որպես բաս կիթառահար, հայտնի է նաև այլ լեգենդների հետ համագործակցությամբ: Նա մի շարք հայտնի երգերի և երաժշտական կոմպոզիցիաների հեղինակ է: Մ. Դևիսի՝ 1986թ. թողարկված «Tutu» ալբոմում ներկայանում է որպես կոմպոզիտոր և մի քանի երգերի համահեղինակ, այդ թվում՝ համանուն «Tutu»-ի: Բացի այդ, Միլլերը հեղինակն է հայտնի սաքսոֆոնահար Դեյվիդ Սենբորնի «Chicago Song»-ի, համահեղինակը ռիթմէնդբլյուզի լեգենդ Լյութեր Վենդրոսի «For You to Love», «It’s Over Now», «TilL My Baby Comes Home» և «Power of Love» հիթային երգերի:

1997 թվականին Միլլերը հիմնեց «Լեգենդներ» խումբը, որտեղ հանդես էին գալիս Էրիկ Քլեփթոնը (կիթառ, վոկալ), Ջո Սեմփըլը (դաշնամուր), Դեյվիդ Սենբորնը (ալտ սաքսոֆոն) և Սթիվ Գեդը (հարվածային գործիքներ): Մարկուս Միլլերն այս խմբում և բաս կիթառահարն էր, և կլառնետահարը: Խումբն իրականացրեց ջազի ամենամեծ փառատոնային շրջագայությունը՝ 11 ամիս նվագելով եվրոպական հեղինակավոր բեմերում:

«Ես ակումբային ջազն եմ շատ սիրում,  չէ՞ որ հենց այնտեղ է ջազը ստեղծվել - ասաց Միլլերը Երևանում կայացած մամլո ասուլիսին,-  Մասնավորապես ԱՄՆ-ում շատ կարևոր էր ջազն ակումբից համերգասրահ տեղափոխելը: Դա, ինչ խոսք, հարգալից քայլ էր այս երաժշտության հանդեպ:  Մարդիկ ակումբային երաժշտությունը մեկ քայլ ներքև՝ ցածր մակարդակի վրա են գնահատում, քան համերգասրահում հնչողը: Վերջինս միշտ առավել բարձունքում է դիտարկվում: Այնպես որ, այս առումով՝ ջազի պատմության մեջ շատ կարևոր էր Դյուկ Էլինգթոնի համերգը «Քարնեգի հոլլում»: Դա մեծագույն  պահ էր ջազի համար և մեծ իրողություն աֆրոամերիկացիների համար: Բայց այս հեղինակավոր համերգասրահում ելույթից հետո Դյուկ Էլինգթոնն ասաց իր մենեջերին. «Վաղը կարո՞ղ ենք ակումբում նվագել»»:

Մ. Միլլերի անունը հայտնվել է միմյանցից շատ տարբեր, բայց իրենց ստեղծագործական կյանքով անփոխարինելի դեր ունեցող աստղերի՝ շուրջ 500 ալբոմներում: Ֆրենկ Սինատրա, Հերբի Հենքոք, Ուեին Շորթեր, Մայքլ Ջեքսոն, Արեթա Ֆրանկլին, Բիլ Ուիզերս, Ջորջ Բենսոն, Էլթոն Ջոն և աստղային այլ անուններ համագործակցել են այս երաժշտի հետ: Նրա հետաքրքրությունների շրջանակում է նաև ֆիլմի համար գրվող երաժշտությունը. 20-ից ավելի ֆիլմերի սաունդթրեքերի հեղինակ է, պրոդյուսեր: Նա նվագում է նաև դաշնամուր և սաքսոֆոն:

Միլլերը նաև ստանձնել է աստղային մի շարք անունների ալբոմների պրոդյուսինգը, որի համար արժանացել է «Գրեմի» մրցանակի: Ի դեպ, «Գրեմի»-ների բազմաժանր հավաքածու ունի, որն իր հերթին հաստատում է այս արտիստի բազմակողմանի ու հաջողված գործունեությունը:

«Ջազն ինձ թույլ է տալիս հաղորդակցվել մարդկանց հետ,- ասում է Մ. Միլլերը,- Իմ կարծիքով՝ ջազ համերգները յուրահատուկ են (ի տարբերություն մյուսների), քանի որ մենք անմիջական կապ ենք կառուցում հանդիսատեսի հետ: Մենք իսկապես զգում ենք մեր ունկնդրին և կապի մեջ մտնում նրա հետ: Եվ ըստ այս լսարանի՝ նաև փոփոխություններ ենք անում երաժշտության հետ՝ հենց այդ պահի և այդ կապի թելադրած զգացողության միջոցով: Եթե դասական երաժիշտ ես, ոչինչ չի փոխվում, գիտեք, բայց երբ ջազի մեջ ես, համերգասրահում զգացողություններ կան, և դու դրանց վրա հիմնվելով՝ փոխում ես քո ստեղծագործությունը՝ համապատասխանելու այդ զգացողություններին: Ես միշտ լսում եմ, կապս պահում եմ ունկնդրիս հետ՝ կողմնորոշվելու համար, թե հաջորդ քայլս ինչ է լինելու: Ջազն ինձ համար հնարավորություն է ինքդ քեզ արտահայտելու»:

Գլխավոր լուսանկարը վերցված է http://www.jazzradio.fr կայքից

Մեկնաբանություններ (1)

Արթուր
Շնորհակալություն հետաքրքիր հոդվածի համար։ Հատկապես շնորհակալ եմ, որ կանոնավորաբար անդրադառնում եք այնպիսի երաժիշտների ինչպիսիք են Մայլսը, Մարկուսը, Հերբին և այլոք։ Եթե հայ երիտասարդները լսեն այս անունները և մեծանան նրանց երաժշտությունը լսելով, իրենք կլինեն առողջ ուղեղով քաղաքացիներ, ոչ թե էն ինչ այսօր ենք տեսնում։ Իսկ Մարկուսի հետ կապված ուզում եմ նշել, որ նա համագործակցել է նաև էլեկտրոնային երաժշտության ռահվիրաներից մեկի ՝ Ժան Միշել Ժառի հետ, վերջինիս կուլտային ZOOLOOK (1984թ.) ալբոմի ձայնագրության ժամանակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter